Գրադարան
Դաս 57. Ղուկաս 22


Դաս 57

Ղուկաս 22

Նախաբան

Երբ Իր մահկանացու կյանքի ծառայությունը մոտենում էր ավարտին, Հիսուսը հիմնադրեց հաղորդությունը, Իր աշակերտներին ուսուցանեց ծառայել ուրիշներին և պատվիրեց Պետրոսին զորացնել իր եղբայրներին: Փրկիչի քավիչ զոհաբերությունը սկսվեց Գեթսեմանի պարտեզում: Նրան ձերբակալեցին և դատեցին Կայափասի առջև: Մինչ Փրկիչին չարչարում էին, Պետրոսն ուրացավ, որ ճանաչում է Նրան:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 22.1-38

Փրկիչը հաստատում է հաղորդությունը և ուսուցանում Իր Առաքյալներին

Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի պատկերացնել (կամ դուք կարող եք հրավիրել երկու ուսանողի մասնակցել այս վարժությանը), որ նա և իր ընտանիքի մի անդամ նստած են հատակին: Ընտանիքի անդամը ցանկանում է ոտքի կանգնել և խնդրում է օգնել իրեն:

  • Որքանո՞վ կարող եք օգնել նրանց, եթե նստած մնաք հատակին:

  • Տարբերությունն ինչպիսի՞ն կլիներ, եթե դուք ոտքի կանգնեիք առաջինը:

Բացատրեք, որ այս նմանությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին հոգևոր վերելք ապրել:

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 22 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց սովորել, թե ինչպես օգնել ուրիշներին` հոգևոր վերելք ապրել:

Ամփոփեք Ղուկասի 22․1-30` հիշեցնելով ուսանողներին, որ Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին Փրկիչը հանդիպեց Իր Առաքյալներին` տոնելու Զատիկը: Այդ ժամանակ Փրկիչը հայտարարեց, որ Իր աշակերտներից մեկը կդավաճանի Իրեն, հաստատեց հաղորդության արարողությունը, պատվիրեց, որ այն պիտի սպասավորվի ի հիշատակ Իրեն և ուսուցանեց Իր Առաքյալներին, որ նրանք, ովքեր ծառայում են ուրիշներին, ամենից մեծն են: Փրկիչը նաև պատվիրեց Իր Առաքյալներին, որ շարունակեն Իր հետ, և խոստացավ, որ մի օր նրանք կնստեն գահին ու կդատեն Իսրայելի տասներկու ցեղերին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 22․31-32 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե Փրկիչն ինչ ասաց Սիմոն Պետրոսին: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 31-րդ հատվածի ծանոթագրությունա:

  • Ըստ Փրկիչի սատանան ի՞նչ էր ուզում: (Սատանան ցանկանում էր մաղել Պետրոսին ու Սրբերին ցորենի պես:)

Բացատրեք, որ ցորենը մաղում են` հատիկն առանձնացնելով ցորենի մնացած մասերից:

  • Ի՞նչ սովորեցիք Պետրոսի մասին, որը ցույց է տալիս, որ նա արդեն վկայություն ուներ: (Եթե անհրաժեշտ է, հիշեցրեք ուսանողներին, որ Պետրոսը հայտարարել էր իր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծո Որդին [տես Մատթեոս 16.13–17]):

  • Համաձայն հատված 32-ի, Պետրոսը դեռ ի՞նչ փորձառություններ պիտի ունենար, նախքան կկարողանար ուժեղացնել իր եղբայրներին:

  • Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը ավետարանի մասին վկայություն ունենալու և դեպի ավետարանը դարձի եկած լինելու միջև: (Ավետարանի մասին վկայություն ունենալը նշանակում է, որ մենք Սուրբ Հոգու միջոցով ստացել ենք հոգևոր վկայություն ճշմարտության մասին [տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Վկայություն», scriptures.lds.org]: Դարձի գալ դեպի ավետարանը նշանակում է «փոխել հավատքը, սիրտը և կյանքը` ընդունելու և համաձայնելու Աստծո կամքին (Գործք 3.19)» [Սուրբ գրությունների ուղեցույց, «Դարձ, Նորադարձ»scriptures.lds.org]):

  • Հիմնվելով Պետրոսին ուղղված Տիրոջ խոսքի վրա, մենք ի՞նչ կարող ենք անել, երբ դարձի ենք գալիս դեպի ավետարանը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք դարձի ենք գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք կարող ենք զորացնել ուրիշներին: Հրավիրեք ուսանողներին նշել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը հատված 32-ում:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 22.33-34 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչպես արձագանքեց Տիրոջ հորդորին` դարձի գալ և զորացնել իր եղբայրներին:

  • Պետրոսն ինչպե՞ս արձագանքեց Փրկիչի հորդորին:

  • Ըստ Տիրոջ մարգարեության, ի՞նչ պիտի աներ Պետրոսը:

Բացատրեք, որ այս պատմության ավելի մանրամասն տարբերակը գրանցված է Մատթեոսի 26 գլխում: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 26.35 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Պետրոսն ի՞նչ ասաց Փրկիչին մարգարեությունը լսելուց հետո:

  • Պետրոսն ինչպե՞ս արձագանքեց այս մարգարեությունը լսելուց հետո:

  • Պետրոսի պատասխանը ի՞նչ կարող է սովորեցնել մեզ այն մասին, թե նա ի՞նչ էր մտածում իր վկայության ուժի մասին:

Ղուկաս 22.39-53

Փրկիչը տառապում է Գեթսեմանում, քրտնում արյան մեծ կաթիլներով և մատնվում Հուդայի կողմից

Բացատրեք, որ Զատիկից հետո Փրկիչն ու Նրա Առաքյալները գնացին Գեթսեմանի պարտեզ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 22.39-43 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց, երբ Նա եկավ Գեթսեմանի պարտեզ։ Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածի մասին:

  • Համաձայն 43-րդ հատվածի, ո՞վ օգնեց Փրկիչին ուժ ձեռք բերել, որպեսզի Նա կատարեր Երկնային Հոր կամքը:

  • Մենք ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե Երկնային Հայրն ի՞նչ կանի մեզ համար, եթե մենք ձգտենք կատարել Նրա կամքը։ (Ուսանողները կարող են առանձնացնել տարատեսակ սկզբունքներ, սակայն համոզվեք, որ պարզ լինի, որ. Եթե մենք հոժարակամ հնազանդվենք Երկնային Հոր կամքին, Նա մեզ ուժ կտա կատարելու Իր կամքը:)

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով Երկնային Հայրը կարող է զորացնել մեզ:

Բացատրեք, որ օգնությունը, որ մենք ստանում ենք Երկնային Հորից, հիմնականում կգա ոչ թե հրեշտակների տեսքով, այլ Նա կօգնի մեզ այն ուղիներով, որոնք, ըստ Նրա, ամենալավը կլինեն մեզ համար: Խնդրեք ուսանողներին հիշել մի ժամանակի մասին, երբ Երկնային Հայրը զորացրել է նրանց, քանի որ նրանք ջանացել են կատարել Նրա կամքը։

Բացատրեք, որ Գեթսեմանի պարտեզում Փրկիչի տառապանքը նկարագրող Ղուկասի պատմությունը ներառում է մի կարևոր մանրամասն, որը չի ընդգրկված Մատթեոսի և Մարկոսի պատմություններում: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 22.44 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Ղուկասն ինչպե՞ս է նկարագրել Փրկիչի տառապանքները Գեթսեմանիում:

  • Ղուկասն ինչպե՞ս է նկարագրում Փրկիչի տառապանքը Գեթսեմանիում: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 44-րդ հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը: Հիսուս Քրիստոսը քրտնում էր արյունի կաթիլներով, երբ նա տառապում էր Գեթսեմանի պարտեզում: (Կարող եք նշել, որ Փրկիչի տառապանքի այս հատկանիշը մարգարեությամբ տրվեց ավելի քան մեկ դար առաջ [տես Մոսիա 7]:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե Փրկիչն ինչ զգաց, բացատրեք, որ Փրկիչը նկարագրել է Իր սեփական տառապանքը մի հայտնության մեջ, որը տրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով` գրանցված Վարդապետություն և Ուխտերի 19 բաժնում: Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում խաչաձև հղում կատարել Վարդապետություն և Ուխտերի 19.18 հատվածի և Ղուկասի 22.44 հատվածի միջև։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 19.18 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Տերն ինչպես է նկարագրել Իր տառապանքը։

  • Մենք ի՞նչ լրացուցիչ մանրամասներ ենք սովորում Փրկիչի տառապանքի մասին հատված 18-ում տրված Նրա սեփական նկարագրությունից։ (Հիսուս Քրիստոսի տառապանքը ստիպեց նրան «ցավից դողալ, … արնահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով»:)

  • Ի՞նչ մտքեր եք ունենում` իմանալով, որ Հիսուս Քրիստոսը այդքան տառապել է ձեզ համար:

Ամփոփեք Ղուկասի 12․45-48` բացատրելով, որ Գեթսեմանիում տառապելուց հետո Նա մատնվեց Հուդա Իսկարիովտացու կողմից։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 22․49-51 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Պետրոսն ի՞նչ արեց, երբ քահանայապետերն ու մյուսները եկան ձերբակալելու Հիսուսին (տես Հովհաննեսի 18:10 հատվածը, որը միակ պատմությունն է, որը ճանաչում է Պետրոսին որպես Առաքյալ, ով կտրեց ծառայի ականջը):

  • Պետրոսն ի՞նչ արեց քահանայապետի ծառային:

  • Ի՞նչն է ուշագրավ այստեղ, որ Փրկիչն արեց ծառայի համար։

Ամփոփեք Ղուկասի 22.52.53 հատվածները` բացատրելով, որ Փրկիչը հարցրեց, թե քահանայապետներն ու մյուսները ինչո՞ւ էին Իրեն ձերբակալում գիշերը` ցերեկվա փոխարեն, երբ Ինքը գտնվում էր տաճարում:

Ղուկաս 22.54-71

Հիսուսին դատում են ատյանի առաջ, իսկ Պետրոսն ուրանում է, որ ճանաչում է նրան:

Ամփոփեք Ղուկասի 22.54 հատվածը` բացատրելով, որ երբ Փրկիչին տարան քահանայապետի տուն տանջելու, Պետրոսը հետևեց նրան։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի տրամադրեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ (կամ գրեք այն գրատախտակին): Հրավիրեք ուսանողներին կարդալ աղյուսակում նախատեսված սուրբ գրությունները և զույգերով լրացնել աղյուսակը։

Նկար
թերթիկ, Ղուկաս 22.54-60

Ղուկաս 22.54-60

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ - Դաս 57

Ի՞նչ պատահեց Պետրոսին:

Ի՞նչ ասաց նա:

Ղուկաս 22.55-57

Ղուկաս 22.58

Ղուկաս 24.59-60

  • Ձեր կարծիքով, ինչը գայթակղեց Պետրոսին, որի արդյունքում նա ուրացավ այս մարդկանցից յուրաքանչյուրի մոտ, որ ճանաչում էր Հիսուսին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՂուկասի 22.61-62 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Պետրոսն ուրացավ, որ ճանաչում էր Փրկիչին:

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Պետրոսն ուրացավ, որ ճանաչում էր Փրկիչին:

Եթե հնարավոր է, ցուցադրեք «Պետրոսի ուրացումը»նկարը ըստ Կառլ Հեյնրիխ Բլոխի: Այս նկարը առկա է LDS.org կայքում:

Նկար
Պետրոսի ուրացումը

Պետրոսի ուրացումը, ըստ Քարլ Հեյնրիխ Բլոխի: Օգտագործվել է Ֆրիդրիխսդորֆի Ազգային Պատմության Թանգարանի թույլտվությամբ, Հիլրոդ, Դանիա: Չպատճենահանել:

  • Եթե դուք լինեիք Պետրոսի փոխարեն, ըստ ձեզ ի՞նչ խոհեր կամ զգացումներ կունենայիք, երբ Փրկիչը նայեր ձեր վրա։ Ինչո՞ւ:

  • Պետրոսի փորձառությունը ինչպե՞ս է ցույց տալիս տարբերությունը ավետարանի վկայությունն ունենալու և դեպի ավետարանը դարձի եկած լինելու միջև:

Բացատրեք, որ թեև Պետրոսը ուներ ավետարանի վկայությունը, նա դեռ լիովին դարձի չէր եկել: Սակայն նա ճանաչեց իր թուլությունը` լիովին դարձի գալով և իր կյանքը նվիրեց Աստծուն ծառայելու և ավետարանով կիսվելու գործին:

  • Ի՞նչ դասեր կարող ենք սովորել Պետրոսի փորձառությունից:

Ամփոփեք Ղուկասի 22․63-71 հատվածները`բացատրելով, որ քահանայապետերը ծաղրում ու հարվածում էին Փրկիչին։

Եզրափակեք դասը` հրավիրելով ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի քանի քայլեր, որոնք նրանք կարող են կատարել, որպեսզի իսկապես դարձի գան դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Խրախուսեք նրանց կատարել իրենց ցուցակում գրված քայլերից մեկն այս շաբաթ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 22.32: Պետրոսի դարձը դեպի ավետարանը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Պետրոսի մասին ուսուցանել է հետևյալը.

«Պետրոսը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես է դարձի ուժն աշխատում ընկալունակ հոգիների վրա: Մեր Տիրոջ մահկանացու կյանքի ծառայության ընթացքում Պետրոսն ուներ վկայություն` ծնված Հոգուց, Քրիստոսի աստվածայնությունից և փրկության ծրագրից, որը Քրիստոսի մեջ էր: «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծոյ Որդին», - ասաց նա, երբ Սուրբ Հոգին նրան խոսելու հնարավորություն տվեց: (Մատթ. 16.13–19:) Երբ մյուսները հեռացան, Պետրոսն անսասան կանգնած մնաց առաքելական վստահությամբ. «Մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին»: (Հովհաննես 6.69:) Պետրոսը գիտեր, իսկ նրա գիտելիքը եկել էր հայտնությամբ:

«Բայց Պետրոսը դարձի չէր եկել, որովհետև նա չէր դարձել Սուրբ Հոգու մի նոր արարած: Փոխարենը, Պետրոսի կողմից վկայություն ձեռք բերելուց երկար ժամանակ անց և հենց այն գիշերը, երբ Հիսուսին ձերբակալեցին, Նա ասաց Պետրոսին. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»: (Ղուկաս 22.32:) Դրանից անմիջապես հետո և անկախ իր վկայությունից, Պետրոսն ուրացավ, որ ճանաչում էր Քրիստոսին: (Ղուկաս 22.54–62:) Խաչելությունից հետո Պետրոսը գնաց ձուկ որսալու, սակայն ետ կանչվեց ծառայության` հարություն առած Տիրոջ կողմից: (Հովհաննես 21.1–17:) Ի վերջո Պենտեկոստեի օրը խոստացված հոգևոր օժտումն ընդունվեց, Պետրոսը և բոլոր հավատարիմ աշակերտները դարձան Սուրբ Հոգու արարածներ, նրանք իրոք դարձի եկան, իսկ նրանց հետագա ձեռքբերումներն ապացուցում են նրանց դարձի կայունությունը: (Գործք Առաքելոց 34:)» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 162):

Ղուկաս 22.32: «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը հաստատել է դարձի գալու կարևորությունը.

«Որպեսզի զորացնի իր եղբայրներին, որպեսզի սնուցի և առաջնորդի Աստծո հոտը, այս մարդը, ով հետևել էր Հիսուսին երեք տարի, ում տրվել էր սուրբ առաքելության իշխանությունը, ով անվեհեր ուսուցիչ էր և Քրիստոնեական ավետարանի վկայողը, և ում վկայությունը ստիպեց Տիրոջը նրան օրհնված հայտարարել, այնուամենայնիվ դեռ պիտի «դարձի գար»:

«Հիսուսի հրավերը ցույց է տալիս, որ դարձը, որը Նա պահանջում էր նրանց համար, ովքեր կմտնեին երկնքի արքայությունը (տես Մատթ. 18.3), շատ ավելին էր, քան պարզապես դարձի եկած լինելը, որպեսզի վկայեին ավետարանի ճշմարտացիության մասին: Որպեսզի վկայեք պիտի իմանաք և հայտարարեք: Ավետարանը հրավիրում է մեզ «դարձի գալ», որը մեզանից պահանջում է կատարել և դառնալ: Եթե մեզանից որևէ մեկն ապավինում է բացառապես ավետարանի մասին մեր գիտելիքներին ու վկայություններին, մենք նույն վիճակում ենք` ինչպես օրհնված, բայց դեռ անավարտ Առաքյալները, ում Հիսուսը հրավիրում էր «դարձի գալ»: Մենք բոլորս էլ ճանաչում ենք մեկին, ով ամուր վկայություն ունի, բայց չի գործում, որպեսզի դարձի գա: …

«Հիմա մեզանից յուրաքանչյուրի համար ժամանակն է աշխատել մեր անձնական դարձի ուղղությամբ`դառնալով այնպիսին, ինչպիսին մեր Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 33):

Նախագահ Հարոլդ Բ. Լին նկարագրել է, թե ինչպես կարող է դեպի ավետարանը դարձի գալն օգնել մեզ զորացնել ուրիշներին.

«Դուք չեք կարող բարձրացնել մեկ ուրիշ հոգու, մինչև դուք չկանգնեք ավելի բարձր հիմքի վրա, քան նրանն է: Դուք պիտի համոզված լինեք, որ եթե փրկում եք մարդուն, ապա դուք ինքներդ այնպիսի օրինակ եք ծառայում, որպեսզի նա նմանվի դրան» (“Stand Ye in Holy Places,” Ensign, Oct. 2008, 47):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը գերագույն համաժողովի իր ելույթում բացատրել է կապը վկայության և դարձի միջև, ինչպես նաև տվել է դրանց տարբերությունները «Դարձ դեպի Տերը» գերագույն համաժողովի իր ելույթում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 106)։

Ղուկաս 22:44: «Եվ նորա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլներ»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է, որ Փրկիչի հոգեվարքը ֆիզիկական էր, մտավոր և հոգևոր:

Դա զուտ ֆիզիկական ցավ կամ մտավոր տառապանք չէր, որը ստիպեց Նրան տանել նման տանջանքներ, որի հետևանքով արյուն հոսեց յուրաքանչյուր ծակոտիից, այլ հոգու այնպիսի հոգևոր տառապանք, որը միայն Աստված կարող էր տանել: Ոչ մի ուրիշ մարդ, որքան էլ որ մեծ լիներ նրա ֆիզիկական ու մտավոր տոկունությունը, չէր կարող այդքան տառապել, քանի որ նրա մարդկային մարմինը չդիմացավ … կորցրեց գիտակցությունը և ջերմորեն ընդունեց մոռացումը: Տառապանքի այդ ժամին Քրիստոսը հանդիպեց և հաղթահարեց բոլոր սարսափները, որոնք սատանան` «այս աշխարհի իշխանը», կարող էր պատճառել» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 613):

Ղուկաս 22.62: «Եվ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացավ»։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է, որ մենք կարող ենք սխալներ անել, որոնք նման են Պետրոսի սխալներին, բայց քավության միջոցով այդ սխալները կարող են ներվել մեզ.

«Պետրոսը, հաստատելով իր հավատարմությունը, իր վճռականությունը, ասաց, որ նա երբեք չէր ուրանա: Բայց մարդկային վախը պատեց նրան, և մարմնական թուլությունը հաղթահարեց նրան և մեղադրանքի ճնշման տակ նրա որոշումը փշրվեց, փուլ եկավ: …

«Երբ կարդում եմ այս պատմությունը, ես կարեկցանք եմ զգում Պետրոսի հանդեպ: Մեզանից շատերն այնքան նման են նրան։ Մենք հավատարմության երդում ենք տալիս, մենք հաստատում ենք մեր վճռականությունը` ունենալով քաջություն, մենք հայտարարում ենք, երբեմն նույնիսկ հրապարակավ, որ ինչ էլ պատահի, մենք կպաշտպանենք արդար գործը, որ մենք հավատարիմ կլինենք ինքներս մեզ և ուրիշներին:

Ապա սկսվում են ճնշումները: Երբեմն սրանք սոցիալական ճնշումներ են: Երբեմն դրանք գալիս են անձնական ցանկություններից: Երբեմն դրանք կեղծ ձգտումներ են : Կամքի ուժը թուլանում է: Կարգապահությունը թուլանում է։ Հետո մենք անձնատուր ենք լինում: Ապա հաջորդում է զղջումը, ինքնախարազանումը և ափսոսանքի դառն արցունքները: …

Հասկանալով իր սխալը, զղջալով իր թուլության համար, [Պետրոսն] ուշքի եկավ ու դարձավ մի հզոր ձայն , որն իր մեջ կրում է հարություն առած Տիրոջ վկայությունը: Նա` ավագ առաքյալը, իր մնացած կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսի` կենդանի Աստծո Որդու առաքելության, մահվան և հարության մասին վկայելուն: …

Այս վիթխարի աշխատանքը և էլի շատ չհիշատակված գործեր կատարվեցին Պետրոսի կողմից, ով մի ժամանակ ուրացել ու վշտացել էր, իսկ հետո` վեր բարձրանալով այդ զղջումից, առաջ տարավ Փրկիչի գործը: …

Այժմ, եթե կա ինչ-որ մեկը, ով խոսքով կամ գործողությամբ ուրացել է հավատը, ես աղոթում եմ, որ դուք սփոփանք ու վճռականություն գտնեք Պետրոսի օրինակով, ով, չնայած ամեն օր քայլում էր Հիսուսի հետ, ծայրահեղ իրավիճակում ուրացավ թե՛ Տիրոջը, թե՛ վկայությունը, որը նա կրում էր իր սրտում: Բայց նա բարձրացավ այս ամենից վեր և դարձավ հզոր պաշտպան ու զորեղ կողմնակից: Ձեզ համար նույնպես ճանապարհ կա սթափվելու և ավելացնելու ձեր զորությունը և հավատը մյուսների զորությանն ու հավատին` Աստծո արքայությունը կառուցելու աշխատանքում» (“And Peter Went Out and Wept Bitterly,” Ensign, May 1979, 65–67)։