Գրադարան
Դաս 63. Հովհաննես 4


Դաս 63

Հովհաննես 4

Նախաբան

Գալիլեա ճամփորդելիս Հիսուսն անցավ Սամարիայով և ուսուցանեց ջրհորի մոտ եկած կնոջը: Կինը վկայեց մյուսներին, որ Հիսուսը Քրիստոսն էր: Ավելի ուշ Հիսուսը մի ազնվականի որդու բժշկեց:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 4․1-42

Հիսուսն ուսուցանում է Սամարացի կնոջը

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ո՞րն է ամենաարժեքավոր բնական ռեսուրսը երկրի վրա:

Խնդրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին։ Ցուցադրեք բնական ռեսուրսների, օրինակ՝ հողի, ածխի, նավթի, ոսկու կամ ադամանդների նկարներ:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Elder David A. Bednar

«Մենք գուցե սկզբում մտածենք, որ ոսկին, նավթը կամ ադամանդներն ամենամեծ արժեքն ունեն: Բայց երկրի վրա և երկրի ներսում գոյություն ունեցող բոլոր հանքանյութերից, մետաղներից, թանկարժեք քարերից և լուծիչներից ամենարժեքավորը ջուրն է» (“A Reservoir of Living Water” [Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007], 1, lds.org/broadcasts):

Ցուցադրեք մաքուր ջրով լցված թափանիցիկ բաժակ:

  • Ինչո՞ւ է մաքուր ջուրն այդքան արժեքավոր: (Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի կիսվել այն փորձառությամբ, որն օգնել է իրենց գնահատել ջրի կարևորությունը:)

Խնդրեք ուսանողներին Հովհաննես 4-ը ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչի հետ համեմատեց ջուրը:

Ամփոփեք Հովհաննես 4.1-3 հատվածը բացատրելով, որ Հիսուսը Հրեաստանի երկրից հեռացավ և կրկին եկավ Գալիլեա:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.4 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե որ տարածքով Հիսուսն անցավ դեպի Գալիլեա ճամփորդելիս: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Խնդրեք ուսանողներին գտնել Հրեաստանը, Սամարիան և Գալիլեան “The Mortal Life of Jesus Christ at a Glance” (տրված դաս 5-ում), կամ գտնել այդ երկրները Աստվածաշնչյան քարտեզ 11-ում՝ «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակ»:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուսը ճամփորդեց Սամարիայի միջով և չշրջանցեց այդ երկիրը: (Հրեաների և Սամարացիների միջև գոյություն ունեցող թշնամության պատճառով Հրեաները հիմնականում ճամփորդելիս շրջանցում էին Սամարիան, ոչ թե անցնում այդ երկրով [տես James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 172]):

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4․6-9 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ խնդրեց Հիսուսը մի կնոջից, երբ կանգ առավ Սամարիայում:

  • Ի՞նչ խնդրեց Հիսուսն այդ կնոջից:

  • Ինչո՞ւ նա զարմացավ, երբ Հիսուսը ջուր խնդրեց իրենից:

Նկար
Հիսուսը և Սամարացի կինը

Ցուցադրեք Հիսուսը և Սամարացի կինը նկարը ((Gospel Art Book [2009], no. 36; տես նաև LDS.org):

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.10-12 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով այդ կնոջը տրված Հիսուսի պատասխանին:

  • Ըստ հատված 10-ի, Փրկիչն ի՞նչ առաջարկեց այդ կնոջը: (Բացատրեք, որ «Աստծո պարգևը» վերաբերում է Հիսուսին՝ որպես աշխարհի Փրկիչ:)

  • Ըստ հատված 11-ի, այդ կինը ի՞նչ խնդրեց Հիսուսից:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.13-14: Դասարանին հանձնարարեք հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսն այն ջրի մասին, որ Ինքն էր առաջարկում:

  • Ի՞նչ ասաց Հիսուսն այն ջրի մասին, որ Ինքն էր առաջարկում:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք հետևել և լսել, թե ինչ է իրենից ներկայացնում կենդանի ջուրը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Այս հատվածում նշված կենդանի ջուրը դա Տեր Հիսուս Քրիստոսն է և Նրա ավետարանը: Եվ ինչպես ջուրն է նպաստում ֆիզիկական կյանքի պահպանմանը, այնպես էլ Փրկիչն ու Նրա վարդապետությունները, սկզբունքները և արարողություններն են կարևոր հավերժական կյանքի համար: Ես և դուք Նրա կենդանի ջրի կարիքն ունենք և առատորեն՝ շարունակ մեր հոգևոր աճն ու զարգացումը պահպանելու համար» (“A Reservoir of Living Water,” 2):

  • Ըստ Երեց Բեդնարի, ի՞նչ է իրենից ներկայացնում կենդանի ջուրը:

Ձեր ցուցադրած ջրով լի բաժակին փակցրեք Փրկիչը և Նրա ավետարանը պիտակը:

  • Ինչո՞ւ է ջուրը Փրկչի և Նրա ավետարանի ճշգրիտ խորհրդանիշը հանդիսանում:

  • Որպես սկզբունք՝ ինչպե՞ս կամփոփեիք հատված 14-ում տրված Փրկչի խոսքերը: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե գանք Հիսուս Քրիստոսի մոտ և խանդավառությամբ ճաշակենք Նրա ավետարանից, ապա մենք կստանանք հավերժական կյանքը:)

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.15–18 հատվածը: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ խնդրեց կինը Հիսուսից և ինչ պատասխանեց Փրկիչը:

  • Ըստ հատված 15-ի, այդ կինը ի՞նչ խնդրեց Հիսուսից:

Բացատրեք, որ Հիսուսի պատասխանն օգնեց այդ կնոջը հասկանալ Նրա առաջարկած կենդանի ջրի կարիքը:

  • Ըստ հատված 17-18-ի, Հիսուսն ի՞նչ հայտնեց այդ կնոջ մասին: (Մատնանշեք, որ Հիսուսի պատասխանը ցույց էր տալիս, որ Ինքը գիտեր, որ այդ կինը ձգտել էր գտնել իմաստալից և երկարատև ամուսնական հարաբերություն, սակայն նա չէր հնազանդվել մաքրաբարոյության օրենքին ապրելով այն մարդու հետ, ով իրականում իր ամուսինը չէր:)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ կարող էր ունենալ այդ կինը, երբ Հիսուսն այնպիսի մանրամասներ հայտնեց իր մասին, որ սովորական օտարականը չէր կարող իմանալ:

  • Փրկչի խոսքերն ինչպե՞ս օգնեցին, որ այդ կինը գիտակցեր կենդանի ջրի իր կարիքը, որ Նա էր առաջարկում:

  • Փրկչի մասին ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը գիտի մեր մեղքերը և առաջարկում է Իր ավետարանը, որը կօգնի մեզ հաղթահարել դրանք»:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք այս ճշմարտությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.19-20 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց այդ կինը Հիսուսին:

  • Ի՞նչ ասաց այդ կինը, որը ցույց տվեց, որ իր մոտ Հիսուսի մասին ընկալումը փոխվեց:

Բացատրեք, որ Սամարիայում Գերիզիմ անունով մի սար կա: Փրկչի մահկանացու ծառայությունից դարեր առաջ Սամարացիները տաճար էին կառուցել այնտեղ՝ որպես երկրպագության վայր: Սակայն ի տարբերություն Հրեաների, Սամարացիները չունեին քահանայության իշխանություն արարողություններ կատարելու համար, և նրանք մերժում էին Աստծո մարգարեների շատ ուսմունքներ:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.21-23 հատվածը, ինչպես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 4.26-ը (Հովհաննես 4.24՝ տողատակի ծանոթագրություն ա): Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հիսուսն ուսուցանում այդ կնոջը Աստծուն երկրպագելու մասին:

  • Ինչպե՞ս են ճշմարիտ երկրպագողները երկրպագում Երկնային Հորը:

  • Ըստ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, ի՞նչ օրհնություն ենք ստանում, երբ երկրպագում ենք Աստծուն՝ «հոգով և ճշմարտությամբ»:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հոգով և ճշմարտությամբ ենք երկրպագում Հորը, Նա կօրհնի մեզ Իր Հոգով:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին գտնել և նշել, թե ինչ է նշանակում երկրպագել Հորը՝ հոգով և ճշմարտությամբ:

Նկար
Elder Bruce R. McConkie

«Մեր նպատակն է՝ երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն և անել դա Հոգու զորությամբ և ինչպես Նա է կարգել: Ճշմարիտ Աստծո ընդունված երկրպագությունը տանում է դեպի փրկություն. ծեսերը, որ նվիրաբերվում էին կեղծ աստվածներին և հիմնված չէին հավերժական ճշմարտության վրա, չէին կրում նման հավաստիացում:

Ճշմարտության մասին գիտելիքը կարևոր է ճշմարիտ երկրպագության համար: …

… Ճշմարիտ և կատարյալ երկրպագությունը Աստծո Որդու քայլերին հետևելն է. դա պատվիրանները պահելը և Հոր կամքին հնազանդվելն է այնքանով, որ մենք անցնում ենք շնորհից շնորհ, մինչև փառավորվում ենք Քրիստոսով, ինչպես Նա՝ իր Հորով: Դա շատ ավելին է, քան աղոթքը, քարոզն ու երգը: Դա ապրելը, գործելը և հնազանդվելն է: Դա մեծ Օրինակի [Հիսուս Քրիստոսի] կյանքը մարմնավորելն է» (“How to Worship,” Ensign, Dec. 1971, 129, 130):

  • Ըստ Երեց Մակքոնկիի, ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն՝ հոգով և ճշմարտությամբ:

  • Ե՞րբ եք օրհնվել՝ ձգտելով երկրպագել Հորը հոգով և ճշմարտությամբ:

Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչպես կարող են էլ ավելի բարելավել հոգով և ճշմարտությամբ Հորը երկրպագելը:

  • Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.25-26 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ հայտնեց Հիսուսն Իր մասին այդ կնոջը:

  • Ի՞նչ հայտնեց Հիսուսն Իր մասին այդ կնոջը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.27-30 հատվածը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց այդ կինը Փրկչի հետ խոսելուց հետո:

  • Ի՞նչ արեց այդ կինը՝ Փրկչի հետ խոսելուց հետո:

  • Ի՞նչ ասաց նա, որը ցույց էր տալիս, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն էր ձեռք բերել:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ենք ձեռք բերում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելով մենք լցվում ենք ուրիշների հետ դրանով կիսվելու ցանկությամբ:)

Ամփոփեք 31-37 հատվածը բացատրելով, որ Հիսուսի աշակերտները վերադարձան իրենց հետ ուտելիք բերելով: Երբ Նրան խնդրեցին, որ ուտեր, Նա ուսուցանեց, որ ապրում էր ոչ թե ուտելով, այլ Իր Հոր կամքը կատարելով: Ապա Նա կոչ արեց նրանց տեսնել, թե որքան շատ էին ավետարանը քարոզելու հնարավորությունները:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.39-42 հատվածը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ազդեցություն թողեց այդ կնոջ վկայությունն իր քաղաքի մարդկանց վրա:

  • Ի՞նչ ազդեցություն թողեց այդ կնոջ վկայությունն իր քաղաքի մարդկանց վրա:

  • Ըստ հատված 42-ի, մարդիկ ի՞նչ ասացին այդ կնոջը:

Վկայեք, որ երբ ճանաչում ենք Փրկչին և ճաշակում ենք Նրա կենդանի ջրից, մենք լցվում ենք Նրա մասին մեր վկայություններով մյուսների հետ կիսվելու ցանկությամբ:

Հովհաննես 4.43-54

Հիսուսը բշկում է ազնվականի որդուն

Ամփոփելով Հովհաննես 4.43-45 հատվածը՝ բացատրեք, որ Հիսուսը Սամարիայում կնոջն ուսուցանելուց հետո գնաց Գալիլեա, որտեղ Նրան ընդունեցին մարդիկ:

Ուսանողներին բաժանեք հետևյալ թերթիկի օրինակները: Հանձնարարեք նրանց մտքում կարդալ Հովհաննես 4.46-54 հատվածը և պատասխանել թերթիկում տրված հարցերին:

Նկար
handout, John 4

Հովհաննես 4.46-54

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար—Դաս 63

  1. Ո՞վ հանդիպեց Հիսուսին և ի՞նչ օրհնություն էր փափագում ստանալ Փրկչից:

  2. Ըստ Հիսուսի խոսքի, ինչո՞ւ էր Նա հետաձգում օրհնությունը, որ այդ մարդը փափագում էր ստանալ:

  3. Ինչպե՞ս այդ մարդը ցույց տվեց, որ հավատալու համար նա նշանի կարիք չուներ:

  4. Համաձայն 51-53 հատվածի, ինչպե՞ս հաստատվեց այդ մարդու հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  5. Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ մարդու փորձից:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց պատասխաններով: Երբ ներկայացնեն, թե ինչ սովորեցին իրենք ազնվականի փորձից, օգնեք նրանց հատկանշել հետևյալ ճշմարտությունը. Երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին առանց նշանների կարիքն ունենալու, Տերը կհաստատի մեր հավատքը:

  • Ինչո՞ւ է կարևոր հավատալ Հիսուս Քրիստոսին առանց նշանների կարիքն ունենալու:

  • Ինչպե՞ս է Տերը հաստատում մեր հավատը, երբ մենք հավատք ենք գործադրում Նրա հանդեպ:

Ավարտեք դասը վկայելով, որ երբ հավատքով ենք փնտրում Տիրոջը, Նա օրհնում է մեզ վկայությամբ՝ հաստատելով մեր հավատը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 4․4: «Նա պետք էր որ Սամարիայի միջովն անցներ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմեջը բացատրում է, թե ինչու էր կարևոր, որ Հիսուսն անցներ Սամարիայի միջով. «Հրեաստանից Գալիլեա ընկած ճանապարհը անցնում էր Սամարիայով, բայց շատ Հրեաներ, հատկապես Գալիլեացիները, շեղվելով ուղիղ ճանապարհից նախընտրում էին անցնել ավելի երկար ճանապարհ, քան հատել այն երկիրը, որի ժողովրդի, Սամարացիների հանդեպ նրանք թշնամանք էին տածում: Դարերի ընթացքում Հրեաների և Սամարացիների միջև թշնամանքը աճել էր և մեր Տիրոջ երկրային ծառայության ժամանակ այդ ատելությունը հասել էր իր գագաթնակետին» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 172):

Հովհաննես 4.10–14: Փրկիչը կենդանի ջուր է առաջարկում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին մեջբերում է Փրկչի խոսքերը Հովհաննես 4.14 հատվածում և ուսուցանում, որ առատ խմելով կենդանի ջրերից մենք մեծ երջանկություն կունենանք: Այնուհետև նա հարցնում է.

«Ցանկանո՞ւմ եք ճաշակել այդ կենդանի ջրից և ձեզանում ունենալ այդ աստվածային աղբյուրը, որը հավիտենական կյանքի համար կբխի:

Ուրեմն՝ մի վախեցեք: Հավատացեք ձեր ողջ սրտով: Անսասան հավատք զարգացրեք առ Աստծո Որդին: Բացեք ձեր սիրտն անկեղծ աղոթքով: Լցրեք ձեր միտքը Նրա մասին գիտելիքով: Մոռացեք ձեր թուլությունների մասին: Պատվիրաններով քայլեք՝ սրբությամբ և ներդաշնակությամբ» (“The Abundant Life,” Ensign or Liahona, May 2006, 100):

Հովհաննես 4.10–14 Սուրբ գրությունները Քրիստոսի կենդանի ջրերից խմելու մի եղանակ են հանդիսանում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ սուրբ գրություններն ուսումնասիրելը Քրիստոսի կենդանի ջրերից խմելու եղանակներից մեկն է.

«Սուրբ գրքերը պարունակում են Քրիստոսի խոսքերը և կենդանի ջրի աղբյուր են, որը մեզ համար հասանելի է և որից մենք կարող ենք առատորեն և երկար խմել: Ես և դուք պետք է նայենք Քրիստոսին և գանք Նրա մոտ, ով «կենաց ջրերի ակունքն է» (1 Նեփի 11.25; համեմատեք Ether 8.26; 12.28) կարդալով (տես Մոսիա 1.5), ուսումնասիրելով (տես ՎևՈւ 26.1), փնտրելով (տես Հովհաննես 5.39; Ալմա 17.2) և ճաշակելով (տես 2 Նեփի 32.3) Քրիստոսի խոսքերը, ինչպես որ տրված են սուրբ գրություններում: Այդպիսով, մենք կարող ենք ստանալ և հոգևոր առաջնորդություն և պաշտպանություն՝ մեր մահկանացու ճամփորդության ընթացքում» (“A Reservoir of Living Water” [Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007], 2, lds.org/broadcasts):

Հովհաննես 4․46-54 Ազնվականի որդու բժշկումը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին հատկանշել է այս հրաշքի կարևորությունը.

«Սա բժշկման առաջին հրաշքն է, որ մանրամասն ներկայացվում է ավետարանում: Զատկի տոնին և ողջ Հրեաստանում կատարված բժշկումները չեն նկարագրվում կամ բացատրվում: Կանայում գործված այս երկրորդ հրաշքն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ ինչպես էր Հիսուսը բժշկություն կատարում, որ մինչ այդ չէինք հանդիպել: Իրականում կրկնակի հրաշք է տեղի ունենում՝ բժշկվում է որդին, որը ներկա չէր գտնվում, և բուժվում է անհավատությունը և հավատք է սերմանվում ներկա գտնվող հոր սրտում» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 2:12):