Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 84


Բաժին 84

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. սեպտեմբերի 22-ին և 23-ին (History of the Church, 1.286–295): Սեպտեմբեր ամսվա ընթացքում երեցներն սկսեցին վերադառնալ արևելյան նահանգների իրենց առաքելություններից՝ հաշվետվություններ ներկայացնելու իրենց աշխատանքների մասին: Ուրախության այդ ժամանակաշրջանում էր, երբ նրանք միասին էին, որ ստացվեց հետևյալ հաղորդակցությունը: Մարգարեն անվանեց այն՝ հայտնություն քահանայության վերաբերյալ:

1–5՝ Նոր Երուսաղեմը և տաճարը կկառուցվեն Միսսուրիում. 6–17՝ Տրվում է քահանայության տոհմագիծը՝ Մովսեսից մինչև Ադամ. 18–25՝ Մեծագույն քահանայությունը կրում է Աստծո գիտության բանալիները. 26–32՝ Փոքրագույն քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորման և նախապատրաստական ավետարանի բանալիները. 33–44՝ Քահանայության երդման և ուխտի միջոցով մարդիկ ստանում են հավերժական կյանք. 45–53՝ Քրիստոսի Հոգին լուսավորում է մարդկանց, և աշխարհն ընկած է մեղքի մեջ. 54–61՝ Սրբերը պետք է վկայեն այն բաների մասին, որ իրենք ստացել են. 62–76՝ Նրանք պետք է քարոզեն ավետարանը, և նշաններ կհետևեն. 77–91՝ Երեցները պետք է առաջ գնան, առանց քսակի կամ պարկի, և Տերը կհոգա նրանց կարիքները. 92–97՝ Ժանտախտներ և անեծքներ են սպասվում նրանց, ովքեր մերժում են ավետարանը. 98–102՝ Սիոնի փրկագնման նոր երգ է տրվում. 103–110՝ Թող ամեն մարդ կանգնի իր իսկ պաշտոնում և աշխատի իր իսկ կոչման մեջ. 111–120՝ Տիրոջ ծառաները պիտի հռչակեն վերջին օրերի ավերման պղծությունը:

1 Հայտնություն Հիսուս Քրիստոսից՝ իր ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին և վեց երեցներին, մինչ նրանք միացրել էին իրենց սրտերն ու բարձրացրել իրենց ձայները դեպի վեր:

2 Այո, Տիրոջ խոսքն իր եկեղեցու վերաբերյալ, որ հաստատվել է վերջին օրերին՝ իր ժողովրդի վերականգնման համար, ինչպես նա ասել է իր մարգարեների բերանով, և իր սրբերի հավաքման համար՝ կանգնելու Սիոն սարի վրա, որը պիտի լինի Նոր Երուսաղեմ քաղաքը:

3 Քաղաք, որը պիտի կառուցվի, սկսելով տաճարի հողակտորից, որը նշանակվել է Տիրոջ մատով, Միսսուրի նահանգի արևմտյան սահմաններում, և նվիրագործվել է Ջոզեֆ Սմիթ կրտսերի ձեռքով, և ուրիշների, ում Տերը հավանել էր:

4 Ճշմարիտ, սա է Տիրոջ խոսքը, որ Նոր Երուսաղեմ քաղաքը պիտի կառուցվի սրբերի հավաքվելով, սկսած այս տեղից, այսինքն՝ տաճարի տեղից, տաճար, որը պիտի կանգնեցվի այս սերնդի մեջ:

5 Քանզի ճշմարիտ, այս սերունդն ամբողջությամբ չի անցնի, մինչև որ մի տուն չկառուցվի Տիրոջ համար, և մի ամպ չհանգչի նրա վրա, ամպ, որը կլինի ճիշտ Տիրոջ փառքը, որը կլցնի այդ տունը:

6 Եվ Մովսեսի որդիները, համաձայն Սուրբ Քահանայության, որը նա ստացավ իր աներոջ՝ Հոթորի ձեռքով.

7 Եվ Հոթորն այն ստացավ Քաղեբի ձեռքով.

8 Եվ Քաղեբն այն ստացավ Եղիուսի ձեռքով.

9 Եվ Եղիուսը՝ Երեմիայի ձեռքով.

10 Եվ Երեմիան՝ Գադի ձեռքով.

11 Եվ Գադը՝ Եսայու ձեռքով.

12 Եվ Եսային այն ստացավ Աստծո ձեռքով:

13 Եսային նույնպես ապրում էր Աբրահամի օրերում և օրհնվել էր նրա կողմից,–

14 Աբրահամի, որը քահանայությունն ստացել էր Մելքիսեդեկից, որն այն ստացել էր իր հայրերի ազգատոհմի միջոցով, նույնիսկ մինչև Նոյը.

15 Եվ Նոյից մինչև Ենովքը, իրենց հայրերի ազգատոհմի միջոցով.

16 Եվ Ենովքից մինչև Աբելը, որը սպանվեց իր եղբոր դավադրությամբ, որն ստացավ քահանայությունն Աստծո պատվիրաններով, իր հոր՝ Ադամի ձեռքով, որն առաջին մարդն էր,–

17 Քահանայություն, որը շարունակվում է Աստծո եկեղեցում, բոլոր սերունդների մեջ, և չունի օրերի սկիզբ կամ տարիների վերջ:

18 Եվ Տերը քահանայությունը հաստատեց նաև Ահարոնի և նրա հետնորդների վրա, նրանց բոլոր սերունդների ընթացքում, քահանայություն, որը նաև շարունակվում և հավիտյան մնում է այն քահանայության հետ, որն ըստ Աստծո սրբագույն կարգի է:

19 Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:

20 Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:

21 Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում.

22 Քանզի առանց դրա, ոչ ոք չի կարող տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել:

23 Արդ, Մովսեսն անապատում պարզորոշ սովորեցրեց դա Իսրայելի զավակներին և ջանասիրաբար փնտրեց սրբագործել իր ժողովրդին, որ նրանք կարողանային տեսնել Աստծո երեսը.

24 Սակայն նրանք կարծրացրեցին իրենց սրտերը և չկարողացան դիմանալ նրա ներկայությանը. հետևաբար, Տերն իր ցասման մեջ երդվեց, քանզի նրա բարկությունը բռնկվել էր նրանց դեմ, որ նրանք իր հանգիստը չեն մտնի, քանի դեռ անապատում են, հանգիստ, որը լիությունն է նրա փառքի:

25 Հետևաբար, նա վերցրեց նրանց միջից Մովսեսին և նաև Սուրբ Քահանայությունը.

26 Իսկ փոքրագույն քահանայությունը շարունակվեց, քահանայություն, որը կրում է հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիները.

27 Ավետարան, որն ապաշխարության և մկրտության ավետարանն է, և մեղքերի թողության, և մարմնավոր պատվիրանների օրենքի, որը, Տերն իր ցասման մեջ կարգադրեց, որ շարունակվի Ահարոնի տան հետ, Իսրայելի զավակների մեջ, մինչև Հովհաննեսը, որին Աստված բարձրացրեց, որը դեռ իր մոր որովայնից լցված էր Սուրբ Հոգով:

28 Քանզի նա մկրտվել էր, դեռևս իր մանկության մեջ, և ութ օրականում, Աստծո հրեշտակի կողմից կարգվել էր այս զորությանը՝ տապալելու հրեաների թագավորությունը, և ուղիղ անելու Տիրոջ ճանապարհն իր ժողովրդի երեսի առաջ, որ նրանց նախապատրաստի Տիրոջ գալստի համար, ում ձեռքն է տրված ողջ զորությունը:

29 Եվ բացի այդ, երեցի և եպիսկոպոսի պաշտոններն անհրաժեշտ հավելումներ են, որոնք պատկանում են բարձրագույն քահանայությանը:

30 Եվ բացի այդ, ուսուցչի և սարկավագի պաշտոններն անհրաժեշտ հավելումներ են, որոնք պատկանում են փոքրագույն քահանայությանը, քահանայություն, որը հաստատվել էր Ահարոնի և նրա որդիների վրա:

31 Հետևաբար, ինչպես ես ասացի Մովսեսի որդիների վերաբերյալ,– քանզի Մովսեսի որդիները և նաև Ահարոնի որդիներն ընդունելի ընծա և զոհ պիտի մատուցեն Տիրոջ տանը, տուն, որը պիտի կառուցվի Տիրոջ համար, այս սերնդում, նվիրաբերված հողակտորի վրա, ինչպես նշանակել եմ ես,–

32 Եվ Մովսեսի ու Ահարոնի որդիները պիտի լցվեն Տիրոջ փառքով, Սիոն սարի վրա, Տիրոջ տանը, որոնց որդիներն եք դուք. և նաև շատերը, որոնց ես կանչել և առաջ եմ ուղարկել՝ կառուցելու իմ եկեղեցին:

33 Քանզի նրանք, ովքեր հավատարիմ են՝ այս երկու քահանայությունները ստանալու, որոնց մասին ես խոսեցի, և իրենց կոչումը մեծարելու, Հոգու կողմից սրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմնի:

34 Նրանք դառնում են Մովսեսի ու Ահարոնի որդիները, և Աբրահամի սերունդը, և եկեղեցին ու արքայությունը և ընտրյալներն Աստծո:

35 Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը.

36 Քանզի նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ.

37 Եվ նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը.

38 Եվ նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը. հետևաբար, այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան:

39 Եվ դա՝ երդման և ուխտի համաձայն, որը պատկանում է քահանայությանը:

40 Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ընդունում են քահանայությունը, ընդունում են այս երդումն ու ուխտն իմ Հորից, որը նա չի կարող դրժել, ոչ էլ այն կարող է խախտվել:

41 Բայց նա, ով դրժում է այս ուխտը, հետո, երբ ընդունում է այն, և ամբողջովին շրջվում է նրանից, չի ունենա մեղքերի ներում, ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում:

42 Եվ վա՜յ բոլոր նրանց, ովքեր չեն գալիս այս քահանայությանը, որն ընդունել եք դուք, որն այժմ ես հաստատում եմ ձեր վրա, որ ներկա եք այս օրը, իմ իսկ ձայնով, երկինքներից. և ձեզ համար ես նույնիսկ հրաման եմ տվել երկնային զորքերին ու իմ հրեշտակներին:

43 Եվ այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին:

44 Քանզի դուք պետք է ապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով:

45 Քանզի Տիրոջ խոսքը ճշմարտություն է, և այն ինչ ճշմարտություն է՝ լույս է, և այն ինչ լույս է՝ Հոգի է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հոգին:

46 Եվ Հոգին լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս. և Հոգին լուսավորում է ամեն մարդու, աշխարհով մեկ, որ ականջ է դնում Հոգու ձայնին:

47 Եվ ամեն ոք, ով ականջ է դնում Հոգու ձայնին, գալիս է Աստծո մոտ, այսինքն՝ Հոր:

48 Եվ Հայրը նրան ուսուցանում է ուխտի մասին, որը նա նորացրել և հաստատել է ձեր վրա, որը հաստատվել է ձեր վրա՝ ի սեր ձեզ, և ոչ միայն ի սեր ձեզ, այլ ի սեր ողջ աշխարհի:

49 Եվ ողջ աշխարհն ընկած է մեղքի մեջ, և հառաչում է խավարի տակ, և մեղքի գերության տակ:

50 Եվ քանի որ նրանք չեն գալիս ինձ մոտ, դրանով կարող եք իմանալ, որ նրանք մեղքի գերության տակ են:

51 Քանզի նա, ով չի գալիս ինձ մոտ, մեղքի գերության տակ է:

52 Եվ նա, ով չի ընդունում իմ ձայնը, ծանոթ չէ իմ ձայնին և իմը չէ:

53 Եվ դրանով դուք կարող եք տարբերել արդարին ամբարիշտից, և որ ողջ աշխարհը հառաչում է մեղքի և խավարի տակ, նույնիսկ այժմ:

54 Եվ ձեր միտքն անցյալում մթագնել է՝ անհավատության պատճառով, և որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք,–

55 Ունայնություն և անհավատություն, որոնք դատապարտության տակ են դրել ողջ եկեղեցին:

56 Եվ այդ դատապարտությունն ընկած է Սիոնի զավակների, նույնիսկ բոլորի վրա:

57 Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց, որ ոչ միայն խոսեն, այլ գործեն՝ համաձայն նրա, ինչ ես գրել եմ,–

58 Որ նրանք կարողանան իրենց Հոր արքայությանը վայել պտուղներ առաջ բերել. այլապես, մնում է խարազան և դատաստան թափվի Սիոնի զավակների վրա:

59 Քանզի մի՞թե արքայության զավակները պիտի պղծեն իմ սուրբ հողը: Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ո՛չ:

60 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այժմ լսում եք իմ խոսքերը, որոնք իմ ձայնն են. Օրհնված եք դուք, որքան որ դուք ընդունում եք այդ բաները.

61 Քանզի ես կներեմ ձեզ ձեր մեղքերը՝ այս պատվիրանով հանդերձ,– որ դուք հաստատուն մնաք՝ ձեր մտքով, հանդիսավորությամբ և աղոթքի ոգով, վկայություն բերելով ողջ աշխարհին, այն բաների մասին, որոնք հաղորդվել են ձեզ:

62 Հետևաբար, գնացեք ողջ աշխարհը. իսկ այն տեղերը, որտեղ դուք չեք կարող գնալ, դուք պիտի ուղարկեք ձեր վկայությունը, որպեսզի այն ձեզանից անցնի ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի:

63 Եվ ինչպես ես ասացի իմ առաքյալներին, ճիշտ այդպես ես ասում եմ ձեզ, քանզի դուք իմ առաքյալներն եք, այսինքն՝ Աստծո քահանայապետերը. դուք նրանք եք, ում իմ Հայրը տվել է ինձ. դուք իմ բարեկամներն եք.

64 Հետևաբար, ինչպես ես ասացի իմ առաքյալներին, ես կրկին ասում եմ ձեզ, որ ամեն հոգի, ով հավատում է ձեր խոսքերին և մկրտվում է ջրով՝ մեղքերի թողության համար, պիտի ստանա Սուրբ Հոգին:

65 Եվ այս նշանները կհետևեն նրանց, ովքեր հավատում են,–

66 Իմ անունով նրանք կանեն շատ զարմանալի գործեր.

67 Իմ անունով նրանք դուրս կգցեն դևերի.

68 Իմ անունով նրանք կբժշկեն հիվանդների.

69 Իմ անունով նրանք կբացեն կույրերի աչքերը, և կարձակեն խուլերի ականջները.

70 Եվ համրերի լեզուն կխոսի.

71 Եվ եթե որևէ մարդ նրանց թույն սպասավորի, այն նրանց չի վնասի.

72 Եվ օձի թույնը նրանց վնասելու զորություն չի ունենա:

73 Բայց ես պատվիրան եմ տալիս նրանց, որ նրանք չպիտի պարծենան այդ բաներով, ոչ էլ դրանք պատմեն աշխարհի առաջ. քանզի այդ բաները տրված են ձեզ՝ ձեր օգտի և փրկության համար:

74 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Նրանք, ովքեր չեն հավատում ձեր խոսքերին, և ջրով չեն մկրտվում՝ իմ անունով, իրենց մեղքերի թողության համար, որ կարողանան ստանալ Սուրբ Հոգին, պիտի նզովվեն, և չպիտի գան իմ Հոր արքայությունը, որտեղ իմ Հայրն է և ես եմ:

75 Եվ ձեզ տրված այս հայտնությունը, և պատվիրանը, հենց այս ժամից ուժի մեջ է ողջ աշխարհի համար, և ավետարանը գնում է բոլորին, ովքեր չեն ստացել այն:

76 Սակայն, ճշմարիտ, ես ասում եմ բոլոր նրանց, ում տրված է արքայությունը,– Ձեր կողմից նրանց պիտի քարոզվի այն, որ նրանք պետք է ապաշխարեն իրենց նախկին չարագործություններից. քանզի նրանք պիտի հանդիմանվեն իրենց անհավատ չար սրտերի համար, և նաև Սիոնի ձեր եղբայրները՝ ձեր դեմ իրենց ապստամբության համար, այն ժամանակ, երբ ես ուղարկել էի ձեզ:

77 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր, քանզի այսուհետև ես ձեզ կոչելու եմ բարեկամներ. Նպատակահարմար է, որ ես տամ ձեզ այս պատվիրանը, որ դուք դառնաք ճիշտ ինչպես իմ բարեկամներն այն օրերին, երբ ես նրանց հետ էի, և ճամփորդում էի՝ ավետարանն իմ զորությամբ քարոզելու.

78 Քանզի ես թույլ չտվեցի, որ նրանք ունենան քսակ կամ պարկ, ոչ էլ երկու վերարկու:

79 Ահա, ես ձեզ ուղարկում եմ աշխարհը փորձելու, և մշակն արժանի է իր վարձքին:

80 Եվ որևէ մարդ, որ կգնա և կքարոզի արքայության այս ավետարանը, և չի դադարի հավատարիմ մնալ բոլոր բաներում, չպիտի հոգնի մտքով, կամ մթագնի, ոչ էլ մարմնով, վերջույթով կամ հոդով. և նրա գլխից ոչ մի մազ աննկատ չի ընկնի գետնին: Եվ նրանք չեն քաղցի, ոչ էլ կմնան պապակ:

81 Հետևաբար, հոգ մի արեք վաղվա մասին, այն մասին, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, կամ ինչ պիտի հագնեք:

82 Մտիկ արեք դաշտի շուշաններին, թե ինչպես են նրանք աճում, ոչ բանում են, ոչ մանում. և աշխարհի թագավորությունները, իրենց ողջ փառքով, զուգված չեն դրանցից ոչ մեկի պես:

83 Քանզի ձեր հայրը, որ երկնքում է, գիտի որ դուք բոլոր այդ բաների կարիքն ունեք:

84 Հետևաբար, թող վաղվա օրն իր հոգսերը հոգա:

85 Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե ինչ եք ասելու. բայց շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ կտրվի ամեն մարդու համար չափված բաժինը:

86 Հետևաբար, թող ձեզանից ոչ մեկը, ով առաջ է գնում՝ հռչակելու արքայության այս ավետարանը, քանզի այս պատվիրանը բոլոր հավատարիմների համար է, ովքեր Աստծո կողմից կանչված են եկեղեցում այս ծառայությանը, այս ժամից սկսած չվերցնի քսակ կամ պարկ:

87 Ահա, ես ուղարկում եմ ձեզ՝ աշխարհին հանդիմանելու բոլոր իր անիրավ գործերի համար, և ուսուցանելու նրանց այն դատաստանի մասին, որը գալու է:

88 Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ:

89 Ով որ ընդունում է ձեզ՝ ընդունում է ինձ. և նույնը կկերակրի ձեզ և կհագցնի ձեզ և դրամ կտա ձեզ:

90 Եվ նա, ով կերակրում է ձեզ, կամ հագցնում է ձեզ, կամ դրամ է տալիս ձեզ, ոչ մի դեպքում չի կորցնի իր վարձքը:

91 Եվ նա, ով չի անում այս բաները, իմ աշակերտը չէ. դրանով կարող եք իմանալ իմ աշակերտներին:

92 Նա, ով ձեզ չի ընդունում, հեռացեք նրանից, մենակ ինքներդ, և մաքրեք ձեր ոտքերը, այսինքն՝ ջրով, մաքուր ջրով, լինի շոգին, թե ցրտին, և այդ մասին վկայություն բերեք Հորը, որ երկնքում է, և այլևս մի վերադարձեք այդ մարդու մոտ:

93 Եվ ինչ գյուղ կամ քաղաք էլ որ մտնեք, նույն կերպ վարվեք:

94 Այնուամենայնիվ, փնտրեք ջանասիրաբար և մի խնայեք. և վա՜յ այն տանը, կամ այն գյուղին կամ քաղաքին, որ մերժում է ձեզ, կամ ձեր խոսքերը, կամ ձեր վկայությունն իմ մասին:

95 Վա՜յ, ասում եմ կրկին, այն տանը, կամ այն գյուղին կամ քաղաքին, որը մերժում է ձեզ, կամ ձեր խոսքերը, կամ ձեր վկայությունն իմ մասին.

96 Քանզի ես՝ Ամենազորս, դրել եմ իմ ձեռքն ազգերի վրա՝ խարազանելու նրանց՝ իրենց ամբարշտության համար:

97 Եվ պատուհասներ կտարածվեն, և դրանք չեն վերցվի երկրի վրայից, մինչև ես չավարտեմ իմ աշխատանքը, որը պիտի կարճեցվի արդարությամբ,–

98 Մինչև որ բոլորը կճանաչեն ինձ, ովքեր կմնան, նույնիսկ ամենափոքրից մինչև ամենամեծը, և կլցվեն Տիրոջ գիտությամբ, և կտեսնեն դեմ հանդիման, և կբարձրացնեն իրենց ձայնը, և միաձայն կերգեն այս նոր երգը՝ ասելով.

99 Սիոնը կրկին բերել է Տերը.Իր ժողովրդին՝ Իսրայելին, փրկագնել է Տերը,Համաձայն շնորհի ընտրության,Որն իրագործվել էր իրենց հայրերիհավատքով և ուխտով:

100 Տերը փրկագնել է իր ժողովրդին.Եվ Սատանան կապված է, և այլևս ժամանակ չկա:Տերն ի մի է հավաքել բոլոր բաները:Տերը վերևից վար է բերել Սիոնը:Տերը ներքևից վեր է տարել Սիոնը:

101 Երկիրը երկնել և առաջ է բերել իր ուժը.Եվ ճշմարտություն է նրա որովայնում հաստատվել.Եվ երկինքները ժպտացել են նրան.Եվ հագել է իր Աստծո փառքը նա.Քանզի կանգնած է իր ժողովրդի մեջ նա:

102 Փառք, և պատիվ, և զորություն, և հզորությունԹող լինի մեր Աստծուն. քանզի նա լի է ողորմությամբ,Արդարադատությամբ, շնորհով և ճշմարտությամբ, և խաղաղությամբ,Հավիտյանս հավիտենից. Ամեն:

103 Եվ բացի այդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. նպատակահարմար է, որ ամեն մարդ, ով առաջ է գնում՝ հռչակելու իմ հավիտենական ավետարանը, որքան որ նրանք ընտանիքներ ունեն, և դրամ են ստանում, որպես պարգև, որ նրանք դա ուղարկեն նրանց, կամ օգտագործեն նրանց օգտի համար, ինչպես որ Տերն ուղղություն կտա նրանց, քանզի այդպես ինձ բարի է թվում:

104 Եվ թող բոլոր նրանք, ովքեր չունեն ընտանիքներ, ովքեր դրամ են ստանում, ուղարկեն այն Սիոնի եպիսկոպոսին կամ Օհայոյի եպիսկոպոսին, որպեսզի այն նվիրաբերվի՝ հայտնություններն առաջ բերելու ու դրանք տպագրելու համար և Սիոնը հաստատելու համար:

105 Եվ եթե ինչ-որ մեկը ձեզանից որևէ մեկին վերարկու տա, կամ բաճկոն, հինը տար ու գցիր աղքատի վրա, և ուրախ շարունակիր ճանապարհդ:

106 Եվ եթե ձեզանից ինչ-որ մեկն ամուր է Հոգով, թող նա վերցնի մեկին, որ տկար է, որպեսզի շենացնի նրան ողջ հեզությամբ, որ նա նույնպես կարողանա ամրանալ:

107 Հետևաբար, վերցրեք ձեզ հետ նրանց, ովքեր կարգված են փոքրագույն քահանայությանը, և ուղարկեք նրանց ձեզանից առաջ, որ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և ճանապարհ պատրաստեն, և ներկա գտնվեն այդ պայմանավորվածություններին, որոնց ինքներդ չեք կարող ներկա գտնվել:

108 Ահա, այս ձևով է, որ իմ առաքյալները, հին օրերում, կառուցեցին իմ եկեղեցին ինձ համար:

109 Հետևաբար, թող ամեն մարդ կանգնի իր պաշտոնում և ծառայի իր իսկ կոչման մեջ. և թող գլուխը չասի ոտքերին, թե ոտքերի կարիքը չունի. քանզի առանց ոտքերի ի՞նչպես կկարողանա մարմինը կանգնել:

110 Նմանապես, մարմինն ունի ամեն անդամի կարիքը, որպեսզի բոլորը կարողանան միասին շենանալ, որպեսզի համակարգը կատարյալ պահվի:

111 Եվ ահա, քահանայապետերը պետք է ճամփորդեն, և նաև երեցները, և նաև քահանաները. բայց սարկավագներն ու ուսուցիչները պետք է նշանակվեն՝ հսկելու եկեղեցու վրա, տեղի սպասավորներ լինելու եկեղեցու համար:

112 Եվ եպիսկոպոսը՝ Նյուել Ք. Ուիթնին, նույնպես պետք է ճամփորդի շրջակայքում և բոլոր եկեղեցիների մեջ, փնտրելով աղքատների, որ բավարարի նրանց պահանջները՝ խոնարհեցնելով հարուստներին և հպարտներին:

113 Նա պետք է նաև մի գործակալ վարձի, որը պատասխանատվություն կվերցնի և կկատարի իր աշխարհիկ գործերը, ինչպես որ ինքն ուղղություն կտա:

114 Այնուամենայնիվ, թող եպիսկոպոսը գնա Նյու Յորք քաղաքը, նաև Ալբանի քաղաքը, և նաև Բոստոն քաղաքը, և զգուշացնի այդ քաղաքների մարդկանց, ավետարանը հնչեցնելով, բարձր ձայնով, այն ավերածության և լիակատար ոչնչացման մասին, որը սպասվում է նրանց, եթե նրանք մերժեն այս բաները:

115 Քանզի եթե նրանք մերժեն այս բաները, նրանց դատաստանի ժամը մոտ է, և նրանց տունն ավերված կթողնվի իրենց:

116 Թող նա ապավինի ինձ և ոչ ոք նրան չի կարկամեցնի. և նրա գլխից ոչ մի մազ գետնին չի ընկնի աննկատ:

117 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ մնացա՛ծ ծառաներ. Առաջ գնացեք, ինչպես ձեր պայմանները թույլ կտան, ձեր առանձին կոչումներով, դեպի մեծ և նշանակալից քաղաքներն ու գյուղերը, արդարությամբ հանդիմանելով աշխարհին իր բոլոր անիրավ և անաստված գործերի համար, պարզորոշ և հասկանալի բացատրելով սոսկալի ավերումը վերջին օրերին:

118 Քանզի, ձեզ հետ, ասում է Ամենազոր Տերը, ես ջարդուփշուր կանեմ նրանց թագավորությունները. ես կցնցեմ ոչ միայն երկիրը, այլ կդողա նաև աստղալից երկինքը:

119 Քանզի ես՝ Տերս, մեկնել եմ ձեռքս, որ գործի դնեմ երկնքի զորությունները. ներկայումս դուք չեք կարող տեսնել այն, բայց մի փոքր ևս, և դուք կտեսնեք ինձ, և կիմանաք, որ ես եմ, և որ ես կգամ ու կթագավորեմ իմ ժողովրդի հետ:

120 Ես եմ Ալֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը: Ամեն: