Գրադարան
Դաս 59. Ղուկաս 24


Դաս 59

Ղուկաս 24

Նախաբան

Հիսուսի մահվան երրորդ օրը հրեշտակները գերեզմանի մոտ հայտարարեցին Նրա Հարությունը մի խումբ կանանց: Լսելով կանանց հաղորդածը, աշակերտներից մի քանիսը կասկածի տակ առան Փրկիչի Հարության հավանականությունը: Երկու աշակերտներ ճամփորդեցին դեպի Էմմաուս և, առանց ճանաչելու հարություն առած Տիրոջը, ճանապարհին խոսեցին Նրա հետ: Ավելի ուշ Հիսուսը հայտնվեց Իր Առաքյալներին և ուրիշներին, նրանց ցույց տվեց Իր հարություն առած մարմինը և լիազորեց նրանց քարոզել ապաշխարություն և լինել Իր վկան:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 24.1-12

Հրեշտակները կանանց խմբին հայտնում են, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել

Ցուցադրեք «Հիսուսը պառկած է գերեզմանում» տեսանյութը Հիսուս Քրիստոս Աստվածաշնչյան տեսաֆիլմեր շարքից` դադար տալով, նախքան հրեշտակները կխոսեն կանանց հետ (ժամանակային կոդը 0:00–2:27): Այս տեսանյութը առկա է LDS.org կայքում։

Եթե հնարավորություն չունեք ցուցադրել տեսաֆիլմը, հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք գերեզմանի մոտ էին, երբ Հիսուսին դրեցին այնտեղ և տեսան, թե ինչպես, քարը գլորելով, դրեցին դռնամուտքի դիմաց: Խնդրեք նրանց պատկերացնել, թե ինչ խոհեր ու զգացմունքներ կունենային այնտեղ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 24.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե կանայք ի՞նչ պարզեցին, երբ երեք օր անց վերադարձան գերեզմանի մոտ։

Տեսանյութի ցուցադրումից կամ հատվածներ 1-4-ը ընթերցումից հետո հարցրեք.

  • Կանայք ի՞նչ գտան գերեզմանի մոտ:

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր արձագանքը, եթե տեսած լինեիք հրեշտակներին` կանգնած բաց գերեզմանի մոտ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՂուկասի 24.5-8 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե հրեշտակներն ի՞նչ ասացին կանանց: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Ամփոփեք Ղուկասի 24․9-10 հատվածները` բացատրելով, որ կանայք հեռացան գերեզմանից և պատմեցին, թե ինչ էին տեսել ու լսել։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 24․11 և խնդրեք ուսանողներին` ուշադրություն դարձնել կանանց խոսքերին տրված Առաքյալների արձագանքին : Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Բացատրեք, որ կանանց բերած լուրը լսելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին դեպի գերեզմանը և պարզեցին, որ Հիսուսի մարմինն անհետացել էր (տես Ղուկասի 24.12, Հովհաննեսի 20.1–4):

Ղուկաս 24.13-32

Հարություն առած Տերը խոսում է երկու աշակերտների հետ Էմմաուս գնացող ճանապարհին

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ, ինչպես աշակերտներն այս պատմության մեջ, դժվարացել են հավատալ ավետարանի գաղափարին։

Բացատրեք, որ Ղուկասի 24.13 հատվածից մենք սովորում ենք, որ երկու աշակերտները հեռացան Երուսաղեմից «միևնույն օրը»` ճամփորդելով մոտ 6–7.5 մղոն (10–12 կիլոմետր)` «դեպի Էմմաուս գյուղը»: Էմմաուս տանող ճանապարհին նրանց փորձառության ուսումնասիրությունն օգնում է մեզ սովորել, թե ինչպես ամրացնել մեր վկայությունները Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ղուկասի 24․14-17 հատվածները և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ով միացավ երկու աշակերտներին, երբ նրանք քայլում էին։

  • Ո՞վ միացավ աշակերտներին, երբ նրանք ճամփորդում էին:

  • Ինչո՞ւ աշակերտները չճանաչեցին Հիսուսին: (Բացատրեք, որ բռնված բառը [16-րդ հատվածում] նշանակում է սահմանափակված կամ ծածկված։)

Ցուցադրեք «Քրիստոսը հայտնվում է Էմմաուսի ճանապարհին» (3:32) տեսանյութը՝ Հիսուս Քրիստոսի կյանքը Աստվածաշնչյան տեսաշարից, որն առկա է LDS.org կայքում: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե աշակերտներն ինչ սովորեցին Հիսուսից, երբ նրանք քայլում էին Նրա հետ` առանց ճանաչելու, թե ով է Նա: Նախքան տեսանյութի ցուցադրումը բացատրեք, որ տեսանյութում ներկայացված երկխոսությունը Ղուկասի 24.17-33 հատվածներից է, որպեսզի ուսանողները կարողանան հետևել սուրբ գրություններում, եթե կկամենան: (Եթե չեք կարող ցուցադրել տեսանյութը, հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ այդ հատվածները:)

Նշեք, որ այս տեսանյութում մենք չենք լսում, թե Հիսուսն ինչ ուսուցանեց աշակերտներին, երբ նրանք քայլում էին: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 24.27 հատվածը բարձրաձայն, ապա խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչ ուսուցանեց աշակերտներին:

  • Հիսուսն ի՞նչ ուսուցանեց Իր աշակերտներին: Նա ի՞նչ գործիք օգտագործեց Իր մասին ուսուցանելու համար։

  • Համաձայն Ղուկասի 24.32 հատվածի, սուրբ գրություններում տրված Փրկիչի ուսմունքները ինչպիսի՞ ներգործություն ունեցան երկու աշակերտների վրա:

  • Ի՞նչ է նշանակում, որ աշակերտների «սրտերը բորբոքվում էին նրանցում»: (Սուրբ Հոգին վկայեց, որ սուրբ գրություններում Հիսուսի մասին ուսմունքները ճշմարիտ էին:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե աշակերտներն ի՞նչ սովորեցին Հիսուսի այն քայլից, որ Նա ուսուցանեց իրենց` օգտագործելով սուրբ գրությունները, ոչ թե պարզապես բացահայտեց, թե ով էր Ինքը: Մի քանի ուսանողների կարող եք խնդրել կիսվել իրենց փորձառություններով:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից սուրբ գրություններն ինքնուրույն ուսումնասիրելու վերաբերյալ։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ անավարտ սկզբունքը. Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն ուսուցանել մեզ Հիսուս Քրիստոսի մասին:)

  • Բացի «սրտերը մեզանում բորբոքելուց», ուրիշ էլ ինչպե՞ս կբնութագրեիք, թե մենք ինչ կզգայինք, երբ Սուրբ Հոգին վկայեր Հիսուս Քրիստոսի մասին:

Խնդրեք ուսանողներին գտնել սուրբ գրության մի հատված, որն օգնել է նրանց զգալ, որ Սուրբ Հոգին ուսուցանում է իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք նրանց կիսվել իրենց սուրբ գրություններով և ներգործությամբ, որն իրենք զգացել են: Կարող եք նաև կիսվել սուրբ գրության այն հատվածով, որը ձեզ օգնել է։

Հիշեցրեք ուսանողներին, որ չնայած կարևոր է կարդալ Նոր Կտակարանը սեմինարիայի ստուգարքի համար, ավելի կարևոր է ուսումնասիրել սուրբ գրություններն այն եղանակով, որ Սուրբ Հոգին կարողանա ամրացնել նրանց վկայությունը Փրկիչի մասին:

Ուսանողներին բաժանեք էջանշանների օրինակներ, որոնք պարունակում են Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը (կամ հրավիրեք ուսանողներին գրել հայտարարությունը դատարկ էջանշանին).

Նկար
թերթիկ, էջանշան

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցման ձեռնարկ. Դաս 59

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է հավատքով լցնել մեր հոգիներն առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ …

… Հավատքը գալիս է, երբ Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, Հոգուց հոգի, երբ մենք լսում կամ կարդում ենք Աստծո խոսքը: Եվ հավատքը հասունանում է, երբ մենք շարունակում ենք ճաշակել խոսքը: …

… Ուսումնասիրեք սուրբ գրությունները ուշադիր, զգուշությամբ: Խորհեք և աղոթեք հավատքով: Սուրբ գրությունները հայտնություններ են, և դրանք կբերեն հավելյալ հայտնություններ» ( Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրություների օրհնություննրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34, 35)։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով այն եղանակներին, որոնցով նրանք կարող են լավացնել սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը:

Հրավիրեք ուսանողներին սահմանել նպատակ` ուսումնասիրելու սուրբ գրությունները այնպիսի եղանակներով, որը հրավիրում է Սուրբ Հոգուն` մեծացնելու նրանց հավատքը առ Հիսուս Քրիստոսը և գիտելիքը նրա մասին: Կարող եք առաջարկել նրանց գրել իրենց նպատակը էջանշանի ետևի մասում, որպեսզի նրանք կարողանան օգտագործել այն որպես հիշեցում` սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում:

Ղուկաս 24.33-53

Հիսուսը հայտնվում է Իր աշակերտներին և ցույց տալիս նրանց Իր հարություն առած մարմինը

Հրավիրեք երկու ուսանողների իրենց սուրբ գրություններով կանգնել դասարանի առաջ, որպեսզի օգնեն դասարանին դերախաղով ներկայացնել մի տեսարան, որտեղ միսիոներները մոտենում են ինչ-որ մեկի դռանը: Հրահանգեք նրանց թակել դուռը: Ձևացրեք, թե բացում եք դուռը և ողջունեք նրանց: Թող նրանք ներկայանան: Դրանից հետո ասեք նմանատիպ մի բան.

«Ես հարց ունեմ: Ես գիտեմ, որ շատ մարդիկ չեն հավատում մահից հետո եկող կյանքին: Նրանցից մի քանիսն ասում են, որ իրենք հավատում են Հիսուս Քրիստոսին, բայց չեն հավատում, որ Նա հարություն Է առել ֆիզիկական մարմնով: Նրանք ասում են, որ Նա շարունակեց ապրել միայն որպես հոգի: Հիսուս Քրիստոսի հարության մեջ դուք ինչի՞ն եք հավատում:

Ուսանողներին ժամանակ տվեք պատասխանելու այդ հարցին։

Նշեք, որ Ղուկասի 24.36-39 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներից են և կարող են ուսուցանել ձեզ Հիսուս Քրիստոսի ճշգրիտ Հարության մասին: Այս հատվածի համար ենթատեքստ ապահովեք` բացատրելով, որ աշակերտները, ովքեր Հիսուսի հետ էին Էմմաուս տանող ճանապարհի վրա, անմիջապես վերադարձան Երուսաղեմ և իրենց փորձառության մասին պատմեցին Առաքյալներին և մյուս աշակերտներին (տես Ղուկաս 24.33–35): Մինչ նրանք խոսում էին, Փրկիչը հայտնվեց (տես հատված 36):

Հրավիրեք երկու ուսանողներից մեկին, ով օգնեց դերախաղի կատարման մեջ, բարձրաձայն կարդալ Ղուկասի 24.36-39 հատվածները: Ուսանողներին խնդրեք հետևել` փնտրելով վկայություն, որ Հիսուսը բառացիորեն հարություն առավ և ունի մսից ու ոսկորից մարմին :

Նկար
Հիսուսը ցույց է տալիս Իր վերքերը
  • Հիսուսն Իր աշակերտներին ի՞նչ հրավիրեց անել, որպեսզի օգներ նրանց հասկանալ, որ Ինքը պարզապես հոգի չէր, այլ ֆիզիկական մարմին: (Ցուցադրեք «Հիսուսը ցույց է տալիս Իր վերքերը» նկարը [Ավետարանի նկարների գիրք [2009], համար 60, տես նաև LDS.org]:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կզգայիք, եթե ներկա լինեիք, երբ Քրիստոսը հայտնվեց Իր աշակերտներին:

Շնորհակալություն հայտնեք ուսանողներին, ովքեր օգնեցին դերախաղում և հրավիրեք նրանց նստել: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 24․40-43 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն էլ ի՞նչ արեց, որպեսզի ցույց տա, որ Ինքն ունի շոշափելի (կամ ֆիզիկական) հարություն առած մարմին։

  • Փրկիչն էլ ի՞նչ արեց, որպեսզի ցույց տա, որ Ինքն ունի հարություն առած մարմին։

  • Ի՞նչ վարդապետություններ կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր վարդապետություններ, բայց համոզված եղեք, որ ընդգծել են հետևյալը․ Հիսուս Քրիստոսն ունի հարություն առած մարմին` ոսկորից ու մսից կազմված։ Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս վարդապետությունը և հավատալ դրան:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ միտքը.

«Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն` փրկված ֆիզիկական մահից (տես 1 Կորնթացիս 15.22)։ Հարությունը հոգու և մարմնի միավորումն է կատարյալ, անմահ վիճակում, որն այլևս ենթակա չէ հիվանդության կամ մահվան (տես Ալմա 11.42–45): …

Հարության հասկացությունն ու վկայությունը կարող են ձեզ տալ հույս և հեռանկար, երբ դուք բախվում եք կյանքի դժվարություններին, փորձություններին ու հաղթանակներին: Դուք կարող եք սփոփանք գտնել այն հավաստիացմամբ, որ Փրկիչն ապրում է, և Իր Քավության միջոցով «նա ջարդում է մահվան կապանքները, որպեսզի գերեզմանը հաղթանակ չունենա, և որպեսզի մահվան խայթը կուլ գնա փառքի հույսերին» (Ալմա 22․14)» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 139, 140):

  • Որո՞նք են փորձությունների այն մի քանի օրինակները, երբ մեր սեփական հարության հույսը կարող էր օգնել մեզ տոկալ:

Խնդրեք մի քանի ուսանողների վկայել Փրկիչի Հարության մասին և բացատրել, թե Հարության վարդապետությունն ինչո՞ւ է կարևոր նրանց համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 24․44-53 հատվածները։ Դասարանին խնդրեք ականջ դնել Փրկիչի խոսքերին այն պատկերացմամբ, որ նրանք եղել են աշակերտների այն խմբի մեջ, ովքեր Նրա հետ էին և մտածել, թե որ ուսմունքները կարող էին ամենից կարևորը լինել նրանց համար: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել այս հատվածներում եղած ուսմունքների վերաբերյալ իրենց խոհերով:

Եզրափակեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ։

Նկար
սուրբ գրությունների սերտման պատկերակ
Սուրբ գրությունների սերտում. Ղուկասի 24․36-39 հատվածներ

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել Վարդապետություն և Ուխտեր 24.36-39 հատվածները, դասարանը բաժանեք չորս խմբի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք տարբեր հատվածներ և հրահանգեք յուրաքանչյուր խմբի ուսանողներին աշխատել միասին, որպեսզի մտապահեն իրենց հանձնարարված հատվածը: Մի քանի րոպե անց յուրաքնչյուր խմբին խնդրեք անգիր ասել իրենց հանձնարարված հատվածը` ըստ դրանց հերթականության: Խնդրեք ուսանողներին կրկին անգիր ասել իրենց հատվածները հաջորդ մի քանի դասերի ընթացքում, մինչև բոլորը ծանոթանան ողջ հատվածի հետ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 24.11 «Չէին հավատում նորանց»

Ղուկասը նշում է, որ տասներկու Առաքյալների համար դժվար էր հավատալ կանանց, ովքեր վկայում էին, որ Հիսուսը հարություն էր առել գերեզմանից: Չնայած այլ անհատներ ևս ժամանակավորապես վերակենդանացվել էին մահից հետո, բայց ի վերջո մահացել էին որպես մահկանացուներ, Հիսուս Քրիստոսը առաջին անձն էր, որ հարություն առավ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մեկնաբանել է.

«Սա նախկինում տեղի չէր ունեցել: Եղել էր միայն մահ` առանց հույսի: Այժմ կար հավերժական կյանք: Միայն Աստված կարող էր դա անել: Հիսուս Քրիստոսի Քավությունը Նրա կյանքի և առաքելության մեծագույն կարևորության իրադարձությունն է: Այն Քավության գագաթնակետն էր։ Ողջ մարդկության համար կատարած Նրա կյանքի զոհաբերությունը ամբողջական չէր լինի, եթե Նա դուրս չգար գերեզմանից` Հարության անտարակուսելի փաստով բոլոր նրանց համար, ովքեր ապրել են երկրի վրա:

Մարդկության ժամանակագրության մեջ եղած բոլոր հաղթանակներից ոչ մեկն այնքան մեծ չէ, ոչ մեկն այնքան համընդհանուր չէ իր արդյունքներով, ոչ մեկն այնքան հավերժական չէ իր հետևանքներով, որքան խաչված Տիրոջ հաղթանակը, ով դուրս եկավ գերեզմանից Զատիկի այդ առաջին առավոտը:

Նրանք, ովքեր այդ իրադարձության վկաներն էին, բոլորը, ովքեր տեսան և խոսեցին Հարություն առած Տիրոջ հետ, վկայեցին բոլոր հրաշքներից այս մեծագույնի իսկության մասին: Նրա հետևորդները դարերով ապրել ու մահացել են` հռչակելով այս աստվածային գործի ճշմարտությունը:

Այս ամենին մենք ավելացնում ենք մեր վկայությունը, որ Նա, ով մահացավ Գողգոթայի խաչի վրա, կրկին բարձրացավ փառահեղ պայծառությամբ`որպես Աստծո Որդի, կյանքի ու մահվան տիրակալ: («Հատուկ վկայություն Քրիստոսի մասին», Ensign, Apr. 2001, 15, կամ Լիահոնա, ապրիլ 2001, 16–17):

Ղուկաս 24.36-43 «Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»

Երեց Թեդ Ռ. Քալիսթերը, ով ծառայել է Յոթանասունի Նախագահությունում, ասել է հետևյալը այն կեղծ գաղափարի մասին, թե Փրկիչի Հարությունը ժամանակավոր էր.

«Փրկիչը Իր Հարությանը հաջորդիվ հայտնվեց Իր աշակերտներին և ասաց. «Շոշափեք ինձ և տեսեք, որովհետև ոգին միս և ոսկերք չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունիմ» (Ղուկաս 24․39): Ոմանք ենթադրում էին, որ սա ժամանակավոր ֆիզիկական դրսևորում էր, և որ երբ Նա համբարձվեց երկինք, Նա ազատվեց Իր մարմնից և վերադարձավ Իր հոգևոր վիճակին: Բայց սուրբ գրությունները մեզ ասում են, որ սա հնարավոր չէր: Պողոսը ուսուցանել է. «Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լինելով, այլևս չէ մեռնում, և մահը նորա վերայ այլևս չէ տիրում» (Հռովմայեցիս 6.9): Այլ կերպ ասած, քանի որ Քրիստոսը հարություն առավ, Նրա մարմինը այլևս երբեք չէր կարող նորից բաժանվել Նրա հոգուց, այլապես Նա կտառաապեր մահից. հենց այն հետևանքը, որ ըստ Պողոսի, այլևս հնարավոր չէր Նրա Հարությունից հետո» («Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման Մարգարե», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 35):