Գրադարան
Դաս 48. Ղուկաս 7.18-50


Դաս 48

Ղուկաս 7.18-50

Նախաբան

Հիսուսը գովաբանեց Հովհաննես Մկրտիչին և վկայեց, որ Հովհաննեսը պատրաստել էր ճանապարհը Իր ծառայության համար: Մինչ Հիսուսը ճաշում էր Սիմոն Փարիսեցու տանը, մի ապաշխարող կին ցույց տվեց իր հավատն ու սերը Փրկիչի նկատմամբ:

Ուսուցման առաջարկներ

Ղուկաս 7.18-35

Հիսուսը գովաբանում է Հովհաննես Մկրտիչին և վկայում Հովհաննեսի առաքելության մասին

Ուսանողներին բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգին տվեք մի կտոր թուղթ: Խնդրեք ուսանողներին հիշողությամբ գրի առնել որքան հնարավոր է շատ փաստեր Հովհաննես Մկրտիչի մասին մեկ րոպեում: Մեկ րոպե հետո ուսանողներին խնդրեք հաշվել փաստերի թիվը իրենց թղթերի վրա։

  • Հովհաննես Մկրտիչի մասին քանի՞ փաստ կարողացաք թվարկել մեկ րոպեում:

Հրավիրեք ուսանողներին դասարանին ներկայացնել իրենց թվարկած մի քանի փաստեր:

Եթե հնարավոր է, ցույց տվեք մի եղեգ և փափուկ գործվածքի մի կտոր: Բացատրեք, որ Հիսուսն օգտագործեց այս առարկաները, որպեսզի մարդկանց ուսուցաներ Հովհաննես Մկրտիչի բնավորության մասին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 7.24-26 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հիսուսն ի՞նչ ուսուցանեց Հովհաննես Մկրտիչի մասին, մինչ վկայակոչում էր եղեգը և փափուկ գործվածքը:

  • Հովհաննես Մկրտիչն ինչո՞վ էր տարբերվում եղեգից կամ բարակ խոտից: (Ի տարբերություն եղեգի, որը շարժվում է, երբ փչում է քամին, Հովհաննես Մկրտիչը հաստատուն էր և անսասան իր վկայության ու իր առաքելության կատարման մեջ:)

Նկար
Հովհաննես Մկրտիչն ուսուցանելիս

Հովհաննես Մկրտիչը քարոզելիս

Ցուցադրեք Հովհաննես Մկրտիչի ուղեկցող նկարը և հարցրեք.

  • Հովհաննես Մկրտիչն ինչո՞վ էր տարբերվում նրանցից, ովքեր «փափուկ հանդերձներ հագած» ապրում են ճոխության մեջ «թագավորների պալատներում» (հատված 25): (Հովհաննես Մկրտիչն ապրում էր անապատում և կրում էր ուղտի մազից պատրաստված հագուստ, որը շատ կոպիտ էր: Աշխարհիկ հարմարավետությունները փնտրելու փոխարեն Հովհաննես Մկրտիչը ձգտում էր կատարել միայն Աստծո կամքը:)

  • Հիսուսն ի՞նչ ասաց Հովհաննես Մկրտիչի մասին հատված 26-ում:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հովհաննես Մկրտիչի եզակի դերը, բացատրեք, որ Հիսուսը մեջբերեց հարյուրավոր տարիներ առաջ գրված մի մարգարեություն, որը պատմում էր մի «սուրհանդակի» մասին, ով «ճանապարհ կպատրաստեր [Մեսիայի] առաջին» (Մաղաքիա 3.1): Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 7.27–28 հատվածը և խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Հովհաննես Մկրտիչն ինչո՞ւ էր եզակի մարգարեների մեջ:

  • Հովհաննես Մկրտիչի համար ի՞նչ եզակի ու կարևոր դեր էր նախասահմանված կատարելու: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պիտի առանձնացնեն հետևյալ ճշմարտությունը. Հովհաննես Մկրտիչը մարգարե էր, ում համար նախասահմանված էր պատրաստել ճանապարհը Աստծո Որդու համար և մկրտել Նրան:)

  • Հովհաննես Մկրտիչն ինչպե՞ս էր պատրաստել ճանապարհը Հիսուս Քրիստոսի գալուստի համար:

Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է հետևյալը Ղուկասի 7.28 հատվածի վերաբերյալ․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Հիսուսին վերաբերվում էին որպես փոքրագույն մեկի, ով կարող է հայցել Աստծո արքայությունը և [ըստ երևույթին] նրանց մոտ ամենափոքր վստահությունն ուներ որպես մարգարե. այսպիսով, Նա կարծես ասում էր. «Նա, ում դուք փոքրագույնն եք համարում ձեր մեջ, որը ես եմ, ավելի մեծ է, քան Հովհաննեսը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 82):

Ամփոփեք Ղուկասի 7.29-35 հատվածները` բացատրելով, որ շատերն էին հավատում Հիսուսի ուսմունքներին, բայց փարիսեցիներն ու օրինականները, ովքեր ներկա էին, մերժեցին Նրա ուսմունքները։ Հիսուսը բացատրել է, որ նրանք մերժում էին ճշմարտությունը, անկախ այն բանից, արդյո՞ք Ինքն էր ուսուցանում, թե Հովհաննես Մկրտիչը:

Ղուկաս 7.36-50

Մինչ Հիսուսը ճաշում է Սիմոն Փարիսեցու հետ, մի կին լվանում է նրա ոտքերն իր արցունքներով:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Կարո՞ղ եմ ես ներվել:

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք ցանկացել են իմանալ` արդյոք իրենք կարող են ներվել: Ուսանողներին հրավիրեք գտնել ճշմարտություններ, որոնք կպատասխանեն այս հարցին, երբ շարունակեն Ղուկասի 7-րդ գլխի ուսումնասիրությունը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ղուկասի 7.36–50 հատվածների բովանդակությունն ու ենթատեքստը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ ամփոփումն ու բացատրությունը։

Սիմոն անունով մի փարիսեցի Հիսուսին հրավիրեց իր տուն խնջույքի: Այսպիսի խնջույքների ժամանակ հյուրերը թիկնում էին ցածր սեղանի շուրջ շարված բարձերին և իրենց ոտքերը հեռու մեկնում սեղանից: Այդ ժամանակի սոցիալական սովորույթները թույլ էին տալիս կարիքավոր մարդկանց հավաքել խնջույքներից մնացած ուտելիքը: Ուստի, անսովոր չէր, որ չհրավիրված մարդիկ տուն մտնեին խնջույքի ժամանակ (James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 261):

  • Ղուկասն ինչպե՞ս է նկարագրել Ղուկասի 7.37 հատվածում պատկերված կնոջը:

  • Կինն ինչպե՞ս արտահայտեց Փրկիչի հանդեպ ունեցած իր սերը: (Կարող եք բացատրել, որ «մի շիշ անուշահոտ յուղը» թանկարժեք բուրումնավետ յուղով լցված շիշ էր:

  • Սիմոնն ի՞նչ մտածեց, երբ տեսավ, թե կինն ինչ էր անում:

Հիսուսի ուսուցանած առակը վերանայելու համար հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 7.40-43 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե Հիսուսն ի՞նչ ուսուցանեց Սիմոնին։

Գրատախտակին արտագրեք հետևյալ աղյուսակը:

Պարտատեր=

Պարտապան, ով պարտք է 50 դահեկան =

Պարտապան, ով պարտք է 500 դահեկան =

Բացատրեք, որ պարտատերը մի մարդ է, ով պարտքով փող է տալիս, իսկ պարտապանն այն մարդն է, ով պարտքով փող է վերցնում: Պարտապանը համաձայնվում է պարտատիրոջը վերադարձնել փողը կամ բանտ նստել: Խնդրեք ուսանողներից մեկին իր բառերով ամփոփել առակը դասարանի համար:

  • Ու՞մ է ներկայացնում պարտատերը: (Գրատախտակին գրեք Հիսուս Քրիստոս «Պարտատեր» բառի կողքին:)

  • Պարտապաններից ո՞ր մեկին կարող է ներկայացնել կինը, իսկ ո՞ր մեկին` Սիմոն Փարիսեցին: Ինչո՞ւ: (Գրեք Սիմոն Փարիսեցի «Պարտապան, ով պարտք է 50 պենս» և Կին «Պարտապան, ով պարտք է 500 պենս» բառի տակ:)

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի ժամանակներում ընդունված էր, որ տանտերը պատվեր իր ականավոր հյուրերին ծառայություն մատուցելով, ինչպես օրինակ` ողջունելիս համբուրելով, ոտքերը լվանալու համար ջուր մատուցելով և օծելով նրանց գլուխները յուղով (James E. Talmage, Jesus the Christ, 261):

Վերսկսեք տեսանյութը 7:25 ժամանակային կոդից և դադար տվեք այն բանից հետո, երբ Հիսուսն ասում է. «Գնա խաղաղությամբ» (Ղուկասի 7.50) (ժամանակային կոդ 8:52): Կամ հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 7.44-47 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել, թե Սիմոնն ինչպես վերաբերվեց Հիսուսին այն բանի համեմատությամբ, թե կինն ինչպես վերաբերվեց Նրան, և նրանցից յուրաքանչյուրն ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Հիսուսի հանդեպ:

  • Ըստ հատվածներ 44-47-ի, որոնք են այն մի քանի տարբերությունները, թե Սիմոնն ինչպես վերաբերվեց Հիսուսին, իսկ կինն ինչպես վերաբերվեց Նրան, և նրանցից յուրաքանչյուրն ինչպիսի՞ զգացումներ ուներ Հիսուսի հանդեպ: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակի աղյուսակի մեջ:)

Երբ ուսանողներն ավարտեն հաղորդել իրենց գտած նյութը, աղյուսակը պիտի նման լինի հետևյալին.

Պարտատեր = Հիսուս Քրիստոս

Պարտապան, ով պարտք է 50 դահեկանՍիմոն Փարիսեցի

Հիսուսին ջուր չտվեց Իր ոտքերը լվանալու համար

Չհամբուրեց նրան

Նրան յուղով չօծեց

Քիչ էր սիրում Նրան

Պարտապան, ով պարտք է 500 դահեկանԿին

Լվաց Նրա ոտքերն իր արցունքներով և սրբեց դրանք իր մազերով

Համբուրեց Նրա ոտքերը

Օծեց նրա ոտքերը անուշահոտ յուղով

Շատ էր սիրում Նրան

  • Ի՞նչ օրհնություն ստացավ կինը Փրկիչից:

Նշեք, որ համեմատելով Սիմոնին այն պարտապանի հետ, ով 50 դահեկան էր պարտք, Փրկիչն առաջարկում էր, որ Սիմոնը նաև ներման կարիք ուներ իր մեղքերի համար:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 7.47-50 հատվածները և խնդրեք դասարանին առանձնացնել, թե ինչը հնարավորություն տվեց, որ այս կինը ներում ստանա:

  • Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս պատմությունից: (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքները գրատախտակին. Երբ մենք հավատք ենք գործադրում` ցուցադրելով մեր սերն ու նվիրումը Տիրոջ հանդեպ, կարող ենք ստանալ Նրա ներումը: Երբ ստանում ենք Տիրոջ ներումը, մենք լցվում ենք Նրան ավելի շատ սիրելու և ծառայելու ցանկությամբ:)

  • Փրկիչին ավելի շատ սիրելու և ծառայելու ցանկությունն ինչո՞ւ կարող է մեծանալ, երբ մենք ստանում ենք Նրա ներումը:

Հրավիրեք երեք ուսանողների կարդալ մեկական պարբերություն Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունից.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Գոյություն ունեն անձնական արժանավորության և արդարակեցության շատ աստիճաններ: Սակայն ապաշխարությունը օրհնություն է մեզ` բոլորիս համար: Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի շոշափելու Փրկիչի ողորմածության բազուկները` մեր մեղքերի ներման միջոցով:

Տարիներ առաջ ինձ խնդրեցին հանդիպել մի մարդու հետ, ով մեր այցելությունից շատ առաջ բուռն կյանքով էր ապրել: Իր վատ ընտրությունների պատճառով նա կորցրել էր Եկեղեցու իր անդամությունը: Նա վաղուց էր վերադարձել Եկեղեցի և հավատարմորեն պահում էր պատվիրանները, բայց հին ապրելակերպը հետապնդում էր նրան: Հանդիպելով նրան, ես զգացի նրա խորը զղջումն այն բանի համար, որ անտեսել էր իր ուխտերը: Մեր հարցազրույցից հետո ես դրեցի իմ ձեռքերը նրա գլխին և քահանայական օրհնություն տվեցի։ Նախքան որևէ բառ արտաբերելը, ես զգացի Փրկիչի սիրո անհաղթահարելի զգացումն ու ներումը այդ մարդու համար: Օրհնությունից հետո մենք գրկախառնվեցինք և մարդն անկեղծորեն արտասվեց:

Ես զարմանում եմ ապաշխարող մարդու համար Տիրոջ գթության ու սիրո օղակող բազուկների վրա, անկախ այն բանից, թե որքան եսասեր է ներված մեղքը: Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և անհամբեր է` ներելու մեր մեղքերը: Բացառությամբ այն մի քանի մարդկանց մեղքերի, ովքեր ընտրում են կորսվել` ավետարանի լրիվությունը ճանաչելուց հետո, չկա որևէ մեղք, որ հնարավոր չէ ներել: Ինչ հրաշալի արտոնություն է մեզանից յուրաքանչյուրի համար շրջվել մեր մեղքերից և գալ Քրիստոսի մոտ: Աստվածային ներումը ավետարանի ամենաքաղցր պտուղներից մեկն է, որը հեռացնում է մեղքն ու ցավը մեր սրտերից և դրանք փոխարինում ուրախությամբ ու խղճի խաղաղությամբ» («Ապաշխարե՛ք … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 40–41)։

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք զգացել են Տիրոջ ներումը: Խնդրեք նրանց խորհել, թե նրանք ինչ էին մտածում կամ զգում Փրկիչի հանդեպ:

Անդրադարձեք գրատախտակին գրված հարցին։ Խնդրեք ուսանողներին բացատրել, թե նրանք ինչ կպատասխանեին, եթե ինչ-որ մեկը հարց տար նրանց. «Կարո՞ղ եմ ես ներվել»:

Եզրափակեք դասը, վկայելով, որ Հիսուս Քրիստոսն ունի մեզ ներելու զորություն, եթե մենք հավատ գործադրենք Նրա հանդեպ և ապաշխարենք մեր մեղքերը:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում

Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել գրությունների սերտման հինգ հատվածները, որոնք նրանք մինչև հիմա ուսումնասիրել են այս դասընթացում, կարող եք անցկացնել համառոտ կրկնողություն: Ապահովեք հիմնաբառերը սեմինարիայի էջանշանից և խնդրեք ուսանողներին գրի առնել սուրբ գրությունների համապատասխան հղումները: Ավելի շատ գաղափարների համար` տես այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 7.18-20 Արդյո՞ք Հովհաննես Մկրտիչը կասկածում էր, որ Հիսուսը Մեսիան էր:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին հստակ պատասխան է տվել այս հարցին.

«Ցանկացած հետևություն, թե Մկրտիչը անորոշ էր ու մտքում կասկածում էր Տիրոջ ինքնության ու առաքելության վերաբերյալ, լիովին անհիմն է: Իրականում, բանտարկված Եղիասը` մեր Տիրոջ նախակարապետը, օգտագործում էր այս միջոցը, որպեսզի համոզեր իր առաքյալներին թողնել իրեն և հետևել Հիսուսին:

Հովհաննեսը գիտեր, թե ով էր Հիսուսը. Մկրտիչը չէր երերում` ինչպես եղեգը քամուց: … Իր առաքյալներին Հիսուսի մոտ ուղարկելը իրականում Հովհաննեսի կողմից հանդիսանում էր վերջնական մեծ վկայություն, որ Հիսուսը Աստծո Գառն է, քանի որ Մկրտիչը գիտեր, որ անձամբ տեսնելով Տիրոջը և լսելով նրա ուսմունքները, իր առաքյալներն այլընտրանք չեն ունենա, բացի ավելի մեծ լույսին հետևելուց» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:261–62):

Հովհաննես Մկրտիչը հասկացավ մի կարևոր ճշմարտություն, որը վերահաստատել է Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը.

«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անձնական վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է: Մենք չենք կարող ստանալ այն ուրիշից» («Քրիստոսի վկայությունը» Ensign կամ Լիահոնա, մարտ 2005, 3):

Ղուկաս 7.20-22 Ինչո՞ւ է Տերը հրաշքներ գործում:

Նախագահ Բրիգամ Յանգը նկարագրել է այն դերը, որ հրաշքները կատարել են Տիրոջ աշխատանքում․

«Հրաշքները … Սրբերին մխիթարելու համար են և զորացնելու ու հաստատելու նրանց հավատը, ովքեր սիրում են, վախենում ու ծառայում Աստծուն» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 341):

Ղուկաս 7.24-28 «Կանանց ծնուածների մեջ Յովհաննէս Մկրտիչից աւելի մեծ մարգարէ ոչ ով չկայ»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե Հիսուսն ինչո՞ւ էր Հովհաննես Մկրտիչին համարում մեծագույն մարգարեն.

«Առաջինը. Նրան աստվածային առաքելություն էր վստահվել՝ ճանապարհ պատրաստել Տիրոջ առաջ: Մինչ այդ կամ նրանից առաջ ո՞վ էր նման վստահության արժանացել: Ոչ ոք:

Երկրորդը: Նրան վստահվել էր կարևոր առաքելություն և նրա ձեռքերը պիտի մկրտեին Մարդու Որդուն: Ո՞վ էր նման պատվի արժանացել: Ո՞վ էր նման արտոնության ու պատվի արժանացել: Ո՞վ էր Աստծո Որդուն առաջնորդել մկրտության ջրերը և արտոնություն ունեցել տեսնելու Սուրբ Հոգուն աղավնու նշանով իջնելիս` որպես այդ պաշտոնավարության վկա: …

Երրորդը։ Հովհաննեսն այդ ժամանակ միակ օրինական պաշտոնյան էր թագավորության գործերի համար, որ այն ժամանակ կար երկրի վրա և կրում էր զորության բանալիները: Հրեաները կամ պիտի հնազանդվեին նրա օրենքին կամ նզովվեին իրենց իսկ օրենքով, և Քրիստոսն ինքը կատարեց ամեն արդարություն` հնազանդվելով օրենքին, որն ինքը տվել էր Մովսեսին սարի վրա և քանդելու փոխարեն մեծացրեց ու պատվավոր դարձրեց այն: Զաքարիայի որդին երկնքի սուրբ օծմամբ ու հրամանագրով հրեաներից վերցրեց բանալիները, արքայությունը, զորությունը, փառքը և այս երեք պատճառները նրան դարձնում են կնոջից ծնվածների մեջ ամենամեծ մարգարեն» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 87–88):

Ղուկաս 7.37-50 Մենք ի՞նչ գիտենք կնոջ մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, որ կինը, ում մասին նշված է Ղուկասի 2.37–50 հատվածներում, Տիրոջ մոտ եկավ արդեն ապաշխարած և իր սերը ցույց տալու ցանկությամբ: Վկայակոչելով կնոջ ցուցաբերած քնքշությունը, նա ասել է. «Այս ամենը նվիրված ու հավատարիմ կնոջ աշխատանքն ու երկրպագությունն էր, ով մեղավոր էր եղել, բայց հիմա մաքրվել էր, ով հիմա ազատ էր շատ հանցանքների ծանր բեռից, ով հիմա քայլում էր նոր կյանքի ճանապարհով նրա շնորհիվ, ում ոտքերը նա համբուրում էր և ում հիմա շնորհում էր ողջ հարգանքն ու ակնածանքով ներշնչված սերը, որ նրա ամբողջ հոգին ուժ ուներ պարփակելու» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 2:200):

Ղուկասի 7.47–50 «Սորա շատ մեղքերն իրան թողուած կլինին»

Յոթանասունի Քվորումից Երեց Շեյն Մ. Բոուենը բարձրացրել է այդ հարցը ու պատասխանել դրան, թե արդյոք ինչ-որ մեկը, ով ներում է ցանկանում, երբևէ կարող է ստանալ այն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով․

«Արդյո՞ք հնարավոր է վերականգնել այն կյանքը, որն անխոհեմ անբռնազբոսիկության միջոցով աղբի հետ այնքան է խառնվել, որ թվում է, թե մարդն այլևս ներում չի ստանա: Իսկ ի՞նչ կասեք նրա մասին, ով ազնվորեն ջանքեր է գործադրում, բայց այնքան շատ անգամներ է ետ վերադարձել մեղքի մեջ, որ ոչ մի հնարավոր ճանապարհ չկա խախտելու առերևույթ աննպատակ թվացող կաղապարը: Կամ ի՞նչ կարելի է ասել այն անձի մասին, ով փոխել է իր կյանքը, բայց պարզապես չի կարող ներել ինքն իրեն: …

Հիսուս Քրիստոսի Քավությունը հասանելի է մեզ բոլորիս: Նրա Քավությունն անսահման է: Այն կիրառելի է բոլորի համար` նույնիսկ ձեր: Այն կարող է մաքրել, վերականգնել և սրբագործել` նույնիսկ ձեզ: Ահա թե ինչ է նշանակում անսահման` ամբողջովին, կատարյալ, ամբողջ, ընդմիշտ» («Քավությունը կարող է մաքրել, վերականգնել և սրբագործել մեր կյանքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2006, 33–34):