Բաժին 76
Տեսիլք՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Հայրամում, Օհայո, 1832թ. փետրվարի 16-ին (History of the Church, 1.245–252): Որպես այս տեսիլքի իր արձանագրման նախաբան, Մարգարեն գրել է. «Ամհերստի համաժողովից վերադառնալուն պես, ես վերսկսեցի Սուրբ գրքերի թարգմանությունը: Տարբեր հայտնություններից, որոնք ստացվել էին, ակնհայտ էր, որ մարդու փրկությանը վերաբերող շատ կարևոր կետեր Աստվածաշնչից հանվել կամ կորսվել էին, նախքան նրա ժողովածուն կազմելը: Մնացած ճշմարտություններից պարզ երևում էր, որ, եթե Աստված ամեն մարդու հատուցում է՝ համաձայն մարմնում կատարած արարքների, ապա «Երկինք» հասկացությունը, որպես սրբերի հավերժական բնակավայր, պետք է որ ընդգրկեր մեկից ավելի արքայություններ: Համապատասխանաբար…. մինչ թարգմանում էինք Սուրբ Հովհաննեսի Ավետարանը, ես և Երեց Ռիգդոնը տեսանք հետևյալ տեսիլքը» (History of the Church, 1.245): Մարգարեի կողմից Հովհաննեսի Ե.29-ը թարգմանելուց հետո էր, որ տրվեց այս տեսիլքը:
1–4՝ Տերն Աստված է. 5–10՝ Արքայության խորհուրդները պիտի բացահայտվեն բոլոր հավատարիմներին. 11–17՝ Բոլորն առաջ կգան արդարների կամ անարդարների հարության մեջ. 18–24՝ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով, բազմաթիվ աշխարհների բնակիչներ ծնվում են որպես Աստծո որդիներ ու դուստրեր. 25–29՝ Աստծո մի հրեշտակ ընկավ և դարձավ դևը. 30–49՝ Կորստի որդիները կրում են հավերժական նզովք. մնացած բոլորը ձեռք են բերում փրկության ինչ-որ աստիճան. 50–70՝ Նկարագրվում է վեհացում ստացած էակների փառքն ու պարգևը սելեստիալ արքայության մեջ. 71–80՝ Նկարագրվում են նրանք, ովքեր կժառանգեն թերեստրիալ արքայությունը. 81–113՝ Բացատրվում է թելեստիալ, թերեստրիալ, և սելեստիալ փառքերում գտնվողների կարգավիճակը. 114–119՝ Հավատարիմները Սուրբ Հոգու զորությամբ կարող են տեսնել և հասկանալ Աստծո արքայության խորհուրդները:
1 Լսեք, ո՛վ երկինքներ, և ականջ դիր, ո՛վ երկիր, և ցնծացեք, դո՛ւք, բնակիչնե՛ր, որ այնտեղ եք, քանզի Տերն Աստված է, և նրանից բացի Փրկիչ չկա:
2 Մեծ է նրա իմաստությունը, սքանչելի են նրա ուղիները, և նրա գործերի սահմանը ոչ ոք չի կարող գտնել:
3 Նրա նպատակները չեն ձախողվում, ոչ էլ կա մեկը, ով կարող է ետ պահել նրա ձեռքը:
4 Հավերժությունից հավերժություն նա նույնն է, և նրա տարիները երբեք չեն պակասում:
5 Քանզի այսպես է ասում Տերը,– Ես՝ Տերս, ողորմած և բարեգութ եմ նրանց հանդեպ, ովքեր վախենում են ինձանից, և բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ:
6 Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը:
7 Եվ նրանց ես կհայտնեմ բոլոր խորհուրդները, այո՛, բոլոր հնուց ի վեր թաքցված խորհուրդներն իմ արքայության, և գալիք դարերի ընթացքում ես նրանց հայտնի կդարձնեմ բարեհաճությունն իմ կամքի՝ բոլոր բաների առնչությամբ, որոնք վերաբերում են իմ արքայությանը:
8 Այո՛, նույնիսկ հավերժության զարմանալիքները կիմանան նրանք, և գալիք բաները ես ցույց կտամ նրանց, նույնիսկ բաներ՝ շատ սերունդների վերաբերյալ:
9 Եվ նրանց իմաստությունը մեծ պիտի լինի, և նրանց հասկացողությունը կհասնի երկինք. և նրանց առաջ իմաստունների իմաստությունը կոչնչանա, և խելամիտների հասկացողությունը ոչինչ կդառնա:
10 Քանզի իմ Հոգով ես կլուսավորեմ նրանց, և իմ զորությամբ ես նրանց հայտնի կդարձնեմ իմ կամքի գաղտնիքները,– այո, նույնիսկ այն բաները, որոնք աչք չի տեսել, և ականջ չի լսել, և մարդու սիրտ չի թափանցել:
11 Մենք՝ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Սիդնի Ռիգդոնը, լինելով Հոգում, մեր Տիրոջ հազար ութ հարյուր երեսուներկուերորդ տարվա փետրվարի տասնվեցերորդ օրը,–
12 Հոգու զորությամբ մեր աչքերը բացվեցին և մեր հասկացողությունը լուսավորվեց, այնպես որ մենք կարողացանք տեսնել ու հասկանալ Աստծո բաները,–
13 Նույնիսկ այն բաները, որոնք եղել են ի սկզբանե՝ աշխարհի լինելուց առաջ, որոնք կարգվել էին Հոր կողմից, նրա Միածին Որդու միջոցով, որը Հոր ծոցում էր, նույնիսկ ի սկզբանե.
14 Որի մասին մենք վկայություն ենք բերում. և վկայությունը, որը մենք բերում ենք, ավետարանի լրիվությունն է Հիսուս Քրիստոսի, որը Որդին է, որին մենք տեսանք, և որի հետ մենք խոսեցինք երկնային տեսիլքում:
15 Քանզի, մինչ մենք կատարում էինք թարգմանության աշխատանքը, որը Տերը նշանակել էր մեզ, մենք հասանք Հովհաննեսի հինգերորդ գլխի քսանինը հատվածին, որը տրվեց մեզ հետևյալ ձևով,–
16 Խոսելով մեռելների հարության մասին, նրանց մասին, ովքեր պիտի լսեն Մարդու Որդու ձայնը.
17 Եվ դուրս պիտի գան. նրանք, ովքեր բարիք են գործել՝ արդարների հարության մեջ. իսկ նրանք, ովքեր չարիք են գործել՝ անարդարների հարության մեջ:
18 Արդ, դա զարմանք պատճառեց մեզ, քանզի այն տրվեց Հոգու կողմից:
19 Եվ մինչ մենք խորհրդածում էինք այդ ամենի մասին, Տերը դիպավ մեր հասկացողության աչքերին, և դրանք բացվեցին, և Տիրոջ փառքը ծագեց մեր շուրջը:
20 Եվ մենք տեսանք փառքը Որդու, Հոր աջ կողմում, և ստացանք նրա լիությունից.
21 Եվ տեսանք սուրբ հրեշտակներին, և նրանց, ովքեր սրբագործված են նրա գահի առաջ, որ երկրպագում էին Աստծուն, և Գառին, ովքեր երկրպագում են նրան հավիտյանս հավիտենից:
22 Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրո՛ւմ է:
23 Քանզի մենք տեսանք նրան, նույնիսկ Աստծո աջ կողմում. և մենք լսեցինք ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն է,–
24 Որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո:
25 Եվ մենք տեսանք նաև, և վկայում ենք, որ Աստծո մի հրեշտակ, որն իշխանություն ուներ Աստծո ներկայության մեջ, որն ապստամբեց Միածին Որդու դեմ, որին Հայրը սիրում էր և որը Հոր ծոցում էր, ցած գցվեց Աստծո և Որդու ներկայությունից,
26 Եվ կոչվեց Կորուստ, քանզի երկինքները լաց եղան նրա վրա,– նա Լյուցիֆերն էր՝ արշալույսի որդին:
27 Եվ մենք տեսանք, և ահա, նա ընկե՜լ է, ընկե՜լ է, նույնիսկ արշալույսի որդին:
28 Եվ մինչդեռ մենք Հոգում էինք, Տերը պատվիրեց մեզ, որ մենք գրի առնենք տեսիլքը. քանզի մենք տեսանք Սատանային, այն հին օձին, այսինքն՝ դևին, որն ապստամբեց Աստծո դեմ և փնտրեց վերցնել մեր Աստծո և նրա Քրիստոսի արքայությունը.
29 Ուստի, նա պատերազմում է Աստծո սրբերի հետ և շրջապատում է նրանց շուրջանակի:
30 Եվ մենք տեսանք տեսիլքը նրանց տառապանքների, ում հետ նա պատերազմեց ու հաղթեց, քանզի այսպես եկավ մեզ Տիրոջ ձայնը.
31 Այսպես է ասում Տերը բոլոր նրանց մասին, ովքեր գիտեն իմ զորությունը, և դարձվել են նրանից ճաշակողներ, և իրենց թույլ են տվել դևի զորությամբ հաղթվել, և ուրանալ ճշմարտությունն ու արհամարհել իմ զորությունը,–
32 Այդ նրանք են, որոնք կորստի որդիներն են, որոնց մասին ասում եմ, որ ավելի լավ կլիներ, որ նրանք ընդհանրապես ծնված չլինեին.
33 Քանզի նրանք ցասման անոթներ են, մատնված՝ կրելու Աստծո ցասումը, դևի և նրա հրեշտակների հետ հավերժության մեջ.
34 Որոնց վերաբերյալ ասել եմ, որ ներում չունեն ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում,–
35 Ուրանալով Սուրբ Հոգին, այն ստանալուց հետո, և ուրանալով Հոր Միածին Որդուն, իրենց համար խաչելով և բացահայտ անարգանքի մատնելով նրան:
36 Այդ նրանք են, որ պիտի գնան կրակի և ծծմբի լիճը՝ դևի և նրա հրեշտակների հետ,–
37 Եվ միայն նրանք, որոնց վրա երկրորդ մահը զորություն կունենա.
38 Այո՛, ճշմարիտ, միայն նրանք, որոնք չեն փրկագնվի Տիրոջը հարմար ժամանակ, նրա ցասումը կրելուց հետո:
39 Քանզի մնացած բոլորն առաջ կբերվեն մեռելների հարությամբ, Գառի հաղթանակի և փառքի միջոցով, որը սպանվեց, որը Հոր ծոցում էր նախքան աշխարհների արարումը:
40 Եվ սա է ավետարանը՝ ավետիքը, որ երկնքից մի ձայն վկայեց մեզ,–
41 Որ նա եկավ աշխարհ, այսինքն՝ Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար.
42 Որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը, ում Հայրը դրել է նրա զորության ներքո և նրանով արարել է.
43 Ով փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը, բացի այն կորստի որդիներից, որոնք ուրանում են Որդուն, այն բանից հետո, երբ Հայրը հայտնել է նրան:
44 Ուստի, նա փրկում է բոլորին, բացի նրանցից,– նրանք պիտի գնան հավիտենական պատիժը, որն անվերջ պատիժ է, որը հավերժական պատիժ է, թագավորելու դևի և նրա հրեշտակների հետ հավերժության մեջ, որտեղ նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում, որը նրանց տանջանքն է,–
45 Եվ որի վերջը, ո՛չ դրա տեղը, ո՛չ էլ նրանց տանջանքը, ոչ մի մարդ չգիտի.
46 Այն ոչ հայտնվել է, ոչ հայտնի է, ոչ էլ կհայտնվի մարդուն, բացի նրանցից, ովքեր դարձվում են դրա ճաշակողները.
47 Սակայն, ես՝ Տերս, այն ցույց եմ տալիս շատերին տեսիլքով, բայց կրկին, իսկույն ևեթ փակում եմ այն.
48 Ուստի, վերջը, լայնությունը, բարձրությունը, խորությունը և թշվառությունը դրա, նրանք չեն հասկանում, ոչ էլ որևէ մարդ, բացի նրանցից, ովքեր կարգվել են այդ դատապարտությանը:
49 Եվ մենք լսեցինք ձայնը՝ ասելիս. Գրի առեք տեսիլքը, քանզի ահա, սա է անաստվածների տառապանքների մասին տեսիլքի վերջը:
50 Եվ կրկին մենք վկայություն ենք բերում,– քանզի մենք տեսանք և լսեցինք, և սա է Քրիստոսի ավետարանի վկայությունը նրանց վերաբերյալ, ովքեր առաջ պիտի գան արդարների հարության մեջ,–
51 Այդ նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը և հավատացին նրա անվանը, և մկրտվեցին նրա թաղվելու ձևով, թաղվելով ջրի մեջ՝ նրա անունով, և դա՝ այն պատվիրանի համաձայն, որ տվել է նա,–
52 Որպեսզի պատվիրանը պահելով՝ նրանք կարողանան լվացվել և մաքրվել իրենց բոլոր մեղքերից, և ձեռնադրմամբ ստանան Սուրբ Հոգին, նրա միջոցով, ով կարգված և կնքված է այս զորությանը.
53 Եվ ովքեր հաղթում են հավատքով, և կնքվում են խոստումի Սուրբ Հոգով, որը Հայրը թափում է բոլոր նրանց վրա, ովքեր արդար են և ճշմարիտ:
54 Այդ նրանք են, ովքեր Անդրանիկի եկեղեցին են:
55 Այդ նրանք են, ում ձեռքն է դրել Հայրը բոլոր բաները,–
56 Այդ նրանք են, ովքեր քահանաներ ու թագավորներ են, ովքեր ստացել են նրա լիությունից և նրա փառքից.
57 Եվ Բարձրյալի քահանաներ են, ըստ Մելքիսեդեկի կարգի, որն ըստ Ենովքի կարգի էր, որն ըստ Միածին Որդու կարգի էր:
58 Ուստի, ինչպես գրված է՝ նրանք աստվածներ են, այսինքն՝ Աստծո որդիներ,–
59 Ուստի, բոլոր բաները նրանցն են, լինի կյանքը, թե մահը, թե ներկա բաները, թե գալիք բաները, բոլորը նրանցն է, և նրանք՝ Քրիստոսինը, և Քրիստոսը՝ Աստծունը:
60 Եվ նրանք կհաղթահարեն բոլոր բաները:
61 Ուստի, թող ոչ մի մարդ չպարծենա մարդով, այլ թող պարծենա Աստծով, որը պիտի հպատակեցնի բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ:
62 Նրանք պիտի բնակվեն Աստծո և իր Քրիստոսի ներկայության մեջ հավիտյանս հավիտենից:
63 Այդ նրանք են, որոնց նա պիտի բերի իր հետ, երբ որ նա գա երկնքի ամպերի մեջ, որ թագավորի երկրի վրա իր ժողովրդին:
64 Այդ նրանք են, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ:
65 Այդ նրանք են, ովքեր առաջ կգան արդարների հարության մեջ:
66 Այդ նրանք են, ովքեր եկել են Սիոն սարը, և կենդանի Աստծո քաղաքը՝ երկնային վայրը՝ ամենասրբագույնը:
67 Այդ նրանք են, ովքեր միացել են հրեշտակների անթիվ բազմությանը, Ենովքի և Անդրանիկի եկեղեցուն ու ընդհանուր ժողովին:
68 Այդ նրանք են, որոնց անունները գրված են երկնքում, որտեղ Աստված և Քրիստոսն են դատավորը բոլորի:
69 Այդ նրանք են, ովքեր արդար մարդիկ են, Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձված, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը:
70 Այդ նրանք են, որոնց մարմինները սելեստիալ են, որոնց փառքը նույնն է, ինչ արեգակինը, նույնիսկ Աստծո փառքը, ամենաբարձրյալինը, ում փառքը, ինչպես գրված է, նման է երկնակամարի արեգակին:
71 Եվ բացի այդ, մենք տեսանք թերեստրիալ աշխարհը, և ահա, տե՛ս, այդ նրանք են, ովքեր թերեստրիալից են, որոնց փառքը տարբերվում է նրանից, որն Անդրանիկի եկեղեցունն է, որն ստացել է Հոր լիությունից, ճիշտ ինչպես լուսնինը տարբերվում է արեգակից, որ երկնակամարում է:
72 Ահա, այդ նրանք են, ովքեր մահացել են առանց օրենքի.
73 Եվ նաև նրանք, որոնք բանտում պահված մարդկանց ոգիներն են, որոնց այցելեց Որդին և քարոզեց ավետարանը, որ նրանք կարողանան դատվել մարմնում գտնվող մարդկանց պես.
74 Որոնք չընդունեցին Հիսուսի մասին վկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն:
75 Այդ նրանք են, ովքեր երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով:
76 Այդ նրանք են, ովքեր ստանում են նրա փառքից, բայց ոչ նրա լիությունից:
77 Այդ նրանք են, ովքեր ստանում են Որդու ներկայությունից, բայց ոչ Հոր լիությունից:
78 Ուստի, նրանք թերեստրիալ մարմիններ են, և ոչ սելեստիալ մարմիններ, և տարբերվում են փառքով, ինչպես լուսինն է տարբերվում արեգակից:
79 Այդ նրանք են, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ. ուստի, նրանք չեն ստանում մեր Աստծո արքայության թագը:
80 Եվ այժմ սա տեսիլքի վերջն է, որը մենք տեսանք թերեստրիալի վերաբերյալ, որը Տերը պատվիրեց մեզ գրի առնել, մինչ մենք Հոգում էինք:
81 Եվ բացի այդ, մենք տեսանք թելեստիալի փառքը, որն ավելի ցածրի փառքն է, ճիշտ ինչպես աստղերի փառքն է տարբերվում այն փառքից, որը լուսնինն է երկնակամարում:
82 Այդ նրանք են, ովքեր չընդունեցին Քրիստոսի ավետարանը, ոչ էլ Հիսուսի վկայությունը:
83 Այդ նրանք են, ովքեր չեն ուրանում Սուրբ Հոգին:
84 Այդ նրանք են, որոնք ցած են գցվել դժոխք:
85 Այդ նրանք են, որոնք դևից չեն փրկագնվի, մինչև վերջին հարությունը, մինչև որ Տերը, այսինքն՝ Քրիստոս Գառը, չավարտի իր գործը:
86 Այդ նրանք են, որոնք հավերժական աշխարհում չեն ստանում նրա լիությունից, բայց ստանում են Սուրբ Հոգուց՝ թերեստրիալի ծառայությամբ.
87 Եվ թերեստրիալը՝ սելեստիալի ծառայությամբ:
88 Եվ նաև, թելեստիալն այն ստանում է հրեշտակների սպասավորությամբ, որոնք նշանակված են՝ նրանց համար ծառայելու, կամ, որոնք նշանակված են՝ նրանց համար լինելու սպասավոր ոգիներ. քանզի նրանք կլինեն փրկության ժառանգներ:
89 Եվ այսպես, երկնային տեսիլքում մենք տեսանք թելեստիալի փառքը, որ ամեն հասկացողությունից վեր է.
90 Եվ ոչ մի մարդ չգիտի այն, բացի նրանից, ում Աստված հայտնել է:
91 Եվ այսպես, մենք տեսանք թերեստրիալի փառքը, որն ամեն ինչով գերազանցում է թելեստիալի փառքին, այսինքն՝ փառքով, և զորությամբ, և հզորությամբ, և տիրապետությամբ:
92 Եվ այսպես մենք տեսանք սելեստիալի փառքը, որը գերազանցում է ամեն ինչով,– որտեղ Աստված, այսինքն՝ Հայրը, իր գահի վրա թագավորում է հավիտյանս հավիտենից.
93 Որի գահի առաջ բոլոր բաները խոնարհ պատկառանքով խոնարհվում են, և փառք են տալիս նրան հավիտյանս հավիտենից:
94 Նրանք, ովքեր բնակվում են իր ներկայության մեջ, Անդրանիկի եկեղեցին են. և ստացած լինելով նրա շնորհի լիությունը՝ նրանք տեսնում են, ինչպես իրենք են տեսնված, և ճանաչում են, ինչպես իրենք են ճանաչված.
95 Եվ նա նրանց հավասար է դարձնում զորությամբ, և հզորությամբ, և տիրապետությամբ:
96 Եվ ուրիշ է սելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է արեգակի փառքը:
97 Եվ ուրիշ է թերեստրիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է լուսնի փառքը:
98 Եվ ուրիշ է թելեստիալի փառքը, ճիշտ ինչպես ուրիշ է աստղերի փառքը. քանզի, ինչպես մեկ աստղ մյուսից տարբերվում է փառքով, ճիշտ այդպես, թելեստիալ աշխարհում մեկը մյուսից տարբերվում է փառքով.
99 Քանզի այդ նրանք են, ովքեր պողոսական են և ապողոսական և կեփասական:
100 Այդ նրանք են, ովքեր ասում են, որ իրենցից ոմանք մեկինն են, իսկ ոմանք մյուսինը,– ոմանք քրիստոսական են և ոմանք հովհաննեսական, և ոմանք մովսիսական, և ոմանք եղիասական, և ոմանք եսայական են, և ոմանք եսայիական, և ոմանք ենովքական.
101 Սակայն չընդունեցին ո՛չ ավետարանը, ո՛չ Հիսուսի վկայությունը, ո՛չ մարգարեներին, ո՛չ էլ հավիտենական ուխտը:
102 Ի վերջո, այդ բոլորը նրանք են, ովքեր հավաքված չեն լինի սրբերի հետ, որպեսզի հափշտակվեն վեր, Անդրանիկի եկեղեցին, և առնվեն ամպերի մեջ:
103 Այդ նրանք են, ովքեր ստախոսներ են, և կախարդներ, և շնացողներ, և անառակներ, և ովքեր սուտն են սիրում և գործում:
104 Այդ նրանք են, ովքեր կրում են Աստծո ցասումը երկրի վրա:
105 Այդ նրանք են, ովքեր կրում են հավերժական կրակի վրեժը:
106 Այդ նրանք են, ովքեր ցած են գցված դժոխք և կրում են Ամենազոր Աստծո ցասումը, մինչև ժամանակների լրությունը, երբ Քրիստոսը հպատակեցրած կլինի բոլոր թշնամիներին՝ իր ոտքերի տակ, և ավարտած կլինի իր գործը.
107 Երբ նա կհանձնի արքայությունը, և այն անբիծ կներկայացնի Հորը՝ ասելով. Ես հաղթեցի և միայնակ կոխ տվեցի գինու հնձանը, այսինքն՝ Ամենազոր Աստծո կատաղի ցասման գինու հնձանը:
108 Այնժամ նա կպսակվի իր փառքի պսակով, որ նստի իր իշխանության գահին՝ թագավորելու հավիտյանս հավիտենից:
109 Բայց ահա, և տե՛ս, մենք տեսանք թելեստիալ աշխարհի փառքը և բնակիչներին, որոնք անհամար էին, ինչպես աստղերը երկնքի երկնակամարում, կամ, ինչպես ավազը ծովի ափին.
110 Եվ լսեցինք Տիրոջ ձայնն՝ ասելիս. Սրանք բոլորը պիտի ծունկ ծալեն և ամեն լեզու պիտի խոստովանի նրան, ով նստած է գահին հավիտյանս հավիտենից.
111 Քանզի նրանք կդատվեն, համաձայն իրենց գործերի, և ամեն մարդ, իր իսկ գործերի համաձայն, իր տիրապետությունը կստանա ապարանքներում, որոնք պատրաստված են.
112 Եվ նրանք կլինեն Բարձրյալի ծառաները. բայց որտեղ որ Աստված և Քրիստոսն են ապրում, նրանք չեն կարողանա գալ՝ աշխարհներ անվերջ:
113 Սա է տեսիլքի վերջը, որը մենք տեսանք, որը մեզ պատվիրվեց գրի առնել, մինչդեռ մենք Հոգում էինք:
114 Սակայն մեծ և զարմանալի են Տիրոջ գործերը, և նրա արքայության խորհուրդները, որ նա ցույց տվեց մեզ, որոնք ամեն հասկացողությունից վեր են՝ փառքով, հզորությամբ և տիրապետությամբ.
115 Որոնք նա պատվիրեց մեզ, որ գրի չառնենք, մինչդեռ Հոգում էինք. և օրինավոր չէ որ մարդն արտասանի դրանք.
116 Ոչ էլ մարդ ի վիճակի է հայտնի դարձնել դրանք, քանզի դրանք հնարավոր է տեսնել ու հասկանալ միայն Սուրբ Հոգու զորությամբ, որն Աստված շնորհում է նրանց, ովքեր սիրում են նրան և մաքրագործվում են նրա առաջ.
117 Որոնց նա պարգևում է՝ իրենց համար տեսնելու և իմանալու այս արտոնությունը.
118 Որ Հոգու զորությամբ ու դրսևորմամբ, դեռևս մարմնում, նրանք ի վիճակի լինեն դիմանալու նրա ներկայությանը փառքի աշխարհում:
119 Եվ Աստծուն և Գառին լինի փառքը, և պատիվը, և տիրապետությունը հավիտյանս հավիտենից: Ամեն: