Ինստիտուտ
Դաս 22. Ուսուցչի նյութ․ Բազմակի ամուսնություն


«Դաս 22. Ուսուցչի նյութ. Բազմակի ամուսնություն», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 22․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 22․ Ուսուցչի նյութ

Բազմակի ամուսնություն

Մի տղամարդու և մի կնոջ միջև ամուսնությունը Տիրոջ օրենքն է, քանի դեռ Նա չի պատվիրում մեկ այլ բան (տես Հակոբ 2․27–30): Հայտնության միջոցով Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրեց ապրել բազմակնության սկզբունքով և ուսուցանել այն Եկեղեցու վաղ օրերի որոշ անդամներին։ Բազմակի ամուսնությունները շարունակվեցին Եկեղեցում, մինչև Տերը հայտնությամբ հայտնեց, որ Սրբերը պետք է դադարեցնեն դրա կիրառությունը (տես Պաշտոնական հայտարարություն 1)։ Այս դասը նախատեսված է ամրապնդելու ուսանողների վստահությունն առ այն, որ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու վաղ օրերի անդամները գործում էին Տիրոջ առաջնորդությամբ, երբ նրանք կիրառում էին բազմակի ամուսնությունը։ Այն նաև կօգնի ուսանողներին ավելի լիարժեք վստահել Տիրոջը, մինչ նրանք ձգտում են հնազանդվել Նրա կամքին և գտնել իրենց հարցերի պատասխանները:

Ուսուցման առաջարկներ

Տերը հայտնում է բազմակի ամուսնության կիրառման մասին

Ցուցադրեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Աստված միշտ խնդրել է Իր ուխտի զավակներին դժվար բաներ կատարել: (Ռասսել Մ․ Նելսոն, «Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Ensign, հոկտեմբեր 2016, 27)

  • Որո՞նք են այն մի քանի «դժվարին բաները», որոնք Աստված Եկեղեցու անդամներին խնդրել է կատարել մեր օրերում։ (Կարող եք պատասխանները գրել գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին դասի ընթացքում մտածել այդ պատվիրաններին իրենց հնազանդության մասին:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված Իր ուխտի զավակներին խնդրում անել այդ բաները:

Ուշադրություն դարձրեք, որ վաղ շրջանի Վերջին օրերի շատ Սրբերի համար Աստծո կողմից ամենադժվար պահանջներից մեկն այն էր, որ նրանք ապրեին բազմակի ամուսնության սկզբունքով։ Հիշեցրեք ուսանողներին, որ 1831 թվականին Ջոզեֆ Սմիթն աղոթեց, որ հասկանար, թե ինչու են հնադարյան որոշ մարգարեներ և իսրայելացի թագավորներ կիրառել բազմակնությունը (տես բաժնի վերնագիրը և հատված 1-ը՝ Վարդապետություն և Ուխտեր 132-ում)։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 132․34-37 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչպես պատասխանեց Մարգարեի հարցին։

  • Ցուցադրեք հետևյալ հարցը․ Աբրահամն ինչո՞ւ որպես երկրորդ կին կնության վերցրեց Հագարին։

  • Ըստ 36-37 հատվածների, Տերը ի՞նչ սկզբունք ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին Իր պատվիրաններին հնազանդվելու մասին։ (Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին․ Երբ մենք պատրաստ ենք հնազանդվել այն ամենին, ինչ Տերը պատվիրում է, դա «արդարություն է համարվում [մեզ]»:)

  • Ինչպե՞ս կարող ենք Իսահակին զոհաբերելու Աբրահամին տված Տիրոջ պատվիրանը համեմատել Ջոզեֆ Սմիթին և վաղ օրերի Սրբերին տված բազմակնությունը կիրառելու Նրա պատվիրանի հետ։

Բացատրեք, որ, երբ Տերը բացահայտեց բազմակի ամուսնության սկզբունքը Ջոզեֆ Սմիթին, Նա պատվիրեց Մարգարեին ապրել այդ սկզբունքով և ուսուցանել այն ուրիշներին:

Ցուցադրեք հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Համաձայն Հելեն Մար Քիմբալի՝ Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ «այս սկզբունքի կիրառումը լինելու է ամենադժվար փորձությունը, որով Սրբերը երբևէ ստիպված կլինեն փորձել իրենց հավատը»։ Չնայած այն եղել է իր կյանքի «ամենադաժան» փորձությունը, նա վկայել է, որ այն դարձել է նաև «մեծագույն օրհնություններից մեկը»։ (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

  • Որո՞նք էին Ջոզեֆ Սմիթի զգացողությունները բազմակի ամուսնության կիրառության նկատմամբ, երբ այն առաջին անգամ ներկայացվեց: (Անհրաժեշտության դեպքում, ուսանողներին հանձնարարեք կրկնել նախապատրաստական նյութի բաժին 2-ի քույր Էլիզա Ռ. Սնոուի հայտարարությունը:)

Հորդորեք դասարանի անդամներին մտածել Աբրահամի և Ջոզեֆ Սմիթի օրինակների մասին:

  • Նման դժվարին պատվիրաններին հնազանդվելու վաղ օրերի Սրբերի պատրաստակամությունն ի՞նչ է հուշում նրանց բնավորության և հավատքի մասին։

Բացատրեք, որ վաղ օրերի Սրբերից մի քանիսը նկարագրել են իրենց ներքին պայքարը, երբ նրանց ներկայացվել է բազմակի ամուսնությունը: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում նախապատրաստական նյութի բաժին 3-ում ուսումնասիրած պատմությունների մասին։

Ցույց տվեք Նախագահ Վիլֆորդ Վուդրոֆի կնոջ՝ Ֆեբե Վուդրուֆի հետևյալ պատմությունը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Երբ առաջին անգամ ուսուցանվեց բազմակնության սկզբունքը, ես մտածեցի, որ դա ամենավատ բանն է, որ ես երբևէ լսել եմ: … Բայց շուտով, երբ համոզվեցի, որ այն սկզբում եղել է Աստծո հայտնություն Ջոզեֆի միջոցով, և իմանալով, որ նա մարգարե է, ես ջերմեռանդ աղոթքով դիմեցի իմ Երկնային Հորը, որ ճիշտ առաջնորդվեմ իմ կյանքի կարևորագույն պահին: Պատասխանը տրվեց։ Միտքս լցվեց խաղաղությամբ։ Ես իմացա, որ դա Աստծո կամքն էր։ (Phebe Woodruff, in Edward Tullidge, The Women of Mormondom [1877], 413)

  • Փեբեի օրինակը մեր օրերում ինչպե՞ս կարող է օգնել մեկին, ով հնարավոր է, դժվարանում է հնազանդվել Աստծո պատվիրանին: Ինչպե՞ս կարող է նրա օրինակն օգնել այն մարդուն, ով միգուցե հարցեր ունի վաղ օրերի Սրբերի կողմից բազմակի ամուսնություն կիրառելու վերաբերյալ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առակաց 3․5–6 հատվածները և խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել այն սկզբունքին, որոնք կարելի է վերագրել այդ վաղ օրերի Սրբերի փորձառություններին։

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածից և վաղ օրերի Սրբերի փորձառությունից։ (Օգտագործելով ուսանողների խոսքերը, գրատախտակին գրեք (կամ ցուցադրեք) նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք ամբողջ սրտով վստահենք Տիրոջը և չապավինենք մեր հասկացողությանը, ապա Նա կառաջնորդի մեր կյանքը:)

Տվեք ուսանողներին հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, այն մարդու համար, ով մտահոգված է վաղ օրերի բազմակի ամուսնության կիրառությամբ, ի՞նչ է նշանակում իր ամբողջ սրտով վստահել Տիրոջը, և ոչ թե պարզապես ապավինել իր հասկացողությանը:

Բացատրեք, որ արտասովոր չէ, որ Եկեղեցու անդամները հարցեր կամ մտահոգություններ ունենան բազմակի ամուսնության վերաբերյալ: Աստված չի բացահայտել և չի պահանջում, որ Իր զավակներն այսօր հասկանան բազմակի ամուսնության մանրամասները: Այնուամենայնիվ, բոլոր Սրբերին խոստացված է, որ նրանք կարող են վկայություն ստանալ, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն էր, ով Նրանից պատվիրաններ և հայտնություններ էր ստանում, և որ Ջոզեֆը հավատարմորեն ապրում էր Տիրոջ պատվիրանների համաձայն:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Դուք կարող եք օգնել ուսանողներին պատասխանել դժվարին հարցերին: Ուսանողներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելով և օգնելով, որ գտնեն վստահելի աղբյուրներ, կնպաստեք, որ նրանք խորհեն դժվար թեմաների շուրջ և դրանք ճիշտ բացատրեն: Եթե ուսանողները ցանկանում են ավելին իմանալ Եկեղեցու վաղ պատմության ընթացքում բազմակի ամուսնության կիրառության վերաբերյալ, հրավիրեք նրանց աղոթքով ուսումնասիրել նախապատրաստական նյութի «Ցանկանո՞ւմ ես ավելին» բաժնում թվարկված լրացուցիչ աղբյուրները:

Հրավիրեք ուսանողներին հիշել իրենց կյանքի այն պահերը, երբ նրանք վստահել են Տիրոջը և հնազանդվել որևէ դժվարին պատվիրանի։ Կամ, երբ նրանք ստիպված են եղել «չվստահել [իրենց] հասկացողությանը» դժվարին հարցերի պատասխանները փնտրելիս: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: Հարցրեք նրանց, թե ինչպես է Տերը հարթել նրանց ուղիները:

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ, որ նրանք մտածեն իրենց ունեցած կրոնական կամ անձնական հարցերի շուրջ: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ կարող են անել, որ գտնեն այդ հարցերի պատասխանները կամ վերահաստատումը, վստահեն Տիրոջը և ապավինեն Նրան: Նրանք կարող են նույնիսկ իրենց մտքերը գրել օրագրում կամ աղոթել Տիրոջ օգնության համար, որպեսզի իմանան, թե ինչպես գործել հավատքով:

Տերը հայտնում է բազմամուսնության կիրառման մասին որոշ պատճառներ։

Բացատրեք, որ մենք այս տնտեսության ժամանակ չենք հասկանում Աստծո բոլոր նպատակները Եկեղեցու վաղ օրերին բազմակնություն ներկայացնելու վերաբերյալ, բայց Նա հայտնել է որոշ պատճառներ դրա վերաբերյալ։ Օրինակ, Տերն ուսուցանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ դրա կիրառությունը նախորդ տնտեսություններից «բոլոր բաները» վերականգնելու մաս է կազմում (տես Վարդապետություն և Ուխտեր 132․40, 45

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 2․30 հատվածը և դասարանին խնդրեք փնտրել Տիրոջ հայտնած մեկ այլ պատճառ՝ Իր ժողովրդին բազմակի ամուսնությունը կիրառելու պատվիրանի վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածի մասին: (Ուսանողները իրենց պատասխաններում պետք է ներառեն, որ պատվիրանը տրվել է, որպեսզի ավետարանի ուխտում ծնված երեխաների թիվն աճի: Այս եղանակով, Տիրոջ ժողովուրդը «սերունդ [է] աճեցնում» Նրա համար)։

Ուշադրություն դարձրեք, որ այդ պատվիրանին հնազանդվելու վաղ օրերի Սրբերի ջանքերը «հանգեցրել են մեծ թվով երեխաների ծնունդների՝ հավատարիմ վերջին օրերի տներում» (“Plural Marriage and Families in Early Utah,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Տերն ավելի ուշ հայտնում է, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է դադարեցնեն բազմակնության կիրառությունը։

Հանձնարարեք որևէ ուսանողի, ով կարդացել է նախապատրաստական նյութը (բաժին 2-ը), պատմել, թե ինչը պատճառ հանդիսացավ դադարեցնել բազմակի ամուսնությունները վերականգնված Եկեղեցում։

  • Ինչպե՞ս կբացատրեիք մարդկանց Եկեղեցու ներկայիս դիրքորոշումը բազմակի ամուսնությունների վերաբերյալ։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» տեքստի առաջին և յոթերորդ պարբերությունները, որ հետևում է Պաշտոնական Հայտարարություն 1-ին։

  • Ի՞նչ ուսուցանեց Սրբերին Նախագահ Վուդրուֆը։ (Ուսանողները պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Տերը երբեք թույլ չի տա, որ Եկեղեցու Նախագահը մոլորեցնի Եկեղեցին։)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք անձամբ պատասխանում Տիրոջ ապրող մարգարեի խորհուրդներին և ուսմունքներին:

Եզրափակեք ձեր վկայությամբ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս վաղ օրերի ղեկավարներն Աստծո ճշմարիտ մարգարեներն էին, ովքեր հնազանդորեն հետևել և ուսուցանել են Տիրոջ պատվիրանները Վերջին Օրերի Սրբերին:

Հաջորդ անգամ

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ դասին նախապատրաստվելիս նրանք հնարավորություն կունենան իմանալ Ջոզեֆ և Հայրում Սմիթների մահվան դեպքերի մանրամասները։ Խրախուսեք ուսանողներին ներկայանալ դասին պատրաստ, որպեսզի քննարկեն իրենց մտքերն այն մասին, թե Ջոզեֆ Սմիթն ինչ է արել՝ որպես Աստծո մարգարե։