Ինստիտուտ
Դաս 5․ Ուսուցչի նյութ․ Մորմոնի Գրքի ստեղծումը


«Դաս 5․ Ուսուցչի նյութ. Մորմոնի Գրքի ստեղծումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 5․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 5․ Ուսուցչի նյութ

Մորմոնի Գրքի ստեղծումը

Մորմոնի Գիրքն ի հայտ եկավ հրաշքով։ Այս դասի օգնությամբ ուսանողներն ավելի լավ կհասկանան, թե ինչպես Մորմոնի Գիրքը ստեղծվեց «Աստծո պարգևով ու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135․3)։ Ուսանողները նաև կանդրադառնան ու հնարավորություն կունենան կիսվելու Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին իրենց վկայությամբ։

Ուսուցման առաջարկներ

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսուցանեք դարձի գալու համար։ Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Մենք պետք է բարձրացնենք մեր նշաձողը: Մենք պետք է պահենք նպատակները, որոնք մենք միշտ ունեցել ենք. մասնակցությունը, կանոնավոր հաճախելիությունը, ավարտել համալսարանը, իմանալ սուրբ գրությունները, Սուրբ Հոգու կողմից ճշմարտությունը հաստատելու զգացմունքի փորձառությունը: Ի հավելումն դրանց, մենք պետք է մեր նպատակներում ունենանք միսիան ու տաճարը: Սակայն ուսանողները ավելի շատ կարիքներ ունեն այն ժամանակահատվածում, երբ նրանք մեր ուսանողներն են: …

Հիսուս Քրիստոսի մաքուր ավետարանը պետք է հասնի ուսանողների սրտերին Սուրբ Հոգու զորության միջոցով: … Նրանց հետ կապված մեր նպատակը պետք է լինի այն, որ նրանք ճշմարտապես դարձի գան առ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, մինչ նրանք մեզ հետ են» (“We Must Raise Our Sights” [Church Educational System conference on the Book of Mormon, Aug. 14, 2001], 2)։

Մորմոնի Գիրքն ի հայտ եկավ «Աստծո պարգևով և զորությամբ»։

Ցուցադրեք այն նկարը, որտեղ Մորոնին թիթեղները թաղում է հողի մեջ։

Նկար
Մորոնին թաղում է թիթեղները, Թոմ Լովելլ

Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում այս նկարում։ Կարող եք նաև հարցնել, թե նրանց կարծիքով, ինչ գիտեր Մորոնին այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա այդ հիշատակարանն ապագա սերունդների վրա:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Մորմոն 8․12–16 հատվածները և ուշադրություն դարձնել, թե Մորոնին ինչ ուսուցանեց Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին։

  • Մորոնին ի՞նչ է ուզում հասկացնել Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ։

Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը, որը նա հաճախ կրկնում էր, երբ հարցնում էին Մորմոնի Գրքի թարգմանության մասին.

Աստծո պարգևով և զորությամբ ես թարգմանեցի Մորմոնի Գիրքը: (Joseph Smith, in James Palmer, Journal, 75, Church History Library, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah, մեծատառերը արդիականացվել են)

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են կարդացել նախապատրաստական նյութում այն մասին, թե Մորմոնի Գիրքն ինչպես ի հայտ եկավ «Աստծո պարգևով և զորությամբ»։ (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խրախուսեք համառոտ վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1-ը)։ Նաև հնարավորություն տվեք նրանց տալ այն հարցերը, որոնք նրանց մոտ առաջացել են Մորմոնի Գրքի թարգմանության իրենց ուսումնասիրության արդյունքում։

Հրավիրեք ուսանողներին վերանայել այն, ինչ նրանք սովորել են Ջոզեֆ Սմիթի և Երեց Նիլ Ա. Մաքսվելի հայտարարություններից նախապատրաստական նյութի բաժին 1-ի վերջում։ (Կարող եք հրավիրել մի ուսանողի բարձրաձայն կարդալ այս հայտարարությունները)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է ավելի շատ մտահոգվենք «գրքի էությամբ», այլ ոչ թե «այն ստանալու գործընթացով»։

Աստված խոստանում է, որ մարդիկ կարող են ստանալ Մորմոնի Գրքի մասին հաստատող վկայություն։

Հարցրեք ուսանողներին, թե նրանցից քանիսը կցանկանար անձամբ տեսնել ոսկե թիթեղները և ինչու։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը չի ապացուցում Մորմոնի Գրքի իսկությունը՝ թույլ տալով, որ թիթեղները և այլ հնագույն նմուշները ցուցադրվեն աշխարհին:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․3, 6-7 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Ջոզեֆն ինչու թիթեղները ցույց չտվեց այն մարդկանց, ովքեր ապացույց էին ուզում։ Թող ուսանողները բացատրեն, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները։

Բացատրեք, որ այս հայտնությունը տրվեց Ջոզեֆին այն բանից հետո, երբ Մարտին Հարիսն ապացույց խնդրեց, որ Ջոզեֆն ունի ոսկե թիթեղները: Մարտինը Ջոզեֆի ընկերն էր և ֆինանսական հնարավորություն ուներ, որ օգներ Մորմոնի Գրքի հրատարակությանը այն թարգմանելուց հետո: Մարտինի կինը՝ Լյուսին, բողոք ներկայացրեց տեղի դատավորին՝ մեղադրելով Ջոզեֆին ֆինանսական օգուտ ստանալու նկատառումներով իր ամուսնուն և ուրիշներին խաբելու մեջ։ 1829 թվականի մարտ ամսին Մարտինը գնաց Հարմոնի (Փենսիլվանիա)՝ Ջոզեֆ Սմիթին խնդրելու ապացույցներ տրամադրել թիթեղների գոյության մասին։

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․11-15 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչպե՞ս է հաստատելու Մորմոնի Գրքի հիշատակարանի ճշմարտությունը։ Թույլ տվեք ուսանողներին բացատրել, թե նրանք ինչ սովորեցին այս հատվածներից:

Բացատրեք, որ Տերը հայտնեց, որ Մարտին Հարրիսը կարող է լինել այդ երեք Վկաներից մեկը, եթե նա «խոնարհվի» և «խոնարհեցնի իրեն զորավոր աղոթքով և հավատով» (Վարդապետություն և Ուխտեր 5․24)։ Երեք ամիս անց Ջոզեֆը հրավիրեց Մարտին Հարրիսին միանալ Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին՝ փնտրելու այն հատուկ վկայությունը, որը Տերը խոստացել էր:

Նախապատրաստական նյութից ցուցադրեք Ջոզեֆ Սմիթը և երեք Վկաները նկարը և հորդորեք դասարանին հիշել, թե ինչ տեղի ունեցավ, երբ այդ տղամարդիկ աղոթեցին թիթեղների մասին վկայություն ստանալու համար։

  • Ի՞նչ տպավորություն ստացավ Ջոզեֆն այն մասին, որ այդ Երեք Վկաները կտեսնեն թիթեղները։ (Անհրաժեշտության դեպքում, ուսանողները կարող են վերանայել նախապատրաստական նյութից Լյուսի Մաք Սմիթի պատմությունը)։

  • Ինչպե՞ս է Երեք վկաների վկայությունն ամրանում այն փաստից, որ նրանք երբեք չեն հրաժարվել իրենց վկայությունից, նույնիսկ, երբ նրանցից յուրաքանչյուրը հեռացավ Մարգարեից և Եկեղեցուց։

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․15-16 և Մորոնի 10․3–5 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես բոլոր մարդիկ կարող են վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Երբ ուսանողները բացատրեն, թե ինչ են սովորել սուրբ գրությունների այս հատվածներից, օգնեք նրանց բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Տերը կբացահայտի Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը Սուրբ Հոգու միջոցով բոլոր նրանց, ովքեր վկայություն են փնտրում:

  • Ինչպե՞ս է Սուրբ Հոգու վկայությունը համեմատելի ֆիզիկական ապացույցների հետ, ինչպես օրինակ ՝ թիթեղները տեսնելու կամ Մորմոնի Գրքի թարգմանության բոլոր մանրամասների մասին լիարժեք իմացություն ունենալու հետ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Կիրակնօրյա դպրոցի նախկին նախագահ՝ Եղբայր Թադ Ռ. Քալիսթերի հետևյալ պատմությունը․

Իմ լավ ու լուսավոր ընկերներից մեկը մի ժամանակ լքել էր Եկեղեցին: Վերջերս նա գրել էր ինձ իր վերադարձի մասին. «Սկզբում ես ցանկանում էի, որ Մորմոնի Գիրքը պատմականորեն, աշխարհագրորեն, լեզվական և մշակութային առումներով ապացուցվեր ինձ: Բայց, երբ ուշադրությունս տեղափոխեցի այն բանի վրա, թե գիրքը ինչ է սովորեցնում Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա փրկող առաքելության մասին, ես սկսեցի վկայություն ստանալ գրքի ճշմարտացիության վերաբերյալ: Մի օր իմ սենյակում Մորմոնի Գիրքը կարդալիս ես դադար առա, ծնկի իջա և սրտանց աղոթեցի, որից հետո մի զորեղ զգացում ունեցա՝ Երկնային Հայրը շշնջաց իմ հոգուն, որ Եկեղեցին ու Մորմոնի Գիրքը իսկապես ճշմարիտ են: Երեք ու կես տարի ես կրկին ուսումնասիրում էի Եկեղեցին և այդ տարիներն ինձ հետ առաջնորդեցին դեպի Եկեղեցի, սրտից բխող խորը համոզվածությամբ վերջինիս ճշմարտացիության մեջ»:

Եթե մարդը ժամանակ հատկացնի և խոնարհաբար կարդա Մորմոնի Գիրքը և խորհի դրա մասին, ինչպես իմ ընկերն էր արել, և ականջ դնի Հոգու քաղցր պտուղներին, ապա նա, ի վերջո, կստանա ցանկալի վկայությունը:

Մորմոնի Գիրքը մեզ տրված Աստծո անգին պարգևներից մեկն է: (Թադ Ռ. Քալիսթեր, «Մորմոնի Գիրքը որպես Աստծո զորավոր վկա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 109)։

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: (Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել, թե ինչ են գրել իրենց նախապատրաստական նյութում բաժին 2-ը վերջացնելուց)։

Ավարտեք դասը և կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ, չնայած մենք չենք տեսել ոսկե թիթեղները, ոչ էլ ներկա ենք եղել այն ժամանակ, երբ թարգմանվել է Մորմոնի Գիրքը, մենք կարող ենք կարդալ և ուսումնասիրել գիրքը և հոգևոր վկայություն ձեռք բերել, որ դա իսկապես Աստծու խոսքն է:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչո՞ւ են Տիրոջ Եկեղեցու քննադատներն ագրեսիվ ձևով թիրախավորում Մորմոնի Գիրքը: Դասարանի անդամներին խրախուսեք ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ ուշադրություն դարձնելով, թե նրանք ինչպես կարող են բարձրացնել Մորմոնի Գիրքը պաշտպանելու իրենց ունակությունը: