Ինստիտուտ
Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հաստատել Սիոնի գործը


«Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ. Հաստատել Սիոնի գործը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հաստատել Սիոնի գործը

Նկար
Մորոնի հրեշտակի արձանը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Մեր ամենամեծ նպատակը պետք է լինի Սիոնի կառուցումը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 186)։ Երբ ուսումնասիրեք այս նյութը, ուշադրություն դարձրեք այն ճշմարտություններին, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ է Սիոնը, ինչու է անհրաժեշտ կառուցել Սիոնը, և դուք ինչ կարող եք անել այդ գործին օգնելու համար։

Բաժին 1

Ի՞նչ է նշանակում հաստատել Սիոնը:

1830թ. դեկտեմբերին, երբ Ջոզեֆ Սմիթը աշխատում էր Աստվածաշնչի թարգմանության վրա, Տերը հայտնեց, ( այժմ այն գրված է Մովսես 7-ում), որ Հին Կտակարանի Ենովք մարգարեն կառուցել է Սիոն անունով քաղաք:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 7․18-21:

Նկար
Սիոն քաղաքը երկինք փոխադրվեց, Դել Փարսոն

Դիտեք Teachings of Joseph Smith: Preparing for Zion (1:42) տեսանյութը, կամ ուսումնասիրեք ստորև բերված Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը․

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է.

Սիոնի կառուցումը մի գործ է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին բոլոր դարերում, … նրանք ուրախության ակնկալիքով սպասել են այն օրվան, որում ապրում ենք մենք, և խանդավառված երկնային և ուրախալի ակնկալիքներով նրանք երգել են, գրել ու մարգարեացել մեր այս օրվա մասին, … մենք արտոնյալ ժողովուրդ ենք, որոնց Աստված է ընտրել առաջ բերելու Վերջին օրերի փառքը, մեզ է թողնված տեսնելու, մասնակցելու և օգնելու առաջ տանել Վերջին օրերի փառքը:

Ցանկացած տեղ, որտեղ հավաքվում են Սրբերը, Սիոն է, որը յուրաքանչյուր տղամարդ և [և կին] կկառուցի, որպես ապահովության վայր [իրենց] երեխաների համար։ …

… Ժամանակը շուտով գալիս է, երբ մարդ ոչ մի տեղ հանգստություն չի ունենա, բացի Սիոնից և նրա ցցերից։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 197):

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը հայտնեց, որ Սիոնը նաև վերաբերում է «սրտով մաքուրներին» (տես Վարդապետություն և Ուխտեր 97․21):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը ուսուցանել է.

Սիոնը թե՛ վայր է և թե՛ ժողովուրդ: …

Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորությունների, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: … Եթե մենք ցանկանում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա անհրաժեշտ կլինի (1) դառնալ մեկ սրտով և մտքով, (2) դառնալ սուրբ մարդիկ՝ որպես ժողովուրդ և անհատապես, և (3) հոգ տանել աղքատների ու կարիքավորների մասին, մինչև որ աղքատությունը վերանա մեր միջից: Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որպեսզի այս ամենը կատարվի. Սիոնը կգա միայն, եթե այս ամենը կատարվի։ …

Մենք կդառնանք մեկ սիրտ և մեկ միտք, եթե ամեն մեկս Փրկչին դնենք մեր կյանքի կենտրոնում և հետևենք նրանց, ում Նա լիազորել է ղեկավարել մեզ: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 37–38)

Սիոնին արժանի մարդկանց հատկանիշների մասին ավելին իմանալու համար, կարդացեք 4 Նեփի 1․1–4, 15–18։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Փրկիչին իմ կյանքի կենտրոնում դնելով և հետևելով Եկեղեցու ղեկավարներին, ինչպե՞ս կօգնեմ ինձ նմանվել Մովսես 7․18 և Վարդապետություն և Ուխտեր 97․21 հատվածներում նկարագրված մարդկանց։

Բաժին 2

Ի՞նչ պատահեց Միսսուրիի այն Սրբերի հետ, ովքեր փորձեցին կառուցել Սիոնը։

Եկեղեցու կազմավորումից մեկ տարի անց Տերը նշանակեց Միսսուրի նահանգի, Ջեքսոն գավառի Ինդեփենդենս քաղաքը որպես Սիոնի «կենտրոնական վայր» (Վարդապետություն և Ուխտեր 57․3), որտեղ Սրբերը կհավաքվեին և կկառուցեին Սիոն սուրբ քաղաքը, որը նաև կոչում են Նոր Երուսաղեմ (տես Վարդապետություն և Ուխտեր 45․64–66, 57․1–3

Նկար
Սիոնի քաղաքի հողակտոր

Սիոն քաղաքի համար նախատեսված հողակտորի քարտեզը գծվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ և 1833 թվականի հունիսին Սիոնում առաջին տաճարի համար նախատեսված ճարտարապետական նախագծերի հետ միասին ուղարկվել է Միսսուրիի Սրբերին:

Մարգարեի առաջնորդությամբ, Եկեղեցու վաղ օրերի անդամները փորձեցին Ջեքսոն գավառում հիմնել Սիոն քաղաքը, բայց դժվարանում էին լավ հարաբերություններ զարգացնել այնտեղի բնակիչների հետ։ Կրոնի, ստրկության, քաղաքականության և սրբերի բնակչության աճի շուրջ անհամաձայնությունը հրահրեց Ջեքսոն գավառի մյուս քաղաքացիներից շատերին պահանջել Սրբերի վտարումը երկրից։

1833 թվականի հուլիսի 20-ին Ջեքսոն գավառի քաղաքացիներից բաղկացած մի ամբոխ դատարանի դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հակառակվեց Եկեղեցու տեղի ղեկավարներին և պահանջեց, որ Սրբերը փակեն իրենց տպարանն ու խանութը և հեռանան գավառից: Եկեղեցու ղեկավարները հրաժարվեցին, ուստի ամբոխը ոչնչացրեց Եկեղեցու տպարանը և ձյութով ու փետուրներով պատեցին Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին ու եկեղեցու անդամ Չարլզ Ալենին: Երեք օր անց ամբոխը սպառնաց հետագա բռնություններով: Սպառնալիքի ներքո Եկեղեցու տեղի ղեկավարները ստիպված համաձայնվեցին գարունը բացվելուն պես հեռանալ գավառից։ Սակայն, երբ Եկեղեցու ղեկավարներն ու անդամները 1833 թվականի աշնանը որոշեցին մնալ և պայքարել իրենց իրավունքների համար, ամբոխի բռնությունները շարունակվեցին:

Փարլի Պ․Պրատը պատմում է․

Բռի և անտաշ մարդկանց խմբերը շրջում էին բոլոր ուղղություններով, առանց վախի մտնելով մարդկանց տները, … վախեցնելով կանանց և երեխաներին և սպառնալով սպանել նրանց, եթե անմիջապես չփախչեն: …

… Կանայք և երեխաները փախչում էին տարբեր ուղղություններով: Մոտ հարյուր հիսուն հոգուց բաղկացած մի ամբոխ փախավ դեպի դաշտերը, որտեղ նրանք մի քանի օր թափառում էին, հիմնականում առանց սննդի և բաց [երկինքն] էր միայն նրանց ապաստարանը: Մյուս խմբերը փախան դեպի Միսսուրի գետը։ Ցրելով կանանց և երեխաներին, այդ խմբերը հետապնդում էին տղամարդկանց, կրակում էին ոմանց վրա, կապում էին, մյուսներին ծեծում, իսկ ոմանց էլ հետապնդում էին մի քանի մղոն: …

[Միսսուրի գետի] ափը երկու կողմից սկսեց լցվել լաստանավերով, որոնք բեռնված էին տղամարդկանցով, կանանցով, երեխաներով, ապրանքներով, սայլերով, արկղերով, պարենով և այլն, մինչ լաստանավն անընդհատ աշխատում էր՝ տեղափոխելով մարդկանց մյուս ափը: … Ամեն ուղղությամբ կարելի էր տեսնել հարյուրավոր մարդկանց, ոմանք իրենց վրաններում, իսկ ոմանք էլ իրենց խարույկի շուրջը, բաց երկնքի տակ, մինչդեռ հորդառատ անձրև էր գալիս։ Ամուսինները փնտրում էին իրենց կանանց, կանայք փնտրում էին իրենց ամուսիններին, ծնողները՝ իրենց զավակներին, իսկ զավակները՝ իրենց ծնողներին։ Ոմանք հաջողություն ունեցան փախչել իրենց ընտանիքի, կենցաղային ապրանքների և որոշ պարենի հետ, մինչդեռ մյուսները չկիսեցին իրենց ընկերների ճակատագիրը և կորցրին իրենց բոլոր բարիքները: …

… [Մեր] հասարակության բոլոր անդամները քշվեցին գավառից, և եգիպտացորենի դաշտերն ավերվեցին ու ոչնչացվեցին, ցորենի խրձերն այրվեցին, կենցաղային իրերը թալանվեցին, իսկ բոլոր տեսակի ունեցվածքն ու շինությունները ոչնչացվեցին: (Autobiography of Parley Parker Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 101–3)

Նկար
Սրբերը դուրս են քշվում Ջեքսոն գավառից, Միսսուրի, Ս․Ս․Ա Քրիսչենսեն

Ս․Ս․Ա Քրիսչենսեն (1831–1912), Սրբերը դուրս են քշվում Ջեքսոն գավառից, Միսսուրի, մոտ․ 1878, ներկված՝ թեմփերա ներով, մուսլին կտորի վրա, 196 x 287 սմ։ Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, Ս․ Ս․ Ա Քրիսչենսենի թոռների ընծան, 1970 թ․

Ջեքսոն գավառից դուրս են քշվել ավելի քան 1000 սրբեր, իսկ ավելի քան 200 Սրբերի տները այրվել են:

Բաժին 3

Ի՞նչը խանգարեց Սրբերին հաստատել Սիոնը Միսսուրի նահանգի Ջեքսոն գավառում:

Ջեքսոն գավառից Սրբերի բռնի վտարմանը հաջորդող ամիսներին Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց այն պատճառները, ըստ որոնց նա թույլ էր տվել, որ Իր Սրբերը հետապնդվեն և քշվեն իրենց հողերից և տներից: Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 101 և 105 բաժինների հետևյալ հատվածները, ուշադրություն դարձրեք, թե ինչ արարքներ և ինչպիսի վերաբերմունքը Սրբերին խանգարեց Սիոնը հաստատել Ջեքսոն գավառում, Միսսուրի։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․2-3, 6-8 և Վարդապետություն և Ուխտեր 105․3-6 հատվածները:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Վերանայելով այդ հատվածները, նշեք կամ թվարկեք այն արարքներն ու վերաբերմունքը, որոնք Տերը վերջին օրերում պահանջում է այն մարդկանցից, ովքեր ցանկանում են հաստատել Սիոնը։

Բաժին 4

Ինչպիսի՞ն է Սիոնի ապագան:

Երեց Քրիստոֆերսոնն ուսուցանեց, որ Սիոնը հաստատելիս ինքներս մեզ և աշխարհին պատրաստում ենք ընդունելու Փրկիչին՝ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։

Տիրոջ վերադարձի համար այս երկրի վրա անհրաժեշտ է այն մարդկանց ներկայությունը, ովքեր պատրաստ են ընդունել Նրան Նրա գալուստի օրը: …

Հին ժամանակներում Աստված Իր մոտ վերցրեց Սիոն քաղաքը: Բայց վերջին օրերում նոր Սիոնը կդիմավորի Տիրոջը Նրա վերադարձի օրը: …

Մինչ մենք ձգտում ենք ջանասիրաբար աշխատել Սիոնը կառուցելիս, այդ թվում՝ Տիրոջ ընտրյալների հավաքման և մահացածների փրկագնման աշխատանքի մեր մասը կատարելով, մենք պետք է դադար առնենք և հիշենք, որ դա Տիրոջ գործն է, և Նա է կատարում դա: …

Այս մեծ ու վերջին դարաշրջանը հաստատուն կերպով մոտենում է իր գագաթնակետին՝ երկրի վրա կառուցվող Սիոնին, Փրկիչի փառավոր վերադարձի ժամանակ միավորվելով վերևում գտնվող Սիոնի հետ: … Եկեք կառուցենք Սիոնը, որպեսզի արագացնենք այդ օրը: (Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2012թ․, 82-84)։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ եք անում, որպեսզի կառուցեք Սիոնը, երբ պատրաստվում եք Տիրոջ Երկրորդ Գալուստին։ Ուրիշ ի՞նչ կարող եք անել: