Ինստիտուտ
Դաս 14. Դասարանի նախապատրաստական նյութ. Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն


«Դաս 14. Դասարանի նախապատրաստական նյութ. Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

երիտասարդ աղջիկներն ուսումնասիրում են սուրբ գրությունները

Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ

Տերը հայտնում է ևս մեկ սուրբ գրություն

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նշել է. «[Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով] մենք ստացել ենք սուրբ գրությունների ավելի շատ լրացուցիչ էջեր, քան որևէ այլ մարգարեից» («Բաց մի թողեք ալիքի վրա լինելու հնարավորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 47): Սուրբ գրությունները, որոնք Տերն ի հայտ բերեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, համոզիչ վկայություն են տրամադրում որպես մարգարե նրա աստվածային կոչման մասին։ Ուսումնասիրելիս դիտարկեք, թե լրացուցիչ սուրբ գրությունն ինչպե՞ս է ամրապնդել ձեր հասկացողությունն ու վկայությունը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ավետարանի մասին:

Բաժին 1

Ի՞նչ կարծիք ունենք շարունակվող հայտնության և լրացուցիչ սուրբ գրությունների վերաբերյալ։

Պատասխանելով Չիկագոյի թերթի խմբագրին, ով հարցրել էր Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համոզմունքների մասին, Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո հանգանակ 1.9):

Ապրող մարգարեների միջոցով ստացվող շարունակվող հայտնության վերաբերյալ այս հավատը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հատկանշական վարդապետությունն է: Ի լրումն Աստվածաշնչի, մենք կարևոր ճշմարտություններ ենք սովորում Մորմոնի Գրքից, Վարդապետություն և Ուխտերից և Թանկագին Մարգարիտից, որոնք մենք համարում ենք սուրբ գրություններ:

Բացի Աստվածաշնչյան շատ հատվածներ հստակեցնելուց, Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նաև վերականգնում է շատ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ, որոնք կորսվել էին դարերի ընթացքում:

Բաժին 2

Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը ինչպե՞ս կարող է օրհնել իմ կյանքը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է. «Եկեղեցու պատմության այդ վաղ օրերում մեծ ցանկություն կար ստանալու Տիրոջ խոսքը բոլոր բաների վերաբերյալ, որն ինչ-որ կերպ առնչվում էր մեր փրկության հետ» (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume A-1, 146, josephsmithpapers.org)։ Տերը ողորմածորեն և հաճախակի պատասխանում էր այս ցանկություններին հայտնության միջոցով:

Հայտնությունը, որը տրվել է Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու կազմավորման ժամանակ, Ջուդիթ Ա. Մեհր

Եկեղեցու կազմավորումից մեկ ու կես տարի անց Հայրամում (Օհայո) տեղի ունեցող համաժողովի ժամանակ Մարգարեն առաջարկեց երեցներին կազմել և հրատարակել այն հայտնությունները, որոնք Տերը տվել էր: Այդ կերպ հայտնությունները հասանելի կլինեին Եկեղեցու բոլոր անդամներին և կօգնեին միսիոներական աշխատանքին: Այդ համաժողովի ժամանակ Եկեղեցու անդամները հայտարարեցին, որ հայտնությունները «արժեն … աշխարհի բոլոր հարստությունները» (Minute Book 2, 18, josephsmithpapers.org): Կարճ ժամանակ անց հայտնությունները հրատարակվեցին մեկ հատորով, որը կոչվում էր Պատվիրանների Գիրք: Ավելի ուշ այս և այլ լրացուցիչ հայտնություններ հրատարակվեցին որպես Վարդապետություն և Ուխտեր գիրքը:

Վարդապետություն և Ուխտերի նախաբանը օգնում է մեզ հասկանալ, թե հայտնությունների հավաքումն ինչու է այդքան արժեքավոր. «Պատգամները, զգուշացումներն ու հորդորները ողջ մարդկության օգտի համար են և պարունակում են հրավեր՝ բոլոր մարդկանց համար, ամենուրեք, լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ձայնը, որը խոսում է իրենց հետ՝ իրենց մահկանացու բարեկեցության և հավիտենական փրկության համար» (Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 18.34–36):

Երեցների համաժողովի ընթացքում Ջոզեֆը ստացավ հայտնություն, որն այժմ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 1­ում: Դա Տիրոջ սեփական նախաբանն էր հայտնություններին:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.17, 21-23, 37-ը:

պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք այն մասին, թե Տերն ինչպես է խոսել ձեզ հետ Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության միջոցով: Վարդապետություն և Ուխտերից գտեք որևէ սուրբգրային հատված, որն ամրապնդել է ձեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Դասարան եկեք պատրաստված՝ այս հատվածով կիսվելու համար։

Բաժին 3

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և Թանկագին Մարգարիտը ի՞նչ են ավելացնում Փրկիչի և Նրա ավետարանի մասին իմ հասկացողությանը:

Ջոզեֆ Սմիթն իմաստություն է փնտրում Աստվածաշնչում, Դեյլ Քիլբորն

Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր ողջ կյանքում միշտ մեծ սեր է ցուցադրել Աստվածաշնչի հանդեպ: Սակայն նա տեղյակ էր, որ տեքստի հետ կապված խնդիրներ կային: Նա ասել է.

Մարգարե Ջոզեֆ Սմիթը

Ես հավատում եմ Աստվածաշնչին, ինչպես այն կարդացվել է բնագիրը գրչով գրողների ժամանակ։ Անգիտակ թարգմանիչները, անզգույշ տպագրիչները կամ կազմող ու խեղաթյուրող քահանաները կատարել են բազմաթիվ սխալներ։ (Ե(կեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 207)

1830թ. ամռանը Ջոզեֆ Սմիթը սկսեց Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանությունը: Նա չթարգմանեց Աստվածաշունչը մի լեզվից մյուսը, ոչ էլ բնօրինակ աստվածաշնչյան ձեռագրերն ուներ, որոնցից կթարգմաներ: Դրա փոխարեն Ջոզեֆը կարդացել և ուսումնասիրել էր հատվածներ Աստվածաշնչի Հակոբ Թագավորի Տարբերակից, իսկ հետո ուղղումներ ու լրացումներ էր կատարել Սուրբ Հոգու ոգեշնչմամբ։

Մարգարեի ոգեշնչված վերանայումների հատվածներ կարելի է գտնել Աստվածաշնչի որոշ հրատարակությունների ծանոթագրություններում և հավելվածներում և Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org:)

Թանկագին Մարգարիտը ոգեշնչված տեքստերի հավաքածու է, որը հստակեցնում և ավելացնում է ավետարանի մեր հասկացողությունը: Մովսեսի գիրքը կազմված է Աստվածաշնչի Ծննդոց գրքի առաջին վեց գլուխների Ջոզեֆ Սմիթի թարգմանության հատվածներից: ՋՈզեֆ Սմիթ-Մատթեոսը Նոր կտակարանից Մատթեոսի 23 և 24 գլուխների Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մի մասն է: Ջոզեֆ Սմիթ–Պատմությունը և Հավատո Հանգանակը Ջոզեֆի վկայության և համոզմունքների հայտարարության հատվածներ են:

Թանկագին Մարգարիտը պարունակում է նաև Հայրապետ Աբրահամի մի քանի գրվածքները: 1835թ.-ի ամռանը Մայքլ Չենդլեր անունով մի մարդ եկավ Կիրթլենդ (Օհայո), ով իր հետ ուներ չորս մումիաներ և Թեբսում (Եգիպտոսում) հայտնաբերված բազմաթիվ հին պապիրուսների գլանակներ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը զննեց պապիրուսի գլանակները և «որոշ նշաններ և հիերոգլիֆներ» թարգմանելուց հետո հայտարարեց, որ «փաթեթներից մեկը պարունակում էր Աբրահամի գրվածքները, իսկ մյուսը՝ Եգիպտացի Հովսեփի գրվածքները» (History, 1838–1856, volume B-1 [1 September 1834–2 November 1838], 596): Եկեղեցու անդամների օգնությամբ Մարգարեն գնեց մումիաները, պապիրուսի երկու գլանակներ և պապիրուսի մի քանի հատվածներ: Աստծո պարգևով և զորությամբ նա թարգմանեց Աբրահամի գրվածքների մի մասը, իսկ ավելի ուշ դրանք սկզբում հրատարակեց Եկեղեցու Ժամանակներ և եղանակներ թերթում՝ որպես Աբրահամի գիրքը:

պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունում կամ Թանկագին Մարգարիտում գտեք սուրբ գրության որևէ հատված, որը խորացրել է Փրկիչի ավետարանի ձեր հասկացողությունը: Եթե չեք կարող հիշել որևէ մեկը, կարող եք հետևյալ ցուցակից ընտրել մեկը: Դասարան եկեք պատրաստված՝ ձեր հատվածով կիսվելու համար, և ասեք, թե ինչու եք ընտրել այն։

Բաժին 4

Ի՞նչ է Աբրահամի Գիրքը։

պապիրուսի հատվածներ

Աբրահամի գիրքը սուրբ գրությունների գիրք է, որը պատմում է այս մարգարեի կյանքի վաղ շրջանի մասին իր սեփական բառերով: Այն պատմում է նրա ցանկության մասին՝ «լինել արդարության հետևորդ» (Աբրահամ 1.2), պատմում է նաև վստահության մասին, որը նա դրել է Տիրոջ վրա, ով հրաշքով փրկեց նրան, երբ նրա «հայրերը» նրան զոհաբերության էին հանձնել Փարավոնի քրմի միջոցով (տես Աբրահամ 1.5–7, 30): Այս գիրքը նաև ուսուցանում է հիմնարար ճշմարտություններ, որոնք վերաբերում են՝ Աբրահամի ուխտին, նախաերկրային կյանքին, հոգիների հավերժական բնույթին, նախակարգմանը, Երկնային Խորհրդին և կյանքի նպատակին, ինչպես նաև երկրի ծրագրմանն ու արարմանը: Եվ ամենակարևորը, այն վկայում է Հիսուս Քրիստոսի, Նրա նախամահկանացու մեծության, Նրա ողորմության և Աստծո զավակներին ազատելու Նրա զորության, ինչպես նաև Երկնային Հոր ծրագրում Նրա կենտրոնական դերի մասին:

Աբրահամը նայում է երկնքին

Հետևյալ թեմաները կենտրոնանում են այն բանի վրա, թե մենք ինչ գիտենք և չգիտենք Աբրահամի գրքի ի հայտ գալու մասին:

Աբրահամի գիրքը և հին աշխարհը

Աբրահամի գիրքը զարմանալիորեն համապատասխանում է այն ամենին, ինչ գիտնականները սովորել են հին աշխարհի մասին: Այս գիտելիքներից մի քանիսը դեռ չէին բացահայտվել կամ շատ հայտնի չէին Ջոզեֆ Սմիթի ժամանակներում: Օրինակ, մի ժամանակ կարծում էին, որ Եգիպտացիները չէին կիրառել մարդկային զոհաբերությունը, ինչպես նկարագրված է Աբրահամի գրքում (տես Աբրահամ 1.8–15, «Վերատպում Աբրահամի գրքից», Թիվ 1): Վերջին պատմական բացահայտումները հաստատում են, որ նրանք կատարում էին զոհաբերություններ, և դրանք ուղղված էր նրանց դեմ, ովքեր կասկածի տակ էին առնում եգիպտական կրոնական սովորույթները, ինչպես Օնիտայի դուստրերը Աբրահամ 1.11 հատվածում:

Գիտնականները նաև պարզել են, որ զոհաբերություններ կատարվում էին ոչ միայն Եգիպտոսում, այլև Եգիպտոսի ազդեցության տակ գտնվող տարածքներում (տես Աբրահամ 1.1, 5–11): Աբրահամի գիրքը հղում է կատարում «Օլիշեմի հարթավայրին», որը գտնվում է Ուր և Խառան երկրների մոտ (տես Աբրահամ 1.10): Այս վայրի անունը որևէ մեկին հայտնի չէր Ջոզեֆ Սմիթի ժամանակներում: Սակայն այդ ժամանակից հայտնաբերված հնադարյան տեքստերը վկայաբերում են Օլիշեմ կոչված տեղանունը՝ Խառան քաղաքի մոտ, որը կարող էր լինել Աբրահամի գրքում նշված քաղաքը: Բազմաթիվ հնադարյան տեքստեր նույնպես վկայում են, որ Աբրահամը եգիպտացիներին սովորեցնում էր օգտագործել աստղագիտություն (տես Աբրահամ 3.1–15, «Վերատպում», Թիվ 3): Ուրիշ հնադարյան փաստաթղթեր պատմում են Արարման վերաբերյալ Աբրահամի տեսիլքի մասին և նկարագրում են երկնային խորհուրդը, որտեղ քննարկվում և ծրագրվում էր մարդկության արարումը (տես Աբրահամ 3.23–25, 4.26–27): Այս համընկնումները նշաններ են Աբրահամի գրքի իսկության վերաբերյալ:

Ավելի շատ տվյալներ ձեռք բերելու համար, տես նաև «Translation and Historicity of the Book of Abraham», Սուրբ գրքերի ուղեցույց, topics.ChurchofJesusChrist.org; Daniel C. Peterson, “News from Antiquity,” Ensign, Jan. 1994, 16–21; and Kerry Muhlestein, “Egyptian Papyri and the Book of Abraham: A Faithful, Egyptological Point of View,” in Robert L. Millet, ed., No Weapon Shall Prosper: New Light on Sensitive Issues (2011), rsc.byu.edu:

Եգիպտական պապիրուս

Ջոզեֆ Սմիթի մահից հետո նրա ընտանիքը, ի վերջո, վաճառեց մումիաներն ու պապիրուսները: Պապիրուսների մեծ մասը հավանաբար ոչնչացան 1871թ. Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ: Սակայն 1967թ. Նյու Յորքի Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանը Եկեղեցուն նվիրաբերեց պապիրուսի հատվածներ, որոնք մի ժամանակ պատկանել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այս վերականգնված հատվածները թվագրվում են Քրիստոսի ծնունդից մի քանի դար առաջ՝ Աբրահամից շատ ժամանակ անց:

Քննադատները փորձել են օգտագործել պապիրուսի հատվածների թվագրումը՝ Աբրահամի գրքի իսկությունը կասկածի տակ դնելու համար: Սակայն պապիրուսի հատվածները չպետք է թվագրվեն Աբրահամի ժամանակին, որպեսզի Աբրահամի գիրքը իսկական համարվի: Հնադարյան հիշատակարանները հաճախ փոխանցվում էին որպես կրկնօրինակներ կամ որպես կրկնօրինակների կրկնօրինակներ։ Օրինակ Աստվածաշնչի գրքերի պահպանված ամենահին ձեռագրերը թվագրվում են դրանց սկզբնական ստեղծման ժամանակներից հետո եկող դարերին (տես John Gee, A Guide to the Joseph Smith Papyri [2000], 23–25, scholarsarchive.byu.edu; Kerry Muhlestein, “Egyptian Papyri and the Book of Abraham: Some Questions and Answers,” Religious Educator, vol. 11, no. 1 [2010], 91–108):

Որոշ անհատներ քննադատում են Աբրահամի գիրքը նաև նրա համար, որ պապիրուսի հատվածների ժամանակակից թարգմանությունները, որոնք պարունակում են հին եգիպտական հուղարկավորության ծիսակարգերի մասին տեքստեր, չեն համապատասխանում Աբրահամի գրքի տեքստին: Սրա համար կարող են լինել մի քանի հնարավոր պատճառներ:

Պապիրուսի հատվածներից մեկը պարունակում է այն պատկերի մի մասը, որը հիմա Վերատպում 1-ն է Աբրահամի գրքում: Ոմանք ենթադրում են, որ հնարավոր է, այս պատկերին կից տեքստը եղել է այն աղբյուրը, որից Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Աբրահամի Գիրքը: Սակայն եգիպտական պապիրուսներում կարելի է գտնել պատկերներ, որոնք որոշ չափով տարբերվում են այն տեքստից, որը նկարագրում է դրանք: Ականատեսները նկարագրել են «պապիրուսի վրա գրված մեծ քանակությամբ գրառումներ», որոնք պարունակում են պապիրուսի «երկար կամ բազմաթիվ գլանակներ» (տես John Gee, An Introduction to the Book of Abraham [2017], 5): Թարգմանելիս Մարգարե Ջոզեֆ Սմիթը գուցե աշխատում էր ձեռագրերի այնպիսի մասերի հետ, որոնք հետագայում ոչնչացվել են։ Այսպիսով, մենք չգիտենք, թե թարգմանելիս պապիրուսի որ բաժինն է օգտագործել Ջոզեֆը:

Մյուսները ենթադրում են, որ Աբրահամի գիրքը կամ դրա մասերը հավանաբար չեն առաջացել պապիրուսի բառացի թարգմանությունից: Համաձայն այս տեսակետի, Ջոզեֆի կողմից եգիպտական մեհենագրերի ուսումնասիրությունը հանգեցրել է հայտնության, որոնք վերաբերում են Աբրահամի կյանքի կարևոր իրադարձություններին և ուսմունքներին. սա նման է այն եղանակին, որով Մարգարեն ստացավ Մովսեսի գիրքը, մինչ ուսումնասիրում էր Աստվածաշունչը: Ո՛չ Տերը, ո՛չ էլ Ջոզեֆ Սմիթը չեն մեկնաբանել, թե ինչպես է թարգմանվել Աբրահամի գիրքը:

Աստծո վկան

Աբրահամի գիրքը պարգև է Աստծուց։ Ինչպես բոլոր մյուս սուրբ գրությունների դեպքում, Աբրահամի գրքի բովանդակության ճշմարտացիության մասին համոզմունքը ևս, նախ և առաջ հիմնված է հավատքի վրա: Գրքի ուսմունքների մասին աստվածային վկայությունը, որը ձեռք է բերվում աղոթքով ուսումնասիրության շնորհիվ, ինչպես նաև Սուրբ Հոգուց տրված հայտնությամբ, ամենամեծ վկայությունն է, որ այն ճշմարիտ է: Առաջին Նախագահությունում ծառայելիս Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը վկայել է. «Գոյություն ունի ճշմարտության միայն մեկ աղբյուր, որը կատարյալ է, ճիշտ և անկաշառ: Այդ աղբյուրը մեր անսահման իմաստուն և ամենագետ Երկնային Հայրն է» (“What Is Truth?” [Brigham Young University devotional, Jan. 13, 2013], 5, speeches.byu.edu):