Ինստիտուտ
Դաս 7․ Ուսուցչի նյութ. Քահանայության վերականգնումը


«Դաս 7․ Ուսուցչի նյութ. Քահանայության վերականգնումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 7․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 7․ Ուսուցչի նյութ

Քահանայության վերականգնումը

Ուրացության ժամանակաշրջանից հետո Աստծո քահանայության իշխանությունը վերականգնվեց Երկրի վրա։ Այդ վերականգնումն ուղի նախապատրաստեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորման համար։ Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, թե ինչու է քահանայությունը կարևոր Տիրոջ Եկեղեցու համար, և ինչպես են արարողությունները թույլ տալիս, որ մենք ստանանք Փրկիչի զորությունը:

Ուսուցման առաջարկներ

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեսեք ձեր ուսանողներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ։ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ուսուցանել է․ «Մենք պարտավոր ենք մարդկանց տեսնել ոչ թե այնպես, ինչպիսին նրանք ներկայումս են, այլ այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ» (««Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 70)։ Աղոթեք, որ կարողանաք ձեր ուսանողներին տեսնել այնպես, ինչպես Երկնային Հայրն է տեսնում նրանց: Այդպես վարվելով, դուք կհասկանաք յուրաքանչյուր ուսանողի արժեքը և կզգաք Երկնային Հոր սերն ու հոգածությունը Իր յուրաքանչյուր զավակի համար:

Քահանայությունը կարևոր է Տիրոջ եկեղեցու համար:

Կարող եք ուսանողների ժամանելուց առաջ փակցնել հետևյալ հարցը, այնուհետև դասը սկսելուց հետո խնդրեք նրանց, որ կիսվեն իրենց մտքերով այդ մասին։

  • Ե՞րբ եք վերջերս օրհնված զգացել քահանայության շնորհիվ:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը հետևյալ վարդապետության մասին.

Աստծո քահանայությունը իր բանալիներով, իր արարողություններով, իր աստվածային ծագումով և այն, ինչ կապված է երկրի վրա, երկնքում կապելու կարողությամբ, Աստծո ճշմարիտ Եկեղեցու համար նույնքան կարևոր է, որքան և եզակի, և առանց դրա չէր լինի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ (Jeffrey R. Holland, “Our Most Distinguishing Feature,” Ensign or Liahona, May 2005, 43, մգեցված շեղագիրն ավելացված է)։

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են առանձնացել ձեզ համար Երեց Հոլլանդի հայտարարության մեջ։ Ինչո՞ւ:

Ուսանողների կարծիքներն ու քննարկումները վարելու ընթացքում կարող եք օգտագործել հետևյալ թեմաներից և հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ Երեց Հոլլանդի հայտարարության մի քանի կետեր: Միգուցե օգտակար կլինի մանրակրկիտ քննարկել մեկ կամ երկու հարցեր, քան՝ փորձել լուսաբանել բոլոր հարցերը։ Ձեր քննարկումը կարող է զարգանալ, երբ ուսանողները նաև կիսվեն իրենց մտքերով այն մասին, թե ինչ են սովորել նախապատրաստական նյութից։

Նշում․ Այս դասի երկրորդ կեսի ժամանակ դուք կքննարկեք արարողությունները։ Մի մոռացեք բավարար ժամանակ թողնել այդ քննարկման համար, որպեսզի ուսանողները կարողանան ավելի լավ ճանաչել և հասկանալ արարողությունների կարևորությունը:

Քահանայությունը կարևոր է Տիրոջ եկեղեցու համար (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է քահանայությունը կարևոր Տիրոջ եկեղեցու համար: Ի՞նչ գիտելիքներ և բանալիներ կբացակայեին, եթե քահանայությունը չվերականգնվեր:

  • Ինչպե՞ս է քահանայությունը կարևոր ձեր կյանքում։

Քահանայությունն ունի աստվածային ծագում (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը

  • Ինչպե՞ս է քահանայությունը վերականգնվել:

  • Ի՞նչ է ուսուցանում քահանայության վերականգնումը ձեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Քահանայության բանալիները կարևոր են Տիրոջ եկեղեցու համար (տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը

  • Որո՞նք են քահանայության բանալիները:

  • Քահանայության բանալիներն ինչպե՞ս են օրհնություն դարձել ձեր կյանքում:

Երբ ուսանողները կիսվեն փորձով և վկայություն բերեն քահանայության և դրա վերականգնման մասին, դուք կարող եք նաև կիսել ձեր երախտագիտությունն ու վկայությունն այն մասին, թե ինչպես է քահանայության վերականգնումն օրհնել ձեր անձնական կյանքը:

Քահանայության արարողությունները և ուխտերը անհրաժեշտ են մեր փրկության համար:

Բացատրեք, որ 1832 թվականի սեպտեմբերին, Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից Մելքիսեդեկյան քահանայությունը ստանալուց երկու տարի անց, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ քահանայությունը: Այդ հայտնությունը ներառում էր այն ճշմարտությունը, որ քահանայության իշխանությամբ սպասավորվող փրկող արարողություններն օգնում են, որ մենք պատրաստվենք վերադառնալ Աստծո ներկայությունը: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 84․18-22 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես են այդ արարողություններն օգնում մեզ պատրաստվել՝ վերադառնալու Աստծո ներկայութունը։

  • Ըստ այս հատվածների, ի՞նչ կարևոր օրհնություն ենք ստանում քահանայության արարողությունների միջոցով:

  • Որո՞նք են «աստվածայնության զորությունը» արտահայտության որոշ հնարավոր իմաստները: (Ուսանողների պատասխաններից հետո կարող եք առաջարկել, որ «աստվածայնություն» նշանակում է «աստվածային»: Աստվածայնության զորությունը մեզ ՝ Իր նման դարձնելու Աստծո զորությունն է):

Ցուցադրեք և կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքը և հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել «աստվածայնության զորությունը» արտահայտության հնարավոր իմաստներին։

Քահանայության արարողությունները բացում են դուռը և հնարավորություն են տալիս ստանալ աստվածայնության զորությունը: .… Մարդկային միտքն ու մահկանացու լեզուն պարզապես չեն կարող ճշգրիտ կամ համարժեք բնութագրել «աստվածայնության զորությունը» սուրբգրային արտահայտության իմաստը: Բայց Քավության օրհնությունների ամբողջությունը՝ փրկագնումը մեղքից, բարիք գործելու և լավը դառնալու ուժը, անձնական խաղաղության հոգևոր պարգևը, փոխհատուցվող ունակությունները, որոնք օգնում են մեզ դիմագրավել հիասթափությանը, անարդարությանը, անհավասարությանը և այլն, անշուշտ, կազմում են աստվածայնության զորության գոնե մի մասը: … Փրկիչին մոտենալու համար անհատը նախ պետք է անցնի մկրտության դարպասը և ստանա Սուրբ Հոգու պարգևը, իսկ այնուհետև շարունակի առաջ ընթանալ այն ուխտերի և արարողությունների ճանապարհով, որը տանում է դեպի Փրկիչը և Նրա Քավության օրհնությունները (տես 2 Նեփի 31)։ Քահանայության արարողությունները անհրաժեշտ են, որպեսզի լիովին «[գանք] Քրիստոսի մոտ և կատարելագործվե[նք] նրանում» (Մորոնի 10․32, տես նաև 30–33 հատվածները)։ Առանց արարողությունների անհատը չի կարող ստանալ Տիրոջ անսահման և հավերժական քավիչ զոհաբերության միջոցով հնարավոր բոլոր օրհնությունները (տես Ալմա 34․10–14), նույնիսկ՝ աստվածայնության զորությունը։ (David A. Bednar, Power to Become [2014], 75–77)։

  • Մենք ի՞նչ ենք սովորում Երեց Բեդնարի հայտարարությունից «աստվածայնության զորության» մասին։ Մենք ի՞նչ ենք սովորում քահանայության արարողությունների նպատակի մասին։ (Ուսանողների խոսքերի օգնությամբ գրեք կամ ցուցադրեք նմանատիպ մի ճշմարտություն․ Քահանայության արարողությունների և ուխտերի միջոցով մենք կարող ենք ստանալ Տիրոջ Քավության օրհնությունները, ինչը մեզ զորություն է տալիս դառնալ Աստծու նման):

  • Ձեր կարծիքով ինչպե՞ս են Ահարոնյան և Մելքիսեդեկյան հատուկ արարողությունները մեզ կապում Փրկիչի Քավության օրհնությունների հետ։ (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին ժամանակ տվեք վերանայել նախապատրաստական նյութի 3-րդ բաժնի պնդումները):

Ուսանողներին տվեք մի քանի րոպե՝ վերհիշելու այն քահանայության արարողությունները, որոնց նրանք վերջերս են մասնակցել։ Խնդրեք նրանց մտաբերել իրենց ունեցած զգացումները և մտածել այն մասին, թե այդ արարողություններն ինչ են նշանակում նրանց հավերժական առաջընթացի համար։ Այնուհետև ցուցադրեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները մտածեն դրանց մասին․

  • Ո՞ր արարողությունը կարող է ավելի իմաստալից դառնալ ձեզ համար, երբ կիրառեք այն, ինչ այսօր սովորել եք: (Խրախուսեք ուսանողներին գրել և գործել իրենց տպավորությունների համաձայն):

  • Ի՞նչ եք դուք սովորել և զգացել այսօր, որը մեծացրել է քահանայության արարողություններին մասնակցելու ձեր ցանկությունը:

Անհրաժեշտության դեպքում հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, թե ինչպես են քահանայության իշխանությունը, բանալիներն ու արարողություններն օգնել նրանց զգալ Երկնային Հոր սերը:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ դեր է խաղում Եկեղեցին իրենց կյանքում: Երբ նրանք ուսումնասիրեն հաջորդ դասի նախապատրաստական նյութը, խրախուսեք նրանց ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք Տերը հասանելի է դարձնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամներին: