2018
«Լինել նրանց հետ և ամրապնդել նրանց»

«Լինել նրանց հետ և ամրապնդել նրանց»

Այսօր մենք աղոթում ենք, որ տղամարդիկ և կանայք այս գերագույն համաժողովից հետո լրջորեն պարտավորվեն սրտանց հոգ տանել միմյանց մասին:

Ռալֆ Վալդո Էմերսոնի խոսքերով կյանքի ամենահիշարժան պահերը նրանք են, երբ մենք հայտնության պոռթկում ենք զգում:1 Նախագահ Նելսոն, չգիտեմ, թե այդպիսի քանի «պոռթկում» դեռ կունենանք այս շաբաթ: Մեզանից ոմանք թույլ սիրտ ունեն: Բայց իմ կարծիքով, դուք այդ մասին էլ կարող եք հոգ տանել: Ինչպիսի՜ մարգարե:

Անցյալ երեկո և այս առավոտյան Նախագահ Նելսոնի կողմից հնչեցրած հրաշալիհայտարարությունների և վկայությունների ոգով ես բերում եմ իմ անձնական վկայությունը, որ այս հայտարարությունները հայտնության օրինակներ են, հայտնության՝ որը ղեկավարել է այս Եկեղեցին ամենասկզբից: Դրանք ևս ապացույցներ են, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը իր ժամանակին:2

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ծանոթանալ մանրամասներին, խնդրում եմ իմացեք, որ համաժողովի այս նիստի ավարտից անմիջապես հետո կսկսվի մի գործընթաց, որի շրջանակներում ոչ պարտադիր կերպով նամակ է ուղարկվելու Առաջին Նախագահությունից Եկեղեցու յուրաքանչյուր անդամին, ում էլեկտրոնային հասցեն մենք կունենանք: Հարցերի և պատասխանների յոթ էջանոց փաստաթուղթ է կցվելու քահանայության և օժանդակ կազմակերպությունների բոլոր ղեկավարների համար: Ի վերջո, այդ նյութերը հրապարակվում են անմիջապես ministering.lds.org կայքէջում: «Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք»:3

Այժմ, անդրադառնամ հրաշալի հանձնարարությանը, որը Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը տվել է ինձ և Քույր Ջին Բ. Բինգհեմին: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբ քվորումների և օժանդակ կազմակերպությունների աշխատանքը հասունանում է կազմակերպչական առումով, մենք նույնպես պետք է հասունանանք անհատապես, բարձրանալով ցանկացած մեխանիկական, զգացմունքներից զուրկ վարքագծից դեպի Փրկիչի արտահայտած սրտանց աշակերտությունը` Նրա երկրային ծառայության ավարտին: Երբ Նա պատրաստվեց հեռանալ Իր, թերևս, անմեղ և շփոթված հետևորդների փոքր խմբից, Նա չթվարկեց տասնյակ վարչական քայլեր, որոնք նրանք պիտի կատարեին, կամ չհանձնեց զանազան զեկույցներ, որոնք երեք օրինակից պիտի լրացվեին նրանց կողմից: Ո՛չ, Նա ամփոփեց նրանց հանձնարարությունը մի հիմնական պատվիրանով. «Իրար սիրէք, ինչպէս ես ձեզ սիրեցի … Սորանով կգիտենան ամենքը թե իմ աշակետներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։4

Ավետարանի այդ իդեալին մոտենալու ջանքերում, քահանայության և Սփոփող Միության այս նոր հայտարարված սպասավորության գաղափարը կներառի նաև հետևյալ տարրերը, որոնցից մի քանիսը Սփոփող Միությունն արդեն հաջողությամբ գործի է դրել:5

  • Մենք այլևս չենք օգտագործելու տնային և այցելությամբ ուսուցումների լեզուն: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասավորելու մեր ջանքերից շատերը տներում չեն լինելու, մասամբ էլ՝ այն պատճառով, որ մեր շփման առանցքը չի լինի պատրաստված դաս ուսուցանելը, թեև դասով կարելի է կիսվել, եթե դրա կարիքը կա: Այս սպասավորության գաղափարի հիմնական նպատակը կլինի, ինչպես ասել են Ալմայի օրերի մարդիկ․ «հսկ[ելը] իրենց ժողովրդի վրա և սնուց[ելը] նրանց արդարությանը պատկանող բաներով»:6

  • Հնարավորության դեպքում, մենք կշարունակենք այցելել տները, սակայն տեղական պայմանները, ինչպես օրինակ, մարդկանց մեծ քանակը, մեծ տարածությունները, անձնական անվտանգությունը և այլ դժվար իրավիճակները, կարող են խոչընդոտել ամեն ամիս յուրաքանչյուր տուն այցելելու հնարավորությանը: Ինչպես տարիներ առաջ խորհուրդ է տվել Առաջին Նախագահությունը, կատարեք լավագույնը ձեր ուժերի սահմաններում:7 Բացի ժամանակացույցից, որը կազմել եք փաստացի այցելությունների համար, այդ օրացույցին կարող եք ավելացնել հեռախոսազանգերը, գրառումները, տեքստային հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակագրությունը, տեսազրույցները, զրույցները Եկեղեցու ժողովների ժամանակ, համատեղ ծառայության ծրագրերը,հասարակական միջոցառումները և սոցիալական ցանցերում առկա բազմաթիվ հնարավորությունները: Այնուամենայնիվ, պետք է շեշտեմ, որ այս ընդարձակ դաշտը չի ներառում այն տեսակի արտահայտությունները, որը վերջերս տեսա ավտոմեքենայի հետևի թափարգելին փակցված: Գրված էր. «Եթե ազդանշանեմ՝ համարիր տնային ուսուցում»: Եղբայրնե՛ր, խնդրում եմ, (քույրերը նման բան չեն անում, ես դիմում եմ Եկեղեցու եղբայրներին), այս ճշգրտումների պայմաններում մենք պետք է շատ ավելի հոգատար և հոգալից լինենք:

  • Ավետարանի վրա ավելի շատ հիմնված սպասավորության այս նոր գաղափարով, ես զգում եմ, որ սկսում եք խուճապի մատնվել, երբ մտածում եք հաշվետվությունների մասին: Դե լավ, հանգստացեք, քանի որ չի լինելու ոչ մի հաշվետվություն, առնվազն ամեն ամսվա 31-ի` «մեծ դժվարությամբ վերջապես պատրաստվող» հաշվետվությունը: Այստեղ էլ ենք փորձում հասունանալ: Միակ պատրաստվող հաշվետվությունը լինելու է տվյալ եռամսյակում ծխում սպասավորող զուգընկերների հետ ղեկավարների վարած հարցազրույցների թվի վերաբերյալ: Թեև պարզ են հնչում, իմ ընկերներ, այդ հարցազրույցները բացարձակ կարևոր են: Առանց այդ տեղեկությունների եպիսկոպոսը ոչ մի կերպ չի կարող ստանալ անհրաժեշտ պատկերը իր ժողովրդի հոգևոր և նյութական վիճակի մասին: Հիշեք՝ սպասավորող եղբայրները ներկայացնում են եպիսկոպոսությունը և երեցների քվորումի նախագահությունը․ նրանք չեն փոխարինում դրանց: Եպիսկոպոսի և քվորումի նախագահի բանալիները այս սպասավորության գաղափարից շատ ավելի վեր են:

  • Քանի որ այս հաշվետվությունը տարբերվում է նախկինում ձեր կողմից ներկայացվողներից, թույլ տվեք շեշտել, որ մենք Եկեղեցու գլխավոր վարչությունում կարիք չունենք իմանալու, թե ինչպես, որտեղ և երբ եք հանդիպում ձեր մարդկանց հետ, մենք միայն ուզում ենք իմանալ, որ դուք դա անում եք և որ դուք օրհնում եք նրանց, ինչպես կարող եք:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, որպես Եկեղեցի մենք ունենք երկնքից տրված հնարավորություն՝ ներկայացնելու «մաքուր կրոնը, որն անարատ է Աստծո առաջ»8, «կրելու մեկ[ս] մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»9, սպասավորելու այրիներին ու հայրազուրկներին, ամուսնացածներին և միայնակներին, ուժեղներին և հուսահատներին, խեղճացածներին և առողջներին, երջանիկներին ու տխուրներին, կարճ ասած՝ բոլորիս, մեզանից յուրաքանչյուրին, քանի որ բոլորս կարիք ունենք ջերմ ընկերություն զգալու և լսելու հավատքի հստակ հայտարարությունը: Այնուամենայնիվ, ես ձեզ նախազգուշացնում եմ՝ նոր նախագիծը, ճկուն գործերը և ավելի քիչ հաշվետվությունները մեր ծառայությունը չեն փոխելու, քանի դեռ մենք դա տեսնում ենք որպես միմյանց մասին հոգատար լինելու հրավեր, ավելի համարձակ, նոր ու սրբացնող, ինչպես քիչ առաջ ասաց Նախագահ Նելսոնը: Երբ բարձրացնում ենք մեր հոգևոր աչքերը՝ սիրո օրենքով ավելի համընդհանուր կերպով ապրելու ուղղությամբ, մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն սերունդներին, ովքեր տարիներ շարունակ ծառայել են այդ ձևով: Թույլ տվեք նշել վերջերս տեղի ունեցած հույսի մի դրսևորման օրինակ, որը կօգնի մարդկանց բազմություններին ավելի լավ ըմբռնել Տիրոջ պատվիրանը՝ «լինել10 [մեր եղբայրների ու քույրերի] հետ և ամրապնդել [նրանց]»:

Անցյալ հունվարի 14-ին, կիրակի օրը, ժամը 17:00-ից մի փոքր անց, իմ երիտասարդ ընկերներ Բրեթ և Քրիստին Համբլինները զրուցում էին իրենց տանը՝ Տեմպեում (Արիզոնա)՝ Բրեթը եպիսկոպոսությունում մեկ օրվա ծառայությունից հետո, իսկ Քրիստինը՝հինգ երեխաների հետ և տնային գործերով զբաղված ծանր օրվա վերջում:

Հանկարծ Քրիստինը, ով թվում էր, թե հաջողությամբ հաղթահարել էր կրծքագեղձի քաղցկեղն անցյալ տարի, գիտակցությունը կորցրեց: 911 հեռախոսազանգից հետո ժամանեց արտակարգ իրավիճակների թիմը` ապարդյուն փորձելով կենդանացնել նրան: Աղերսելու և աղոթելու հետ մեկտեղ Բրեթը արագորեն ևս երկու հեռախոսազանգ կատարեց. մեկն իր մորը, խնդրելով օգնել պահել երեխաներին, մյուսը՝ Էդվին Փոթերին, իր տնային ուսուցչին: Վերջին զրույցն ընթացավ հետևյալ կերպ.

Էդվինը, տեսնելով զանգողի անունը, ասաց. «Բրե՞թ, ինչ է եղել»:

Բրեթի գրեթե աղաղակող արձագանքն էր. «Ես քո կարիքն ունեմ այստեղ՝ հենց հիմա՛»:

Հաշված րոպեներ անց Բրեթի քահանայության գործընկերը կանգնած էր նրա կողքին, օգնելով երեխաների հետ, ապա եղբայր Համբլինին տանելով հիվանդանոց շտապ օգնության մեքենայի հետևից, որը տեղափոխում էր նրա կնոջը: Այնտեղ, նրա աչքերը փակվելուց 40 րոպե չանցած, բժիշկներն արձանագրեցին Քրիստինի մահը:

Երբ Բրեթը լաց էր լինում, Էդվինը ուղղակի պահել էր նրան իր ձեռքերով և նրա հետ լաց էր լինում՝ երկար, երկար ժամանակ: Այնուհետև, թողնելով Բրեթին այդտեղ հավաքված ընտանիքի մյուս անդամների հետ, Էդվինը վարեց դեպի եպիսկոպոսի տուն, որ պատմի նրան կատարվածի մասին: Հրաշալի եպիսկոպոսը շտապեց հիվանդանոց, իսկ Էդվինը վարեց դեպի Համբլինների տուն: Այնտեղ նա իր կնոջ՝ Շարլոտի հետ, ով նույնպես շտապ եկավ, խաղում էին Համբլինների հինգ այժմ մայրազուրկ երեխաների հետ, որոնցից մեծը 12 տարեկան էր, իսկ փոքրը՝ 3: Նրանք կերակրեցին նրանց երեկոյան, երաժշտական համար մտածեցին փոքրիկների համար և օգնեցին պատրաստվել քնելու:

Հետագայում Բրեթն ինձ ասաց. «Այս պատմության զարմանալի մասն այն չէ, որԷդվինը եկավ, երբ ես զանգեցի: Շտապ օգնության թիմում միշտ այն մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել: Ո՛չ, այս պատմության զարմանալի մասն այն է, որ նա այն մեկն էր, ում մասին ես մտածեցի: Ուրիշ մարդիկ էլ կային շուրջս: Քրիստինը եղբայր և քույր ուներ, ովքեր երեք մղոնից էլ քիչ հեռավորության վրա էին ապրում մեզանից: Մենք հրաշալի եպիսկոպոս ունենք, նա լավագույնն է: Սակայն իմ և Էդվինի հարաբերություններն այնպիսին են, որ բնազդաբար զանգահարեցի նրան, երբ օգնության կարիք ունեի: Եկեղեցին մեզ կառուցվածքային եղանակ է առաջարկում երկրորդ պատվիրանն ավելի լավ պահելու համար` սիրել, ծառայել և զարգացնել եղբայրների ու քույրերի հետ մեր փոխհարաբերությունները, այս գործոնները կօգնեն մեզ ավելի մոտենալ Աստծուն»:11

Էդվինն այս փորձառության մասին ասաց. «Երեց Հոլլանդ, զավեշտալին այստեղ այն է, որ Բրեթը մեր ընտանիքի տնային ուսուցիչն է եղել այնքան ժամանակ, որքան ես նրանցը: Այդ ժամանակի ընթացքում նա մեզ այցելում էր ավելի շուտ որպես ընկեր, քան հանձնարարություն կատարող: Նա հրաշալի օրինակ է եղել՝ քահանայության ակտիվ և ներգրավված կրողի մարմնավորում: Մենք՝ կինս, մեր տղաները, նրան չենք ընկալում որպես պարտավորված մեկի, որ յուրաքանչյուր ամսվա վերջում ուղերձով այցելում է մեզ։ Մենք նրան տեսնում ենք որպես ընկերոջ, ով ապրում է նույն փողոցում և ամեն ինչ կանի մեզ օրհնելու համար: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ մի փոքր վարձահատույց լինել նրան իր արածի դիմաց»:12

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես միանում եմ ձեզ՝ողջունելով ցանկացած տարածքային ուսուցչի, ծխի ուսուցչի, տնային և այցելող ուսուցիչներին, ովքեր մեր ողջ պատմության ընթացքում այդքան հավատարմորեն սիրել և ծառայել են այս կերպ: Այսօր մենք աղոթում ենք, որ տղամարդիկ և կանայք, ինչպես նաև մեր մեծ տարիքի երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք այս գերագույն համաժողովից հետո լրջորենպարտավորվեն սրտանց հոգ տանել միմյանց մասին, մղվելով միմիայն Քրիստոսի մաքուր սիրով: Թեև մենք սահմանափակումների և անհամապատասխանության զգացում ունենք, և բոլորս ունենք մարտահրավերներ, այնուամենայնիվ, կարող ենք աշխատել կողք կողքի՝ այգու Տիրոջ հետ,13 տալով Աստծուն և մեր Հորը մեր օգնող ձեռքը Նրա փայլուն հանձնարարության մեջ՝ պատասխանել աղոթքներին, մխիթարել, սրբել արցունքները և ամրապնդել թուլացած ծնկները:14 Եթե այդպես անենք, ավելի նման կլինենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին, ինչպիսին պիտի լինենք: Այս Զատիկի կիրակի օրը, եկեք սիրենք մեկս մյուսին, ինչպես Նա սիրեց մեզ15, ես աղոթում են Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: