2018
Տե՛ս, արքայական զորքը
նախորդ հաջորդ

Տե՛ս, արքայական զորքը

Ինչպիսի՞ ուրախություն կլինի, որ բոլոր Մելքիսեդեկյան քահանայության կրողներն ունենան համատեղ ուսուցանելու, սովորելու և ծառայելու օրհնությունը։

Քահանայության իմ սիրելի՛ եղբայրներ, մեծ խոնարհություն եմ զգում, կանգնելով ձեր առաջ այս պատմական առիթով, մեր թանկագին մարգարե և Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հանձնարարությամբ։ Շատ սիրում և աջակցում եմ Աստծո այս մարդկանց՝ որպես մեր նոր Առաջին Նախագահություն։ Իմ վկայությունն եմ ավելացնում Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի և Տասներկու Առաքյալների քվորումի իմ մյուս եղբայրների վկայությանը, որ այս երեկո հայտարարված փոփոխությունները Աստծո կամքով են։

Ինչպես նշեց Նախագահ Նելսոնը, Եկեղեցու ավագ Եղբայրները երկար ժամանակ աղոթքով խորհել ու քննարկել են այդ հարցերը։ Նպատակ է եղել փնտրել Տիրոջ կամքը և ամրապնդել Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները։ Արդյունքում ոգեշնչում է եկել, և այսօր երեկոյան մեր մարգարեն հայտնի դարձրեց Տիրոջ կամքը։ «Որովհետեւ Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չյայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»:1 Որքան օրհնված ենք մենք, որ այսօր ունենք ապրող մարգարե:

Մեր կյանքի ընթացքում ես և քույր Ռասբանդը աշխարհով մեկ ճամփորդել ենք Եկեղեցական և մասնագիտական տարբեր հանձնարարություններով։ Ես տեսել եմ եկեղեցական միավորների գրեթե ամեն տեսակի կազմաձև․ Ռուսաստանում՝ փոքր ճյուղ, որտեղ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների թիվը կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, Աֆրիկայում՝ նոր և աճող ծուխ, որտեղ քահանայապետերն ու երեցները միասին են հավաքվում, քանի որ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների ընդհանուր թիվը ցածր է, և լավ հաստատված ծխեր, որտեղ երեցների թվի մեծության պատճառով անհրաժեշտ է եղել քվորումը բաժանել երկու քվորումների:

Ամեն տեղ, ուր գնացել ենք, մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Տիրոջ աջակցությունը գնացել Նրա ծառաներից առաջ, նախապատրաստելով մարդկանց, ինչպեսև ճանապարհ պատրաստելով, որպեսզի Նրա բոլոր զավակները օրհնվեն՝ ըստ իրենց կարիքների: Մի՞թե Նա չի խոստացել, որ «[կգնա մեր] առջևից և կլինի [մեր] աջ կողմում և [մեր] ձախ կողմում, և որ [Նրա] Հոգին [կլինի մեր] սրտերում, և [Նրա] հրեշտակները՝ [մեր] շուրջը»:2

Մտածելով բոլորիդ մասին, ես վերհիշում եմ հետևյալ հիմնը․ «Տե՛ս, արքայական զորքը»։

Տե՛ս, արքայական զորքը,

Դրոշով, սուր ու վահանով

Անցնում է հաղթական երթը,

Կյանքի ռազմի դաշտով։

Շարքերը, ռազմիկները

Միաբան են, քաջ, ուժով,

Զորագլխին հետևում են

Իրենց ուրախ երգով։3

Երեց Քրիստոֆերսոնը պատասխանեց մի քանի հարցերի, որոնք, համոզված եմ, կառաջանան, երբ հայտարարվեց, որ քահանայապետերի խմբերն ու երեցների քվորումները ծխի մակարդակով կմիավորվեն որպես Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրների մեկ միաբան, հզոր բանակ:

Այս կանոնակարգումները կօգնեն երեցների քվորումներին և Սփոփող Միություններին ներդաշնակեցնել իրենց աշխատանքը: Դրանք կհեշտացնեն քվորումների համագործակցությունը եպիսկոպոսության և ծխի խորհրդի հետ: Եվ եպիսկոպոսին հնարավորություն կտան ավելի շատ պատասխանատվություններ հաձնարարել երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահներին, որպեսզի եպիսկոպոսը և նրա խորհրդականները կարողանան կենտրոնանալ իրենց առաջնային պարտականությունների վրա, մասնավորապես, ղեկավարելով երիտասարդ կանանց և Ահարոնյան Քահանայություն կրող երիտասարդ տղամարդկանց:

Փոփոխությունները արտասովոր բան չեն Եկեղեցու կազմակերպություններում ու նրանց գործառույթներում։ 1883 թվականին Տերն ասաց Նախագահ Ջոն Թեյլորին. «[Ինչ վերաբերում է իմ Եկեղեցու և Քահանայության կառավարմանն ու կազմակերպությանը … ժամանակ առ ժամանակ, իմ նշանակած հայտնության աղբյուրներով ես ձեզ կհայտնեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմ եկեղեցու ապագա զարգացման և կատարելագործման համար, որն անհրաժեշտ կլինի իմ թագավորության կանոնավորման ու առաջընթացի համար»:4

Այժմ մի քանի խոսք ձե՛զ, եղբայրնե՛ր, որ քահանայապետեր եք․ իմացեք, որ մենք սիրո՛ւմ ենք ձեզ: Մեր Երկնային Հայրը սիրում է ձեզ։ Դուք արքայական քահանայության այրուձին եք, և մենք չենք կարող առաջ տանել այս աշխատանքը առանց ձեր բարության, ծառայության, փորձառության ու արդարակեցության։ Ալման ուսուցանել է, որ տղամարդիկ կոչվում են քահանայապետեր իրենց մեծ հավատքի ու բարի գործերի շնորհիվ, որպեսզի ուսուցանեն ու ծառայեն մարդկանց։5 Այդ փորձառության կարիքը թերևս ավելի մեծ է այժմ, քան երբևէ եղել է։

Շատ ծխերում մենք, հնարավոր է, ունենանք քահանայապետեր, որոնք հնարավորություն ունեն ծառայելու երեցի նախագահության ներքո՝ որպես քվորումի նախագահ: Մենք ունենք նախադեպը, երբ երեցները նախագահում են քահանայապետերին․ Կան երեցներ, որ ներկայումս ծառայում են որպես ճյուղերի նախագահներ աշխարհի մի շարք շրջաններում, որտեղ ճյուղի սահմաններում քահանայապետեր են բնակվում և կան ճյուղեր, որտեղ միայն երեցների քվորում կա կազմավորված, որի կազմում քահանայապետեր կան:

Ինչպիսի՞ ուրախություն կլինի, որ բոլոր Մելքիսեդեկյան քահանայության կրողներն ունենան ծխի բոլոր անդամներին համատեղուսուցանելու, սովորելու և ծառայելու օրհնությունը։ Որտեղ էլ լինեք, ինչ հանգամանքներում էլ լինեք, մենք հրավիրում ենք ձեզ աղոթքով, հավատարմությամբ և ուրախությամբ ընդունել առաջնորդելու կամ առաջնորդվելու և որպես քահանայության եղբայրների մեկ մարմին միաբան ծառայելու նոր հնարավորությունները:

Այժմ ես կանդրադառնամ լրացուցիչ հարցերի, որոնք, հնարավոր է, պարզաբանման կարիք ունենան, մինչ առաջ ենք ընթանում սուրբ քահանայության Իր քվորումների կազմավորման Տիրոջ կամքը իրականացնելիս:

Որո՞նք են ճշգրտումները ցցի քահանայապետերի քվորումի համար։ Ցցի քահանայապետերի քվորումները կշարունակեն գործել։ Ցցերի նախագահությունները կշարունակեն ծառայել որպես ցցի քահանայապետերի քվորումների նախագահություն։ Սակայն, ինչպես նշեց Երեց Քրիստոֆերսոնը, ցցի քահանայապետերի քվորումի կազմում կընդգրկվեն տվյալ պահին ծառայող ցցի նախագահության, ծխերի եպիսկոպոսությունների, ցցի բարձրագույն խորհրդի անդամները և գործող հայրապետը: Ծխերի և ցցերի գործավարներն ու գործադիր քարտուղարները ցցի քահանայապետերի քվորումի անդամ չեն համարվի։ Երբ գործող ծառայության մեջ գտնվող քահանայապետը, հայրապետը, Յոթանասունականը կամ Առաքյալը այցելում է ծուխ և ցանկանում է մասնակցել քահանայության հավաքին, նա կհաճախի երեցների քվորում:

Ժամանակին՝ իրենց գործող կոչումից ազատվելուց հետո, այդ եղբայրները կվերադառնան իրենց բնակության միավորները որպես երեցների քվորումի անդամներ:

Ո՞րն է ցցի քահանայապետերի քվորումի դերը։ Ցցի նախագահությունը հանդիպում է քահանայապետների քվորումի անդամների հետ՝ միասին խորհրդակցելու, վկայելու և ուսուցանելու նպատակով: Ցցի ժողովները կշարունակվեն այնպես, ինչպես ուղղորդում է Եկեղեցու ձեռնարկը՝ երկու կանոնավորումով․

Առաջինն այն է, որ ծխերում ու ցցերում այլևս չեն անցկացվի քահանայության գործադիր հանձնախմբի ժողովներ։ Եթե ծխում հատուկ խնդիր է ծագում՝ նուրբ ընտանեկան կամ բարօրության անսպասելի խնդիր, այն կարող է լուծվել՝ հրավիրելով եպիսկոպոսության ընդլայնված ժողով: Մյուս պակաս զգայուն հարցերը կարող են քննարկվել ծխի խորհրդում: Այն, ինչ հայտնի էր որպես ցցի քահանայության գործադիր հանձնախմբի ժողով, այժմ կկոչվի «բարձրագույն խորհրդի ժողով»։

Երկրորդ՝ այսուհետ ցցի կարգված քահանայապետերի տարեկան ժողովներ չեն անցկացվի։ Ինչևէ, ցցի նախագահությունը կշարունակի անցկացնել ցցի քահանայապետերի քվորումի ամենամյա ժողով իր գործող կազմով, ինչպես հայտարարվեց այսօր։

Կարո՞ղ է ծուխը մեկից ավելի քվորում ունենալ։ Պատասխանն է՝ այո: Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնի 89 հատվածի ոգով, երբ ծուխը սովորականից շատ Մելքիսեդեկյան քահանայության ակտիվ անդամներ ունի, ղեկավարները կարող են կազմավորել ավելի քան մեկ երեցների քվորում։ Նման դեպքերում՝ տարիքի, փորձի և քահանայության պաշտոնների ուժի առումով, յուրաքանչյուր քվորում պետք է ունենա ողջամիտ հավասարակշռություն:

Ես վկայում եմ, որ երբ մենք առաջ շարժվենք, կատարելով քվորումի այս ոգեշնչված վերափոխումը մեր ծխերում և ցցերում, մենք կտեսնենք բազմաթիվ օրհնություններ: Թույլ տվեք պարզապես մի քանի օրինակ հիշատակել։

Եպիսկոպոսի ղեկավարության ներքո՝ քահանայության ավելի շատ եղբայրներ կարող են օժանդակել փրկության աշխատանքին: Այն կներառի Իսրայելի հավաքումը տաճարային և ընտանեկան պատմության միջոցով, աշխատանքը կարիքի մեջ գտնվող ընտանիքների ու անհատների հետ և օգնություն միսիոներներին, որ հոգիներ բերեն Հիսուս Քրիստոսի մոտ:

Երբ նախկին նախագահող ղեկավարները վերադառնան, իրենց փորձով կիսվելով երեցների քվորումի հետ, քվորումի անդամները ավելի մեծ ուժ կստանան:

Քվորումի ներսում շնորհների ու կարողությունների ավելի մեծ բազմազանություն կլինի։

Ավելի մեծ ճկունություն և հասանելիություն կլինի ծխի և քվորումի ընթացիկ ու հրատապ կարիքների բավարարման և տարբեր ծառայողական հանձնարարությունների կատարման համար:

Դաստիարակության և միաբանության աճ կլինի, երբ նոր երեցներն ու փորձառու քահանայապետերը՝ կողք կողքի, քվորումի հավաքներին և հանձնարարություններ կատարելիս կկիսվեն իրենց փորձառություններով:

Եպիսկոպոսները և ճյուղի նախագահները, հուսանք, կթեթևանան, որպեսզի մեծարեն հոտը հովվելու և կարիքավորներին ծառայելու իրենց կոչումը:

Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ծուխ և ճյուղ տարբեր է։ Հասկանալով տարբերությունները՝ մենք հույս ունենք, որ այս գերագույն համաժողովից հետո դուք առանց հետաձգելու կիրականացնեք այդ փոփոխությունները։ Աստծո մարգարեն հրահանգ է տվել մեզ։ Նրան հետևելը մեծ օրհնություն ու պատասխանատվություն է։ Եկեք այն իրականացնենք արդարությամբ ու ջանասիրությամբ։

Հիշեցնում եմ՝ քահանայության իշխանությունը տրվում է ի սպաս դրվելով ու կարգվելով, բայց քահանայության իրական զորությունը՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով գործելու զորությունը, գալիս է միայն արդար ապրելով։

Տերը հայտարարել է մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ Վերականգնման մարգարեին․

«Ահա, տե՛ս, ես հոգ կտանեմ ձեր հոտերի համար, և երեցներ կբարձրացնեմ և կուղարկեմ նրանց մոտ:

Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին»:6

Իսկապես, սա մի ժամանակ է, երբ Տերն արագացնում է Իր աշխատանքը։

Եկեք օգտագործենք հնարավորությունը՝ մտածելու և բարելավելու մեր կյանքը, ավելի շատ համապատասխանելով Նրա կամքին, որպեսզի արժանի լինենք այն բազմաթիվ օրհնություններին, որոնք նա խոստացել է ճշմարիտ և հավատարիմ մարդկանց:

Եղբայրնե՛ր, շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր գործերի համար, որ դուք անում եք այս հրաշալի աշխատանքի մասը լինելու համար: Թող որ մենք առաջ ընթանանք այս մեծ ու պատվավոր գործում:

Երբ ռազմը ավարտվի,

Եվ կռիվ, մարտ դադարեն,

Հովտում խաղաղության,

Երբ բոլորը հավաքվեն։

Հավերժական Արքայի,

Գահի մոտ հավաքված

Փառքը հավերժական

Տաղով կգովերգեն․

Հաղթանակ, հաղթանակ`

փրկագնման շնորհիվ։

Հաղթանակ, Քրիստոսի՝

Տեր Հիսուսի շնորհիվ։

Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ`

Տեր Հիսուսի շնորհիվ։7

Այսօր բոլորս կանգնած ենք որպես Տիրոջ վկաներ, հայտնելով Նրա կամքը Իր մարգարեի՝ Նախագահ Ռասել Մ. Նելսոնի միջոցով: Ես վկայում եմ, որ նա այսօր Տիրոջ մարգարեն է այստեղ՝ երկրի վրա: Ես բերում եմ իմ վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ով մեր Քավիչն ու Փրկիչն է։ Սա նրա աշխատանքն է․ և սա Նրա կամքն է, ում մասին ես բերում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն։