2018
Քահանայության զորությունները

Քահանայության զորությունները

Սուրբ քահանայության մեծարումը ձեր ընտանիքներում և Եկեղեցու ձեր կոչումներում էական է Տիրոջ աշխատանքի համար:

Իմ սիրելի՛ եղբայրներ, մենք հայտնությամբ տրված հայտարարություն լսեցինք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնից: Մենք կարևոր մանրամասներ լսեցինք Երեց Քրիստոֆերսոնից, Երեց Ռասբանդից և Նախագահ Այրինգից: Այն, ինչ դեռ պիտի ասվի, այդ թվում` Նախագահ Նելսոնի կողմից, կմանրամասնի, թե դուք՝ Տիրոջ ղեկավարներդ և քահանայություն կրողներդ, ինչ պիտի անեք ձեր պարտականություններում: Օգնելով այդ հարցում, ես կդիտարկեմ որոշ հիմնական սկզբունքներ, որոնք կառավարում են քահանայությունը, որը դուք կրում եք:

I. Քահանայություն

Մելքիսեդեկյան Քահանայությունը սուրբ իշխանություն է, որը Աստված տվել է Իր աշխատանքը կատարելու համար՝ իրականացնել «մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): 1829թ. քահանայությունը շնորհվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, Փրկիչի Առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից (տես ՎևՈւ 27.12): Այն սուրբ է և զորավոր, վեր է նկարագրելու մեր ունակությունից:

Քահանայության բանալիները զորություններ են, որոնցով ղեկավարվում է քահանայության իշխանության գործադրումը: Այսպիսով, երբ Առաքյալները Մելքիսեդեկյան Քահանայություն շնորհեցին Ջոզեֆին և Օլիվերին, նրանք նաև բանալիներ տվեցին նրանց քահանայության գործադրումը ղեկավարելու համար (տես ՎևՈւ 27.12–13): Սակայն ոչ բոլոր բանալիներն էին տրվել այդ ժամանակ: Բոլոր բանալիներն ու գիտելիքը, որ անհրաժեշտ են «ժամանակների լրության այս տնտեսության» համար (ՎևՈւ 128.18), տրվում են «տող առ տող» (հատված 21): Լրացուցիչ բանալիներ տրվեցին յոթ տարի անց Կիրթլենդի Տաճարում (տես ՎևՈւ 110.11–16): Այդ բանալիները տրվել են ղեկավարելու քահանայության իշխանությունը լրացուցիչ հանձնարարություններում, որոնք եղան այդ ժամանակ՝ ընդգրկելով մկրտությունը մահացածների համար:

Մելքիսեդեկյան Քահանայությունը կարգավիճակ չէ կամ պիտակ: Դա սուրբ զորություն է, որը վստահվում է կրողին Աստծո աշխատանքի համար՝ հօգուտ Նրա զավակների: Մենք միշտ պետք է հիշենք, որ մարդիկ, ովքեր կրում են քահանայությունը, «քահանայություն»-ը չեն: Տեղին չէ ասել «քահանայությունը և կանայք»: Հարկավոր է ասել «քահանայության կրողները և կանայք»:

II. Ծառայության սպասավորություն

Այժմ, եկեք մտածենք, թե Տեր Հիսուս Քրիստոսն ինչ է ակնկալում նրանցից, ովքեր կրում են Իր քահանայությունը՝ ինչպես պետք է մենք հոգիներ բերենք Նրա մոտ:

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ուսուցանել է. «Արդարացի է ասվել, որ Եկեղեցին կազմակերպված է կատարյալ ձևով: Միակ խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունները լիովին չեն գիտակցում իրենց վրա դրված պարտականությունները: Երբ նրանք լիովին գիտակցեն իրենց առաջ դրված պահանջները, նրանք ավելի մեծ հավատարմությամբկկատարեն իրենց պարտականությունները, և Տիրոջ աշխատանքը կլինի շատ ավելի ամուր, զորավոր և ազդեցիկ աշխարհում»:1

Նախագահ Սմիթը նաև զգուշացրել է.

«Աստվածատուր պատվավոր կոչումները … որոնք կապված են Սուրբ քահանայության մի քանի պաշտոնների և կարգերի հետ, չպետք է օգտագործվեն կամ համարվեն որպես մարդու կողմից ստեղծված կոչումներ: Դրանք զարդարանքի համար չեն կամ չեն արտահայտում գերիշխանություն, այլ ավելի շուտ նշանակում են խոնարհ ծառայություն մեկ Տիրոջ աշխատանքում, որին մենք ընտրել ենք ծառայել: …

Մենք տքնում ենք հոգիների փրկության համար, և մենք պետք է զգանք, որ դա մեր վրա դրված ամենամեծ պարտականությունն է:Հետևաբար, մենք պետք է ցանկություն ունենանք զոհաբերել ամեն ինչ, եթե անհրաժեշտ է, Աստծո սիրո, մարդկանց փրկելու և երկրի վրա Աստծո թագավորության հաղթանակի համար»:2

III. Քահանայության պաշտոնները

Տիրոջ Եկեղեցում Մելքիսեդեկյան Քահանայության պաշտոնները տարբեր գործառույթներ ունեն: Վարդապետություն և Ուխտերում հղում է կատարվում քահանայապետերին՝ որպես «նախագահներ կամ ծառայողներ … ամենուրեք սփռված տարբեր ցցերի վրա» (ՎևՈւ 124.134): Երեցների մասին գրված է, որ «սպասավորներ լինեն [Տիրոջ] եկեղեցու համար» (ՎևՈւ 124.137): Ահա այլ ուսմունքներ այս առանձին գործառույթների մասին:

Քահանայապետը պաշտոնավարում է և սպասավորում հոգևոր բաներում (տես ՎևՈւ 107.10, 12): Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը նաև ուսուցանել է. «Կարգվելով քահանայապետ, նա պետք է զգա, որ պարտավորված է … օրինակ լինել տարեցների ու երիտասարդների համար, ովքեր արժանի են օրինակ վերցնել, իրեն դնելով արդարության ուսուցչի պաշտոնում, ոչ միայն ցուցումներով, այլ հատկապես օրինակով` տալով երիտասարդներին տարիքի փորձից առաջացող օգուտը և, այդպիսով, անհատապես դառնալով զորություն այն համայնքի մեջ, որտեղ նա ապրում է»:3

Երեցի պարտականությունների մասին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին ուսուցանել է. «Երեցը Տեր Հիսուս Քրիստոսի սպասավորն է: … Նա լիազորված է կանգնել իր Տիրոջ տեղում … իր մերձավորներին սպասավորելիս: Նա Տիրոջ գործակալն է»:4

Երեց Մակքոնկին քննադատել է այն միտքը, որ ինչ-որ մեկը «պարզապես երեց» է: «Եկեղեցու յուրաքանչյուր երեց կրում է նույնքան քահանայություն, որքան Եկեղեցու Նախագահը … »,- ասել է նա: Ո՞վ է երեցը: Նա հովիվ է, հովիվ, որը ծառայում է Բարի Հովվի փարախում»:5

Բարի Հովվի փարախում սպասավորելու այս կարևոր դերում տարբերություն չկա Մելքիսեդեկյան Քահանայության քահանայապետի և երեցի պաշտոնների միջև: Վարդապետություն և Ուխտերի նշանակալից բաժին 107-ում Տերը հայտարարում է. «Ըստ Մելքիսեդեկյան Քահանայության կարգի քահանայապետերն իրավունք ունեն պաշտոնավարելու իրենց դիրքում, նախագահության ղեկավարության ներքո հոգևոր բաներում սպասավորելիս և նաև երեցի, քահանայի (ըստ Ղևտական կարգի), ուսուցչի, սարկավագի և անդամի պաշտոնում [կամ Ահարոնյան Քահանայության պաշտոններում]» (ՎևՈւ 107.10, տես նաև հատված 12):

Ամենակարևոր սկզբունքը բոլոր քահանայություն կրողների համար Մորմոնի Գրքում Հակոբ մարգարեի կողմից ուսուցանված սկզբունքն է: Երբ Հակոբը և նրա եղբայր Հովսեփը սրբագործվեցին որպես քահանաներ և ուսուցիչներ մարդկանց համար, Հակոբը բացականչեց. «Եվ մենք մեծարեցինք մեր պաշտոնը Տիրոջ համար, վերցնելով մեր վրա պատասխանատվությունը, որ մարդկանց մեղքերը մեր գլխին դրվեն, եթե մենք չսովորեցնենք նրանց Աստծո խոսքը ողջ ջանասիրությամբ» (Հակոբ 1.19):

Եղբայրնե՛ր, մեր պարտականությունները՝ որպես քահանայություն կրողներ, լուրջ են: Ուրիշ կազմակերպություններ կարող են բավարարվել կատարման աշխարհիկ չափանիշներով՝ իրենց ուղերձը հղելով և կատարելով մյուս գործառույթները: Բայց մենք, որ կրում ենք Աստծո քահանայությունը, ունենք աստվածային զորություն, որը կառավարում է նույնիսկ Աստծո սելեստիալ արքայության մուտքը: Մենք ունենք նպատակ և պատասխանատվություն, որը Տերը սահմանել է Վարդապետություն և Ուխտերի հայտնությամբ տրված նախաբանում: Մենք պետք է հայտարարենք աշխարհին.

«Այլ, որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով.

Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա.

Որ իմ հավիտենական ուխտը հաստատվի.

Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում» (ՎևՈւ 1.20–23):

Այս սուրբ հանձնարարությունն իրականացնելու համար մենք պետք է հավատարիմ լինենք, «մեծարելով» մեր քահանայության կոչումներն ու պարտականությունները (տես ՎևՈւ 84.33): Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է, թե ինչ է նշանակում մեծարել քահանայությունը, ասելով. «Երբ մարդը դառնում է քահանայություն կրող, նա դառնում է Տիրոջ գործակալը: Նա պետք է իր կոչմանը վերաբերվի որպես Տիրոջ հանձնարարության: Դա է նշանակում մեծարել քահանայությունը»:6

Ուրեմն, եղբայրնե՛ր, եթե Տերն անձամբ խնդրեր ձեզ օգնել Իր որդիներից կամ դուստրերից որևէ մեկին, ինչպես որ Նա անում է Իր ծառաների միջոցով, կկատարեի՞ք դա: Եվ դա կատարելիս, կվարվեի՞ք՝ ինչպես Նրա գործակալը, «Տիրոջ հանձնարարության տակ», ապավինելով Նրա խոստացած օգնությանը:

Նախագահ Լին քահանայության մեծարման վերաբերյալ ևս մի ուսմունք ունի. «Երբ դուք խոշորացույցի միջով եք նայում որևէ առարկայի, այն ավելի մեծ է երևում, քան անզեն աչքով նայելիս, դա է խոշորացույցը կամ մեծացնող ապակին: Ուստի … եթե որևէ մեկը մեծարում է քահանայությունը, նշանակում է՝ ավելի մեծ է դարձնում, քան այն սկզբում երևում էր, և ավելի կարևոր է դարձնում, քան որևէ մեկը կարծել էր՝ դա է այն եղանակը, որով դուք մեծարում եք ձեր քահանայությունը»:7

Ահա քահանայությունը մեծարող քահանայության կրողի մի օրինակ: Այս պատմությունը ես լսել եմ Երեց Ջեֆրի Դ. Էրիքսոնից, Այդահոյի ցցի համաժողովի իմ զուգընկերոջից: Ջեֆրին որոշել էր հրաժարվել ուսումից և ընդունել գրավիչ աշխատանքի մի առաջարկ, քանի որ երիտասարդ ամուսնացած երեցը, ծայրահեղ աղքատ էր և չէր կարող ավարտել քոլեջը: Մի քանի օր անց երեցների քվորումի նախագահը եկել էր նրանց տուն: «Դու հասկանո՞ւմ ես իմ կրած քահանայության բանալիների կարևորությունը»,- հարցրել է երեցների քվորումի նախագահը: Ջեֆրիի դրական պատասխանից հետո նախագահն ասել է նրան, որ երբ լսել է քոլեջից դուրս գալու մտադրության մասին, Տերը չարչարել է նրան անքուն գիշերներով, Ջեֆրիին այս ուղերձը տալու համար. «Որպես երեցների քվորումի նախագահ, ես խորհուրդ եմ տալիս քեզ չհեռանալ քոլեջից: Դա Տիրոջ ուղերձն է քեզ»:Ջեֆրին մնացել էր քոլեջում: Տարիներ անց, երբ հանդիպեցի նրան, նա հաջողակ գործարար էր ևքահանայություն կրողների լսարանի առաջ նա պատմում էր, որ «այդ [խորհուրդը] մեծ փոփոխություն կատարեց իմ կյանքում»:

Քահանայության մի կրող մեծարել էր իր քահանայությունն ու կոչումը, և «մեծ փոփոխություն» եղավ Աստծո մեկ այլ զավակի կյանքում:

IV. Քահանայությունն ընտանիքում

Մինչև այս պահը ես խոսում էի քահանայության գործածման մասին Եկեղեցում: Այժմ կխոսեմ քահանայության մասին ընտանիքում: Կսկսեմ բանալիներից: Այն սկզբունքը, որ քահանայության իշխանությունը կարող է գործածվել միայն մեկի ղեկավարության ներքո, ով կրում է այդ գործառույթի բանալիները, առանցքային է Եկեղեցում, բայց չի վերաբերում քահանայության իշխանության կիրառմանը ընտանիքում:8 Քահանայություն կրող հայրը նախագահում է իր ընտանիքում իր ունեցած քահանայության իշխանությամբ: Նա կարիք չունի ունենալու քահանայության բանալիների ղեկավարությունը կամ հաստատումը, որպեսզի խորհուրդ տա իր ընտանիքի անդամներին, անցկացնի ընտանեկան ժողովներ, քահանայության օրհնություններ տա իր կնոջն ու երեխաներին և առողջության օրհնություններ տա ընտանիքի անդամներին կամ ուրիշներին:

Religious education in the home

Եթե հայրերը մեծարեն քահանայությունն իրենց ընտանիքներում, դա ավելի շատ առաջ կտանի Եկեղեցու առաքելությունը, քան մյուս գործառույթները, որ նրանք կարող են անել: Մելքիսեդեկյան Քահանայություն կրող հայրերը պետք է պահեն պատվիրանները, որպեսզի նրանք ունենան քահանայության զորությունը՝ օրհնություններ տալու իրենց ընտանիքի անդամներին: Հայրերը նաև պետք է զարգացնեն ընտանեկան սիրալիր հարաբերություններ, որպեսզի ընտանիքի անդամները ցանկանան օրհնություն խնդրել իրենց հայրերից: Եվ ծնողները պետք է խրախուսեն, որ ընտանիքում քահանայության շատ օրհնություններ տրվեն:

Father blessing his son

Հայրե՛ր, գործեք որպես «հավասար գործընկերներ» ձեր կանանց հետ, ինչպես ուսուցանում է ընտանիքի մասին հռչակագիրը:9 Նաև, հայրե՛ր, երբ արտոնություն եք ունենում գործածել ձեր քահանայության իշխանության զորությունն ու ազդեցությունը, դա արեք «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով» (ՎևՈւ 121.41): Բարձր մակարդակով քահանայության իշխանության գործածումը շատ կարևոր է ընտանիքում: Նախագահ Հարոլդ Բ. Լին այս խոստումն էր տվել, երբ դարձել էր Եկեղեցու Նախագահ. «Քահանայության իշխանությունը, որը դուք կրում եք, ավելի հրաշալի դրսևորում է ունենում, երբ ձեր տանը ճգնաժամ է լինում, լուրջ հիվանդություն կամ կարևոր որոշում, որը պետք է ընդունվի: … Օժտված լինելով քահանայության զորությամբ, որը Ամենակարող Աստծո զորությունն է, հրաշքներ կատարելու զորություն, եթե Տերը կամենա դա անել, և որպեսզի մենք օգտագործենք այդ քահանայությունը, մենք պետք է արժանի լինենք գործածելու այն: Եթե թերանանք այս սկզբունքը հասկանալ, կթերանանք ստանալ այդ հզոր քահանայությունը կրելուց բխող օրհնությունները»:10

Իմ սիրելի՛ եղբայրներ, ձեր ունեցած սուրբ քահանայության մեծարումը էական է Տիրոջ աշխատանքի համար ձեր ընտանիքներում և Եկեղեցու ձեր կոչումներում:

Ես վկայում եմ Նրա մասին, ում պատկանում է այդ քահանայությունը: Նրա քավիչ տառապանքների, զոհաբերության և հարության շնորհիվ բոլոր տղամարդիկ և կանայք ունեն անմահության և հավերժական կյանքի հնարավորություն: Յուրաքանչյուրս պետք է հավատարիմ և ջանասեր լինենք մեր մասը կատարելով Աստծո՝ մեր Հավերժական Հոր մեծ աշխատանքում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ (1998), էջ 343:

  2. Teachings: Joseph F. Smith, 340, 343.

  3. Ջոզեֆ Ֆ. Սմիթ, Ավետարանի վարդապետություն, 5-րդ թողարկում, (1939), 182:

  4. Bruce R. McConkie, “Only an Elder,” Ensign, June 1975, 66, բնօրինակի շեշտադրումը պահպանված չէ:

  5. Bruce R. McConkie, “Only an Elder,” 66, բնօրինակի շեշտադրումը պահպանված չէ:

  6. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 93.

  7. Teachings of Harold B. Lee, ed. Clyde J. Williams [1996], 499։

  8. Տես Դալլին Հ․ Օուքս, “Priesthood Authority in the Family and the Church,” Liahona, Nov. 2005, 24–27.

  9. Տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, մայիս 2017, 145:

  10. Teachings: Harold B. Lee, 97.