2018
Փրկարար արարողությունները մեզ կբերեն սքանչելի լույս
նախորդ հաջորդ

Փրկարար արարողությունները մեզ սքանչելի լույս կբերեն

Արարողություններին մասնակցելով և դրանց հետ կապված ուխտերը պատվելով, դուք կստանաք սքանչելի լույս և պաշտպանություն մշտապեսմթագնող այս աշխարհում։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հրճվում եմ ձեզ հետ միասին ավետարանում կամ Քրիստոսի վարդապետության մեջ։

Երբ Երեց Նիլ Լ․ Անդերսենը դեռ Յոթանասունական էր, ընկերներից մեկը մի օր հարցրեց նրան,թե ինչ զգացողություններ ունեցավ գերագույն համաժողովի ժամանակ 21000 մարդու առջև խոսելիս։ Երեց Անդերսենը պատասխանեց․ «Հուզվածության պատճառն այդ 21000 մարդիկ չեն, այլ 15 Եղբայրները, որ նստած են հետևում»։ Ես մի լավ ծիծաղեցի այդ ժամանակ, բայց հիմա ես եմ զգում դա։ Որքան եմ ես սիրում և հաստատում այս 15 տղամարդկանց որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Տերն ասաց Աբրահամին, որ իր սերնդի և քահանայության միջոցով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն «Ավետարանի օրհնություններով, … այսինքն՝ հավերժական կյանքի օրհնություններով» (Աբրահամ 2․11, տես նաև հատվածներ 2–10

Ավետարանի այս խոստացված օրհնությունները և քահանայությունը վերականգնվեցին երկրի վրա, որից հետո 1842թ․ Մարգարե Ջոզեֆ Սմիթը օժտումը սպասավորեց ընդամենը մի քանի տղամարդկանց և կանանց համար։ Մերսի Ֆիլդինգ Թոմփսոնը նրանցից մեկն էր: Մարգարեն ասաց նրան․ «Այս [օժտումը] քեզ խավարից դուրս կբերիդեպի սքանչելի լույսը»։1

Այսօր ես ուզում եմ կենտրոնանալ փրկարար արարողությունների վրա, որոնք ինձ և ձեզ կբերեն սքանչելի լույսը։

Արարողություններ և ուխտեր

Հավատքին Հավատարիմ գրքույկում մենք կարդում ենք․ «Արարողությունը սրբազան, կանոնակարգված գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Արարողությունները, [որոնք] կարևոր են մեր վեհացման համար … կոչվում են փրկարար արարողություններ։ Դրանք են՝ մկրտությունը, հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարի օժտումը և ամուսնության կնքումը»:2

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է․ «Փրկության և վեհացման արարողությունները, որոնք սպասավորվում են Տիրոջ վերականգնված Եկեղեցում, … ներկայացնում են լիազորված ուղիներ, որոնց միջոցով երկնքի զորությունները կարող են հորդել դեպի մեր անձնական կյանք»:3

Երկկողմանի մետաղադրամի նման, փրկության արարողություններն ուղեկցվում են Աստծո հետ կապվող ուխտերով: Աստված մեզ օրհնություններ է խոստացել, եթե մենք հավատարմությամբ պատվենք այդ ուխտերը։

Ամուղեկ մարգարեն հայտարարել է․ «Սա … է ժամանակը՝ նախապատրաստվելու հանդիպելու Աստծուն» (Ալմա 34․32)։ Ինչպե՞ս ենք նախապատրաստվում: Արժանիորեն ստանալ արարողությունները Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոսքերի համաձայն՝ մենք պետք է նաև «մնանք ուխտի ուղու վրա»։ Նախագահ Նելսոնը շարունակել է․ «Փրկիչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»։4

Ջոն և Բոննի Նյումենները ձեզանից շատերի նման ստացել են Նախագահ Նելսոնի խոստացած հոգևոր օրհնությունները։ Մի կիրակի իրենց երեք երեխաների հետ եկեղեցի այցելելուց հետո Բոննին ասաց Ջոնին, ով Եկեղեցու անդամ չէր․ «Ես չեմ կարող սա մենակ անել։ Դու պիտի որոշես․ կամ դու կգաս իմ եկեղեցի մեզ հետ միասին, կամ դու ընտրիր եկեղեցի, որտեղ մենք կարող ենք գնալ միասին, բայց երեխաները պիտի իմանան, որ իրենց հայրը նույնպես սիրում է Աստծուն»։ Հաջորդ կիրակի և դրան հաջորդող բոլոր կիրակիներին Ջոնը ոչ միայն հաճախեց, այլև ծառայեց՝ դաշնամուր նվագելով շատ ծխերում, ճյուղերում և Երեխաների Միություններում տարիներ շարունակ։ Ես հնարավորություն ունեցա հանդիպել Ջոնի հետ 2015թ․ ապրիլին, և այդ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք, որ լավագույն միջոցը, որով նա կարող էր իր սերը ցուցաբերել Բոննի հանդեպ, նրան տաճար տանելն էր, սակայն դա չէր կարող տեղի ունենալ, եթե նա չմկրտվեր։

39 տարի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի հաճախելուց հետո Ջոնը մկրտվեց 2015թ․-ին։ Մեկ տարի անց Ջոնը և Բոննին կնքվեցին Մեմֆիս Թենեսի Տաճարում, Բոննիի՝ իր անձնական օժտումը ստանալուց 20 տարի անց: Նրանց 47-ամյա որդին՝ Ռոբերտը, իր հոր մասին ասաց․ «Հայրիկն իսկապես ծաղկել է այն օրվանից, երբ ստացել է քահանայությունը»։ Բոննին ավելացրեց․ «Ջոնը միշտ եղել է երջանիկ և ուրախ անձնավորություն, սակայն արարողությունները ստանալով և իր ուխտերը պատվելով, նա ավելի հեզ դարձավ»։

Քրիստոսի Քավությունը և Նրա օրինակը

Շատ տարիներ առաջ Նախագահ Բոյդ Ք․ Փաքերը նախազգուշացրել է․ «Լավ վարքն առանց ավետարանի արարողությունների ոչ կփրկի, ոչ էլ կվեհացնի մարդկությանը»։5 Բացի դրանից, մեզ անհրաժեշտ են ոչ միայն արարողությունները և ուխտերը, որպեսզի վերադառնանք մեր Հոր մոտ, այլև ունենք Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքը։

Բենիամին թագավորն ուսուցանել է, որ միայն Քրիստոսի անունով և միջոցով կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին (տես Մոսիա 3․17, տես նաև Հավատո Հանգանակ 1․3

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը փրկագնեց մեզ Ադամի Անկման հետևանքներից և հնարավոր դարձրեց մեր ապաշխարությունը և, ի վերջո, վեհացումը։ Իր կյանքով Նա օրինակ ծառայեց, որ մենք ստանանք փրկարար արարողությունները, որոնցում «բացահայտվում է աստվածայնության զորությունը» (ՎևՈւ 84․20

Երբ Փրկիչը ստացավ մկրտության արարողությունը՝ «կատարելու ամեն արդարություն» (տես 2 Նեփի 31․5–6), սատանան փորձեց Նրան։ Նմանապես, մեր փորձություններն էլ չեն դադարում մկրտությունից կամ կնքումից հետո, սակայն սրբազան արարողությունները ստանալով և դրանց հետ կապված ուխտերը պատվելով, մենքլցվում ենք հրաշալի լույսով և ուժ ստանում՝ դիմակայելու և հաղթահարելու փորձությունները։

Նախազգուշացում

Եսայիան մարգարեացավ, որ վերջին օրերում «երկիրը պղծուած է լինելու … որովհետեւ … պատուիրանքը՝ փոխել [են]» (Եսայիա 24․5, տես նաև ՎևՈւ 1․15

Նմանատիպ նախազգուշացում տրվել է նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ ոմանք «դեպի [Տերն] են հակված իրենց շուրթերով, … [և] նրանք վարդապետություններ են ուսուցանում, որոնք մարդկանց պատվիրաններն են, և նրանք ունեն աստվածայնության կերպարանք, բայց ուրանում են նրա զորությունը» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․19

Պողոսը նույնպես նախազգուշացրել է, որ շատերը կունենան «աստուածպաշտութեան կերպարանք, բայց նորա զօրութիւնն ուրացած են․ նորանցից էլ ետ քաշուիր» (Բ Տիմոթեոս 3․5)։ Ես կրկնում եմ, շրջվեք նրանցից։

Կյանքի բազմաթիվ զվարճություններն ու գայթակղությունները նման են «յափշտակող գայլերի» (Մատթեոս 7․15)։ Ճշմարիտ հովիվը կնախապատրաստի, կպաշտպանի և կնախազգուշացնի ոչխարներին և հոտին, երբ հայտնվեն այդ գայլերը (տես Հովհաննես 10․11–12)։ Որպես օգնական հովիվներ, ովքեր ձգտում են հետևել Բարի Հովվի կատարյալ կյանքի օրինակին, արդյո՞ք մենք մեր սեփական հոգու, ինչպես նաև ուրիշների հովիվները չենք։ Մարգարեների, տեսանողների և հայտնողների խորհրդով, ում մենք նոր հաստատեցինք, և Սուրբ Հոգու զորությամբ ու պարգևով մենք կարող ենք տեսնել մոտեցող գայլերին, եթե հսկենք և նախապատրաստված լինենք։ Ի հակադրություն դրա, եթե մենք անփույթ հովիվ ենք մեր սեփական հոգու և ուրիշների հոգիների համար, գուցե կորուստներ լինեն։ Անփութությունը հանգեցնում է կորստի։ Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին լինել հավատարիմ հովիվ։

Փորձառություն և վկայություն

Հաղորդությունը մի արարողություն է, որն օգնում է մեզ մնալ ուղու վրա, իսկ արժանիորեն ճաշակելը փաստում է այն մասին, որ մենք պահում ենք ուխտերը, որոնք կապված են մնացած բոլոր արարողությունների հետ։ Տարիներ առաջ, երբ ես և կինս՝ Անիտան, ծառայում էինք Արկանզաս Փոքրիկ Ժայռ Միսիայում, ես գնացի ուսուցանելու երկու երիտասարդ միսիոներների հետ: Դասի ընթացքում լավ եղբայրը, ում մենք ուսուցանում էինք, ասաց․ «Ես եղել եմ ձեր եկեղեցում, ինչո՞ւ եք դուք ուտում հացը և խմում ջուրն ամեն կիրակի։ Մեր եկեղեցում մենք անում ենք դա տարին երկու անգամ՝ Զատիկի տոնին և Սուրբ Ծննդյան ժամանակ, և դա շատ նշանակալից է»։

Մենք կիսվեցինք նրա հետ, որ մեզ պատվիրվել է «հաճախ հավաքվել ճաշակելու հացից և գինուց» (Մորոնի 6․6, տես նաև ՎևՈւ 20․75)։ Մենք բարձրաձայն կարդացինք Մատթեոս 26 և 3 Նեփի 18 գլուխները։ Նա պատասխանեց, որ, այնուամենայնիվ, չի տեսնում դրա անհրաժեշտությունը։

Ապա մենք կիսվեցինք հետևյալ համեմատությամբ․ «Պատկերացրեք, որ ձեզ հետ տեղի է ունեցել լուրջ ավտովթար։ Դուք վնասվել եք և կորցրել գիտակցությունը։ Մի մարդ վազելով օգնության է հասնում և տեսնելով, որ դուք անգիտակից եք, հավաքում է շտապ օգնության համարը՝ 911։ Ձեր մասին հոգ են տանում և դուք ուշքի եք գալիս»։

Մենք հարցրինք այդ եղբորը․ «Հենց դուք ի վիճակի լինեք գիտակցելու, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, ի՞նչ հարցեր կունենաք»։

Նա ասաց․ «Ես կցանկանայի իմանալ, թե ինչպես հայտնվեցի այդտեղ և ով գտավ ինձ։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան ամեն օր, քանի որ նա փրկեց իմ կյանքը»։

Մենք կիսվեցինք այս լավ եղբոր հետ, թե ինչպես է Փրկիչը փրկել մեր կյանքը, և մենք ինչպես պետք է շնորհակալություն հայտնենք Նրան ամեն օր, ամեն օր, ամեն օր։

Ապա մենք հարցրինք․ «Իմանալով, որ Նա տվեց Իր կյանքը մեր և ձեր համար, որքա՞ն հաճախ եք դուք ուզում ուտել հացը և խմել ջուրը՝ որպես Նրա մարմնի և արյան խորհրդանիշ»։

Նա ասաց. «Ես հասկացա, հասկացա: Սակայն ևս մի բան։ Ձեր եկեղեցին աշխույժ չէ մեր եկեղեցու նման»։

Դրան մենք այսպես արձագանքեցինք․ «Ի՞նչ կանեիք, եթե Փրկիչ Հիսուս Քրիստոսը ներս մտներ ձեր դռնից»։

Նա ասաց․ «Ես անմիջապես ծնկի կգայի»։

Մենք հարցրինք․ «Արդյո՞ք դա այն չէ, ինչ դուք զգում եք, երբ մտնում եք Վերջին Օրերի Սրբերի ժողովատներ՝ ակնածանք Փրկիչի հանդեպ»։

Նա ասաց․ «Ես հասկացա, հասկացա, հասկացա»:

Նա եկավ եկեղեցի այդ Զատիկի կիրակի օրը և շարունակեց վերադառնալ։

Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին հարցնել ինքներս մեզ․ «Ի՞նչ արարողություններ, ներառյալ հաղորդությունը, ես պետք է ստանամ, և ի՞նչ ուխտեր ես պետք է կապեմ, պահեմ և պատվեմ»։ Ես խոստանում եմ, որ արարողություններին մասնակցելով և դրանց հետ կապված ուխտերը պատվելով, դուք կստանաք սքանչելի լույս և պաշտպանություն այսմշտապես մթագնող աշխարհում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: