2018
Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներ
May 2018


Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովներ

Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը երեցների քվորումի և Սփոփող Միության ժողովները չեն ընդգրկում ուսուցչի կողմից ուսուցանվող դասեր: Փոխարենը, երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահություններն են վարում խորհրդի ժողովները: Առաջին կիրակի օրվա այս խորհրդի ժողովներում երեցների քվորումը և Սփոփող Միությունը միասին խորհրդակցում են տեղական պարտականությունների, հնարավորությունների և դժվարությունների մասին, սովորում են միմյանց կարծիքներից, փորձառություններից և ծրագրում են, թե ինչպես են գործելու՝ համաձայն Հոգուց ստացած տպավորությունների: Այս քննարկումները պետք է ծավալվեն համաձայն սուրբ գրությունների և ապրող մարգարեների ուսմունքների:

Խորհրդի ոչ բոլոր ժողովներն են նույնատիպ լինելու: Ահա որոշ ուղեցույցներ, որոնք կօգնեն նախագահություններին անցկացնել հաջող խորհուրդներ:

Նախքան խորհրդի ժողովը

Արեք հետևյալը.

  • Պարզեք տեղական կարիքները, հնարավորությունները և դժվարությունները:

  • Աղոթքով ընտրեք քննարկման թեման:

  • Խնդրեք քվորումի անդամներին կամ Սփոփող Միության քույրերին պատրաստ գալ՝ կիսվելու իրենց մտքերով ու փորձառություններով:

Չի՛ կարելի.

  • Նախապատրաստել դաս:

  • Գալ, մտքում արդեն ունենալով որոշակի լուծում կամ գործողության ծրագիր:

Խորհրդի ժողովի ժամանակ

Արեք հետևյալը.

  • Հրավիրեք անդամներին կիսվել փորձառություններով, որոնք ունեցել են նախորդ ժողովների ժամանակ ստացած տպավորություններից և ծրագրերից:

  • Ներկայացրեք ժողովի թեման և խրախուսեք անդամներին միասին խորհրդակցել դրա շուրջ, փնտրելով լուծումներ և առաջնորդություն սուրբ գրություններից, մարգարեների խոսքերից և Սուրբ Հոգուց:

  • Ծրագրեք գործել ըստ քննարկածի: Դրանք կարող են լինել թե՛ խմբային, թե՛ անհատական ծրագրեր:

Չի՛ կարելի.

  • Գերիշխել զրույցի ժամանակ:

  • Փորձել համոզել մյուսներին ձեր գաղափարների ճշմարտացիության մեջ:

  • Քննարկել նրբանկատ կամ գաղտնի հարցեր:

  • Ուսուցանել դաս:

  • Ճնշում գործադրել որևէ մեկի վրա մասնակցելու նպատակով:

Խորհրդի ժողովից հետո

Արեք հետևյալը.

  • Հետևեք, որ խորհրդի ժողովներում ընդունված ծրագրերն ու հանձնարարությունները կատարվեն:

  • Աշխատեք ընդգրկել նրանց, ովքեր չեն կարող մասնակցել խորհրդին կոչումների կամ այլ պատճառներով: Նրանց տեղյակ պահեք կազմված ծրագրերի մասին:

  • Գալիք ժողովների ժամանակ անդամներին հնարավորություն տվեք կիսվել փորձառություններով:

Առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովների թեմաները

Խորհրդի ժողովներում քննարկվող թեմաների գաղափարները կարող են ծնվել նախագահության ժողովներում, ծխի խորհրդի ժողովներում, տարածաշրջանի ծրագրից, այն տպավորություններից, որոնք ղեկավարները ստանում են սպասավորելով անդամներին և Սուրբ Հոգու հուշումներից: Ստորև տրված թեմաները պարզապես առաջարկներ են: Ղեկավարները կարող են տեղյակ լինել ուրիշների կարիքներից և ոգեշնչվել խոսելու դրանց մասին:

  • Ի՞նչ կարող ենք անել, որ սպասավորենք մեր շրջապատի մարդկանց (տես Մոսիա 23.18):

  • Ինչպե՞ս կարող ենք առաջնահերթություն սահմանել մեր տարբեր պարտականությունների համար։

  • Ինչպե՞ս կարող ենք ավետարանով կիսվել մեր ընկերների ու հարևանների հետ (տես Ալմա 17):

  • Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել ինքներս մեզ և մեր ընտանիքները ոչ պատշաճ լրատվամիջոցներից և պոռնոգրաֆիայից:

  • Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի դաստիարակենք և զորացնենք մեր ծխի երեխաներին ու երիտասարդներին:

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ ընդգրկվել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքում։

  • Ինչպե՞ս կարող ենք հրավիրել Տիրոջ օգնությունը, երբ փնտրում ենք պատասխաններ ավետարանի վերաբերյալ մեր հարցերին և ձգտում ենք ավետարանն ավելի խորը հասկանալ:

  • Ինչպե՞ս կարող ենք ուժեղացնել մեր վկայությունները Տիրոջ և Նրա ավետարանի մասին և օգնել մեր ընտանիքներին՝ դառնալ հոգևորապես ինքնապահով: