2018
Երեց Ուլիսես Սոարես
May 2018


Երեց Ուլիսես Սոարես

Տասներկու Առաքյալների Քվորում

Նկար
Երեց Ուլիսես Սոարես

Ապրող մարգարեները, այդ թվում Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, Իր զավակների հանդեպ Աստծո սիրո նշանն են, վկայել է Երեց Ուլիսես Սոարեսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ հաստատվելու գերագույն համաժողովի իր առաջին ելույթի ժամանակ։

«Մի՞թե օրհնություն չէ մեր ժամանակներում երկրի վրա ունենալ մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, ովքեր ձգտում են իմանալ Տիրոջ կամքը և հետևել դրան: Մեզ մխիթարում է այն հանգամանքը, որ մենք գիտենք, որ մենակ չենք աշխարհում՝ չնայած դժվարություններին, որոնց բախվում ենք այսօր:

Չնայած նա անհամապատասխան էր զգում Առաքյալի իր կոչման համար, Երեց Սոարեսի խոսքերով Նախագահ Նելսոնի «խոսքերը և աչքերի քնքուշ արտահայտությունը, երբ նա առաջարկում էր այս պարտականությունը, ինձ պարուրեցին ու լցրին Փրկիչի սիրով»։

2018 թվականի մարտի 31-ին հաստատվելով, Երեց Սոարեսը դարձավ Եկեղեցու առաջին առաքյալը Լատինական Ամերիկայից։ Նախքան իր կանչը, 2013 թվականի հունվարի 6-ից ի վեր նա եղել է Յոթանասունի Նախագահության անդամ և Սոլթ Լեյք Սիթիում Նախագահող Եպիսկոպոսության համար ծառայում էր հատուկ հանձնարարությամբ։

Երեց Սոարեսը Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է կանչվել 2005 թվականի ապրիլի 2-ին: Այդ պարտականության մեջ նա ծառայել է Հարավարևելյան Աֆրիկա և Հարավային Բրազիլիայի տարածաշրջանների խորհրդական և Բրազիլիայի տարածաշրջանի նախագահ։

Երեց Սոարեսը ծառայել է Եկեղեցու բազմաթիվ այլ կոչումներում։ Նա լիաժամկետ միսիոներ է ծառայել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի միսիայում, եղել է երեցների քվորումի նախագահ, եպիսկոպոսության խորհրդական, բարձրագույն խորհրդական, ցցի գործադիր քարտուղար, տարածքային բարօրության գործակալ, ցցի նախագահ և 2000–2003 թթ․ եղել է Պորտուգալիայի Պորտո միսիայի նախագահ։

Նրա ամենակարևոր կոչումներից մեկը եղել է 15 տարեկան հասակում, երբ նրա եպիսկոպոսը խնդրեց ժամանակավորապես դասավանդել Երիտասարդներին Կիրակնօրյա դպրոցի դասին։ Ցանկանալով ստանալ վկայություն դասավանդելու համար, երիտասարդ Ուլիսեսը որոշեց աղոթել ավետարանի ճշմարտացիության հավաստիացման համար։

Նա հիշում է․ «Երբ ծնկի իջա, որպեսզի հարցնեմ Տիրոջը, թե արդյոք ավետարանը ճշմարիտ է, այդ ժամանակ սրտումս մի հաճելի զգացում ունեցա, մի մեղմ ձայն, որը հաստատեց, որ պետք է շարունակեմ այդ գործը։ Դա այնքան ուժեղ էր, որ ես երբեք չէի կարող հերքել այդ գիտելիքը»։

1985 թվականին Սան Պաոլոյի Պոնտիֆիկա Կաթոլիկ Համալսարանի Տնտեսագիտության բաժնից ստացավ հաշվապահության և տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալուց հետո նա Բրազիլիայում հաշվապահ և աուդիտոր է աշխատել միջազգային ընկերություններում և եղել է Եկեղեցու Սան Պաոլոյի տարածքային գրասենյակի նյութատեխնիկական բաժնի տնօրենը։

Ուլիսես Սոարեսը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 2-ին Սան Պաոլոյում, Բրազիլիա։ 1982 թվականի հոկտեմբերին նա ամուսնացավ Ռոզանա Ֆերնանդեսի հետ։ Գերագույն համաժողովի իր ելույթի ժամանակ նա գնահատանքի էր արժանացրել իր կնոջը՝ նրա սիրո և աջակցության համար։

«Նա միշտ եղել է բարության, սիրո և Տիրոջ հանդեպ լիակատար նվիրվածության օրինակ՝ իմ և իմ ընտանիքի համար», այդ թվում՝ զույգի երեք զավակների և երեք թոռների համար, ասել է նա համաժողովի իր ելույթում։ Ես սիրում եմ նրան իմ ողջ սրտով և երախտապարտ եմ այն դրական ազդեցության համար, որ նա ունեցել է մեզ վրա»։