2018
Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո

Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո

Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը զգալ մեր աստվածային ինքնությունը հասկանալու զորությունը: Դա սկսվում է այն պահից, երբ ձգտում ենք ճանաչել Աստծուն՝ մեր Հորը։

Վերջերս ես եկեղեցի գնացի իմ անուշ մայրիկի հետ մեր հին քարե հավաքատանը։ Գրավված փոքրիկների ձայներով, որոնք լսվում էին Երեխաների Միության նույն սենյակից, ուր ես հաճախում էի տասնամյակներ առաջ, ես մոտեցա և սկսեցի դիտել, թե ինչպես էին հոգատար ղեկավարներն ուսուցանում այս տարվա թեման՝ «Զավակն եմ ես Աստծո»։1 Ես ժպտացի, երբ հիշեցի համբերատար ու սիրալիր ուսուցիչներին, ովքեր երգելու ժամանակ հաճախ նայում էին ինձ՝ նստարանի վերջում նստած անհնազանդ փոքրիկ տղային, և կարծես ասում․ «Արդյո՞ք նա իսկապես Աստծո զավակն է։ Եվ ո՞վ է նրան կյանք տվել»։2

Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին բացել մեր սրտերը Սուրբ Հոգու առաջ, ով «վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք»:3

Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի խոսքերը պարզ են ու անգին․ «Դուք Աստծո զավակն եք։ Նա ձեր հոգու հայրն է: Հոգևոր առումով դուք ազնվածին եք` Երկնային Թագավորի ազգիցն եք։ Ամրագրեք այդ ճշմարտությունը ձեր մտքում և կառչեք դրանից: Ինչևէ, ձեր մահկանացու ծագման շատ սերունդներ, անկախ այն բանից, թե ինչ ռասա կամ ժողովուրդ եք դուք ներկայացնում, ձեր հոգու հարուստ կենսագրությունը կարող է գրվել մեկ տողով։ Դուք Աստծո զավակն եք»:4

«Երբ դուք … տեսնեք մեր Հորը,- նկարագրել է Բրիգամ Յանգը,- կտեսնեք մեկին, ում դուք վաղուց եք ճանաչում, և նա կընդունի ձեզ իր ձեռքերի մեջ և դուք պատրաստ կլինեք ընկնելու նրա գիրկը և համբուրելու նրան»։5

Մեծ պատերազմ աստվածային էության համար

Մովսեսն իմացավ իր աստվածային ժառանգության մասին՝ Տիրոջ հետ դեմ առ դեմ խոսելով: Այդ փորձառությունից հետո «Սատանան եկավ՝ նրան փորձելով» նրբանկատորեն, սակայն կատաղի մտադրությամբ, որպեսզի խեղաթյուրի Մովսեսի ինքնությունը և «ասաց․ Մովսես, մարդու որդի, երկրպագիր ինձ։ Եվ … Մովսեսը նայեց Սատանայի վրա և ասաց. Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծո որդի եմ»։6

Աստվածային էության վերաբերյալ մղվող մեծ պատերազմը գնալով ավելի կատաղի է դառնում, մինչ սատանայի արագ բազմացող զինանոցի նպատակն է կործանել մեր հավատը և գիտելիքը կապված Աստծո հետ մեր հարաբերությունների մասին։ Բարեբախտաբար, ի սկզբանե մենք օրհնված ենք եղել մեր ինքնության վերաբերյալ պարզ տեսլականով և հասկացողությամբ․ «Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք»,7 և ապրող մարգարեները հայտարարում են․ «Յուրաքանչյուր [մարդ արարած] երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։8

Հաստատապես իմանալով այս ճշմարտությունները,9 կկարողանանք հաղթահարել ամեն տեսակի փորձանքները, տագնապները և չարչարանքները։10 Երբ հարցրել են․ «Ինչպե՞ս կարող ենք օգնել [անձնական մարտահրավեր] ունեցողներին», Տիրոջ Առաքյալը հրահանգել է․ «Ուսուցանեք նրանց իրենց ինքնության և իրենց նպատակի մասին»։11

«Իմ ունեցած ամենազորեղ գիտելիքը»

Այս զորեղ ճշմարտությունները փոխեցին իմ ընկեր Ջենի կյանքը,12 ով իր պատանեկության տարիներին լուրջ ավտովթարի պատճառ դարձավ։ Թեև նա ստացել էր ֆիզիկական ծանր վնասվածքներ, սակայն նրան ավելի մեծ ցավ էր պատճառում մյուս վարորդի մահը։ «Ինչ-որ մեկը կորցրեց իր մորը, և դա իմ մեղքով էր»,- ասել է նա։ Ջենը, ով ընդամենը մի քանի օր առաջ կանգնում և անգիր ասում էր․ «Մենք դուստրերն ենք մեր Երկնային Հոր, ով սիրում է մեզ»,13 այժմ հարցնում էր․ «Ինչպե՞ս Նա կարող է սիրել ինձ»։

«Ֆիզիկական տառապանքն անցավ,- ասում է նա, սակայն ես չէի մտածում, որ երբևէ կապաքինվեին իմ հուզական և հոգևոր վերքերը»։

Մի կերպ դրանով ապրելու համար Ջենն ավելի խորը թաքցրեց իր զգացմունքները՝ դառնալով մեկուսացած և թմրած։ Մի տարի անց, երբ նա, վերջապես, ի վիճակի էր խոսել վթարի մասին, մի ոգեշնչված խորհրդատու հրավիրեց նրան գրել «Զավակն եմ ես Աստծո» արտահայտությունը և ասել այն օրը 10 անգամ։

«Բառերը գրելը հեշտ էր,- հիշում է նա,- սակայն ես չէի կարողանում ասել դրանք։ … Դա շատ դժվար էր, և ես իրականում չէի էլ հավատում, որ Աստված կամենում էր ունենալ իմ նման զավակ։ Ես կծկվում ու լաց էի լինում»։

Ամիսներ անց Ջենն ի վերջո կարողացավ անել դա ամեն օր։ «Ես ամբողջությամբ դատարկեցիիմհոգին,- ասաց նա,- աղերսելով Աստծուն։ … Ապա ես սկսեցի հավատալ այդ բառերին»։ Այդ հավատը թույլ տվեց Փրկիչին սպեղանի դնել նրա վիրավոր հոգուն։ Մորմոնի Գիրքը մխիթարություն և քաջություն բերեց Նրա Քավության միջոցով։14

«Քրիստոսը զգացել է իմ ցավերը, իմ վշտերը, իմ մեղքի զգացումը»,- ասում է Ջենը։ «Ես զգացի Աստծո մաքուր սերը, և երբեք չեմ զգացել որևէ բան, որ այդքան զորեղ լիներ։ Այն, որ ես Աստծո զավակն եմ, իմ ունեցած ամենազորեղ գիտելիքն է»։

Ձգտենք ճանաչել Աստծուն՝ մեր Հորը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը զգալ մեր աստվածային ինքնությունը հասկանալու զորությունը: Դա սկսվում է այն պահից, երբ ձգտում ենք ճանաչել Աստծուն՝ մեր Հորը։15 Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը վկայել է․ «Ինչ-որ զորավոր բան է պատահում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին»:16

Փրկչին ճանաչելն ու հետևելը օգնում է մեզ ճանաչել Հորը: «Լինելով … [Հոր] էութեան նկարագիրը»,17 Հիսուսն ուսուցանել է․ «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չ’տեսնէ Հօրն անելիս»։18 Քրիստոսի յուրաքանչյուր բառը և արարքը հայտնում է Աստծո ճշմարիտ էությունը և Նրա հետ մեր հարաբերությունը։19 Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Արյունահոսելով ամեն ծակոտիից և տանջալից աղաղակն Իր շուրթերին, Քրիստոսը փնտրում էր Նրան, ում միշտ փնտրել էր՝ Իր Հորը։ «Ա՛բբա,- աղաղակեց Նա,- Հա՛յր»։20

Ինչպես Հիսուսն էր անկեղծորեն փնտրում Իր Հորը Գեթսեմանիում, այնպես էլ պատանի Ջոզեֆ Սմիթը 1820թ․ աղոթքով փնտրում էր Աստծուն Սրբազան Պուրակում։ «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»21 տողերն ընթերցելուց հետո Ջոզեֆը գնաց աղոթելու։

«Ես ծնկի իջա,- ավելի ուշ գրել է նա,- և սկսեցի սրտիս ցանկությունները հայտնել Աստծուն։ …

Իմ գլխավերևում ես տեսա … լույսի մի սյուն։ …

… Ես տեսա երկու Անձնավորություն, ինձնից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. [Ջո՛զեֆ,] Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»։22

Եթե մենք հետևենք Փրկիչի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի օրինակին, ջերմեռանդորեն փնտրելով Աստծուն, մենք կսկսենք հասկանալ ամենաիրական ձևով, ինչպես Ջենը, որ մեր Հայրը գիտի մեզ անունով, որ մենք Նրա զավակներն ենք։

Մայրե՛ր, հատկապես երիտասա՛րդ մայրեր, որ հաճախ ճնշվածություն եք զգում, մինչ փորձում եք մեծացնել «մեղքին դիմակայող սերունդ»,23 երբեք մի՛ թերագնահատեք Աստծո ծրագրում ձեր ունեցած հիմնական դերը։ Լարված պահերին, գուցե երբ դուք վազում եք փոքրիկների հետևից, և հանկարծ խոհանոցից եկող վառածի հոտը ձեզ տեղեկացնում է, որ ձեր սիրով պատրաստված ընթրիքն այժմ ողջակեզի է վերածվել, իմացեք, որ Աստված սրբացնում է ձեր ամենադժվար օրերը:24 «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ»,25 կրկին անգամ խաղաղ հաստատում է Նա։ Մենք պատվում ենք ձեզ, երբ դուք իրականացնում եք Քույր Ջոյ Դ․ Ջոնսի հույսը, ով նշել է․ «Մեր երեխաներն արժանի են, որ հասկանան իրենց աստվածային ինքնությունը»։26

Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին փնտրել Աստծուն և Նրա Սիրելի Որդուն։ «Ուրիշ ոչ մի տեղ,- ասել է Նախագահ Նելսոնը,- այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում»:27 Բացեք դրա էջերը և սովորեք, որ Աստված անում է «բոլոր բաները [մեր] բարօրության ու երջանկության համար»,28 որ Նա «ողորմած է և գթառատ, դանդաղ բարկության մեջ, երկայնամիտ և բարությամբ լի»,29 և որ «բոլորը նույնն են [Նրա] համար»։30 Երբ դուք վիրավորված եք, մոլորված, վախեցած, վշտացած, տխուր, քաղցած կամ հուսահատորեն լքված կյանքի ծայրահեղ իրավիճակներում31, բացեք Մորմոնի Գիրքը և դուք կսկսեք հասկանալ, որ «Աստված երբեք մեզ չի լքի։ Նա երբեք դա չի արել, և չի անի: Նա չի կարող անել դա: [Այդպես վարվելը] Նրա բնավորությունը չէ»:32

Երբ սկսում ենք ճանաչել մեր Հորը, ամեն բան փոխվում է, հատկապես մեր սրտերը, մինչ Նրա մեղմ Հոգին հաստատում է մեր իրական ինքնությունը և մեծ արժեքը Նրա աչքում։33 Աստված քայլում է մեզ հետ ուխտի արահետով, մինչ մենք փնտրում ենք Նրան աղոթքով, սուրբ գրություններն ուսումնասիրելով և հնազանդության ձգտումով։

Աստծո էության գերազանցությունը․ իմ վկայությունը

Ես սիրում եմ իմ հայրերի Աստծուն,34 «Ամենազոր Տեր Աստծուն»,35 ով արտասվում է մեզ հետ մեր վշտերի մեջ, համբերատար կերպով նախատում է մեզ անարդարության համար և ուրախանում է, երբ մենք ձգտում ենք «հրաժարվել [մեր] բոլոր մեղքերից [Նրան] գիտենալու համար»։36 Ես երկրպագում եմ Նրան, ով միշտ «որբերին հայր» է,37 և ընկեր նրան, ով չունի ընկեր։Երախտագիտությամբ ես վկայում եմ, որ սկսել եմ ճանաչել Աստծուն՝ իմ Հորը, և վկայում եմ կատարելության, հատկանիշների և «[Նրա] բնավորության գերազանցության» մասին։38

Ես ջերմորեն աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա իսկապես հասկանալ և գնահատել որպես Աստծո զավակ մեր «ազնվական ծագումը»,39 սկսելով ճանաչել Նրան՝ «միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ [Նա] ուղարկեց՝ Յիսուսին Քրիստոսին»,40 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։