2018
Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք
May 2018


Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք

Հնազանդվելու ձեր ցանկությունը կմեծանա, երբ հիշեք և մտածեք այս վերջին երկու օրերի ընթացքում ապրած ձեր զգացումների մասին:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մոտենալով այս պատմական համաժողովի ավարտին, ձեզ եմ միանում և իմ շնորհակալությունն եմ հայտնում Տիրոջը՝ Իր ցուցումների ու ոգեշնչող ազդեցության համար։ Երաժշտությունը գեղեցիկ ու վեհացնող էր: Ուղերձները ոչ միայն ուսուցողական էին, այլև՝ կյանք փոխող։

Հանդիսավոր ժողովի ժամանակ մենք հաստատեցինք Առաջին Նախագահությանը։ Երկու հրաշալի անձնավորություններ են զբաղեցրել Տասներկու Առաքյալների Քվորումի շարքերը: Եվ կանչվել ենՅոթանասունի ութ նոր Բարձրագույն Իշխանավորներ։

Այժմ, սիրված օրհներգը ամփոփում է մեր նորացված վճռականությունը, մեր մարտահրավերը և առաջ շարժվելու մեր պատասխանատվությունը․

Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք,

Որ մահից հետո պարգև մենք վաստակենք,

Ճշմարտի կռվի համար նոր սուր պատրաստենք,

Սուրը ճշմարտության։

Որքան էլ թշնամին մեզ ծաղրի,

Մեր կողմն է Աստվածը բարի։

Չարերի խոսքերը չլսենք,

Մենք միայն Աստծուն ենթարկվենք։1

Ես հորդորում եմ ձեզ առաջիկա վեց ամիսների ընթացքում հաճախակի ուսումնասիրել համաժողովի ելույթները և նույնիսկ կրկնել դրանք։ Բարեխղճորեն եղանակներ փնտրեք այս ուղերձները ձեր ընտանեկան երեկոներին, ավետարանի ձեր ուսուցման, ընտանիքի և ընկերների հետ ձեր զրույցներում և, նույնիսկ, այն մարդկանց հետ ձեր քննարկումների մեջ ընդգրկելու համար, ովքեր մեր հավատքից չեն։ Բազմաթիվ լավ մարդիկ կարձագանքեն համաժողովի ճշմարտություններին, երբ առաջարկվի սիրով։ Եվ հնազանդվելու ձեր ցանկությունը կմեծանա, երբ հիշեք և մտածեք այս վերջին երկու օրերի ընթացքում ապրած ձեր զգացումների մասին:

Այս գերագույն համաժողովը սպասավորելու նոր դարաշրջանի սկիզբն է կանխորոշում։ Միմյանց հանդեպ հոգ տանելու եղանակների վերաբերյալ Տերը կարևոր ճշգրտումներ է արել։ Տարեց և երիտասարդ քույրերն ու եղբայրները կծառայեն միմյանց ավելի սրբազան եղանակներով։ Երեցների քվորումները կամրապնդվեն, որպեսզի օրհնեն տղամարդկանց, կանանց և երեխաներին աշխարհով մեկ։ Սփոփող Միության քույրերը կշարունակեն ծառայել իրենց յուրօրինակ և սիրող եղանակներով, հնարավորություններ ավելացնելով ավելի երիտասարդ քույրերի համար, որպեսզի նրանք պատշաճ հանձնարարությամբ միանան իրենց։

Աշխարհին ուղված մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի։2

Վերջնական վեհացման համար պահանջվում է, որ այժմ լիարժեք հավատարիմ մնանք մեր կապած ուխտերին և այն արարողություններին, որոնք ստացել ենք Տիրոջ տանը։ Այս պահի դրությամբ մենք ունենք 159 գործող տաճարներ, և շատերն էլ գտնվում են շինարարության փուլում։ Ցանկանում ենք տաճարները հասանելի դարձնել Եկեղեցու աճող անդամների համար: Այսպիսով, այժմ ուրախ ենք հայտարարել յոթ նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին։ Այդ տաճարները կտեղակայվեն հետևյալ վայրերում․ Սալթա (Արգենտինա), Բենգուլուրու (Հնդկաստան), Մանագուա (Նիկարագուա), Կագայան դե Օրո (Ֆիլիպիններ), Լեյտոն (Յուտա), Ռիչմոնդ (Վիրջինիա) և Ռուսաստանի մի մեծ քաղաքում, որ դեռ պետք է որոշվի։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այդ տաճարների շինարարությունը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում անցկացրած ձեր ժամանակն անշուշտ կարող է փոխել ձեր կյանքը։ Այդ ոգով, ես օրհնում եմ ձեզ, որ դուք կարողանաք գտնել այն գործերը, որոնք կարող եք մի կողմ դնել՝ տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Ես օրհնում եմ ձեզ՝ ձեր տներում ավելի մեծ ներդաշնակություն և սեր ունենալու համար և ավելի մեծ ցանկություն՝ ձեր հավերժական ընտանեկան հարաբերությունները հոգալու համար: Օրհնում եմ ձեզ, որպեսզի ավելի մեծ հավատք ձևավորեք Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ և ավելի շատ կարողանաք հետևել Նրան որպես Նրա ճշմարիտ աշակերտներ։

Ես օրհնում եմ ձեզ, որ բարձրացնեք ձեր վկայության ձայնը, ինչպես հիմա ես եմ անում, որ մենք զբաղված ենք Ամենակարող Աստծո գործով: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է, որը Նա առաջնորդում է Իր օծյալ ծառաների միջոցով։ Ես այդ մասին վկայում եմ, արտահայտելով իմ սերը ձեզանից յուրաքանչյուրին, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» Օրհներգեր, հմր. 10։

  2. Վարդապետություն և Ուխտեր 14․7 հատվածի մեջ նկարագրված է որպես՝ «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»: