2018
Ինչ պետք է իմանա Ահարոնյան քահանայության յուրաքանչյուր կրողը

Ինչ պետք է իմանա Ահարոնյան քահանայության յուրաքանչյուր կրողը

Ահարոնյան Քահանայության ձեր կարգումը կարևոր դեր ունի՝ օգնել Աստծո զավակներին ստանալ Քրիստոսի քավիչ զորությունը:

Եղբայրնե՛ր, մեծ պատիվ է ձեզ հետ լինել այս պատմական համաժողովին: Երբ ես միսիայի նոր նախագահ էի, ոգևորվել էի, երբ մեզ միացավ միսիոներների առաջին խումբը: Մեր փորձառու միսիոներներից մի քանիսը պատրաստվում էին նրանց հետ կարճատև հանդիպում ունենալ: Ես նկատեցի, որ նրանք մանկական աթոռներ էին շարել շրջանաձև դասավորությամբ:

«Ինչո՞ւ են այստեղ փոքր աթոռներ շարված»,- հարցրեցի ես:

Միսիոներները համեստորեն ասացին. «Նոր միսիոներների համար են»:

Ես կարծում եմ, որ այն, թե ինչպես ենք մենք նայում ուրիշներին, զգալիորեն ազդում է նրանց ընկալման վրա, թե ով են իրենք և ինչպիսին կարող են դառնալ:1 Մեր նոր միսիոներները մեծ աթոռների վրա նստեցին այդ օրը:

Երբեմն, ես վախենում եմ, որ մենք մեր Ահարոնյան Քահանայություն կրող երիտասարդներին փոխաբերական իմաստով մանկական աթոռներ ենք տալիս նստելու, փոխանակ օգնենք նրանց հասկանալ, որ Աստված նրանց սրբազան վստահության է արժանացրել և տվել է կարևոր աշխատանք:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեզ խորհուրդ էր տվել նպաստել, որ երիտասարդ տղամարդիկ հասկանան՝ «ինչ է նշանակում լինել Աստծո քահանայության կրողներ: Նրանք պետք է առաջնորդվեն հոգևոր իրազեկվածությամբ՝ իրենց կոչմանսրբության մասին»:2

Այսօր ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուղղորդի մեզ ավելի լավ հասկանալ Ահարոնյան Քահանայության զորությունն ու սրբությունը և ոգեշնչի մեզ ավելի ջանասիրաբար կենտրոնանալ քահանայության մեր պարտականությունների վրա: Ուղերձս Ահարոնյան Քահանայության բոլոր կրողների համար է, ընդգրկելով նաև նրանց, ովքեր Մելքիսեդեկյան Քահանայություն են կրում:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է, որ քահանայության դերն է՝ Աստծո զավակների համար հասանելի դարձնել Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը:3 Մեր կյանքում Քրիստոսի քավիչ զորությունը ստանալու համար մենք պետք է հավատք ունենանք Նրա հանդեպ, ապաշխարենք մեր մեղքերի համար, արարողությունների միջոցով սուրբ ուխտեր կապենք և պահենք ու ստանանք Սուրբ Հոգին:4 Սրանք միանգամյա սկզբունքներ չեն, այլ գործում են միասին, ամրապնդելով և կառուցելով մեկը մյուսին առաջընթացի շարունակական գործընթացում՝ «[գալ] Քրիստոսի մոտ և կատարելագործվե[լ] Նրանում»:5

Այսպիսով, ո՞րն է Ահարոնյան Քահանայության դերն այստեղ: Ինչպե՞ս է այն մեզ համար հասանելի դարձնում Քրիստոսի քավիչ զորությունը: Ես համոզված եմ, որ պատասխանը բանալիների մեջ է, որոնք կրում է Ահարոնյան Քահանայությունը՝ հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիները:6

Հրեշտակների սպասավորություն

Եկեք սկսենք հրեշտակների սպասավորության մի գործոնից: Նախքան Աստծո զավակները կկարողանան հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, նրանք պետք է իմանան Նրա մասին և նրանց պետք է ուսուցանվի Նրա ավետարանը: Ինչպես ասել է Պողոս Առաքյալը.

«Ինչպե՞ս հավատան, որից չլսեցին. և ինչպես լսեն առանց քարոզողի.

Եւ ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվին …

Ուրեմն հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստուծոյ խոսքիցը»:7

Ժամանակների սկզբից Աստված «հրեշտակներ ուղարկվեց՝ սպասավորելու մարդկանց զավակներին, հայտնի դարձնելու Քրիստոսի գալուստի վերաբերյալ»:8 Հրեշտակները երկնային էակներ են, որոնք հայտնում են Աստծո ուղերձը:9 Եվ եբրայերենում, և՛ հունարենում հրեշտակ բառի արմատը նշանակում է «պատվիրակ»:10

Անվան պես հրեշտակները Աստծո կողմից ուղարկված լիազորված պատվիրակներ են, որոնք հայտարարում են Նրա խոսքը և այդպիսով կառուցում հավատք, և մենք, Ահարոնյան Քահանայություն կրողներս, կարգված ենք «ուսուցանե[լու] և բոլորին հրավիրե[լու] գալ Քրիստոսի մոտ»:11 Ավետարանի քարոզումը քահանայական պարտականություն է: Եվ այդ զորության հետ կապված պարտականությունը միայն մարգարեների կամ նույնիսկ միսիոներների համար չէ: Այն ձեզ համա՜ր է:12

Ուրեմն, ինչպե՞ս ենք ստանում այդ զորությունը: Ինչպե՞ս է 12-ամյա սարկավագը կամ մեզանից յուրաքանչյուրը Աստծո զավակների սրտերում հավատ առաջացնում Քրիստոսի հանդեպ: Մենք սկսում ենք քննել Նրա խոսքը, որ դրա զորությունը մեզանում լինի:13 Նա խոստացել է, որ եթե այդպես անենք, կունենանք «Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար»:14 Կարող է հնարավորություն լինել ուսուցանել քվորումի ժողովին կամ այցելել որևէ անդամի տուն: Կարող է ոչ պաշտոնական որևէ իրավիճակ լինել՝ զրույց ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Այս իրավիճակներում, եթե պատրաստված լինենք, ապա կարող ենք ուսուցանել ավետարանը, ինչպես հրեշտակներն են անում՝ Սուրբ Հոգու զորությամբ:15

Elder Douglas D. Holmes with young man

Վերջերս լսեցի Ջեյքոբի մասին, Պապուա Նոր Գվինեայից մի Ահարոնյան Քահանայություն կրողի, ով վկայել էր Մորմոնի Գրքի զորության մասին և թե ինչպես էր այն օգնել իրեն դիմադրել չարին և հետևել Հոգուն: Նրա խոսքերը զորացրին իմ և մյուսների հավատքը: Իմ հավատքը զորացավ նաև, երբ լսեցի, թե ինչպես են Ահարոնյան Քահանայության կրողները ուսուցանում և վկայում իրենց քվորումի ժողովներին:

Երիտասարդ տղանե՛ր, դուք լիազորված պատվիրակներ եք: Ձեր խոսքերով ու գործերով դուք կարող եք Քրիստոսի հանդեպ հավատք առաջացնել Աստծո զավակների սրտերում:16 Ինչպես ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, «Նրանց համար դուք սպասավորող հրեշտակի պես կլինեք»:17

Նախապատրաստական Ավետարան

Քրիստոսի հանդեպ աճող հավատքը միշտ հանգեցնում է փոխվելու և ապաշխարելու ցանկության:18 Այդպիսով, տրամաբանական է, որ հրեշտակների սպասավորության բանալին զուգորդվելու է նախապատրաստական ավետարանի բանալիով, որն «ապաշխարության և մկրտության ավետարանն է, և մեղքերի թողության»:19

Եթե ուսումնասիրեք Ահարոնյան Քահանայության ձեր պարտականությունները, դուք պարզ հանձնարարություն կտեսնեք՝ հրավիրել մարդկանց ապաշխարելու և բարելավվելու:20 Սա չի նշանակում, որ մենք կանգնում ենք փողոցի եզրին, գոչելով. «Ապաշխարեցէք»: Ավելի շուտ դա նշանակում է, որ մենք ենք ապաշխարում, ներում և երբ մենք ծառայում ենք ուրիշներին, առաջարկում ենք հույս և խաղաղություն, որոնք ապաշխարությունն է տալիս, քանի որ մենք ինքներս անցել ենք դրա միջով:

Ես եղել եմ Ահարոնյան Քահանայություն կրողների հետ, երբ այցելում էին իրենց քվորումի անդամներին: Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նրանք զգուշորեն հոգ տանում և օգնում, որ իրենց եղբայրները զգան Աստծո սերը: Ես լսել եմ, թե ինչպես է այդ երիտասարդներից մեկն իր հասակակիցներին վկայություն տալիս ապաշխարության զորության վերաբերյալ: Երբ նա խոսեց, սրտերը փափկեցին, պարտավորություններ ստանձնվեցին և զգացվեց Քրիստոսի բժշկող զորությունը:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Մի բան է ապաշխարելը: Ուրիշ բան է, որ մեր մեղքերը թողնվեն կամ ներվեն: Սա իրականություն դարձնելու զորությունը Ահարոնյան քահանայության մեջ է»:21 Ահարոնյան Քահանայության մկրտության և հաղորդության արարողությունները վկայում են մեր ապաշխարության մասին և ամբողջական են դարձնում այն մեղքերի թողության համար:22 Նախագահ Դալլին Հ․ Օուքսը բացատրել է դա այս կերպ. «Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերը և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը … Երբ մենք այս եղանակով նորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը նորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը»:23

Եղբայրնե՛ր, սա սրբազան արտոնություն է՝ սպասավորել այնպիսի արարողություններ, որոնք Փրկիչի քավիչ զորության շնորհիվ ապաշխարող սրտերին տալիս են մեղքերի թողություն:24

Վերջերս ինձ պատմեցին մի քահանայի մասին, ով առաջին անգամ դժվարանում էրհաղորդությունն օրհնել: Երբ նա դա արեց, զորավոր հոգի իջավ նրա և հավաքվածների վրա: Ավելի ուշ այդ ժողովի ժամանակ, նա պարզ ու հստակ վկայություն բերեց Աստծո զորության մասին, որը զգացել էր այդ արարողության ընթացքում:

Mbuelongo Baptism

Սիդնեյում (Ավստրալիա) քահանաների քվորումի չորս անդամներ մկրտեցին Մբուելոնգո ընտանիքի անդամներին: Այդ քահանաներից մեկի մայրը պատմեց ինձ, թե այդ փորձառությունն ինչ զորավոր ազդեցություն էր ունեցել իր որդու վրա: Քահանաները սկսել էին հասկանալ, թե ինչ է նշանակում «լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից»:25

Ինչպես տեղյակ եք, քահանաներն այժմ կարող են մասնակցել տաճարում մահացածների համար կատարվող մկրտություններին: Իմ 17-ամյա որդին վերջերս ինձ մկրտեց մեր նախնիներից մի քանիսի համար: Մենք երկուսս էլ խորը երախտագիտություն զգացինք Ահարոնյան Քահանայության համար ևհօգուտ Աստծո զավակների փրկության գործելու արտոնության համար:

Երիտասա՛րդ տղաներ, ջանասիրաբար կատարելով քահանայության ձեր պարտականությունները, դուք մասնակցում եք Աստծո աշխատանքին՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:26 Այսպիսի փորձառությունները պատրաստում են ձեզ միսիոներների նման սովորեցնել ապաշխարություն և մկրտել նորադարձներին: Դրանք նաև պատրաստում են ձեզ կյանքի տևողությամբ ծառայության Մելքիսեդեկյան քահանայության շարքերում:

Հովհաննես Մկրտիչը մեր օրինակն է

Ահարոնյան Քահանայության կրողնե՛ր, մենք արտոնություն և պարտականություն ունենք ծառայակիցներ լինելու Հովհաննես Մկրտիչին: Հովհաննեսը ուղարկվել էր որպես լիազորված պատվիրակ՝ վկայելու Քրիստոսի մասին, և հրավիրելու բոլորին ապաշխարել ու մկրտվել, այսինքն, նա գործի էր դրել Ահարոնյան Քահանայության բանալիները, որոնց մասին մենք խոսեցինք: Հովհաննեսն ասել է. «Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար. բայց իմ ետևից եկողն ինձանից զորավոր է … նա ձեզ կմկրտէ Սուրբ Հոգով և կրակով»:27

Այսպիսով, Ահարոնյան Քահանայությունը, հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիներով, Աստծո զավակների համար ճանապարհ է պատրաստում Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար, ամենամեծ պարգևը, որը մենք կարող ենք ստանալ այս կյանքում:28

Ի՜նչ կարևոր պարտականություն է Աստված տվել Ահարոնյան Քահանայության կրողներին:

Հրավեր և խոստում

Ծնողնե՛ր և քահանայության ղեկավարնե՛ր, կարո՞ղ եք ըմբռնել Նախագահ Մոնսոնի խորհրդի կարևորությունը՝ օգնել երիտասարդ տղամարդկանց հասկանալ, թե «ինչ է նշանակում լինել Աստծո քահանայության կրողներ»:29 Ահարոնյան Քահանայությունը հասկանալն ու մեծարելը կպատրաստի երիտասարդներին լինել Մելքիսեդեկյան Քահանայության հավատարիմ կրողներ, զորավոր միսիոներներ և առաքինի ամուսիններ ու հայրեր: Իրենց ծառայության միջոցով նրանք կհասկանան և կզգան քահանայության զորության իրականությունը, զորություն՝ գործելու Քրիստոսի անունով Աստծո զավակների փրկության համար:

Երիտասա՛րդ տղամարդիկ, Աստված ձեզ համար աշխատանք ունի:30 Ահարոնյան Քահանայության ձեր կարգումը կարևոր դեր ունի՝ օգնել Նրա զավակներին ստանալ Քրիստոսի քավիչ զորությունը: Ես ձեզ խոստանում եմ, որ եթե այս սուրբ պարտականությունները ձեր կյանքի կենտրոնում դնեք, դուք կզգաք Աստծո զորությունը առանձնահատուկ կերպով: Դուք կհասկանաք ձեր ինքնությունը՝ որպես Աստծո որդի, կանչված սուրբ կոչմամբ՝ կատարել Նրա աշխատանքը: Եվ Հովհաննես Մկրտիչի պես դուք կպատրաստեք ճանապարհը Նրա Որդու գալուստի համար: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: