2018
Յոթանասուն անգամ յոթը
նախորդ հաջորդ

Յոթանասուն անգամ յոթը

Գայթակղության քարերով ու թերություններով լեցուն այս կյանքում, մենք բոլորս երախտապարտ ենք երկրորդ հնարավորությունն ունենալու համար:

Սխալները կյանքի մասն են կազմում: Երբ սովորում ես հմտորեն դաշնամուր նվագել, անհնար է դա անել առանց հազարավոր, նույնիսկ, միլիոնավոր սխալներ կատարելու: Օտար լեզու սովորելիս պետք է դիմակայել հազարավոր, նույնիսկ միլիոնավոր սխալների հուսահատեցնող ազդեցությանը: Նույնիսկ աշխարհի հռչակավոր ատլետները շարունակում են սխալվել:

Ասված է, որ «հաջողությունը ձախողման բացակայություն չէ, այլ անցում ձախողումների միջով՝ առանց խանդավառությունը կորցնելու»:1

Լույսի լամպի իր գյուտի հետ կապված Թոմաս Էդիսոնը ենթադրելով ասել է. «Ես չեմ ձախողվել 1000 անգամ: Լամպը 1000 քայլերի արդյունքում կատարված հայտնագործություն է»:2 Չարլզ Ֆ. Քեթերինգը անհաջողությունները կոչել է «հաջողության ճանապարհի ուղեսյուներ»:3 Բարեբախտաբար, մեր կատարած յուրաքանչյուր սխալը դառնում է իմաստության դաս, վերածելով գայթակղության քարերը վեր տանող աստիճանների:

Նեփիի անսասան հավատը օգնում էր նրան անցնել ձախողումների միջով, մինչև որ վերջապես ձեռք բերեց արույրե թիթեղները: Մովսեսը տասն անգամ փորձեց, մինչև, ի վերջո, նրան հաջողվեց իսրայելացիների հետ փախչել Եգիպտոսից:

Մեզ համար զարմանալի է, որ եթե Նեփին ու Մովսեսը Տիրոջ կողմից հովանավորվում էին, ապա ինչո՞ւ Տերը չէր միջամտում և օգնում, որ նրանք հաջողության հասնեին առաջին իսկ փորձից: Ինչո՞ւ Նա թույլ տվեց նրանց, և ինչո՞ւ է թույլ տալիս մեզ սայթաքել և ձախողվել հաջողության հասնելու մեր փորձերում: Այս հարցը բազմաթիվ կարևոր պատասխաններ ունի, որոնցից մի քանիսը հետևյալն են.

  • Նախ, Տերը գիտի, որ «այս բոլոր բաները փորձառություն կտան [մեզ] և կլինեն [մեր] օգտի համար»:4

  • Երկրորդ, որպեսզի թույլ տա մեզ «դառնություն ճաշակ[ել], որպեսզի սովորեն[ք] գնահատել բարին»:5

  • Երրորդ, ապացուցելու, որ «պատերազմը Տիրոջն է»6 և միայն Նրա շնորհով է, որ մենք կարող ենք իրականացնել Նրա աշխատանքը և դառնալ Նրա նման:7

  • Չորրորդ, որ օգնի մեզ զարգացնել և խորացնել Քրիստոսանման հատկանիշներ, որոնք կարող են զտվել միայն հակադրության միջոցով8 և «չարչարանքի հնոցում»:9

Այսպիսով, գայթակղության քարերով ու թերություններով լի կյանքում, մենք բոլորս երախտապարտ ենքերկրորդ հնարավորությունն ունենալու համար:

1970 թվականին, լինելով ԲՅՀ-ի նորեկ ուսանող, ես սկսեցի մասնակցել ֆիզիկայի հիմունքների դասընթացին, որը դասավանդում էր հայտնի պրոֆեսոր Ջեյ Բալիֆը: Դասընթացի յուրաքանչյուր հատվածի ավարտից հետո նա քննություն էր նշանակում: Եթե ուսանողը ստանում էր «բավարար» և ցանկանում էր ավելի բարձր գնահատական ստանալ, պրոֆեսոր Բալիֆը թույլ էր տալիս նրան վերահանձնել քննությունը: Եթե ուսանողը երկրորդ փորձից ստանում էր «լավ» և դեռ բավարարված չէր գնահատականով, նա կարող էր երրորդ անգամ հանձնել թեստը, հետո՝ չորրորդ անգամ և այդպես շարունակ: Բազմաթիվ անգամներ տալով երկրորդ հնարավորություն, նա ինձ օգնեց առաջադիմել և վերջապես արժանանալ «գերազանց» գնահատականի այդ առարկայից:

Jae Ballif

Նա բացառիկ իմաստուն պրոֆեսոր էր, ով ոգեշնչում էր իր աշակերտներին փորձել` նայելով ձախողմանը որպես մարզչի, ոչ թե որպես ողբերգության և չվախենալ ձախողումից, այլ սովորել դրանից:

Վերջերս ես զանգեցի այդ հրաշալի անձնավորությանը՝ ֆիզիկայի իմ դասընթացից 47 տարի անց: Ես հարցրի նրան, թե ինչո՞ւ էր նա թույլ տալիս ուսանողներին անսահմանափակ փորձեր կատարել գնահատականի ուղղման համար: Նա պատասխանեց. «Ես ցանկանում էի ուսանողների կողմից լինել»:

Երախտապարտ լինելով մեր սխալների կամ մտքի սայթաքումների դիմաց երկրորդ հնարավորությունն ունենալու համար, մենք բոլորս հրճվում ենքՓրկիչի շնորհով, որը տալիս է մեզ մեղքը կամ ձախողումները հաղթահարելու երկրորդ հնարավորությունը:

Ոչ ոք ավելի շատ մեր կողմից չէ, որքան Փրկիչը: Նա թույլ է տալիս մեզ հանձնել և վերահանձնել Իր քննությունները: Նրան նմանվելու համար բնական մարդու հետ մեր ամենօրյա պայքարում մեզանից կպահանջվեն անհամար երկրորդ հնարավորություններ, ինչպես օրինակ՝ վերահսկել ախորժակը, սովորել համբերատարություն և ներողամտություն, հաղթահարել ծուլությունը, խուսափել անփույթ մեղքերից և սրանք պարզապես մի քանիսն են: Եթե սխալը բնորոշ է մարդուն, ապա քանի՞ ձախողումից հետո մեր բնույթը այլևս մարդկային չի լինի, այլ կլինի աստվածային: Հազարավո՞ր: Ավելի հավանական է՝ միլիոնավոր:

Իմանալով, որ նեղ ու անձուկ ճանապարհը ծածկված է փորձություններով և ձախողումներն ամենօրյա երևույթներ են լինելու մեզ համար, Փրկիչը մեծ գին է վճարել, որպեսզի մեզ այնքան հնարավորություններ տա, որքան կպահանջվի մեր մահկանացու փորձաշրջանը հաջողությամբ անցնելու համար: Հակադրությունը, որը Նա թույլ է տալիս, հաճախ թվում է, թե անհաղթահարելի է կամ անտանելի, սակայն Նա առանց հույսի չի թողնում մեզ:

Մեր հույսը կայուն պահելու համար, երբ կյանքում հանդիպում ենք փորձությունների, Փրկիչի շնորհը միշտ մեզ հետ է, միշտ ներկա է: Նրա շնորհը «օգնության կամ ուժի աստվածային միջոց է … , որը թույլ է տալիս տղամարդկանց և կանանց ակնկալել հավիտենական կյանք և վեհացում, նրանից հետո, երբ գործադրել են իրենց լավագույն ջանքերը»:10 Նրա շնորհը և Նրա սիրող աչքերը մեր վրա են մեր ամբողջ ճամփորդության ընթացքում, երբ Նա ոգեշնչում է, թեթևացնում է բեռը, ամրապնդում է, ազատում է, պաշտպանում է, բուժում է և այլ կերպ ասած՝ «սատարում է իր ժողովրդին», նույնիսկ, եթե նրանք սայթաքում են նեղ ու անձուկ ճանապարհին:11

Ապաշխարությունը Աստծո անընդհատ հասանելի պարգևն է, որը թույլ է տալիս մեզ անցնել ձախողումների միջով՝ առանց խանդավառությունը կորցնելու: Ապաշխարությունը Նրա պահեստային ծրագիրը չէ այն դեպքերի համար, երբ հնարավոր է՝ ձախողվենք: Ապաշխարությունը Նրա ծրագիրն է, իմանալով հանդերձ, որ մենք ձախողվելու ենք: Սա ապաշխարության ավետարան է, և ինչպես նկատել է Նախագահ Ռասել Մ. Նելսոնը. «դա կլինի ողջ կյանքի տևողությամբ ուսումնական ծրագիր»:12

Կյանքի տևողությամբ այս ապաշխարության ծրագրում հաղորդությունն է Տիրոջ կողմից ընտրված եղանակը, որն անդադար հասանելիություն է տալիս մեզ դեպի Նրա ներողամտությունը: Երբ ճաշակում ենք հաղորդությունից կոտրված սրտով և փշրված հոգով, Նա մեզ ներում է տալիս շաբաթվա կտրվածքով, երբ ուխտի ճանապարհին առաջ ենք ընթանում մի ձախողումից մյուսը: Գրված է՝ «չնայած նրանց մեղքերին, որովայնս լի է կարեկցանքով նրանց հանդեպ»:13

Բայց քանի՞ անգամ Նա մեզ կների: Որքա՞ն է Նրա երկայնամտությունը: Մի առիթով Պետրոսը Փրկիչին հարցրեց. «Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. Մինչեւ եօ՞թն անգամ»:14

Forgive 70 times 7

Ըստ երևույթին, Պետրոսը կարծում էր, թե յոթը բավականին մեծ թիվ էր, շեշտելով շատ անգամներ ներելու անհեթեթությունը և այն, որ այդ բարեգործությունը պետք է չափ ու սահման ունենա: Ի պատասխան, Փրկիչը պարզապես ասաց Պետրոսին, որ նույնիսկ հաշվել պետք չէ, պետք չէ ներման վրա սահմաններ դնել:

«Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչև եօթն անգամ այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:15

Ակնհայտ է, որ Փրկիչը չէր ստեղծում մի բարձր սահմանաչափ, օրինակ՝ 490: Դա նույնը կլիներ, եթե ասենք, որ հաղորդություն ընդունելը սահմանափակվում է 490 անգամով, իսկ 491-րդ անգամ երկնային աուդիտորը միջամտեր և ասեր. «Ես շատ ցավում եմ, բայց ձեր ապաշխարության քարտը սպառվել է, այս պահից սկսած դուք ձեր հույսին եղեք»:

Տերը կիրառել է յոթանասուն անգամ յոթ մաթեմատիկան որպես փոխաբերություն Իր բացառիկ Քավության, անչափ սիրո և անսահման շնորհի համար: «Այո՛, և որքան հաճախ որ իմ ժողովուրդն ապաշխարի, ես կներեմ նրանց, իրենց զանցանքները՝ իմ դեմ»:16

Սա չի նշանակում, որ հաղորդությունը մեղքի արտոնագիր է դառնում: Դա պատճառներից մեկն է, որ այս արտահայտությունն ընդգրկվել է Մորոնիի գրքում. «Բայց, որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին»:17

Անկեղծ միտումը ենթադրում է անկեղծ ջանքեր և իրական փոփոխություն: «Փոփոխություն»-ն այն գլխավոր բառն է, որը Սուրբ գրքերի ուղեցույցն օգտագործում է ապաշխարությունը սահմանելիս. «Մտքի և սրտի փոփոխություն, որը նոր վերաբերմունք է դրսևորում Աստծո, սեփական անձի և, առհասարակ, կյանքի հանդեպ»:18 Այդ տեսակ փոփոխությունը հոգևոր աճ է բերում: Մեր հաջողությունն, արդեն, ոչ թե անցումն է մի ձախողումից դեպի մյուսը, այլ աճն է դրանց միջով անցնելիս, առանց խանդավառությունը կորցնելու:

Փոփոխության առումով եկեք ուշադրություն դարձնենք այս գաղափարին. «Չփոխվող բաները նույնն են մնում»: Այդ փոքրիկ ակնհայտությունը չի ենթադրում վիրավորել ձեր բանականությունը, բայց Նախագահ Բոյդ Ք. Փաքերի կողմից ասված բացառիկ իմաստություն է, որին նա այսպիսի հավելում է արել. «Երբ մենք դադարում ենք փոխվել, մենք դադարումենք լինել»:19

Քանի որ մենք չենք ցանկանում դադարել լինելուց, մինչև չդառնանք մեր Փրկիչի նման,20 մենք պետք է վեր կենանք ամեն անգամ, երբ ընկնում ենք, աճելու և առաջադիմելու ցանկությամբ՝ անկախ մեր թուլություններից: Մեր թուլության պահերին Աստված վստահեցնում է մեզ. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զօրությունը տկարության մեջ է կատարվում»:21

Մեր ֆիզիկական աճը կարելի է նկատել միայն լուսանկարման հաջորդական կադրերի կամ աճման աղյուսակների օգնությամբ: Նմանապես, մեր հոգևոր աճը սովորաբար աննկատ է, բացառությամբ, երբ նայում ես անցյալը ցույց տվող ժամանակի տեսապակու միջով: Իմաստուն կլիներ ժամանակ առ ժամանակ հայացք գցել այդ տեսապակու մեջ` տեսնելու մեր առաջընթացը և ոգեշնչվելու «առաջ մղվե[լ] Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն»:22

Ես հավերժ երախտապարտ եմ մեր Երկնային Ծնողների և Փրկիչի սիրառատ բարության, համբերության և երկայնամտության համար, ովքեր թույլ են տալիս մեզ ունենալ անսպառ երկրորդ հնարավորություն մեր ճամփորդության ընթացքում դեպի Իրենց ներկայությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: