2018
Լինենք միաբան

Լինենք միաբան

Որպեսզի հասնենք մեր վսեմ նպատակակետին, մենք միմյանց կարիքը ունենք և պետք է միաբան լինենք:

Աշխարհի ամենաուշագրավ արարածներից մեկը Միապետ թիթեռն է: Երբ ամուսնուս ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոներին ուղևորվում էինք Մեքսիկա, մենք այցելեցինք թիթեռների ապաստարան, որտեղ միլիոնավոր «միապետ» թիթեռներ անցկացնում են ձմեռը: Շատ հաճելի է ներկա լինել այդպիսի տպավորիչ տեսարանի և խորհել միասնության ու աստվածային օրենքներին հնազանդվելու այս օրինակի մասին, որ Աստծո արարածներն են ցուցադրում:1

Butterflies
Butterflies

«Միապետ» թիթեռները հմուտ թռչողներ են: Նրանք օգտագործում են արեգակի դիրքը, որպեսզի գտնեն իրենց անհրաժեշտ ուղղությունը: Ամեն գարնան նրանք ճամփորդում են հազարավոր կիլոմետրեր՝ Մեքսիկայից Կանադա, իսկ աշնանը վերադառնում են Մեքսիկայի նույն սրբազան սոճու անտառները:2 Նրանք այդպես թռչում են ամեն տարի, թափահարելով իրենց փոքրիկ թևերով: Նրանք իրենց ուղևորության ընթացքում գիշերը հավաքվում են ծառերի վրա հոծ խմբերով, որպեսզի պաշտպանվեն ցրտից և գիշատիչներից:3

Butterflies
Butterflies

Թիթեռների խումբը կոչվում է խճանկար:4 Մի՞թե դա գեղեցիկ պատկեր չէ: Խճանկարում յուրաքանչյուր թիթեռ յուրահատուկ է և տարբեր, սակայն այս թվացյալ փխրուն արարածներին սիրառատ Արարիչն օժտել է գոյատևման, ճամփորդելու, բազմանալու և կյանք տարածելու ունակությամբ, երբ նրանք թռչում են մի ծաղկից մյուսը՝ տարածելով ծաղկափոշին: Եվ, չնայած, յուրաքանչյուր թիթեռ յուրահատուկ է, նրանք աշխատում են միասին՝ աշխարհը դարձնելով ավելի գեղեցիկ ու արգասաբեր վայր:

«Միապետ» թիթեռների նման, մենք ևս մեր երկնային տունը վերադառնալու ճանապարհին ենք, որտեղ կմիանանք մեր Երկնային Ծնողների հետ:5 Թիթեռների նման, մեզ ևս տրվել են աստվածային հատկանիշներ, որոնք մեզ թույլ են տալիս խուսանավել կյանքում, որպեսզի «լցն[ենք] [մեր] ստեղծման չափը»:6 Նրանց նման, եթե մենք էլ միավորենք մեր սրտերը,7 Տերը կպաշտպանի մեզ, ինչպես «հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին»,8 և կդարձնի մեզ մի գեղեցիկ խճանկար:

Տղանե՛ր և աղջիկնե՛ր, երիտասա՛րդ կանայք և երիտասա՛րդ տղամարդիկ, մենք միասին ենք այս ճանապարհին: Որպեսզի հասնենք մեր վսեմ նպատակակետին, մենք միմյանց կարիքը ունենք և պետք է միաբան լինենք: Փրկիչը պատվիրել է մեզ. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:9

Հիսուս Քրիստոսը Իր Հայր Աստծո հետ միաբանության բարձրագույն օրինակն է: Նրանք մեկ են նպատակով, սիրով և գործերով՝ «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին»:10

Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Իր Հոր հետ միաբանության Տիրոջ կատարյալ օրինակին և ավելիմիաբանված լինել Նրանց ու միմյանց հետ:

Մի ոգեշունչ օրինակ է զետեղված Գործք Առաքելոց 1.14-ում: Մենք կարդում ենք. «[Տղամարդիկ] միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ»:11

Կարծում եմ, կարևոր է, որ «միաբան» բառը մի քանի անգամ կրկնվում է Առաքելոց գրքում, որտեղ մենք կարդում ենք այն մասին, թե Հիսուս Քրիստոսի հետևորդներն ինչ արեցին անմիջապես այն բանից հետո, երբ որպես հարություն առած էակ, Նա համբարձվեց երկինք, կարդում ենք նաև օրհնությունների մասին, որ նրանք ստացան իրենց ջանքերի շնորհիվ: Կարևոր է նաև, որ մենք նման օրինակներ գտնենք հավատարիմների մեջ Ամերիկա մայրցամաքում այն ժամանակ, երբ Տերը այցելեց ու ծառայեց նրանց: «Միաբան» նշանակում է՝ համաձայնության մեջ, միասնական և բոլորը միասին:

Որոշ գործեր, որ հավատարիմ Սրբերը միաբան կատարում էին երկու վայրերում էլ, հետևյալն էին՝ վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին, ուսումնասիրում էին Աստծո խոսքը և սիրով ծառայում միմյանց:12

Տիրոջ հետևորդները մեկ էին նպատակով, սիրով և գործերով: Նրանք գիտեին, թե ովքեր էին իրենք, ինչ պետք է անեին, և անում էին այդ Աստծո ու միմյանց հանդեպ սիրով: Նրանք հոյակապ խճանկարի մասն էին, որը միաբան առաջ էր ընթանում:

Օրհնությունները, որ նրանք ստանում էին, լի էին Սուրբ Հոգով, հրաշքներ էին տեղի ունենում նրանց մեջ, Եկեղեցին աճում էր, հակառակություն չկար մարդկանց միջև, և Տերը օրհնում էր նրանց բոլոր բաներում:13

Մենք կարող ենք ենթադրել, որ պատճառը, որով նրանք այդքան միաբան էին, այն էր, որ իրենք անձամբ գիտեին Տիրոջը: Նրանք մոտ էին Նրան և վկա էին եղել Նրա աստվածային առաքելությանը, Նրա գործած հրաշքներին ու Նրա Հարությանը: Նրանք տեսել ու շոշափել էին Նրա ձեռքերն ու ոտքերը: Նրանք անշուշտ գիտեին, որ Նա էր խոստացված Մեսիան՝ աշխարհի Քավիչը: Նրանք գիտեին, որ «Նա է ողջ բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը»:14

Նույնիսկ, եթե մենք չենք տեսել Փրկիչին մեր աչքերով, մենք կարող ենք իմանալ, որ Նա ապրում է: Երբ մենք մոտենանք Նրան, երբ մենք ձգտենք Սուրբ Հոգու միջոցով անձնական վկայություն ստանալ Նրա աստվածային առաքելության մասին, մենք ավելի լավ կհասկանանք մեր նպատակը, Աստծո սերը կբնակվի մեր սրտերում,15 մենք վճռականություն կունենանք մեկ լինելու մեր ընտանիքների, ծխերի և համայնքների խճանկարում և կծառայենք միմյանց «ավելի նոր, ավելի լավ եղանակներով»:16

Հրաշքները պատահում են, երբ Աստծո զավակները աշխատում են միասին, ուղղորդվելով Հոգու կողմից, որ հասնեն կարիքավորներին:

Flooded Street

Մենք այնքան շատ պատմություններ ենք լսել բարեկամական սիրո մասին, որ մարդիկ ցուցադրում են աղետների ժամանակ: Օրինակ, երբ անցյալ տարի Հյուստոն քաղաքը տուժեց մեծ ջրհեղեղից, մարդիկ մոռացան իրենց սեփական կարիքների մասին և գնացին փրկարարական աշխատանքներ կատարելու: Երեցների քվորումի նախագահը օգնության կոչ արեց համայնքին և արագ կազմավորվեց 77 նավակներից բաղկացած շարժակազմ: Փրկարարները գնում էին ջրհեղեղից տուժած տարածքները և ընտանիքներին տեղափոխում մեր ժողովատներից մեկը, որտեղ նրանք ստանում էին օթևան և շատ անհրաժեշտ օգնություն: Անդամներն ու ոչ անդամները աշխատում էին միասին մեկ նպատակով:

Sister Missionaries with Group

Չիլիի Սանտյագո քաղաքում Սփոփող Միության նախագահը ցանկություն հայտնեց օգնել իր համայնքի ներգաղթյալներին, ովքեր եկել էին Հաիթիից: Խորհրդակցելով իր քահանայության ղեկավարների հետ, նա և այլ ղեկավարներ հանդես եկան ներգաղթյալների համար իսպաներենի դասեր անցկացնելու գաղափարով, որպեսզի օգնեին նրանց ավելի լավ ինտեգրվել իրենց նոր համայնքում: Ամեն կիրակի առավոտ միսիոներները մեկտեղ հավաքվում էին իրենց պատրաստակամ ուսանողների հետ: Միաբանության զգացումը այդ շենքում ոգեշնչող օրինակ էր այն մարդկանց, ովքեր ունեին տարբեր ծագում, բայց ծառայում էին միաբանությամբ:

Helping Hands Mexico

Մեքսիկայում հազարավոր անդամներ ժամերով ճամփորդեցին, որպեսզի օգնեն երկու խոշոր երկրաշարժերից փրկված մարդկանց: Նրանք եկան գործիքներով, մեքենայական սարքավորումներով և մերձավորի հանդեպ սիրով: Երբ կամավորները միասին հավաքվեցին մեր ժողովատներից մեկում՝ սպասելով հրահանգների, Իքսյուհաթան քաղաքի քաղաքապետը հուզվեց և արցունքները հոսեցին նրա աչքերից, երբ տեսավ «Քրիստոսի մաքուր սիրո» այդպիսի դրսևորումը:17

Տերը հիմա մեզ հնարավորություն է տալիս ամեն ամիս խորհրդակցել քահանայության քվորումների և Սփոփող Միությունների հետ միասին, որպեսզի մենք բոլորս կարողանանք եռանդուն մասնակիցներ լինել մեր ծխերի ու ճյուղերի խճանկարում, որում մենք բոլորս տեղ ունենք և որտեղ կա բոլորիս կարիքը:

Մեր ճանապարհները տարբեր են, սակայն մենք քայլում ենք միասին: Մեր ճանապարհ ասելով նկատի չունենք, թե մենք ինչ ենք արել կամ որտեղ ենք եղել, դա վերաբերում է նրան, թե մենք ուր ենք գնում և ինչ ենք դառնում միաբանվելով: Երբ մենք խորհրդակցում ենք միասին՝ առաջնորդվելով Սուրբ Հոգու կողմից, կարող ենք տեսնել՝ թե որտեղ ենք մենք և որտեղ մենք պետք է լինենք: Սուրբ Հոգին մեզ տալիս է տեսլական, որը չենք կարող տեսնել մեր բնական աչքերով, քանի որ «հայտնությունը ամենուրեք մեր մեջ է»,18 և երբ ի մի ենք բերում այդ հայտնությունը, մենք ավելի շատ բան ենք հասկանում:

Երբ մենք աշխատում ենք միաբան, մեր նպատակը պետք է լինի փնտրել և կատարել Տիրոջ կամքը, մեր խթանը պետք է լինի սերը, որը զգում ենք Աստծո և մերձավորի հանդեպ,19 և մեր մեծագույն ցանկությունը պետք է լինի «ջանասիրաբար աշխատելը»,20 որպեսզի կարողանանք ուղի պատրաստել մեր Տիրոջ փառահեղ վերադարձի համար: Միակ ուղին, որով կկարողանանք անել այդ, միաբան լինելն է:

«Միապետ» թիթեռների նման, եկեք միասին նպատակասլաց շարունակենք մեր ուղին, յուրաքանչյուրս ներդնելով մեր ավանդն ու հատկանիշները, աշխատենք այս աշխարհը դարձնել ավելի գեղեցիկ ու արգասաբեր, ամեն անգամ կատարելով մի փոքր քայլ, և Աստծո պատվիրանների հետ լինել ներդաշնակ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոստացել է մեզ, որ երբ մենք հավաքվենք Իր անունով, Նա կլինի մեր մեջ:21 Ես վկայում եմ, որ Նա ապրում է և Նա հարություն է առել այնպիսի մի գեղեցիկ գարնանային առավոտ, ինչպիսին այսօր է: Նա է բոլոր միապետերի Միապետը, «թագավորների Թագավորը և տերերի Տերը»:22

Թող մենք մեկ լինենք Հոր և Նրա Միածին Որդու մեջ, երբ առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, այս է իմ խոնարհ աղոթքը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։