Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 29


Բաժին 29

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, վեց երեցների ներկայությամբ, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. սեպտեմբերին (History of the Church, 1.111–115): Այս հայտնությունը տրվել էր 1830թ. սեպտեմբերի 26-ին սկսվող համաժողովից մի քանի օր առաջ:

1–8՝ Քրիստոսը հավաքում է իր ընտրյալներին. 9–11՝ Նրա գալստով մուտք է գործում Հազարամյակը. 12–13՝ Տասներկուսը կդատեն ողջ Իսրայելը. 14–21՝ Նշաններ, աղետներ ու ամայացումներ են նախորդելու Երկրորդ Գալստին. 22–28՝ Վերջին հարությունն ու վերջին դատաստանը հաջորդում են Հազարամյակին. 29–35՝ Տիրոջ համար բոլոր բաները հոգևոր են. 36–39՝ Դևը և նրա զորքերը երկնքից դուրս են գցվել մարդուն փորձելու համար. 40–45՝ Անկումը և Քավությունը փրկություն են բերում. 46–50՝ Փոքր երեխաները փրկագնված են Քավության միջոցով:

1 Լսեք ձայնը Հիսուս Քրիստոսի՝ ձեր Քավչի, Մեծ ԵՍ ԵՄ-ի, որի ողորմության բազուկը քավել է ձեր մեղքերը.

2 Որը հավաքելու է իր ժողովրդին, ճիշտ ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր ականջ են դնում իմ ձայնին, և իրենց խոնարհեցնում են իմ առաջ, և զորավոր աղոթքով կանչում են առ ինձ:

3 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այժմ ձեր մեղքերը ներվել են ձեզ, հետևաբար, դուք ստանում եք այս բաները. սակայն հիշեք չմեղանչել այլևս, չլինի թե վտանգներ գան ձեր վրա:

4 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք ընտրված եք աշխարհից՝ հայտարարելու իմ ավետարանը ցնծության հնչումով՝ ինչպես մի փողի ձայնով:

5 Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախացեք, քանզի ես ձեր մեջ եմ, և ձեր բարեխոսն եմ Հոր մոտ. և նրա բարի կամքն է՝ տալ ձեզ արքայությունը:

6 Եվ ինչպես գրված է. Ինչ էլ որ դուք խնդրեք հավատքով, միաբանվելով աղոթքով, համաձայն իմ պատվիրանի, դուք կստանաք:

7 Եվ դուք կանչված եք՝ իրագործելու իմ ընտրյալների հավաքումը. քանզի իմ ընտրյալները լսում են իմ ձայնը և չեն կարծրացնում իրենց սրտերը.

8 Ուստի հրամանագիր է արձակվել Հոր կողմից, որ նրանք պետք է հավաքվեն մի տեղ, այս հողի երեսին՝ իրենց սրտերը նախապատրաստելու և բոլոր բաներում պատրաստ լինելու այն օրվա համար, երբ նեղություն և ամայացում կուղարկվեն ամբարիշտների վրա:

9 Քանզի ժամը մոտ է և օրը՝ շուտով առ ձեռն, երբ երկիրը կհասունանա. և բոլոր հպարտները և նրանք, որ գործում են ամբարշտորեն, հարդի պես կլինեն. և ես կայրեմ նրանց, ասում է Զորաց Տերը, որ ամբարշտություն չլինի երկրի վրա.

10 Քանզի մոտ է ժամը, և այն, ինչ խոսվել է իմ առաքյալների կողմից, պիտի իրականանա. քանզի ինչպես նրանք խոսեցին, այնպես էլ պիտի լինի.

11 Քանզի ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով, նրա ողջ զորքով, և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի, և ամբարիշտները կանգուն չեն մնա:

12 Եվ կրկին, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և դա արձակվել է անխախտ հրամանագրով, Հոր կամքով, որ իմ առաքյալները՝ Տասներկուսը, որոնք ինձ հետ էին Երուսաղեմում իմ ծառայության ժամանակ, պիտի կանգնեն իմ աջ կողմում, կրակի սյունով իմ գալու օրը, արդարության պարեգոտ հագած, թագեր իրենց գլխին, փառքի մեջ, ճիշտ ինչպես ես եմ, դատելու Իսրայելի ողջ տունը, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր սիրել են ինձ և պահել են իմ պատվիրանները, և ուրիշ ոչ մեկի:

13 Քանզի փողը կհնչի՝ երկար և բարձր, ճիշտ ինչպես Սինայ սարի վրա, և ողջ երկիրը կցնցվի, և նրանք առաջ կգան,– այո՛, այսինքն՝ մեռելները, որոնք մահացել են ինձանում,– ստանալու արդարության պսակը, և հանդերձավորվելու, ճիշտ ինձ նման, լինելու ինձ հետ, որ մենք կարողանանք մեկ լինել:

14 Սակայն, ահա, ես ասում եմ ձեզ, որ նախքան այդ մեծ օրվա գալը, արեգակը պիտի խավարեցվի, և լուսինը պիտի դարձվի արյուն, և աստղերը վայր պիտի ընկնեն երկնքից, և ավելի մեծ նշաններ պիտի լինեն վերևը՝ երկնքում, և ներքևը՝ երկրում.

15 Եվ լաց ու կոծ պիտի լինի մարդկանց բազմությունների մեջ.

16 Եվ մի ուժեղ կարկտահողմ պիտի առաջ ուղարկվի՝ երկրի բերքն ավերելու:

17 Եվ կլինի այնպես, որ աշխարհի ամբարշտության պատճառով, ես վրեժ կառնեմ ամբարիշտներից, քանզի նրանք չեն ապաշխարի. քանզի իմ զայրույթի բաժակը լի է. քանզի ահա, իմ արյունը չի մաքրի նրանց, եթե նրանք ինձ չլսեն:

18 Ուստի, ես՝ Տեր Աստվածս, միջատներ կուղարկեմ երկրի երեսի վրա, որոնք կկպչեն նրա բնակիչներին և կուտեն նրանց մարմինը, և պատճառ կլինեն, որ նրանց վրա թրթուռներ գան.

19 Եվ նրանց լեզուները ետ պիտի պահվեն, այնպես որ նրանք չպիտի խոսեն իմ դեմ. և նրանց մարմինը պիտի թափվի իրենց ոսկորների վրայից, և նրանց աչքերը՝ իրենց խոռոչներից.

20 Եվ կլինի այնպես, որ անտառի գազաններն ու երկնքի թռչունները կհոշոտեն նրանց:

21 Եվ այն մեծ և պիղծ եկեղեցին, որը ողջ աշխարհի պոռնիկն է, վայր պիտի գցվի լափող կրակով, համաձայն նրա, ինչպես խոսվել է Եզեկիել մարգարեի բերանով, որը խոսեց այն բաների մասին, որոնք դեռ չեն եղել, բայց անկասկած կլինեն, ինչպես կենդանի եմ ես, քանզի պղծությունները չպետք է գերիշխեն:

22 Եվ կրկին, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ երբ հազար տարին վերջանա, և մարդիկ կրկին սկսեն ուրանալ իրենց Աստծուն, այն ժամանակ ես կխնայեմ երկիրը, բայց մի փոքր ժամանակով.

23 Եվ պիտի գա վերջը, և երկինքն ու երկիրը կսպառվեն ու կանցնեն, և կլինի մի նոր երկինք և մի նոր երկիր:

24 Քանզի բոլոր հին բաները պիտի անցնեն, և բոլոր բաները պիտի նոր լինեն, նույնիսկ երկինքն ու երկիրը, և նրանց ողջ լրիվությունը, թե՛ մարդիկ ու գազանները, երկնքի թռչունները, թե՛ ծովի ձկները.

25 Եվ ոչ մի մազ, ոչ էլ մի փոշու հատիկ չի կորչի, քանզի դա իմ ձեռքի ստեղծագործությունն է:

26 Սակայն, ահա, ճշմարիտ ասում եմ ես ձեզ, որ նախքան երկիրը կանցնի, Միքայելը՝ իմ հրեշտակապետը, կհնչեցնի իր փողը, և ապա բոլոր մեռելները կարթնանան, քանզի նրանց գերեզմանները կբացվեն, և նրանք դուրս կգան,– այո՛, նույնիսկ բոլորը:

27 Եվ արդարները պիտի հավաքվեն իմ աջ կողմում՝ հավերժական կյանքի համար. իսկ ամբարիշտներին, որ իմ ձախ կողմում են, ես կամաչեմ իմը ճանաչել Հոր առաջ.

28 Ուստի ես նրանց կասեմ. Հեռացեք ինձանից, դո՛ւք, անիծյալնե՛ր, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է դևի և նրա հրեշտակների համար:

29 Եվ այժմ, ահա, ես ասում եմ ձեզ, որ երբեք, ոչ մի անգամ իմ իսկ բերանով ես չեմ հայտարարել, որ նրանք կվերադառնան, քանզի ուր որ ես եմ, նրանք չեն կարող գալ, քանզի նրանք չունեն զորություն:

30 Սակայն հիշեք, որ բոլոր իմ դատաստանները տրված չեն մարդկանց. և ինչպես որ խոսքերը դուրս են եկել իմ բերանից, ճիշտ այդպես էլ նրանք պիտի իրականանան, որ առաջինը լինի վերջինը, և որ վերջինը լինի առաջինը՝ բոլոր բաներում, ինչ որ ես ստեղծել եմ իմ խոսքի զորությամբ, որը զորությունն է իմ Հոգու:

31 Քանզի իմ Հոգու զորությամբ եմ ես նրանց ստեղծել. այո՛, բոլոր բաները՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական,–

32 Առաջինը՝ հոգևորը, երկրորդը՝ ֆիզիկականը, որը սկիզբն է իմ գործի. և մյուս կողմից, առաջինը՝ ֆիզիկականը, երկրորդը՝ հոգևորը, որը վերջն է իմ գործի,–

33 Խոսելով ձեզ հետ, որ դուք կարողանաք բնական ձևով հասկանալ. բայց ինձ համար՝ իմ գործերին չկա ոչ վերջ, ոչ էլ սկիզբ. բայց ձեզ տրված է, որ դուք հասկանաք, որովհետև դուք հարցրել եք ինձ և համաձայնության եք եկել:

34 Ուստի, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ բոլոր բաներն ինձ համար հոգևոր են, և ոչ մի անգամ ես ձեզ չեմ տվել օրենք, որը լինի ֆիզիկական. ոչ որևէ մարդու, ոչ էլ մարդկանց զավակներին. ոչ էլ Ադամին՝ ձեր հորը, որին ես ստեղծեցի:

35 Ահա, ես տվեցի նրան, որ նա գործակալը լիներ իր անձի. և ես տվեցի նրան պատվիրան, բայց ես չտվեցի նրան ֆիզիկական պատվիրան, քանզի իմ պատվիրանները հոգևոր են. դրանք ոչ բնական են, ոչ էլ ֆիզիկական, ոչ մարմնական են, ոչ էլ զգայական:

36 Եվ եղավ այնպես, որ Ադամը, գայթակղվելով դևի կողմից,– քանզի ահա դևն Ադամից առաջ էր, քանզի նա ապստամբեց իմ դեմ, ասելով. Տո՛ւր ինձ քո պատիվը, որն իմ զորությունն է. և նաև երկնքի զորքերի մեկ երրորդին նա շրջեց ինձանից՝ նրանց կամքի ազատության պատճառով.

37 Եվ նրանք նետվեցին ցած, և այդպես եկան դևն ու իր հրեշտակները.

38 Եվ, ահա, նրանց համար տեղ կար պատրաստված ի սկզբանե, տեղ, որը դժոխքն է:

39 Եվ անպայման պետք է որ դևը գայթակղեր մարդկանց զավակներին, այլապես նրանք չէին կարող գործակալը լինել իրենց անձի. քանզի եթե նրանք երբևէ չճաշակեին դառնություն, ապա չէին իմանա քաղցրությունը,–

40 Ուստի, եղավ այնպես, որ դևը գայթակղեց Ադամին, և նա ճաշակեց արգելված պտղից, և զանց արեց պատվիրանը, որով ենթարկվեց դևի կամքին, որովհետև նա տեղի տվեց գայթակղությանը:

41 Ուստի, ես՝ Տեր Աստվածս, այնպես արեցի, որ նա դուրս գցվեր Եդեմի պարտեզից, իմ ներկայությունից, իր օրինազանցության պատճառով, որով նա դարձավ հոգեպես մահացած, որն առաջին մահն է, նույնիսկ այն նույն մահը, որը վերջին մահն է, որը հոգևոր է, որը կհայտարարվի ամբարիշտներին, երբ որ ես ասեմ. Հեռացեք, դո՛ւք, անիծյալնե՛ր:

42 Քանզի, ահա, ես ասում եմ քեզ, որ ես՝ Տեր Աստվածս, Ադամին և նրա սերնդին շնորհեցի, որ նրանք չմեռնեին, ինչ վերաբերում է ֆիզիկական մահին, մինչև որ ես՝ Տեր Աստվածս, կուղարկեի հրեշտակներ՝ ապաշխարություն և փրկագնում հայտարարելու նրանց՝ հավատքի միջոցով առ իմ Միածին Որդու անունը:

43 Եվ այսպես, ես՝ Տեր Աստվածս, մարդու համար նշանակեցի իր փորձության օրերը,– որ իր բնական մահով հնարավոր լինի բարձրացնել նրան անմահության մեջ՝ ի հավերժական կյանք, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր կհավատան.

44 Իսկ նրանց, ովքեր չեն հավատա՝ ի հավերժական նզովք. քանզի նրանք չեն կարող փրկագնվել իրենց հոգևոր անկումից, որովհետև չեն ապաշխարում.

45 Քանզի նրանք խավարն ավելի են սիրում, քան լույսը, և նրանց գործերը չար են, և նրանք ստանում են իրենց վարձքը նրանից, ում կամենում են հնազանդվել:

46 Բայց ահա, ես ասում եմ քեզ, որ փոքր երեխաները փրկագնված են աշխարհի հիմնադրումից ի վեր՝ իմ Միածնի միջոցով.

47 Ուստի, նրանք չեն կարող մեղանչել, քանզի Սատանային տրված չէ փոքր երեխաներին գայթակղելու զորություն, մինչև որ նրանք չսկսեն պատասխանատու դառնալ իմ առաջ.

48 Քանզի նրանց տրված է, ճիշտ ինչպես ես եմ ցանկանում, համաձայն իմ կամքի, որպեսզի մեծ բաներ պահանջվեն նրանց հայրերի ձեռքից:

49 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Նրան, ով գիտելիք ունի, մի՞թե ես չեմ պատվիրել, որ ապաշխարի:

50 Իսկ նրա հետ, ով չունի հասկացողություն, ինձ մնում է վարվել գրվածի համաձայն: Եվ արդ, ավելին ես ձեզ չեմ հայտարարում այս անգամ: Ամեն: