2008
Մենք անձնատուր չենք լինի, մենք չենք կարող անձնատուր լինել
Մայիս 2008


Մենք անձնատուր չենք լինի, մենք չենք կարող անձնատուր լինել

Ապրիր քո չափանիշներով: Պայքարիր նրա համար, ինչին հավատում ես:

Նկար
Elder W. Craig Zwick

Ձեզ հետ միասին ես երախտագիտությամբ հաստատում եմ Աստծո կամքը Իր ժողովրդի համար: Շնորհակալություն Երեց Մոնսոն ձեր մաքուր սրտի համար:

Երբ պատանի Ջոզեֆը պատմեց անտառում իր սուրբ փորձառության մասին ճշմարտությունը, նրան հալածում էին և վատ էին վերաբերվում: Հակառակորդը ծաղրը օգտագործեց որպես զենք նրա դեմ. «Ես չճանաչված մի պատանի էի … այնուամենայնիվ, ես արժանացել էի հեղինակավոր մարդկանց ուշադրությանը, այնքան, որ նրանք հասարակական միտքը լարում էին ընդդեմ ինձ և ծանր հետապնդման մղում»:1

Ջոզեֆը աճեց համբերության, ժուժկալության և հավատի մեջ, չնայած ամեն կողմում թշնամիներ կային: Ջոզեֆի խոսքերով. «Չարը և նենգ մարդիկ միավորվել էին կործանելու անմեղին, … սակայն փառահեղ Ավետարանը իր լրիվությամբ տարածվում է»:2 «Ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այդ աշխատանքի առաջընթացը»:3

Անգամ այսօր, կան այնպիսիք, որ չեն հասկանում մեր վարդապետությունը և մարտահրավեր են նետում անփոփոխ արժեքներին, ըստ որոնց մենք պետք է ապրենք:

Իմ երիտասարդ ընկերը` Իթանը, իր մայրիկին էր մոտեցել մի լուրջ հարցով: Իթանը մյուս դեռահասների պես ցանկանում է լինել անկախ, ինքնաբավարարող և լավ ընկերներով շրջապատված: Նա փորձում է ինքնուրույն լավ ընտրություններ կատարել: Նա անչափ խիզախ է, տքնաջան աշխատում է իր գնահատականների վրա և ամեն օր ուսումնասիրում է սուրբ գրությունները: Բոլոր երիտասարդների պես Իթանը վիթխարի գայթակղությունների է հանդիպում: Դրանք հանդիպում են իր դպրոցի միջանցքում, ինտերնետում, կինոնկարներում և երաժշտության մեջ: Դա կարող է լսվել անպարկեշտ լեզվում և երևալ ազատ և բաց հագուտի մեջ: Այն ինչ սխալ է, հաճախ ներկայացվում է ճիշտ: Անհանգստությունն ու չընդունվելու վախը սովորական երևույթներ են դեռահասների մոտ: Հասակակիցների ճնշումը հաճախ ընկճող է: Իթանը զգում էր, որ ռմբակոծվում է հակառակ արժեքների կողմից:

Նա հարցրել էր իր մայրիկին. «Մայրի՛կ, արդյո՞ք ես պետք է իջեցնեմ իմ չափանիշները, որպեսզի պահեմ իմ ընկերներին»:

Դա կարևոր հարց է յուրաքանչյուրիս համար` կյանքի բոլոր էտապներում: Արդյո՞ք մենք իջեցնում ենք մեր չափանիշները, որպեսզի հարմարվենք մեր շրջապատին: Արդյո՞ք փոխում ենք մեր արժեքները, որպեսզի հարմարվենք իրադրությանը` աշխատանքի վայրում կամ որպեսզի մասսայականություն վայելենք դպրոցում:

Իթանի սիրող մայրը պատասխանեց նրան հաստատուն ձայնով` Ո՛չ:

Ես նույնպես առանց երկմտելու պատասխանում եմ. «Ո՛չ, Իթան: Երբեք մի մոռացիր, որ դու Աստծո որդին ես, և Նա քեզ սիրում է: Ապրիր քո չափանիշներով: Պայքարիր նրա համար, ինչին հավատում ես: Երբեմն դա այդքան էլ հեշտ չի, և դու հնարավոր է մենակ լինես քո պայքարում որոշ ժամանակ: Փնտրիր շիտակ և ուժեղ բնավորությամբ ընկերներ, ապա գնա նրանց մոտ և շնորհակալություն հայտնիր նրանց ցույց տված օրինակի համար: Դու կարող ես նույնիսկ գտնել այնպիսի մեկին, որը քեզ նման զգացել է միայնակությունը: Աղոթիր Տիրոջ առաջնորդության և պաշտպանության համար: Նա կաջակցի քեզ: Նա կդառնա վստահելի ընկեր, և դու կհայտնաբերես, որ քո օրինակը կգրավի շատ ընկերների, ովքեր քաջություն կստանան քո ուժեղ բնավորությունից»:

Նեփին մեզ ուսուցանել է մի զորավոր պարզ սկզբունք պատմելով կյանքի ծառի մասին իր հոր երազը: Նա նկարագրել է դեպի ծառը տանող նեղ ու անձուկ ճանապարհը և մեծ ու շքեղ շենքը: Շենքը լիքն էր մարդկանցով, ովքեր անչափ պերճաշուք էին հագնված: Նրանք բոլորը ծաղրում էին և մատնացույց էին անում նրանց, ովքեր ճաշակում էին այդ պտղից: Նրանք փորձում էին այդ ճանապարհից մարդկանց հեռացնել և բերել շենք: Ինչպես երևում է, մարդիկ ներսում կարծես լավ ժամանակ էին անցկացնում: Գայթակղության և ծաղրանքի ինչպիսի՜ անմոռանալի պատկեր: Երեց Նիլ Ա. Մաքսվելի խոսքերով. «Աշխարհի ծիծաղը սոսկ միայնակություն է, որը սրտաշարժ ձևով փորձում է հավաստել ինքն իրեն»:4

«Եվ մեծ էր բազմությունը, որ մտավ այն արտասովոր շենքը … Նրանք ուղղեցին արհամարանքի մատը դեպի ինձ և նրանց, ովքեր նույնպես ճաշակում էին պտղից. բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա»:5

Հատվածի վերջում Նեփիի զորավոր սկզբունքն է` պատասխան անցանկալի հասակակիցների ճնշմանը. «Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա»:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը վերջերս ընդգծել է այդ առաջնորդող սկզբունքը. «Թեպետ գուցե թվա մենք տարբեր ենք, թեպետ շատ չափանիշներ նսեմացվում են, թեպետ շատերը անձնատուր են լինում, մենք անձնատուր չենք լինի, մենք չենք կարող անձնատուր լինել»:6

Արդյո՞ք ճանաչում ենք գայթակղությունը, երբ այն այդքան լավ քողարկված է:

Արդյո՞ք մենք կամենում ենք ժողովրդականություն չվայելող պայքար մղել:

Պողոսը հստակ զգուշացրել է, որ մենք չպետք է լինենք «մարդկանց հաճո լինողների պես, այլ Քրիստոսի ճշմարիտ ծառաներ` Աստծո կամքը անելով սրտանց»:7

Ժամանակն է, որ մենք անզիջում դիրք գրավենք: Մենք պետք է ամրացնենք մեր հոգևոր հիմքերը, լսենք Աստծո մարգարեներին և հետևենք նրանց խորհրդին:

Պողոսն ասաց Տիմոթեոսին. «Որովհետև Աստված չտվավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սիրո և զգաստության: Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը»:8

Լավ ընտրություններ կատարելը քաջություն է պահանջում, նույնիսկ երբ մեր շրջապատը այլ ընտրություն է կատարում: Երբ մենք արդար ընտրություններ ենք կատարում ամեն օր փոքր հարցերում, Տերը կամրացնի մեզ և կօգնի ճիշտը ընտրել ավելի դժվար ժամանակներում:

Ուսմունքներն ու արժեքները, որոնք մենք ամենաշատն ենք փայփայում, աշխարհիկ աշխարհում չեն ընդունվում: Որպեսզի ամուր դիրք պահպանենք մեր և մեր երեխաների համար, վերականգնված ավետարանի ուղերձը պետք է խորը արմատներ գցի մեր սրտերում և ուսուցանվի մեր տներում:

Աբինադին` Նեփիացիների մարգարեն, ինչպես գրված է Մոսիայի մի քանի զորավոր էջերում, ուսուցանում է մեզ հավիտենական դասեր, որոնք կատարելապես բավարարում են 21-րդ դարի մարտահրավերներին:

Աբինադին անսասան քաջության մարդ էր, որը կանգնեց ճշմարտության համար, երբ դա ժողովրդականություն վայելող քայլ չէր: Երբ նա խիզախորեն մարդկանց ապաշխարելու կոչ արեց, նա գիտեր իր կյանքը վտանգում է: Ձեր մտքի աչքով դուք կարող եք տեսնել Աբինադիի հրաշալի տեսքը, որին քիչ առաջ հայտարարել էին, որ իրեն մահվան են դատապարտել: Նա իր կյանքը կարող էր փրկել` ուրանալով իր հավատն ու վկայությունը, բայց փոխարենը նա աներկյուղ հայտարարեց. «Ես ասում եմ ձեզ, ես ետ չեմ վերցնի խոսքերը, որոնք ես ասել եմ ձեզ այս ժողովրդի վերաբերյալ, քանզի դրանք ճշմարիտ են»:9

Մենք հնարավոր է ստիպված չլինենք մեր կյանքը զոհել ճշմարտությունը պաշտպանելով, այլ կարող ենք Աբինադիի պես վստահ կանգել, ամբողջ սրտով ու եռանդով, քաջաբար հայտարարելով, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Նա Ամենազորի Որդին էր և է: Նա ապրում է, և Նա սիրում է մեզ:

Եթե հետևենք Նրան, մենք կկարողանանք զոհաբերություններ կատարել և պահել մեր սուրբ ուխտերը: Տերը մեզ ասել է. «Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել … Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:10

Մենք պետք է ամրապնդվենք: Այդ հաստատուն հոգևոր ամրապնդումը կայանում է երկու բառի մեջ` Հիսուս Քրիստոս: Նրա մասին եմ ես խոնարհ վկայում, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.22

  2. History of the Church, 2:22.

  3. History of the Church, 4:540.

  4. “Cleanse Us from All Unrighteousness,” Ensign, Feb. 1986, 19.

  5. 1 Նեփի 8.33

  6. “The Standard of Truth Has Been Erected,” Liahona, Nov. 2003, 26.

  7. Եփեսացիս Զ.6

  8. Բ Տիմոթեոս Ա.7–8

  9. Մոսիա 17.9.

  10. ՎևՈւ 6.34, 36