2008
Փրկություն և վեհացում
Մայիս 2008


Փրկություն և վեհացում

Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անհատական, իսկ վեհացումը` ընտանեկան գործ է:

Նկար
Elder Russell M. Nelson

Ուրախությամբ, մենք ողջունում ենք Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնին Տասներկու Առաքյալների Քվորում: Ողջ սրտով մենք հաստատում ենք այս հրաշալի Առաջին Նախագահությունը և բոլոր նրանց, ովքեր կանչվեցին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբ մենք լսեցինք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մահվան լուրը, մեզանից յուրաքանչյուրն անմիջապես կորստի խորը զգացում ապրեց: Ինչևէ, իմանալով, որ նրա ճակատագիրը Տիրոջ ձեռքերում է, մեր միտքը վշտից դարձավ դեպի երախտագիտություն: Մենք անչափ երախտաարտ ենք այն ամենի համար, ինչ սովորել ենք Աստծո այս մեծ մարգարեից:

Այսօր, այս հանդիսավոր ժողովին, մենք ընդունում ենք Տիրոջ կամքը, որն ասել է, որ «ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ քարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի մեկի կողմից, որն ունի իշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու ղեկավարների կողմից»:1 Այս ընդհանուր համաձայնության2 օրենքը տրվել է, և Եկեղեցին առաջ կգնա իր համար նշված ուղով:

Ամբողջ աշխարհի անդամները հաստատում են Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և նրա ունակ խորհրդականներին: Մենք «այսուհետև այլևս օտար և պանդուխտ չենք, այլ սուրբերի հետ համաքաղաքացիներ և Աստուծոյ ընտանիքներ,

Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինուած. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է»:3

Տերը հայտնել է, թե ինչու «նա մի քանիսին տուավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ»: Դա «սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար.

Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստուծոյ Որդին ճանաչելու միությանը»:4

Ուստի, Առաքյալների` Առաջին Նախագահության և Տասներկուսի, ծառայությունն է` իրականացնել հավատի այդ միասնությունը և հռչակել Վարդապետի մասին մեր գիտելիքը: Մեր ծառայությունն է` օրհնել բոլորի կյանքը, ովքեր կսովորեն և կհետևեն Տիրոջ «ավելի գերազանց ճանապարհին»:5 Եվ մենք պետք է օգնենք մարդկանց պատրաստվել իրենց հնարավոր փրկությանն ու վեհացմանը:

Հավատո երրորդ հանգանակը հայտարարում է, որ «Քրիստոսի քավությամբ, ողջ մարդկությւոնը կարող է փրկվել` Ավետարանի օրենքներին և աարողություններին հնազանդվելով»:

Փրկվել կամ փրկություն ստանալ նշանակում է փրկվել ֆիզիկական և հոգևոր մահից: Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն և կփրկվեն ֆիզիկական մահից: Մարդիկ կարող են նաև անհատապես փրկվել հոգևոր մահից Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ` Նրա հանդեպ իրենց հավատով, Նրա ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդ ապրելով, և Նրան ծառայելով:

Վեհացում ստանալը վերաբերում է սելեստիալ թագավորությունում երջանկության և փառքի բարձրագույն վիճակին: Այդ օրհնությունները կարող ենք ստանալ, երբ հեռանում ենք այս անցողիկ մահկանացու գոյությունից: Մեր վերջնական փրկության և վեհացման համար այժմ պետք է պատրաստվենք:6

Որպես այդ պատրաստության մաս, մարդը նախ պետք է լսի և հասկանա ավետարանը: Այդ պատճառով Հիսուս Քրիստոսի ավետարանը հռչակվում է «ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի»:7

Անհատական պատասխանատվություն

Մի քանի տարի առաջ ես հանդիպեցի աֆրիկյան մի ցեղի թագավորի հետ: Երբ նա իմացավ, որ իրեն Տիրոջ Առաքյալն է ուսուցանում, խորապես հուզվեց: Նա ասաց, որ իր ժողովուրդը կմկրտվի, եթե նա նրանց այդպիսի հրաման տա: Ես նրան շնորհակալություն հայտնեցի իր բարության համար, սակայն բացատրեցի, որ Տերը չի աշխատում այդպես:

Տիրոջ հանդեպ հավատ զարգացնելը անհատական գործ է: Ապաշխարությունը նույնպես անհատական գործ է: Մարդը միայն որպես անհատ կարող է մկրտվել և Սուրբ Հոգին ստանալ: Մեզանից յուրաքանչյուրն անհատապես է ծնվել, ինչպես մեզանից յուրաքանչյուրը «վերստին ծնվում է»8 անհատապես: Փրկությունը անհատական գործ է:

Ընտանեկան պատասխանատվություններ

Անհատական առաջընթացը խթանվում է ընտանիքում, որը «Արարչի ծրագրում առանցքային դեր ունի Նրա զավակների հավերժական ճակատագրի համար»:9 Տունը պետք է լինի սիրո և ծառայության Աստծո լաբորատորիա: Ամուսինը պետք է սիրի իր կնոջը, իսկ կինը պետք է սիրի իր ամուսնուն, ծնողները և երեխանները պետք է սիրեն միմյանց:

Ամբողջ աշխարհում ընտանիքը ուժգնացող հարձակման տակ է: Եթե ընտանիքները ձախողում են կրում, ապա ձախողվում են նաև մեր շատ քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգեր: Իսկ եթե ընտանիքները ձախողվում են, նրանց հավերժական փառահեղ ներուժը չի կարող իրացվել:

Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ ամուսիներն ու կանայք հավատարիմ լինեն միմյանց, և գնահատեն իրենց երեխաներին և նրանց վերաբերվեն որպես Տիրոջ կողմից տրված ժառանգություն:10 Նման ընտանիքում մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և միասին աղոթում: Եվ մեր հայացքն ուղղում ենք դեպի տաճար: Այնտեղ մենք ստանում ենք բարձրագույն օրհնությունները, որոնք Աստված պահել է Իր հավատարիմ զավակների համար:

Աստծո երջանկության մեծ ծրագրի շնորհիվ11 ընտանիքները կարող են հավերժ միասին լինել` որպես վեհացած էակներ: Մեր Երկնային Հայրը հայտարարել է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:12 Նրա այդ երկու նպատակները հնարավոր դարձան Նրա Սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Նրա Քավությունը իրականություն դարձրեց հարությունը և հնարավոր դարձրեց հավերժական կյանքը բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կապրեն:

Հարությունը կամ անմահությունը հասու է ամեն տղամարդու և կնոջ` որպես ոչ պայմանական պարգև:

Հավերժական կյանքը կամ սելեստիալ փառքը, կամ վեհացումը պայմանական պարգև է: Այս պարգևի պայմանները հաստատվել են Տիրոջ կողմից, որն ասել է. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:13 Այս արժանավորության պայմանները ներառում են հավատն առ Տերը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգին ստանալը, և տաճարային արարողություններին և ուխտերին հավատարիմ մնալը:

Այս Եկեղեցում ոչ մի տղամարդ չի կարող ստանալ սելեստիալ փառքի բարձրագույն աստիճանը առանց արժանի կնոջ, որը կնքված է իրեն:14 Տաճարային այս արարողությունը նրանց երկուսի համար, ի վերջո, հնարավոր է դարձնում վեհացումը:

Եկեղեցու կոչումներից մենք ազատվում ենք: Սակայն մենք չենք կարող ազատվել ծնողներ լինելուց: Մարդկության պատմության առաջին իսկ օրերից, Տերը պատվիրել է ծնողներին` իրենց երեխաներին ուսուցանել ավետարանը:15 Մովսեսը գրել է. «Ջանասիրաբար … սովորեցրու … քո զավակներին, և խոսիր [Աստծո խոսքերը] քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ, և պառկելիս և վեր կենալիս»:16

Մեր օրերում, Տերն ավելացրել է. «Մեծացրեք ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»:17 Եկեղեցին պետք է աջակցի, սակայն չփոխարինի ծնողներին իրենց զավակներին ուսուցանելու իրենց պարտականության մեջ:

Մոլեգնող անբարոյականության և հակում առաջացնող պոռնոգրաֆիայի այս օրերին, ծնողները սուրբ պատասխանատվություն են կրում` ուսուցանել իրենց զավակներին իրենց կյանքում Աստծո կարևորության մասին:18 Աստծո զավակներին պետք է խստորեն զգուշացնել` խույս տալ աստվածային ներուժը կործանող չարիքներից:

Մենք նաև պետք է ուսուցանենք մեր երեխաներին` պատվել իրենց ծնողներին: Հինգերորդ պատվիրանն ասում է. «Պատուիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա` որ քո Եհովա Աստուածը կտա քեզ»:19

Ինչպե՞ս կարող ենք լավագույն ձևով սովորեցնել մեր երեխաներին: Տերը հատուկ հրահանգ է տվել մեզ.

«Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,–

Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի»:20

Երբ երեխային պետք է խրատել, կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ կարող եմ ասել կամ անել, որպեսզի համոզեմ նրան ավելի լավ ճանապարհ ընտրել»: Անհրաժեշտ խրատը տվեք հանգիստ, առանձին, սիրով և ոչ հրապարակավ: Եթե հանդիմանելու կարիք կա, անմիջապես ցույց տվեք, որ շատ եք նրան սիրում, որպեսզի վիրավորանքի նշույլ անգամ չմնա: Համոզիչ լինելու համար, ձեր սերը պետք է լինի անկեղծ, իսկ ուսուցումը հիմնված լինի աստվածային վարդապետության և ճիշտ սկզբունքների վրա:

Մի փորձեք ղեկավարել ձեր երեխաներին: Փոխարենը, լսեք նրանց, օգնեք նրանց սովորել ավետարանը, ոգեշնչեք նրանց և ուղղորդեք դեպի հավերժական կյանքը: Դուք Աստծո վստահված գործակալներն եք երեխաների համար հոգ տանելու գործում: Թող որ Նրա աստվածային ազդեցությունը մնա ձեր սրտում, երբ դուք ուսուցանեք և համոզեք:

Նախնիներ

Վեհացմանը պատրաստվելու հարցում ընտանիքի պատասխանատվության մասին որևէ քննարկում լիարժեք չի լինի, եթե ընդգրկենք միայն մայրերին, հայրերին և երեխաներին: Իսկ տատիկներն ու պապիկնե՞րը, և մյուս նախնինե՞րը: Տերը հայտնել է, որ մենք չենք կարող կատարյալ լինել առանց նրանց, ոչ էլ նրանք կարող են կատարյալ դառնալ առանց մեզ:21 Վեհացման համար էական նշանակություն ունեն կնքող արարողությունները: Կինը պետք է կնքվի իր ամուսնուն, երեխաները պետք է կնքվեն իրենց ծնողներին, իսկ մենք պետք է կապվենք մեր նախնիներին: 22

Իսկ նրա՞նք, ովքեր չեն կարողացել ամուսնանալ այս կյանքում, կամ նրա՞նք, որ չեն կարող կնքվել իրենց ծնողներին այս կյանքում: Մենք գիտենք, որ Տերը կդատի մեզ ըստ մեր սրտերի ցանկությունների, ինչպես նաև մեր գործերի,23 և վեհացման օրհնությունները կտրվեն բոլոր նրանց, ովքեր արժանի են:24

Որպես ուխտի զավակներ մենք մեծապես արտոնյալ ենք: Մեր սրտերում արմատներ են գցել Հայր Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները: Տերն ասել է.

«Դուք օրինական ժառանգներ եք՝ ըստ մարմնի, և աշխարհից թաքցվել եք Քրիստոսի հետ Աստծո մեջ… .

Հետևաբար, օրհնված եք դուք, եթե շարունակեք իմ բարության մեջ, որպես լույս՝ հեթանոսների համար և փրկիչ՝ իմ Իսրայել ժողովրդի համար, այս քահանայության միջոցով»:25

Այս կյանքն է փրկության և վեհացման համար պատրաստվելու ժամանակը:26 Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անհատական գործ է, իսկ վեհացումը` ընտանեկան գործ:

Որպես ուխտի զավակներ, այս առավոտ մենք հանդիպել ենք հանդիսավոր ժողովում: Մեր ուշադրությունը ուղղվել է դեպի մարգարեների և առաքյալների սուրբ կոչումները: Սակայն փրկության և, ի վերջո, վեհացման պատրաստվելու վերջնական պատրաստվածությունը ընկած է յուրաքանչյուր անհատի վրա, որը հաշվետու է իր ազատ ընտրության համար, գործում է իր ընտանիքում, կրելով իր մյուս սուրբ կոչումը` որպես մայր կամ հայր, որդի, թոռ, պապիկ կամ տատիկ:

Թող որ այդ պատասխանատու դերերում մենք հավատով առաջ գնանք, առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի կողմից, որի Եկեղեցին է սա, և Նրա մարգարեի կողմից, որի միջոցով Նա խոսում է: Ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. ՎևՈւ 42.11, շեշտադրումն ավելացված է:

  2. Տես ՎևՈւ 26.2; 28.13:

  3. Եփեսացիս Բ.19–20

  4. Եփեսացիս Դ.11–13

  5. Ա Կորնթացիս ԺԲ.31; Եթեր 12.11:

  6. Տես Ալմա 34.32–33

  7. Հայտնություն ԺԴ.6

  8. Հովհաննես Գ.3, 7; Մոսիա 27.25; Ալմա 5.49; 7.14; Մովսես 6.59:

  9. «Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  10. Տես Սաղմոս ՃԻԷ.3

  11. Տես Ալմա 42.8

  12. Մովսես 1.39

  13. ՎևՈւ 14.7; տես նաև 3 Նեփի 15.9: Մորմոնի Գիրքը հետագայում բացատրում է այս մեծ պարգևի պայմանական բնույթը: Այն սահմանում է, որ « դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենա՛ք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20; շեշտադրումն ավելացված է):

  14. Տես ՎևՈւ 131.1–3

  15. Տես Մովսես 6.57–58: Նաև ուշադրություն դրաձրեք Բենիամին թագավորի հետևյալ ուսմունքին. «Դուք չեք հանդուրժի, որ ձեր զավակները շրջեն քաղցած կամ մերկ. ոչ էլ կհանդուրժեք, որ նրանք զանց առնեն Աստծո օրենքները, և կռվեն ու վիճեն մեկը մյուսի հետ, և ծառայեն դևին, որը մեղքի վարպետն է … Բայց դուք կսովորեցնեք նրանց՝ քայլել ճշմարտության և լրջամտության ուղիներով. դուք կսովորեցնեք նրանց՝ սիրել մեկը մյուսին ու ծառայել մեկը մյուսին» (Մոսիա 4.14–15):

  16. Երկրորդ Օրինաց Զ.7

  17. ՎևՈւ 93.40: Տերը նաև ասել է. «Ձեր երեխաներին ուսուցանեք աղոթել ուղիղ քայլել Տիրոջ առաջ» (ՎևՈւ 68.28):

  18. Այդպես է ուսուցանել Պողոսը Տիմոթեոսին. «Հաստատ կաց նորանցում որ սովորեցիր և հավատացիր. և գիտենալով, թե ումից սովորեցիր… Մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համարայն հավատքի ձեռովն, որ Քրիստոս Հիսուսումն է» (Բ Տիմոթեոս Գ.14–15):

  19. Ելից Ի.12: Հիշեք այս ծնողական առակը. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ` չի հեռանալ նորանից» (Առակաց ԻԲ.6):

  20. ՎևՈւ 121.1–43

  21. Տես ՎևՈւ 128.5

  22. Տես ՎևՈւ 128.18

  23. Տես ՎևՈւ 137.9

  24. Տես ՎևՈւ 130:20–21; տես նաև Rudger Clawson, in Conference Report, Oct. 1917, 29; Joseph F. Smith, in Deseret News, May 1, 1878, 2; Richard G. Scott, “The Joy of Living the Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1996, 75:

  25. ՎևՈւ 86.9, 11

  26. Տես Ալմա 12.24