2008
Լույսով քայլել
Մայիս 2008


Լույսով քայլել

Ամեն օր և գրեթե ամեն ժամ դուք կատարում եք ընտրություններ, որոնք կարող են ձեզ պահել լույսի մեջ կամ հեռացնել դեպի խավար:

Նկար
President Henry B. Eyring

Մեզանից յուրաքանչյուրի համար կյանքը ճամփորդություն է: Երկնային Հայրը սիրուց դրդված է ծրագրել այն մեզ համար: Մենք ունենք յուրահատուկ փորձառություններ և առանձնահատկություններ, սակայն մեր ճամփորդությունը սկսվել է միևնույն վայրում` նախքան այս աշխարհում ծնվելը:

Մեզ բոլորիս ուսուցանել է Էլոհիմը` մեր հոգիների Հայրը: Մենք սիրում էինք Նրան, ցանկանում Նրան նմանվել և հավերժ Նրա հետ լինել: Նա պարզորոշ մեզ ասաց, թե ինչ է անհրաժեշտ մեզ` այդ ուրախությունն ունենալու համար: Մենք պետք է ստանայինք ֆիզիկական մարմին` դրա արդյունքում եկող բոլոր փորձություններով: Մենք պետք է կրեինք հիվանդություններ և մեր մարմնում տեղի ունենային պրոցեսներ, որոնք ի վերջո պետք է հանգեցնեին մահվան: Եվ մեր մարմիններում պետք է լինեին հզոր տենչեր` ֆիզիկական բավարարվածություն ստանալու համար:

Երկնային Հայրը բացատրեց մեզ, թե ինչ է անհրաժեշտ այդ ճամփորդությունը կատարելու համար այնտեղից, որտեղ այն ժամանակ գտնվում էինք մենք, որպեսզի հավերժ Նրա հետ լինենք և Նրա հետ ապրենք: Մենք պետք է կյանքով ճամփորդեինք առանց հիշելու հոգիների աշխարհում Նրա հետ մեր կյանքը: Եվ Նրա մոտ վերադառնալու համար մենք պետք է հաղթահարեինք ֆիզիկական մահը և պատվիրանները չպահելու արդյունքում ունեցած մեղքի հետևանքները: Նա ասաց մեզ, որ մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել մահվան կամ մեղքի հետևանքներն առանց Փրկիչ ունենալու, որը պետք է կոտրեր մահվան կապանքները և մեզ համար ճանապարհ պատրաստեր` մաքրվելու մեր գործած մեղքերից:

Դուք գիտեք Աստծո կողմից մարգարեների միջոցով հայտնված սուրբ գրություններից, որ հոգևոր աշխարհում ապստամբություն եղավ, երբ մեր ճամփորդության այդ ծրագիրը ներկայացվեց մեզ: Ապստամբողները չցանկացան ընդունել և կախված լինել Փրկչից, ոչ էլ վտանգել Երկնային Հոր մոտ վերադառնալու հնարավորությունը: Դուք բոլորդ խիզախ, հավատարիմ և ճշմարիտ էիք այդ պայքարում: Դուք ընդունեցիք Փրկչին և այդ ճամփորդության ծրագիրը` վերադառնալու մեր Երկնային Հոր ներկայության ուրախություն:

Դուք հրաշալի եք անգամ նրանց մեջ, ովքեր ճիշտն ընտրեցին հոգևոր աշխարհի պայքարում: Դուք արժանացաք մահկանացու կյանք գալուն և այս ճամփորդությունը կատարելուն այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանն երկրի վրա է: Եվ այժմ Երկնային Հոր ապրող միլիարդավոր զավակների մեջ դուք արտոնվեցիք գտնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը և Նրա ճշմարիտ Եկեղեցին: Եվ ավելին, այն փաստը, որ դուք այս երեկո լսում եք, նշանակում է, որ ընտրել եք կյանքի ճամփորդությունը լույսով անցնելու ուղին:

Այս աշխարհում ծնված Երկնային Հոր յուրաքանչյուր զավակի ծննդյան ժամանակ որպես անհատույց պարգև տրվել է Քրիստոսի Լույսը: Դուք դա զգացել եք: Դա նշանակում է զգալ ճիշտը և սխալը, ճշմարիտն ու կեղծը: Դա ձեզ հետ է եղել` կյանքի ձեր ճամփորդությունը սկսվելուց ի վեր: Մկրտվելն ու Սուրբ Հոգին ստանալը ցույց է տալիս, որ դուք ընտրել եք Քրիստոսի Լույսով քայլելը:

Որպես Եկեղեցու անդամ հաստատվելիս ձեզ իրավունք տրվեց որպես ընկերակից ունենալ Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին լույսի հզոր աղբյուր է` ճշմարտությունը իմանալու, Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու և սիրելու, և այս կյանքից հետո, Աստծո մոտ տանող ձեր հետադարձ ճանապարհը գտնելու համար:

Սակայն նախկին աշխարհում այդ ապստամբությունն առաջնորդող հոգին դեռևս հակառակվում է այդ ծրագրին և ցանկանում է, որ դուք լինեք թշվառ: Նա ցանկանում է, որ դուք երբեք այլևս չգտնեք տունդարձի ձեր ճանապարհը: Ձեր հոգու այդ թշնամին գիտի ձեզ և ձեր բարությունը: Նա գիտի, որ եթե ձեզ շեղի լույսով քայլելուց, կարող է գերության մատնել ձեզ, և դուք չկարողանաք մյուսներին օգնել այս ճամփորդության ժամանակ: Նա գիտի, թե որքան լավն եք դուք և ձեր զորությունը` ուսուցանելու և ներգործելու Երկնային Հոր հարյուրավոր զավակների վրա այս կյանքում, և ապագա սերունդներից հազարավորներին, որոնք կհետևեն ձեր ճանապարհին: Եթե նա կարողանա ձեր ճանապարհին ձեզ հեռացնել լույսից, նա կկարողանա վնասել և թշվառության մատնել շատերին:

Փաստը, որ դուք լսում եք այժմ, ապացուցում է, որ Աստված ընդունում է ձեր մեծ ազդեցությունը և դուք ընտրել եք քայլելու Նրա տված լույսով: Նման ընտրությունները միշտ չէ որ հեշտ է պարզորոշ տեսնել: Դուք ընտրություններ եք կատարում ամեն օր և գրեթե ամեն ժամ, որոնք կարող են ձեզ պահել լույսի մեջ կամ հեռացնել դեպի խավար: Ամենակարևոր ընտրություններից մի քանիսը ցույց են տալիս, թե ինչի վրա է դրված ձեր սիրտը:

Կան շատ բաներ, որ դուք ցանկալի կհամարեք: Օրինակ, բոլորս էլ ինչ-որ չափով ուրիշների հավանությանն ենք ցանկանում արժանանալ: Բոլորս էլ ընկերների կարիք ենք զգում: Բոլորս էլ մեր անձնական արժանիության ինչ-որ ապացույց ենք փնտրում: Մենք ընտրություններ ենք կատարում այդ ցանկություններից ելնելով: Դրանցից մի քանիսը կարող են մեզ հեռացնել այն լույսից, որն Աստված տալիս է մեզ որպես ուղեցույց: Մի քանիսն էլ կարող են ավելի պայծառացնել այդ լույսը, որով մենք կարող ենք գտնել մեր ճանապարհը:

Ետ նայելով, ես հասկանում եմ, որ չգիտեի այդ ցանկություններից և ընտրություններից մի քանիսի կարևորության մասին: Ես ցանկանում էի ընտրվել մարզիկների թիմերում: Ես ցանկանում էի լավ սովորել դպրոցում: Ես ցանկանում էի գտնել լավ ու հավատարիմ ընկերներ: Իսկ երբ այդ ցանկությունների համեմատ ընտրություններ էի կատարում, հասկացա, որ կամ այդ լույսից հեռանում եմ կամ գնում դեպի այն:

Իմ նվաճումներից և իմ ընկերներից մի քանիսը լույսը զգալու իմ հիմնական գործոններն էին: Մյուսները, առավել, քան գիտեի այդ ժամանակ, ինձ դանդաղ հեռացնում էին լույսից: Կարևոր և երկարատև միջոցներով, ընտրությունները, որոնք կատարում էի բավարարելու համար ընկերակցության ցանկությունները և գնահատվելու զգացումը, ինձ տանում էին կամ դեպի ճանապարհը լուսավորող լույսը կամ հեռացնում դրանից:

Վաղուց Երկնային Հայրն Իր մարգարեների միջոցով մեզ ասել է ինչպես իմանանք, թե որ ընտրություններն են կարևոր և ինչու, և ինչպես կատարել դրանք:

Լավագույն ամփոփումը, որ գիտեմ, Մորոնիի խոսքերն են, երբ նա մեջբերում է Իր հորը` Մորմոնին: Ես միայն կուզենայի, որ ավելի լավ հասկանայի դրանք, երբ ձեր տարիքին էի, և աղոթում եմ, որ այս երեկո Տերը դնի դրանք ձեր սրտում:

«Բայց ահա, այն, ինչ Աստծուց է, շարունակ հրավիրում և հրապուրում է անել բարիք. ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և՝ սիրել Աստծուն, և՝ ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց:

Ուստի, ո՛ւշք դարձրեք … որ դուք չդատեք այն, ինչը որ չարից է՝ Աստծուց լինի, կամ այն, ինչը որ բարի է և Աստծուց՝ դևից լինի:

Քանզի ահա, ի՛մ եղբայրներ, ձեզ տրված է դատել, որպեսզի դուք կարողանաք բարին տարբերել չարից. և դատելու ուղին այնքան պարզ է, որ դուք կարող եք տարբերել մի կատարյալ իմացությամբ, ինչպես ցերեկվա լույսը՝ խավար գիշերից»:1

Սուրբ գրություններն ասում են մեզ, թե որն է այդ լույսի աղբյուրն ու զորությունը:

«Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ տարբերել՝ դա Աստծուց է:

Բայց ինչ բան, որ համոզում է մարդկանց գործել չարիք, և չհավատալ Քրիստոսին, և ուրանալ նրան, և չծառայել Աստծուն, այդ դեպքում դուք կարող եք իմանալ մի կատարյալ իմացությամբ՝ դա դևից է. քանզի այս ձևով է դևը գործում, քանզի նա ոչ մի մարդու չի համոզում բարիք գործել, ո՛չ, ոչ մեկին. ո՛չ էլ նրա հրեշտակներն են անում այդ. ո՜չ էլ նրանք են անում այդ, ովքեր ենթարկվում են նրան»:2

Ես այժմ ավելի լավ եմ հասկանում, քան երիտասարդ տարիքում, թե ինչպես կարող էի օգտագործել այդ առաջնորդությունը: Կային սպորտային թիմեր, խաղացողներով և մարզիչներով, որոնք ազդել են ինձ վրա ճիշտը գործելու առումով: Եղել են այնպիսիք, որ այդ ազդեցությունը չեն թողել: Կային ընկերներ, նրանցից ոմանք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ չէին, որոնք իրենց օրինակով օգնել են ինձ ճիշտը գործել և հիշել Փրկչին:

Կային դասընկերներ և ուսուցիչներ, որոնց հավանությանն ու ընկերության եմ ձգտել արժանանալ, որոնք ինչ-որ կերպ իմ մեջ ցանկություն են առաջացրել ճիշտ վարվել և Փրկչի հանդեպ իմ զգացումները խորացնել: Ես օրհնվել եմ գտնելու իմ ճանապարհը: Սակայն ես ավելի լավ կգործեի, եթե ավելի լավ հասկանայի իմ ընտրությունների կարևորությունը և ընտրելու ճանապարհը:

Մորմոնը գիտեր դա: Եթե ավելի ուշադիր կարդացած լինեի նրա խոսքերը Մորմոնի Գրքում և դրա նման այլ խոսքերը, ես անգամ ավելի օրհնված և ավելի պաշտպանված կլինեի: Ահա Մորմոնի խոսքերը.

«Տեսնելով, որ դուք գիտեք լույսը, որով դուք կարող եք դատել, լույս, որը Քրիստոսի լույսն է, տեսե՛ք, որ դուք սխալ չդատեք. քանզի այն նույն դատաստանով, որ դուք եք դատում, դուք ևս պիտի դատվեք:

Ուստի … դուք պետք է ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով, որ դուք կարողանաք բարին տարբերել չարից. և եթե դուք որդեգրեք այն ամենը, ինչ բարի է, և չդատապարտեք այն, դուք, անշուշտ, կլինեք Քրիստոսի զավակը:

Եվ այժմ … ինչպես է դա հնարավոր, որ դուք կարողանաք որդեգրել այն ամենը, ինչ բարի է»:3

Հավատով է, որ դուք կարող եք որդեգրել այն ամենը, ինչ բարի է: Ողջ սրտով ես աղոթում եմ, որ ձեր հավատը աճի, որ դուք սիրառատ Աստծո դուստրն եք: Ես վկայում եմ, որ դուք այն քաջարիներից մեկն եք եղել, որ պետք է հասնեիք այն կետին, որտեղ գտնվում եք այժմ կյանքի այս ճամփորդության մեջ: Ճիշտ ինչպես դուք դարձել եք թիրախ արդարակեցության թշնամու համար, նույնպես էլ դուք պաշտպանվել եք և հսկվել ձեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: Նրանք գիտեն ձեզ, Նրանք գիտեն ձեզ շրջապատող բոլոր ուժերին և անհատներին: Նրանք գիտեն, ինչ է ձեզ սպասվում: Եվ այդպիսով Նրանք գիտեն, թե ընտրություններից որն եք կատարելու, որ ցանկությունն եք որոշել բավարարել և ձեր շուրջը ինչպիսի միջավայրը ամենանպաստավորը կլինի, որպեսզի դուք շարունակեք լույսով քայլել: Ես վկայում եմ, որ Քրիստոսի Հոգով և Սուրբ Հոգով, դուք կկարողանաք վստահաբար քայլել ինչպիսի դժվարություններ էլ լինեն: Որովհետև դուք այնքան արժեքավոր եք, ձեր փորձություններից մի քանիսը կարող են սոսկալի լինել: Դուք երբեք չպետք է հուսահատվեք կամ վախենաք: Դժվարությունների միջով միշտ ճանապարհ է պատրաստվել ձեզ համար և դուք կգտնեք այն, եթե հավատ գործադրեք:

Դուք պետք է հավատ ունենաք աղոթելու: Դուք պետք է հավատ ունենաք խորհելու Աստծո խոսքերի շուրջ: Դուք պետք է հավատ ունենաք կատարելու այն բաները և գնալու այն վայրերը, որոնք հրավիրում են Քրիստոսի Հոգին և Սուրբ Հոգին:

Ես ձեզ խոստանում եմ, որ գալիք մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք Քրիստոսի Հոգու և Սուրբ Հոգու փայլատակումը ձեր ամենօրյա կյանքում: Երբ լույսով քայլեք, այդ պահին դուք կզգաք ինչ-որ ջերմություն և երջանկություն, որն ի վերջո կլինի ձերը, երբ դուք կրկին ընդունվեք տուն հարյուրավոր և մի գուցե հազարավոր մյուսների հետ, որոնց դուք կբերեք ձեզ հետ, ովքեր քայլել են լույսի մեջ, որովհետև դուք եք լույսով քայլել:

Սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Կա ապրող մարգարե` Թոմաս Ս. Մոնսոնը: Եվ կան ճշմարիտ ծառաներ և հրեշտակներ, որոնք կօգնեն ձեզ` լուսավոր ճանապարհին: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մորոնի 7.13–15

  2. Մորոնի 7.16–17

  3. Մորոնի 7.18–20