2008
Ծառայություն՝ աստվածային հատկանիշ
Մայիս 2008


Ծառայություն՝ աստվածային հատկանիշ

Նրանք, ովքեր ծառայում են կձգտեն ազնվացնել, զորացնել և բարձրացնել իրենց մերձավորներին:

Նկար
Elder Carlos H. Amado

Բոլոր բաները, որոնք Քրիստոսն արեց մեր փրկության համար, անզուգական են: Նա կարողացավ Իր փրկագնման աշխատանքը կատարել մոտավորապես երեք տարիների ծառայության ընթացքում: Այսօր ես կկամենայի կանգ առնել երկրի վրա Փրկչի կյանքի երեք նպատակների վրա:

1. Նրա Քավող Զոհաբերությունը

Առաջին և մեծագույն նպատակն էր անզուգական և զարմանահրաշ այն հանձնարարությունը, որը Նա ստացել էր Իր Հոր կողմից՝ իրականացնելու ողջ մարդկության համար մի անսահման և հավերժական զոհաբերություն:

Որպես Երկնային Հոր Միածին Որդի մարմնում՝ Նա ժառանգեց Իր Հոր բոլոր աստվածային հատկանիշները, և Իր երկրային մորից՝ Մարիամից, Նա ժառանգեց մահկանացու հատկանիշներ:

Միայն Նրա զոհաբերությունը կարող էր ազատել մեզ մեր մահկանացու և ընկած վիճակից (տես Ալմա 34.8–11): Նա երկիր եկավ հատուկ նպատակով՝ տալու Իր կյանքը, քանի որ միայն Նրա կյանքը կարող էր մեզ տալ հավերժական կյանք:

Երկրի գոյության ընթացքում՝ ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում, ո՛չ ապագայում մահկանացու ոչ մի էակ չի ապրել և չի ապրի՝ իրականացնելու Քավությունը մեր մեղքերի համար: Նա է մեր Փրկիչն ու Քավիչը (տես Հովհ.Գ.16):

Նա կրկին կվերադառնա՝ կառավարելու և ղեկավարելու մեզ մեծ զորությամբ և փառքով:

2. Նրա վարդապետությունը

Մեզ հետ Նրա ապրելու երկրորդ նպատակը վարդապետությունն ուսուցանելն էր, որ Նա սովորել էր Իր Հորից, որոնք ներառում էին փրկության և վեհացման արարողություններն ու ուխտերը (տես Մարկոս Ա.27, Հովհ. Է.16):

Նրա վարդապետությունը սիրո, ներման և ողորմածության վարդապետություն է: Այն մարդկանց հետ խաղաղությամբ և ներդաշնակությամբ ապրելու և Աստծո մոտ վերադառնալու, [Նրա] հետ ապրելու ուղին է:

3. Նրա ծառայությունն Աստծո զավակներին

Նրա երրորդ նպատակը ուրիշներին ծառայելով արքայությունը կառուցելն էր: Սա այլ տեսակի ղեկավարություն էր: Ծառայությունը բնորոշ է Նրա հետևորդներին՝ այն աստվածային հատկանիշ է:

«Դուք ինձ կանչում եք Վարդապետ և Տեր. և լավ եք ասում, որովհետև եմ:

Արդ, եթե ես Տերս և Վարդապետս ձեր ոտները լվացի, դուք էլ պետք է իրար ոտները լվանաք:

Որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ անեք» (Հովհ. ԺԳ.13–15):

Նա ապրեց քարոզելու արքայության ավետարանը և բժշկելու ամեն տեսակի հիվանդություններ (Մատթեոս Դ. 23–24): Ուսուցանել Նրա ավետարանը և ծառայել մեր մերձավորներին երկու պարտականություններ են, որոնք մենք ընդունեցինք, երբ մկրտվեցինք: Սա մեզ դարձնում է Քրիստոսի ճշմարիտ ծառաները:

Մի առիթով, Իր վարդապետությունը սովորեցնելուց հետո, Նա կարեկցեց ժողովրդին և կատարեց հրաշք՝ բազմապատկելով հացի կտորները և ձուկը ու կերակրեց բազմությանը, բացահայտելով մեզ Իր կարեկցող և ծառայող բնավորությունը: Հաջորդ օրը բազմությունն էլ ավելի մեծ էր, ուտելիքի պատճառով, որ նրանք ստացել էին: Նա սովորեցրեց նրանց վճռականությամբ և հավերժական հեռատեսությամբ.

«Դուք ինձ որոնում եք՝ ոչ թե նրա համար որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք և կշտացաք:

Գործեցեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ. որ մարդի Որդին կտա ձեզ» (Հովհ. Զ.26–27):

Որպես Եկեղեցի՝ մենք պետք է կերակրենք քաղցածին, հանգստացնենք հիվանդին, հագցնենք մերկին և ապաստան տանք անտունին: Ծոմի զոհաբերություններով մենք թեթևացնում ենք անդամների հիմնական և անմիջական կարիքները և բարօրության ծրագրով մենք օգնում ենք բավարարել նրանց երկարժամկետ կարիքները: Երբ տեղի են ունենում բնական աղետներ, մարդասիրական ծառայության միջոցով մենք օգնություն ենք ապահովում մեր եղբայրների և քույրերի համար, ովքեր մեր հավատքից չեն:

Առանց անտեսելու այս անցավոր կարիքները, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ պատվիրանով ապահովում է ամենամաքուր և ազնիվ ծառայության աշխատանքը, որը պիտի օրհնի բոլոր մարդկանց՝ նրանց սովորեցնելով Քրիստոսի վարդապետությունը և հրավիրելով նրանց ստանալ փրկարար արարողություններ, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել «անմահություն և հավերժական կյանք» (Մովսես 1.39):

Մտքի և վերաբերմունքի փոփոխություն

Ես գիտեմ, որ Աստված սիրում է մեզ: Նա թույլ է տալիս մեզ գործադրել մեր բարոյական կամքը, նույնիսկ, երբ մենք սխալ ենք գործածում այն: Նա թույլատրում է մեզ ընդունել մեր սեփական որոշումները:

Քրիստոսը չի կարող օգնել մեզ, եթե մենք չվստահենք Նրան, Նա չի կարող սովորեցնել մեզ, եթե մենք չծառայենք Նրան: Նա մեզ չի ստիպի անել այն, ինչ ճիշտ է, բայց Նա մեզ ցույց կտա ուղին, երբ մենք որոշենք ծառայել Նրան: Անշուշտ մեզ համար՝ Իր արքայությունում ծառայելու համար, Քրիստոսը պահանջում է, որ մենք փոփոխություն զգանք մեր մտքում և վարքում:

«Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից» (Մոսիա 5.13):

Ծառայության օրհնություններ

Ես վկայում եմ, որ մեր մերձավորներին ծառայելու միջոցով է, որ մենք սկսում ենք ճանաչել Տիրոջը: Ծառայությունը դարձնում է մեզ ուժեղ մեր հավատքում և օգտակար Նրա արքայությունում: Ծառայությունը մեզ նպատակ է տալիս և քաջություն կյանքում: Այն մեզ ավելի է մոտեցնում Աստծուն և օգնում է մեզ զտել մեր աստվածային էությունը: Այն սովորեցնում է մեզ սիրել և հասկանալ մեր մերձավորին և այն օգնում է մեզ մոռանալ մեր անձնական ցանկությունների մասին, վերացնելով եսասիրությունը, հպարտությունն ու երախտամոռությունը: Այն սովորեցնում է մեզ մտածել ուրիշների կարիքների մասին, որը թույլ է տալիս մեզ զարգացնել արժանիքներ, որով օժտված էր Փրկիչը:

Բարությունը, սերը, համբերությունը, հասկացողությունը և միասնությունը կմեծանա, երբ մենք ծառայենք, մինչդեռ անհանդուրժողականությունը, նախանձը, խանդը, ագահությունը և եսասիրությունը կնվազեն կամ կանհետանան: Որքան շատ մենք նվիրաբերենք մեզ, այնքան շատ կաճի մեր ծառայելու, հասկանալու և սիրելու ունակությունը:

Նրանք, ովքեր ծառայում են, միշտ կձգտեն գոհացնել Աստծուն և ապրել Նրա հետ ներդաշնակության մեջ: Նրանք լցված կլինեն խաղաղությամբ, նրանք կունենան զվարթ դեմք և բարության ոգի:

Նրանք, ովքեր ծառայում են, կձգտեն ազնվացնել, զորացնել և բարձրացնել իրենց մերձավորներին, ուստի նրանք կգտնեն բարին ուրիշների մեջ, և նրանք պատճառ չեն գտնի կամ չեն ունենա ժամանակ վիրավորվելու: Նրանք կզարգացնեն աղոթելու արժանապատվություն նրանց համար, ովքեր քննադատում են: Նրանք չեն սպասում ճանաչման կամ պարգևատրության: Նրանք օժտված են Քրիստոսի սիրով:

Նրանք, ովքեր ծառայում են, միշտ կկամենան կիսվել նրանով, ինչ ունեն և ինչ նրանք գիտեն՝ ամեն ժամանակ, ամեն տեղում և ամեն մարդու հետ:

Նրանք, ովքեր ծառայում են, նույնիսկ, ձախորդության մեջ կպահպանեն կենդանի հույս՝ ավելի լավ ապագայի համար: Նրանք կշարունակեն անսասան լինել ճգնաժամի պահին, որովհետև նրանց հույսը Քրիստոսի վրա է:

Նրանք, ովքեր ծառայում են, կընդունեն իրենց նշանակումները հնազանդությամբ, ընդունելով իրենց թերությունները, բայց համոզված լինելով, որ մարդիկ երկուսով կարող են անել ամեն բան, որ նպատակադրվել են անել, քանի դեռ այդ երկու մարդկանցից մեկն Աստվածն է:

Աստվածային ոգեշնչմամբ թագավոր Բենյամինը հայտարարեց. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Նրանք, ովքեր ծառայում են, ավելի մեծ հասկացողություն կունենան Աստծո անհատականության և հատկանիշների մասին:

Նրանք, ովքեր ծառայում են նվիրվածությամբ, նույնիսկ, երբ գործերը չեն դասավորվում այն ձևով, որ իրենք կկամենային, հեշտորեն չեն հուսահատվում, հոգնում կամ խորտակվում, որովհետև մտքի խաղաղության խոստոււմը և Սուրբ Հոգու ընկերակցությունը երբեք չի լքի նրանց:

Համաշխարհային և տեղական ծառայություն

Եկեղեցում կան տասնյակ հազարավոր անդամներ, ովքեր անձնուրաց ծառայում են բազմազան լեզուներով ավելի քան 170 ազգերի: Նրանք անձնազոհ ծառայություն են մատուցում ղեկավարելով, ուսուցանելով և հոգալով ուրիշների մասին՝ առանց աշխատավարձի կամ նյութական պարգևատրության, առանց ծափահարությունների կամ աշխարհիկ ճանաչման: Նրանք տալիս են իրենց ժամանակից, իրենց տաղանդներից և իրենց միջոցներից. նրանք զոհաբերում են այն ամենը, ինչ ունեն և ծառայում են արդյունավետ և սքանչելի ձևով: Որոշ ժամանակ ծառայելով, նրանք ազատվում են՝ ուրիշներին հանձնելով ծառայելու հնարավորությունը:

Նրա վարդապետության և Նրա ծառայության շնորհիվ է Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին անընդհատ օրհնում իր անդամների կյանքը: Մենք շնորհակալ ենք Աստծուն՝ ձեր բոլորի համար, հավատարիմ Սրբեր, որ ճաշակել եք ծառայության ուրախությունը, որ զգում եք դա այժմ և կզգաք այդ ուրախությունը , երբ ծառայեք ուրիշներին: Մենք աղոթում ենք, որ Աստված միշտ օրհնի ձեզ դրա համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: