2008
Այսօր
Մայիս 2008


Այսօր

Ինչպես մենք կապրենք Այսօր, մեզ հնարավորություն կտրվի օգտվել Քավության մաքրող շնորհից, և մենք հավերժ կապրենք Աստծո հետ:

Նկար
Elder Lance B. Wickman

Երեք շաբաթ առաջ ես ընկա Երեկվա օրվա մեջ: Այդ պահին, ես վերաբացահայտեցի Այսօրը: Եվ ես ցանկանում եմ խոսել Այսօրվա մասին:

Եկեղեցու հանձնարարությունների շնորհիվ ես անցել եմ Խաղաղօվկիանոսյան լայնատարած ջրերի վրայով դեպի Վիետնամի հողը: Ինձ համար սա ավելին էր, քան պարզապես թռիչք օվկիանոսի վրայով: Դա մի քայլ էր դեպի անցյալ: Ավելի քան 40 տարի առաջ ես ծառայում էի այդ երկրի կռվի դաշտերում որպես կրտսեր սպա: Տասնյակ տարիներ մտքիս մեջ մխրճված են եղել այդ տեղերի մասին հիշողությունները, ժողովուրդը և իմ զինակից ընկերները, ում հետ ես ծառայել եմ: Հակոբը գրել է. «Մեր կյանքն անցավ … ինչպես երազ» (Հակոբ 7.26): Այդպես է եղել ինձ համար: Իսկ այժմ ես իմ հիշողությունների սրահից վերադառնում եմ հիշողությունների վայր գրեթե կես դար անց: Եկեղեցու իմ գործն ավարտվեց, ես որոշեցի մեկ անգամ ևս այցելել հուսահատ պայքարի այդ դաշտերը: Իմ սիրելի կնոջ ուղեկցությամբ ես կատարեցի այդ ուխտագնացությունը:

Ես չգիտեի, թե ինչ էի ակնկալում գտնել այդքան տարիներ անց: Այն, ինչ գտա, ամենաանսպասելին էր: Պատերազմից տանջված մարդկանց փոխարեն ես գտա երիտասարդ կենդանի բնակչություն: Հրետանային գնդակոծություններից ամայացած այրված գյուղական հողերի փոխարեն ես գտա խաղաղ բերքատու դաշտեր: Անգամ ջունգլիները նորից էին աճել: Կարծում եմ, ես որոշ չափով ակնկալում էի գտնել Երեկվա օրը, սակայն ես գտա Այսօրը … և պայծառ Վաղվա խոստումը: Ինձ հիշեցվեց, որ «իրիկունը լաց է գալիս, իսկ առավոտը ցնծություն» (Սաղմոս Լ.5):

Մեկ անգամ ևս ոտքս դնելով դաշտը, կրկին քայլեցի ջունգլիների արահետով, մտքում լսելով հրետանու կրակահերթը, ռումբերի սուլոցը և փոքր զենքերի աղմուկը: Ես կրկին տեսա ընկերներիս պատանի բրոնզե դեմքերը, ովքեր «լիովին նվիրվեցին» (Abraham Lincoln, Gettysburg Address): Եվ ես հատկապես մտածեցի մի օրվա մասին, 1966 թվի ապրիլի 3-ի` Պալմ Կիրակի, Զատկի օր, գրեթե 42 տարի առաջ այդ օրը:

Մեր գունդը Վիետնամում էր արդեն մի քանի ամիս: Ես լեյտենանտ էի, հետևակի ղեկավար: Մենք գրեթե անընդհատ պայքարի մեջ էինք: Այդ օրը բացվեց, երբ մեր գունդը թշնամու տարածքի խորքերում էր: Վաղ առավոտյան մենք 10 հոգանոց հետախուզական խումբ ուղարկեցինք: Նրանցից մեկը սերժանտ Արթուր Մորիսն էր: Մարդկանցից ոմանք վիրավոր էին կռվից հետո, ներառյալ սերժանտ Մորիսը, որը մի փոքր մարմնական վնասված էր ստացել: Ի վերջո, հերթապահության տղամարդիկ վերադարձան մեր դիրքեր:

Մենք ռադիոկապով բժշկական էվակուացիայի համար ուղղաթիռ խնդրեցինք: Վիրավորված տղամարդկանց տեղավորելիս, ես սերժանտ Մորիսին խնդրեցի նույնպես բարձրանալ ուղղաթիռ: Նա չհամաձայնվեց: Կրկին ես պնդեցի: Կրկին նա հրաժարվեց: Մեկ անգամ ևս ես նրան հորդորեցի: Մեկ անգամ ևս նա հրաժարվեց: Ի վերջո, ես ասացի. «Սերժանտ Մորի՛ս, բարձրացեք ուղղաթիռ»:

Նա նայեց ինձ աղերսող աչքերով, ասաց. «Պարոն, խնդրում եմ»: Ապա այս խոսքերը, որ հավերժ ինձ հետ կմնան. «Նրանք չենք կարող ինձ նման ծեր ուժեղ թռչունին սպանել»:

Ամբողջ տեսարանը մտքիս մեջ է կարծես ճակատամարտի էկրան` ջունգլիների մաքրումը, ուղղաթիռի շարժիչի անհամբեր սուր ձայնը, ինձ հույսով նայող օդաչուն և իմ ընկերը, որ աղաչում էր մնալ իր մարդկանց հետ: Ես զիջեցի: Ես ձեռքով նշան արեցի, որ ուղղաթիռը իր կյանքի գիծը տանի դեպի Վաղը: Այդ նույն օրը, դեռ արևը մայր մտնելուց առաջ, իմ սիրելի ընկերը, սերժանտ Արթուր Մորիսը պառկած էր գետնին, զոհվելով թշնամու կրակոցներից: Իմ մտքում կրկին ու կրկին լսվում է նրա բացականչությունը կարծեցյալ անվնաս մնալու մասին. «Նրանք չեն կարող սպանել, նրանք չեն կարող սպանել, նրանք չեն կարող սպանել … »:

Իհարկե, մի իմաստով նա սարսափելիորեն սխալ էր: Մահկանացու կյանքն այնքան փխրուն է: Միայն մեկ սրտի բաբախ, մեկ շնչի պակաս է բաժանում այս աշխարհը հաջորդից: Մի պահ իմ ընկերը կենդանի էր, հաջորդ պահին նրա անմահ հոգին հեռացավ, թողնելով մահկանացու բնակարանը կարծես անկյանք կավի մի զանգված: Մահը մի վարագույր է, որի միջով բոլորը պետք է անցնեն, և, ինչպես սերժանտ Արթուր Մորիսը, մեզանից ոչ ոք չգիտի, թե երբ դա տեղի կունենա: Մեր հանդիպած խնդիրներից ամենամեծը երևի թե, սխալ պատկերացումն է այն մասին, որ մահկանացու կյանքը հավերժ է, և որ դրա եզրափակումը մենք կարող ենք հետաձգել, մինչև վաղը` ներում փնտրելով և ներելով, որը, ինչպես սովորեցնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը, մահկանացու կյանքի հիմնական նպատակներից է:

Այս խորը ճշմարտությունը ուսուցանվել է Ամուղեկի կողմից Մորմոնի Գրքում.

«Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու` հանդիպելու Աստծուն. Այո, ահա մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը:

… Հետևաբար ես աղերսում եմ ձեզ, որ դուք չհետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ: …

… Քանզի այն նույն ոգին, որ տրվել է ձեր մարմիններին այն պահին, երբ դուք դուրս եք գալիս այս կյանքից, այդ նույն ոգին կունենա զորություն` տիրելու ձեր մարմնին այն հավերժական աշխարհում» (Ալմա 34.32–34; շեղագիրն ավելացված է):

Սուր արտահայտությամբ Ամուղեկը խոսում է «այս կյանքի օրվա մասին»: Հակոբոս Առաքյալն այսպես է խոսում սրա մասին. «Դուք որ չգիտեք էգուցվա օրը. Ինչպիսի բան է ձեր կյանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երևում է և հետո աներևութանում » (Հակոբոս Դ.14): Եվ այն անձը, որը մենք կանք, երբ հեռանում ենք այս կյանքից, կլինի այն անձը, որ մտնում է մյուսը: Բարեբախտաբար, մենք ունենք Այսօրը:

Թեև սերժանտ Մորիսը սարսափելի սխալ էր, նա նաև հրաշալիորեն ճիշտ էր: Իրականում, մենք անմահ ենք, այն իմաստով, որ Քրիստոսի Քավությունը հաղթել է մահը, և ֆիզիկական, և հոգևոր: Եվ այն, ինչպես մենք կապրենք Այսօր, մեզ հնարավորություն կտա օգտվել Քավության մաքրող շնորհից, և մենք հավերժ կապրենք Աստծո հետ: Այս կյանքը ոչ այնքան ստանալու և կուտակելու ժամանակ է, այլ տալու և դառնալու ժամանակ: Մահկանացու կյանքը ճակատամարտ է, որտեղ հանդիպում են արդարությունն ու գթասրտությունը: Սակայն նրանք չեն հանդիպում որպես թշնամիներ, քանի որ նրանք հաշտության մեջ են Հիսուս Քրիստոսի Քավության մեջ բոլոր նրանց համար, ովքեր իմաստուն ձևով են օգտագործում Այսօրը:

Մնում է միայն, որ դուք և ես փնտրենք և փայփայենք այդ ներումը, և ապաշխարենք, և գթասիրտ լինենք մյուսների հանդեպ, ինչը մեզ հնարավորություն է տալիս անցնել Փրկչի դռնով, որը նա բաց է պահում, այդպիսով` անցնելով սահմանը այս կյանքից դեպի վեհացում: Այսօր է օրը մյուսներին իրենց սխալները ներելու համար, վստահ ունենալով այն գիտելիքը, որ Տերը նմանապես կների մեր սխալները: Ինչպես գրում է Ղուկասը. «Ուրեմն ողորմած եղեք» (Ղուկաս Զ.36, շեղագիրն ավելացված է): Կատարելությունը կարող է մեզ շրջանցել այստեղ, սակայն մենք կարող ենք գթասիրտ լինել: Եվ վերջում, ապաշխարությունը և ներումը մեր համար Աստծո ամենակարևոր պահանջներն են:

Իմ ուխտագնացությունը դեպի անցյալ ավարտվեց, ես նայեցի շուրջս` Այսօրվա այն խաղաղ դաշտերին և տեսա նրանցում Վաղվա պտղաբեր խոստումը: Ես հիշեցի իմ ընկերոջը` սերժանտ Արթուր Սայրոս Մորիսին: Ես հիշեցի այդ ճակատագրական Երեկվա օրվա Պալմ Կիրակին: Եվ ես խոր երախտագիտություն զգացի Զատկի առավոտվա Քավիչի համար, որը մեզ կյանք է շնորհում, ով իջավ ամեն բանից հնարավորություն մեզ տալով բարձրանալ ամեն բանից վեր,—Վաղը, եթե մենք միայն օգտվենք Այսoրից: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: