2008
Ուսուցանում` չկա ավելի մեծ կոչում
Մայիս 2008


Ուսուցանում` չկա ավելի մեծ կոչում

Այս համաժողովի համարում, ներառվել են ուսումնական նյութերի ուղեցույցներ՝ որպես հավելում «Aaronic Priesthood Manual 3» և «Young Women Manual 3» ձեռնարկներին: Այն տարածքներում, որտեղ այս ձեռնարկները մատչելի չեն, տրվում են «Teaching, No Greater Call» (Ուսուցանում` չկա ավելի մեծ կոչում) ձեռնարկից հետևյալ ընտրանին, որը նպատակ ունի օգնել ղեկավարներին, ուսուցիչներին և ծնողներին բարելավել իրենց ուսուցման ջանքերը:

ՕԳՆԵԼ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼ

Յուրաքանչյուր անհատ ավետարանը սովորելու պատասխանատվություն է կրում

Ավետարանն ուսումնասիրելու մասին մի նամակում, Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին գրել է. «Այժմ եկեք գանք… . եզրահանգման, որը մեծապես առնչվում է մեր հավերժական փրկությանը: Դա այն է, որ յուրաքնաչյուր ոք պետք է ինքնուրույն սովորի ավետարանի վարդապետությունները: Ոչ ոք չի կարող դա անել իր փոխարեն: Յուրաքանչյուր ոք կանգնած է միայնակ, երբ խոսքը ավետարանի ուսումնառության մասին է. յուրաքանչյուրին մատչելի են նույն սուրբ գրությունները և յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ունենալու նույն Սուրբ Հոգու առաջնորդությունը. յուրաքանչյուրը պետք է վճարի Աստվածային Նախախնամությամբ հաստատված գինը, եթե ցանկանում է ձեռք բերել թանկագին մարգարիտը:

Նույն սկզբունքը ղեկավարում է թե՛ ճշմարտությունը սովորելը և թե՛ այդ չափանիշներին ներդաշնակ ապրելը: Ոչ ոք չի կարող ապաշխարել մեկ ուրիշի համար կամ մեկ ուրիշի փոխարեն: Ոչ ոք չի կարող պահել պատվիրանները ուրիշի փոխարեն: Ոչ ոք չի կարող փրկվել ուրիշի անունով: Եվ ոչ ոք չի կարող մեկ ուրիշի համար վկայություն ձեռք բերել կամ լույսով ու ճշմարտությամբ առաջ գնալ դեպի հավերժական փառք: Անձնական են թե՛ ճշմարտության մասին գիտելիքը և թե՛ օրհնությունները, որ գալիս են նրանց, ովքեր ենթարկվում են ճշմարիտ սկզբունքներին: Եվ ճիշտ ինչպես Աստված նույն փրկությունն առաջարկում է նույն օրենքներով ապրող յուրաքանչյուր հոգու, այնպես էլ նա առաջարկում է իր հավերժական ճշմարտությունների մասին նույն հասկացողությունը բոլոր նրանց, ովքեր կվճարեն ճշմարտությունը փնտրողի գինը:

Ավետարանի գիտելիք ձեռք բերելու Եկեղեցու համակարգը հետևյալն է.

  1. Յուրաքանչյուր անհատ ինքն է պատասխանատվություն կրում իր ջանքերով ճշմարտության մասին գիտելիք ձեռք բերելու համար:

  2. Հաջորդը՝ ընտանիքները պետք է ուսուցանեն իրենց ընտանիքի անդամներին: Ծնողներին պատվիրված է մեծացնել իրենց երեխաներին լույսով ու ճշմարտությամբ: Վերջին Օրերի Սրբերի կյանքում տունը պետք է լինի ուսումնական հիմնական կենտրոնը:

  3. Ընտանիքներին և անհատներին օգնելու նպատակով, Եկեղեցին որպես ծառայության գործակալություն, ուսուցանելու և սովորելու շատ հնարավորություններ է ընձեռում: Մեզ պատվիրվել է` «միմյանց պետք է ուսուցանեք արքայության վարդապետությունը» (ՎևՈւ 88.77): Սա կատարվում է հաղորդության ժողովներին, համաժողովներին և այլ հավաքներում, տնային ուսուցիչների կողմից, քահանայության և օժանդակ կազմակերպությունների դասերին, սեմինարիաների և ինստիտուտների, և Եկեղեցու կրթական համակարգի միջոցով» (“Finding Answers to Gospel Questions,” in Charge to Religious Educators, 3rd ed. [1994], 80):

Ուսուցչի դերը ավետարանը սովորելիս անհատներին օգնելու գործում

Իմանալով, որ անհատներն ավետարանը սովորելու պատասխանատվություն են կրում, մենք կարող ենք հարցնել, իսկ ո՞րն է ուսուցչի դերը: Այն է` օգնել անհատներին ավետարանը սովորելու պատասխանատվություն ստանձնել,– նրանց մեջ սովորելու, հասկանալու և ավետարանով ապրելու ցանկություն առաջացնել և ցույց տալ նրանց, թե ինչպես դա անել:

Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդական` Քույր Վիրջինիա Հ. Փիրսն ասել է.

«Ուսուցչի դերն ավելի մեծ է, քան պարզապես ճշմարտության մասին դասախոսություն կարդալը: Նա պետք է հրավիրի Հոգին և այնպիսի եղանակներ օգտագործի, որոնք կմեծացնեն հնարավորությունը, որ ուսանողը կբացահայտի ճշմարտությունը և կոգևորվի կիրառելու այն… .

… . Պատկերացրեք ամեն կիրակի հարյուր հազարավոր դասարաններ, յուրաքանչյուր դասարանում մի ուսուցիչ, որը հասկանում է, որ «աշակերտը պետք է սովորի: Ուստի, աշակերտն է, որ պետք է գործի լծվի: Երբ ուսուցիչը ուշադրությանը հրավիրում է իր վրա, դառնում է դասարանի աստղը, միշտ ինքն է խոսում, այսինքն` ամեն ինչ ինքն է կատարում, կարելի է համոզված ասել, որ նա խանգարում է դասարանի անդամների ուսման գործընթացին» [Asahel D. Woodruff, Teaching the Gospel (1962), 37]:

Հմուտ ուսուցիչը չի մտածում` «Ի՞նչ պիտի ես անեմ դասարանում այսօր», այլ հարցնում է` «Ի՞նչ պիտի անեն իմ ուսանողներն այսօր դասարանում». ոչ թե` «Ի՞նչ պիտի ես սովորեցնեմ այսօր», այլ` «Ինչպե՞ս պետք է օգնեմ իմ ուսանողներին բացահայտել այն, ինչ նրանց անհրաժեշտ է իմանալ» [«Ավետարանի ուսուցանում. Ձեռնարկ ԵԿՀ ուսուցիչների և ղեկավարների համար» (1994), 13]: Հմուտ ուսուցիչը չի ցանկանում, որպեսզի դասից հետո ուսանողներն ասեն, թե որքան հրաշալի և արտասովոր է ուսուցիչը: Այդ ուսուցիչը ցանկանում է, որ ուսանողները դասից հետո ասեն, թե որքան հրաշալի է ավետարանը» (in Conference Report, Oct. 1996, 13–14; or Ensign, Nov. 1996, 12):

Ուսուցիչները, որոնք հասկանում են իրենց բուն պատասխանատվությունը, հարգում են իրենց ուսանողներից յուրաքանչյուրի ազատ ընտրության իրավունքը: Նրանք ուրախանում են, երբ իրենց ուսանողները ինքնուրույն ուսումնասիրում են սուրբ գրությունները, իրենց համար ավետարանի սկզբունքներ են հայտնաբերում և իրենց իմաստալից մտքերով քննարկումներն ավելի բովանդակալից են դարձնում: Ուսուցիչները հիմնականում մեծ հաջողություն են ունենում, երբ ուսանողները ջանասիրաբար ուսումնասիրում և աճում են ավետարանում և զորություն են ստանում Աստծուց:

Գերազանց ուսուցիչները չեն ձգտում երախտիքի արժանանալ իրենց ուսանողների սովորելու և աճի համար: Հողագործի պես, որը ցանում ու խնամում է բերքը, նա ձգտում է սովորելու համար հնարավոր լավագույն պայմանները ստեղծել, ապա շնորհակալություն է հայտնում Աստծուն, երբ տեսնում է իր ուսանողների առաջադիմությունը: Պողոսը գրել է. «Ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տվողը. բայց աճեցնող Աստուածը» (Ա Կորնթացիս Գ.7):

Ավետարանը սովորելու ինքնավստահություն խրախուսեք

Հետևյալ առաջարկությունները կարող են օգնել ձեզ խրախուսել ուրիշներին ավետարանը սովորելու պատասխանատվություն ստանձնել.

  • Մեծացրեք սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները ուսումնասիրելու ձեր խանդավառությունը: Ձեր խանդավառությունը կոգեշնչի, որպեսի ձեր օրինակին հետևեն նրանք, ում ուսուցանում եք:

  • Ուսուցանելիս միշտ ձեր ուշադրության կենտրոնում պահեք սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները: Սա կօգնի անդամներին գնահատել, թե որքան հարուստ և բովանդակալից է Աստծո խոսքը:

  • Տվեք այնպիսի հարցեր, որոնք ուսանողներից կպահանջեն պատասխանները գտնել սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների ուսմունքներում: Չնայած օգտակար է ուսանողներին հարցնել, թե ինչ կարծիք ունեն որոշ թեմաների մասին, այնուամենայնիվ, հաճախ լավ միտք է նրանց հարցնել, թե ինչ են ուսուցանում սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեները:

  • Այնպիսի առաջադրանքներ տվեք, որոնք պահանջում են սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքներն ուսումնասիրել: Դասի վերջում հարց կամ առաջադրանք տվեք, որը կպահանջի դասին ներկա ուսանողներից քննել սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները: Նույնիսկ փոքր երեխաներին կարելի է նման առաջադրանք տալ: Օրինակ, աղոթքի մասին դաս մատուցելուց հետո, կարող եք երեխաներին խնդրել իրենց ծնողների հետ կարդալ աղոթքի մասին սուրբ գրության մի պատմություն կամ գերագույն համաժողովի ելույթ:

  • Օգնեք ուսանողներին հասկանալ, որ սուրբ գրությունների մարդիկ իրական մարդիկ էին, որոնք փորձություններ են կրել և ուրախություն ապրել` ձգտելով ծառայել Տիրոջը: Սուրբ գրությունները կենդանանում են, երբ մենք հիշում ենք, որ սուրբ գրությունների մարգարները և մյուս մարդիկ հիմնականում կրել են նմանատիպ փորձություններ, ինչպիսիք մենք են ունենում:

  • Ուսանողներին ցույց տվեք, ինչպես սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների ուսմունքներում գտնել կյանքի մարտահրավերների պատասխանները: Օրինակ՝ դուք կարող եք օգնել նրանց օգտագործել Եկեղեցու ամսագրերի համաժողովի համարի ցուցիչը, որպեսզի խորհուրդ գտնեն այնպիսի թեմաների մասին, ինպիսիք են` սփոփանքը, ապաշխարությունը, ներողամտությունը, հայտնությունը կամ աղոթքը:

  • Անկեղծորեն խրախուսեք ձեր ուսանողներին` ուսումնասիրել սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները: Ոմանք չեն հասկացել ավետարանը սովորելու իրենց պատասխանատվությունը: Ոմանք մոռացել են: Մի եպիսկոպոս ասաց, որ մի անգամ հաճախել էր Երեխաների Միության ուսումնական ժողովին, որի ժամանակ կոչ էր արվել ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները: Արդյունքում, հաջորդած 13 տարիների ընթացքում միայն մեկ օր նա չէր ուսումնասիրել սուրբ գրությունները: Նա նշեց, որ այդ ուսումնասիրությունը փոխել էր իր կյանքը:

  • Վկայություն բերեք Փրկչի մասին որպես առանցքն այն ամենի, ինչ սովորեցնում են բոլոր սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեները: Հատկապես համարձակ եղեք Փրկչի մասին վկայելիս: Երբ ձեր ուսանողները տեսնեն Փրկչին սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների ուսմունքներում, ուսման նրանց ծարավը կավելանա և նրանց վկայությունները կզորանան:

ԳՆԱՀԱՏԵՔ ԴԱՍԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Դասը մատուցելուց հետո, Ավետարանի Վարդապետության մի ուսուցչի անհանգստացրել էր իր ուսուցանման փորձը: Դասի որոշ մասեր լավ էին մատուցվել, իսկ որոշ մասեր հուսահատեցնող էին: «Ինչո՞ւ են որոշ մասեր սահուն ընթանում, իսկ որոշ մասեր` ոչ», հարցրել էր ինքն իրեն: «Ի՞նչը պետք է կրկին կատարեմ դասը մատուցելիս: Ի՞նչը կարող եմ փոխել»: Հարցերը մնացել էին նրա մեջ, երբ նա խորհել էր, թե ինչպես պետք է օգնի իր դասարանի անդամներին ավետարանը սովորելիս: Այս ուսուցչի հարցերը գրեթե համընդհանուր բնույթ են կրում ուսուցիչների շրջանում:

Մեր ուսանողներին գնահատելուց բացի, կարևոր է նաև գնահատել դաս մատուցելու մեր հաջողությունը: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է, թե որքան կարևոր է ինքներս մեզ գնահատելը և բարելավելուն ձգտելը. «Մենք պարզում և հաստատում ենք ընդունելի բարձր չափանիշներ… . և համապատասխանաբար գնահատում մեր աշխատանքը: Մենք պետք է ոչ թե շահագրգռված լինենք ուրիշներին գերազանցելով, այլ ավելի շատ մտահոգվենք մեր ձեռքերումները բարելավելով» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 488):

Յուրաքանչյուր դասից հետո, մենք պետք է ժամանակ տրամադրենք հետևելու Նախագահ Քիմբալի խորհրդին` «գնահատենք մեր աշխատանքը»: Սա կօգնի մեզ պատրաստվել հաջորդ դասին և շարունակել զարգանալ որպես ուսուցիչ:

Ինչպիսի փոփոխություններ էլ ձեզ հուշվի, հիշեք, որ ձեր ուսուցանման գնահատումը պետք է լինի ոչ թե հուսալքող, այլ դրական փորձառություն: Ամեն անգամ դուք հայտնաբերում եք ձեր ուսուցումը բարելավելու եղանակ, դուք գտնում եք նոր եղանակ` օգնելու մյուսներին սովորել ավետարանը և ապրել դրա սկզբունքներով:

Հարցեր, որոնք կօգնեն ձեզ գնահատել դասի մատուցումը

Դասի հաջողությունը որոշվում է ձեր ուսանողների վրա գործած ազդեցությամբ: Երբ գնահատում եք ձեր ուսուցանած յուրաքանչյուր դասը, փորձեք հիշել դասի տարբեր հարցերին տված ուսանողների պատասխանները: Դուք ավելի պարզորոշ կհիշեք նրանց պատասխանները, եթե վերանայեք այն ծրագիրը, որն օգտագործել եք դասը մատուցելիս:

Ստորև տրված հարցերը կօգնեն ձեզ գնահատել դասերը: Ուշադրություն դարձրեք, որ առաջին հարցերը օգնում են ձեզ որոշել, թե ինչն եք լավ արել: Դուք կարող եք հիմնականում ավելի շատ իմանալ, թե ինչպես բարելավել` նախ կենտրոնանալով հաջողությունների, ոչ թե հուսահատություն պատճառող հարցերի վրա: Երբ խոնարհաբար տեսնեք ձեր ուժեղ կողմերը, դուք կարող եք հիմնվել դրանց վրա և օգտագործել դրանք` բարելավելու ձեր ողջ ուսուցման գործընթացը: Գնահատելով այն, ինչ լավ եք կատարել, դուք կարող եք որոշել, թե ինչը կարող եք էլ ավելի բարելավել:

  • Դասի ժամանակ ե՞րբ ուսանողները մեծ պատրաստամությամբ մասնակցեցին: Ե՞րբ նրանք կարծես ավելի քիչ ցանկություն հայտնեցին մասնակցել:

  • Դասի ժամանակ ո՞ր պահերին էր, որ կարծես նրանք ավելի ուժեղ էին զգում Հոգու ազդեցությունը: Ե՞րբ էին նրանք կարծես ավելի քիչ զգում Հոգու ազդեցությունը:

  • Դասի ժամանակ ե՞րբ էին նրանք կարծես ավելի ուշադիր: Ե՞րբ էր, որ նրանք կարծես ոչ այնքան խորն էին մտածում:

  • Դասի ժամանակ ե՞րբ էին նրանք կարծես իրենց կյանքում կիրառելու ավելի շատ բաներ գտնում: Ե՞րբ էին նրանք կարծես բաց թողնում իրենց կյանքում կիրառելու գաղափարները:

  • Վերը նշված յուրաքանչյուր հարցի մասին խորհելիս, դիտարկեք այս հարցերը ևս.

  • Դասի ո՞ր տեսակետն է օգնում գտնել այդ պատասխանները:

  • Ի՞նչ է սա հուշում ինձ իմ ուսանողների մասին:

  • Հաջորդ դասին պատրաստվելիս ինչպե՞ս կարող է այս հասկացողությունն օգնել ինձ:

Այս հարցերը տալով ինքներդ ձեզ, գրեք ձեր պատասխանները, որպեսզի չմոռանաք ձեր ստացած ներըմբռնումներն ու հուշումները: Դուք զարմանքով կնկատեք, թե որքան շատ բան եք սովորել:

Երբ աղոթքով խորհեք ձեր ուսանողներին ձեռք մեկնելու եղանակների մասին, Հոգին կօգնի ձեզ տեսնել այն ոլորտները, որոնք կարող եք բարելավել: