2008
Երեք նախագահող քահանայապետեր
Մայիս 2008


Երեք նախագահող քահանայապետեր

Իմաստություն և ուժ կստանանք մենք, երբ նայենք Առաջին Նախագահությանը որպես մեր իդեալի և ղեկավարման օրինակի:

Նկար
Elder William R. Walker

Ինչպիսի՜ օրհնություն և արտոնություն է մեզ համար հաստատել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, Նախագահ Հենրի Բ. Այրինգին և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆին որպես Տիրոջ Եկեղեցու նոր Առաջին Նախագահություն:

Առաջին Նախագահության կարևորության մասին առաջին անգամ սովորեցի, երբ մեծանում էի Արևմտյան Կանադայում: Երբ գնում էի Վոքերների տուն` տատիկիս ու պապիկիս մոտ, նախասրահում ինձ դիմավորում էր Եկեղեցու Առաջին Նախագահության շրջանակով լուսանկարը: Ես դա լավ եմ հիշում: Կարծես նրանք կանգնած էին որպես պահապաններ` ողջունելով ներս մտնողներին:

Դա Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի և նրա խորհրդականներ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտ.-ի և Դեյվիդ Օ. ՄակՔեյի գեղեցիկ գունավոր լուսանկարն էր: Լուսանկարում նրանք միասին կանգնած էին` երկրագնդի ֆոնի վրա: Ես սիրում էի այդ լուսանկարը: Նրանք այնքան գեղեցիկ և արժանապատիվ տղամարդիկ էին, ես գիտեի նրանց որպես Աստծո մարգարե և նրա խորհրդականներ:

Իմ տատիկի ու պապիկի նախասրահում կախված այդ լուսանկարը հզոր ազդեցություն էր գործում ինձ վրա: Ես ապրում էի Ռեյմոնդ տափաստանային քաղաքում, որտեղ տատիկս ու պապիկս էին ապրում: Ես ոտքով էի գնում նրանց տուն, այնպես որ հաճախ էի այցելում նրանց: Հիշում եմ, հաճախ էի կանգնում միայնակ նախասրահում` ակնածանքով նայելով Առաջին Նախագահության նկարին: Հիշում եմ, մտածում էի, թե ինչու են տատիկս ու պապիկս կարծում, որ այդքան կարևոր է պատվել Առաջին Նախագահությանը և այդ նկարը իրենց տան աչքի ընկնող տեղում կախել: Բոլոր ներս մտնողները տեսնում էին այն: Հավանաբար, ամենակարևորը, իրենց երեխաների և թոռների համար դա մշտական հիշեցում էր, թե ինչն է անչափ կարևոր տատիկիս ու պապիկիս սրտում և կյանքում:

Տարիներ անց, ես եզրակացրեցի, որ Առաջին Նախագահության նկարը ցուցադրելը հավասարազոր էր Հեսուի գեղեցիկ խոսքերին. «Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե ո՞ւմ եք ծառայելու: Ես և իմ տունը Տիրոջն ենք ծառայելու» (Հեսու ԻԴ.15):

Ջեյմս և Ֆանի Վոքերների տուն ոտք դնողները գիտեին, որ նրանց սրտերում գրված էին հետևյալ խոսքերը. «Մենք և մեր տունը Տիրոջն ենք ծառայելու»: Որպես նրանց թոռ, ես գիտեի դա, և ես երբեք դա չեմ մոռանա:

Լինելով փոքր տղա, ես այդքան լավ չէի հասկանում, թե ինչու էր Առաջին Նախագահությունը կազմված երեք հոգուց, և ոչ թե միայն Նախագահից: Ես իհարկե գիտեի, որ Հիսուսն ընտրել էր Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, ոչ թե պարզապես Պետրոսին: Ես գիտեի, որ հայրս եպիսկոպոսության երեք տղամարդկանցից մեկն էր` ծառայելով որպես Եպիսկոպոս Ջ. Օ. Հիքենի խորհրդական: Ես գիտեի, որ պապիկս ցցի նախագահն էր, և նա երկու խորհրդականներ ուներ, որոնք կանգնած էին նրա կողքին (Նախագահ Ջոն Ալլենը և Նախագահ Լեսլի Պալմերը):

Բոլոր դեպքերում էլ, նախագահությունը պարզապես կազմված չէ մեկ մարդուց որպես ղեկավար, այլ երեք հոգուց, որոնք ղեկավարում են միասին: Երեխաների Միությունում ես սովորեցի Հավատո Հանգանակը և մեծացա սիրելով նրանց: Հավատո Հանգանակը մեր երիտասարդներին սփոփում և վստահություն է տալիս, երբ նրանք սովորում են Եկեղեցու հիմնարար վարդապետությունները: Այն ժամանակ ես գիտեի, որ «մարդը պետք է կանչվի Աստծո կողմից, մարգարեությամբ, և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ» (Հավատո Հանգանակ 1.5):

1835թ. Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց Եկեղեցու նախագահությունների ճիշտ կարգը.

«Անհրաժեշտությունից ելնելով նախագահներ կամ նախագահող պաշտոնյաներ կան …

Մելքիսեդեկյան Քահանայությունից երեք Նախագահող Քահանայապետ, ընտրվելով Տասներկուսի կողմից, նշանակվելով ու կարգվելով այդ պաշտոնին, և գաջակցվելով եկեղեցու վստահությամբ, հավատքով ու աղոթքով, կազմում են Եկեղեցու Նախագահության քվորումը» (ՎևՈւ 107.21–22):

«Երեք նախագահների քվորումը» (ՎևՈւ 107.29)—ոչ թե նախագահ է և երկու փոխնախագահներ, այլ երեք նախագահող քահանայապետեր: Երեք նախագահների քվորում` Տիրոջ Եկեղեցու Առաջին Նախագահությունը:

Աշխարհն այդպես չի կազմակերպվում, այլ Տերն է այսպես կազմակերպել և կառուցել Իր Եկեղեցին:

Այս սուրբ գրությունն է միտքս գալիս.

«Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը.

Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա ԾԵ.8–9):

Իմ ծննդյան յոթամյակին մոտ, ես մի փոքր սովորեցի Նախագահության փոփոխման մասին, երբ Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը մահացավ: Մի փոքր ավելի ուշ, տատիկիս ու պապիկիս նախասրահում կախված նկարը փոխարինվեց Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյի և նրա խորհրդականների` Սթեֆան Լ. Ռիչարդսի և Ջ. Ռուբեն Քլարկ կրտ.-ի նկարով:

Ես, իհարկե, լինելով փոքր տղա չհասկացա մեծ կարևորությունը կամ Առաջին Նախագահությունում անցման գործընթացքը, սակայն գիտեի, որ մարգարեն մահացել էր, և մենք ղեկավարվում էինք Աստծո նոր մարգարեի և նրա կողքին կանգնած երկու խորհրդականների կողմից:

13 տարեկանում ես կանչվեցի Եպիսկոպոս Մյուրեյ Հոլթի գրասենյակ, և նա ինձ կանչեց ծառայելու որպես սարկավագների քվորումի նախագահ: Նա ասաց ինձ, որ ես պետք է գնամ տուն և աղոթեմ, թե ովքեր պետք է լինեն իմ խորհրդականները: Նա ինձ սովորեցրեց, որ Տերը կօգնի ինձ այդ հարցում: Նա օգնեց: Այն ժամանակ ես սովորեցի խորհրդականների մասին, և ես սկսեցի հասկանալ, թե ինչու է Տերն Իր Եկեղեցին ղեկավարում նախագահություններով, ոչ թե միայն նախագահներով: Ես սիրեցի սարկավագների քվորումի իմ խորհրդականներին, և մենք աղոթում ու տքնաջան աշխատում էինք մեր քվորումի մյուս տղաներին օգնելու համար: Եպիսկոպոս Հոլթն ինձ սովորեցրեց նախագահությունների օրինակը և թե ինչպես պետք է նախագահությունը գործի ու աշխատի Տիրոջ Եկեղեցում:

Երբ ավելի ուշ ծառայում էի այլ քվորումներում որպես նախագահ, ես արդեն գիտեի խորհրդականների կարևորությունը և գիտեի, որ Տերը կօգնի ինձ նրանց ընտրելու հարցում, ճիշտ ինչպես իմ եպիսկոպոսն էր սովորեցրել ինձ:

Որպես սարկավագների նախագահ և հետագայում որպես եպիսկոպոս և ցցի նախագահ, ես գիտեի, որ ինչպիսի իմաստություն, հասկացողություն կամ կարողություն ունեմ, այն կմեծանա համապատասխանաբար, եթե իմ խորհրդականներին ներգրավեմ ցանկացած որոշման մեջ, որ պետք է կայացվեր: Ես սովորեցի, որ որպես նախագահություն միասին ծառայելու օգուտը հսկայական էր և մեծարող:

Ես հասկացա, թե ինչու է Տերը հանձնարարել, որ Իր Եկեղեցին ղեկավարվի նախագահող երեք քահանայապետերի կողմից, և ինչու հիմնականում ղեկավարման նման ձևը պետք է կիրառվի ամբողջ Եկեղեցում:

Տերն ասել է. «Ես ձեզ կտամ մի օրինակ, բոլոր բաների համար, որպեսզի դուք չխաբվեք» (ՎևՈւ 52.14): Նա մեզ տվել է ղեկավարության օրինակ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Եկեղեցու յուրաքանչյուր կազմակերպության վրա նախագահում է երեք հոգուց բաղկացած նախագահություն, բացի Յոթանասունականներից [և Տասներկուսից]» (Teachings of Gordon B. Hinckley [1997], 94): Ինչպես նաև օժանդակները, բոլոր մակարդակներով ղեկավարվում են նախագահի և երկու խորհրդականների կողմից: Որպես նախագահություն միասին ծառայելու բոլոր օրհնություններն ու օգուտները վերաբերվում են օժանդակներին, ինչպես վերաբերում են քահանայության քվորումներին:

Մեզանից յուրաքանչյուրը, որ ծառայում է Եկեղեցու որևէ նախագահությունում, պետք է նայի Առաջին Նախագահությանը որպես օրինակ, որ ձգտում ենք ունենալ մեր հանձնարարությունները կատարելիս: Մենք պետք է ձգտենք լինել նրանց նման և նրանց նման միասին սիրով ու ներդաշնակությամբ աշխատենք:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հաճախ է խոսել խորհրդականների կարևորության մասին: Նա ասել է. «Տերը խորհրդականներին դրել է այնտեղ նպատակով» (Teachings of Gordon B. Hinckley, 94):

Նախագահ Հինքլին հետագայում ուսուցանել է մեզ. «Ամեն երկուշաբթի առավոտյան Առաջին Նախագահությունը հանդիպում է (երբ մենք քաղաքում ենք): Ես խնդրում եմ Նախագահ Ֆաուստին ներկայացնել իր գործերի վիճակը, և մենք քննարկում ենք այն և որոշում կայացնում: Ապա ես խնդրում եմ Նախագահ Մոնսոնին ներկայացնել իր գործերի վիճակը, և մենք քննարկում ենք այն ու որոշում կայացնում: Այնուհետև ես ներկայացնում եմ որոշ հարցեր, և մենք քննարկում ենք դրանք և որոշում կայացնում: Մենք աշխատում ենք միասին: Նախագահությունում դուք չեք կարող գործել միայնակ: Ի՜նչ հրաշալի բան են խորհրդականները: Նրանք ետ են պահում քեզ սխալ քայլեր կատարելուց, նրանք օգնում են քեզ ճիշտ գործել» (Teachings of Gordon B. Hinckley, 95; see also “In … Counsellors There Is Safety,” Ensign, Nov. 1990, 48–51):

Մի անգամ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խորհրդականը նկարագրել է, ինչպես էին Առաջին Նախագահությունում խորհրդակցում. «Երբ մի հարց էր կանգնում (Եկեղեցու Նախագահի) առաջ` դատելու, նա և իր խորհրդականները զրուցում էին դրա շուրջ և ուշադիր քննարկում էին այն, մինչև միևնույն եզրահանգման էին գալիս» (Anthon H. Lund, in Conference Report, June 1919, 19; emphasis added):

Դա պետք է օրինակ լինի մեր նախագահությունների համար:

Հայտնությունները ուսուցանում են մեզ քվորումներում և նախագահություններում մեր որոշումները կայացնել «ողջ արդարակեցությամբ, սրբությամբ, սրտի խոնարհությամբ, հեզությամբ ու երկայնամտությամբ, և հավատով ու առաքինությամբ և գիտությամբ, ժուժկալությամբ, համբերությամբ, աստվածայնությամբ, եղբայրասիրությամբ ու գթությամբ» (ՎևՈւ 107.30):

Տերը տվել է մեզ ձևը:

Մենք այսօր հաստատեցինք նոր Առաջին Նախագահությանը: Նրանք կուսուցանեն մեզ և ցույց կտան օրինակ, որին մենք պետք է հետևենք: Իմաստություն և ուժ կստանանք մենք, երբ նայենք Առաջին Նախագահությանը որպես մեր իդեալի և ղեկավարման օրինակի:

Մեծ օրհնություններ կգան մեր ընտանիքներ, եթե մենք մեր երեխաներին ու թոռներին ուսուցանենք սիրել ու աջակցել Եկեղեցու ղեկավարներին: Փոքր հասակում տատիկիս և պապիկիս տանը կանգնած, ես գիտեի, որ մենք ղեկավարվում ենք Աստծո տղամարդկանց կողմից, որոնց Տերը դրել էր այնտեղ, որպեսզի մեզ առաջնորդեն:

Եվ ես գիտեմ դա այսօր: Ես վկայում եմ, որ դա Տեր Հիսուս Քրիստոսի աշխատանքն է, և որ մենք ղեկավարվում ենք Իր առաքյալների և մարգարեների կողմից: Ես վկայում եմ, որ ավագ առաքյալը` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կանչվել է Աստծո կողմից և, որ իր կողքին կանգնած երկու ազնվազարմ խորհրդականների հետ նրանք կառաջնորդեն մեզ` ըստ Տիրոջ մտքի և կամքի, որի Եկեղեցին է սա: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: