2008
Արդարակեցության օրինակներ
Մայիս 2008


Արդարակեցության օրինակներ

Մեր պարտականությունն է մեր կյանքն այնպես ապրել, որ արդարակեցության օրինակ լինենք:

Նկար
President Thomas S. Monson

Իմ եղբայրնե՛ր, այս երեկո ես գիտեմ, որ դուք թե այստեղ Համաժողովների Կենտրոնում, թե հազարավոր այլ վայրերում, ներկայացնում եք քահանայության ամենամեծ հավաքը, որ երբևէ եղել է: Ողջ աշխարհում մենք մեծագույն եղբայրության մի մասն ենք: Որքա՜ն բախտավոր և օրհնված ենք մենք, որ Աստծո քահանայությունն ենք կրում:

Մենք խորհուրդներ ստացանք և վեհացանք` լսելով ոգեշնչված ելույթները: Ես աղոթում եմ, որ ձեր հավատն ու աղոթքներն օգնեն ինձ ձեր հետ կիսվելիս իմ մտքերով և զգացումներով, որոնք վերջերս ունեցել եմ իմ ելույթը պատրաստելիս:

Որպես քահանայություն կրողներ մենք երկրի վրա ենք գտնվում անհանգիստ ժամանակներում: Մենք ապրում ենք բարդ աշխարհում` ամենուր հակամարտություններ են: Քաղաքական մեքենայությունները կործանում են ազգերի կայունությունը, բռնակալները զավթում են իշխանությունը, և հասարակության հատվածները թվում է ոտնակոխ են լինում` հնարավորությունից զուրկ և ձախողման զգացումով պատված:

Մենք, որ կարգվել ենք Աստծո քահանայությանը, կարող ենք տարբերություն բերել: Երբ արժանանում ենք Տիրոջ օգնությանը, մենք կարող ենք ամրացնել տղաներին, ուղղել տղամարդկանց, Նրա սուրբ ծառայության մեջ հրաշքներ կատարել: Մեր հնարավորություններն անսահման են:

Մեր խնդիրն է պատշաճ օրինակներ լինել: Մենք զորացվել ենք ճշմարտությամբ, որ այսօր աշխարհում մեծագույն ուժը Աստծո զորությունն է, որը գործում է մարդու միջոցով: Եղբայրնե՛ր, եթե մենք Տիրոջ աշխատանքում ենք, Տիրոջ օգնությանն ենք արժանանում: Երբեք չմոռանաք այս ճշմարտությունը: Այդ աստվածային օգնությունն, իհարկե, պայմանավորված է մեր արժանավորությամբ: Յուրաքանչյուրը պետք է հարցնի. Արդյո՞ք իմ ձեռքերը մաքուր են: Արդյո՞ք իմ սիրտը մաքուր է: Արդյո՞ք ես Տիրոջն արժանի ծառա եմ:

Մենք շրջապատված ենք այնքան շատ բաներով, որոնք նախատեսված են մեր ուշադրությունը շեղելու այն ամենից, ինչը առաքինի է և բարի, գայթակղելու այն ամենով, ինչի պատճառով արժանի չենք լինում գործադրել քահանայությունը, որ կրում ենք: Ես խոսում եմ ոչ միայն Ահարոնյան Քահանայության երիտասարդների, այլև բոլոր տարիքի տղամարդկանց հետ: Գայթակղությունները մեր կյանք գալիս են տարբեր կերպարանքներով:

Եղբայրնե՛ր, արդյո՞ք մենք արժանի ենք բոլոր ժամանակներում սրբազան պարտականություններ կատարել այն քահանայությամբ, որ կրում ենք: Երիտասարդնե՛ր, դուք, որ քահանաներ եք, արդյո՞ք մարմնով և հոգով մաքուր եք, երբ Կիրակի օրը նստում եք հաղորդության սեղանի մոտ և օրհնում հաղորդության խորհրդանիշները: Երիտասարդնե՛ր, որ ուսուցիչներ եք, արժանի՞ եք պատրաստելու հաղորդությունը: Սարկավագնե՛ր, Եկեղեցու անդամներին հաղորդությունը բաժանելիս, արդյո՞ք դա անում եք գիտենալով, որ հոգևոր առումով որակված եք դա անելու: Արդյո՞ք ձեզանից յուրաքանչյուրը լիովին հասկանում է բոլոր սուրբ պարտականությունների կարևորությունը, որ դուք կատարում եք:

Իմ երիտասարդ ընկերնե՛ր, ամուր եղեք: Մարդկանց փիլիսոփայությունները շրջապատում են մեզ: Մեղքի դեմքը այսօր հաճախ ծածկվում է հանդուրժողականության դիմակով: Մի՛ խաբվեք, դրա հետևում սրտի կսկիծ է, դժբախտություն և ցավ: Դուք գիտեք, ինչն է ճիշտ և ինչը սխալ, և ինչևէ ոչ մի քողարկում չի կարող փոխել այն: Զանցանքի բնույթը մնում է նույնը: Եթե ձեր այսպես կոչված ընկերները ձեզ դրդում են անել մի բան, որը գիտեք, որ սխալ է, եղեք այն մեկը, որ կանգնում է ճշմարտության համար, նույնիսկ եթե միայնակ պետք է կանգնեք: Բարոյական քաջություն ունեցեք լույս լինելու ուրիշների համար, որին կհետևեն: Ավելի արժեքավոր ընկերություն չկա, քան մաքուր խիղճը, ձեր բարոյական մաքրությունը, և ինչպիսի՜ փառահեղ զգացում է այն, երբ գիտես, որ դու կանգնած ես քեզ համար նշանակված տեղում` մաքուր և վստահ, որ արժանի ես դա անելու:

Մելքիսեդեկյան Քահանայության Եղբայրնե՛ր, դուք ամեն օր ջանասիրաբար պայքարո՞ւմ եք ապրելու ինչպես հարկն է: Դուք բարյացակամորեն և սիրո՞վ եք վերաբերվում ձեր կնոջը և երեխաներին: Դուք ձեր շրջապատի հետ արդյո՞ք ազնիվ եք` միշտ և բոլոր իրավիճակներում:

Եթե ձեզանից որևէ մեկը շեղվել է ուղուց, կան մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ կրկին դառնալու մաքուր և արժանի: Ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը մեծապես ցանկանում են օգնել և կօգնեն` հասկացողությամբ ու կարեկցանքով, կանեն ամեն ինչ իրենց ուժի սահմանում օգնելու ձեզ ապաշխարության գործընթացում, որ դուք կրկին կարողանաք արդարակյաց դառնալ Տիրոջ առաջ:

Ձեզանից շատերը կհիշեն Նախագահ Ն. Էլդոն Թաններին, որն Եկեղեցու չորս Նախագահների համար ծառայել է որպես խորհրդական: Նա արդարակեցության անխոտոր օրինակ է եղել արդյունաբերության իր բնագավառում, Կանադայի կառավարության մեջ ծառայելիս և միշտ իր անձնական կյանքում: Նա մեզ ոգեշնչված խորհուրդ է տվել.

«Ոչինչ ավելի մեծ ուրախություն և հաջողություն չի բերում, քան ավետարանի ուսմունքներով ապրելը: Եղեք օրինակ, եղեք լավ ազդեցություն …

Մեզանից յուրաքանչյուրը նախակարգվել է ինչ-որ աշխատանքի համար որպես [Աստծո] ընտրյալ ծառա, որին նա հարմար է տեսել շնորհել քահանայություն և իր անունով գործելու զորություն: Միշտ հիշեք, որ մարդիկ նայում են ձեզ որպես առաջնորդի և դուք ազդում եք անհատների կյանքի վրա` լավ, թե վատ, որը կզգացվի գալիք սերունդների վրա»:1

Իմ եղբայրնե՛ր, ես կրկնում եմ, որպես Աստծո Քահանայության կրողներ, մեր պարտականությունն է ապրել մեր կյանքն այնպես, որ մյուսների համար արդարակեցության օրինակ լինենք: Երբ մտածում էի, թե ինչպես կարող ենք նման օրինակ լինել, հիշեցի մի քանի տարի առաջ ունեցած փորձառությունը, երբ այցելել էի մի ցցի համաժողովի: Հիմնական նիստի ժամանակ ես նկատեցի մի տղայի, որը նստել էր իր ընտանիքի հետ ցցի կենտրոնի առաջին շարքում: Ես նստել էի բեմահարթակի վրա: Ժողովի ընթացքում ես նկատեցի, որ երբ ոտքս ոտքիս վրա եմ դնում, այդ տղան նույնը կրկնում է: Երբ հակառակն էի անում, նա հետևում էր ինձ: Ես դնում էի ձեռքերս ծնկներիս վրա, և նա նույնն էր անում: Ես ձեռքս դնում էի կզակիս տակ, նա նույնն էր կրկնում: Ինչ որ անում էի, նա կրկնօրինակում էր իմ շարժումները: Դա շարունակվեց, մինչև որ իմ հերթը հասավ ներկաներին իմ խոսքով դիմելու: Ես որոշեցի նրան ստուգել: Ես սևեռուն նրան նայեցի, վստահ լինելով, որ նա ինձ է նայում և ապա ականջներս շարժեցի: Նա զուր փորձեց կատարել այն, և ես բռնացրեցի նրան: Նա պարզապես չկարողացավ իր ականջները շարժել: Նա դարձավ իր կողքին նստած հորը և ինչ-որ բան շշնջաց նրան: Նա ցույց տվեց իր ականջները, ապա ինձ մատնացույց արեց: Երբ նրա հայրը նայեց իմ կողմը, որպեսզի տեսնի ինչպես են իմ ականջները շարժվում, ես հանգիստ նստած էի ձեռքերս ծալած, առանց որևէ մկանի շարժման: Հայրը կասկածանքով նայեց որդուն, որը մի փոքր պարտված էր երևում: Նա վերջապես ինձ երկչոտ ժպտաց և ուսերը թոթվեց:

Տարիներ շարունակ ես մտածել եմ այդ դեպքի մասին, երբ մտածում էի, թե ինչպես, երբ հատկապես փոքր ենք, ձգտում ենք կրկնօրինակել մեր ծնողներին, մեր ղեկավարներին, մեր հասակակիցներին: Մարգարե Բրիգամ Յանգն ասել է. «Մենք երբեք չպետք է թույլ տանք մեզ` անել մի բան, որը չենք ցանկանում, որ մեր երեխաներն անեն: Մենք պետք է այնպիսի օրինակ լինենք, որը ցանկանում ենք, որ նրանք ընդօրինակեն»:2

Ձեզ, տղաների հայրե՛ր և ղեկավարնե՛ր, ես ասում եմ, ձգտեք լինել այնպիսի օրինակ, որ տղաներին պետք է: Հայրը, անշուշտ, պետք է լինի գլխավոր օրինակը, և բախտավոր է այն տղան, որն օրհնված է ունենալու արժանի հայր: Ինչևէ, նույնիսկ օրինակելի ընտանիքը, որն ունի ջանասեր ու հավատարիմ հայր և մայր, կարող է օգտագործել աջակցող ամեն օգնություն, որ կարող են ստանալ լավ մարդկանցից, ովքեր իսկապես հոգատար են: Նաև կա այնպիսի տղա, որը հայր չունի, կամ նրա հայրը այժմ պատշաճ օրինակ չի հանդիսանում: Այդ տղայի համար, Տերը Եկեղեցու օգնականների մի ցանց է ստեղծել` եպիսկոպոսներ, խորհրդատուներ, ուսուցիչներ, սկաուտ ղեկավարներ, տնային ուսուցիչներ: Երբ Տիրոջ ծրագիրն ուժի մեջ է և պատշաճ աշխատում է, Եկեղեցու ոչ մի պատանի չպետք է իր կյանքում մնա առանց լավ մարդկանց ազդեցության:

Ոգեշնչված եպիսկոպոսի, խորհրդատուի կամ ուսուցչի արդյունավետությունը կախված չէ այս աշխարհի ուժի խորհրդանիշներից կամ իրերի առատությունից: Սովորաբար, ամենամեծ ազդեցություն ունենում են այն ղեկավարները, որոնք ոգեշնչում են ճշմարտության հանդեպ նվիրվածություն, որոնք պարտականության հանդեպ հնազանդությունը դարձնում են մարդկային էություն, որոնք ձևափոխում են առօրյա սովորական երևույթները այնպես, որ դրանք մեզ տալիս են այն կերպարը, ինչպիսին մենք ձգտում ենք լինել:

Աչքաթող չանենք այն, որ իրականում մեր հիմնական օրինակը, մեր Փրկիչն է` Հիսուս Քրիստոսը: Նրա ծնունդը կանխատեսվել էր մարգարեների կողմից, հրեշտակները հռչակեցին Նրա երկրային ծառայության մասին: Նա «աճում էր և զորանում հոգիով` իմաստությունով լցված. և Աստծո շնորհքը նրա վրա էր»:3

Հովհաննեսի կողմից մկրտվելով Հորդանան գետում, Նա Իր պաշտոնական ծառայությունը կատարեց մարդկանց մեջ: Հիսուսը երես թեքեց սատանայի խորամանկությունից: Իր երեսը դարձրեց դեպի Իր Հոր տված պարտականությունը, Իր սիրտը դրեց և Իր կյանքը տվեց: Եվ ինչպիսի անմեղ, անձնուրաց, ազնվազարմ և աստվածային կյանք էր դա: Հիսուսն աշխատեց, սիրեց, ծառայեց, վկայեց: Ավելի լավ օրինակի մենք չենք կարող ձգտել: Եկեք այժմ սկսենք գործել` այս երեկո: Հավիտյան հանենք հին եսը և դրա հետ միասին պարտվածությունը, հիասթափությունը, կասկածն ու անհավատությունը: Մենք գալիս ենք դեպի կյանքի նորոգություն` հավատի, հույսի, քաջության և ուրախության կյանք: Ոչ մի խնդիր այդքան մեծ չի, ոչ մի պատասխանատվություն այդքան ծանր չի, ոչ մի պարտականություն բեռ չի: Ամեն ինչ հնարավոր է դառնում:

Շատ տարիներ առաջ, ես խոսեցի մեկի մասին, որի համար օրինակ էր հանդիսացել Փրկիչը, նա կանգնել էր ամուր ու հավատարիմ, ուժեղ ու արժանի կյանքի փոթորիկների մեջ: Նա քաջաբար մեծարել էր իր քահանայության կոչումները: Նա մեզանից յուրաքանչյուրի համար օրինակ է: Նրա անունը Թոմաս Մայքլ Վիլսոն է` Վիլի և Ջուլի Վիլսոնների որդին Լաֆայեթից, Ալաբամա:

Երբ նա դեռահաս էր, և երբ ինքն ու իր ընտանիքը դեռևս Եկեղեցու անդամներ չէին, նա քաղցքեղով էր հիվանդացել, որից հետո ենթարկվել էր ցավոտ ճառագայթային բուժման, իսկ հետո եկել էր օրհնյալ ազատումը: Այդ հիվանդությունը ընտանիքին մտածելու տեղիք էր տվել, որ կյանքը ոչ միայն թանկ, այլև կարճ է: Նրանք սկսեցին կրոն փնտրել, որը կօգներ իրենց այդ դժվարին ժամանակներում: Հետևաբար, նրանք ծանոթացել էին Եկեղեցուն, և ի վերջո բոլորը, բացի ընտանիքի հորից, մկրտվել էին: ավետարանն ընդունելուց հետո, երիտասարդ եղբայր Վիլսոնը ցանկացել էր լինել միսիոներ, թեպետ նա ավելի մեծ էր, քան երիտասարդներից շատերը, որոնք սկսում են իրենց միսիոներական ծառայությունը: 23 տարեկանում նա կանչվեց միսիա ծառայելու Սոլթ Լեյք Սիթիի Միսիայում:

Երեց Վիլսոնի միսիոներ ընկերը նրան բնութագրել էր որպես անսասան, անխոտոր և աննկուն հավատի տեր մարդ: Նա օրինակ էր բոլորի համար: Ինչևէ, միսիոներական 11 ամիս ծառայությունից անց հիվանդությունը կրկին վերադարձել էր: Ոսկրի քաղցքեղը այժմ պահանջում էր, որ նրա թևն ու ուսը անդամահատվեին: Թեպետ նա համառում էր կատարելու իր միսիոներական աշխատանքը:

Երեց Վիլսոնի քաջությունն ու իր միսիայում մնալու կլանող ցանկությունը այնքան էր հուզել իր ոչ անդամ հորը, որ նա հետաքրքրվեց Եկեղեցու ուսմունքներով և նույնպես դարձավ անդամ:

Ես իմացա, որ այն կինը, որին Երեց Վիլսոնը ուսուցանել էր, մկրտվել էր, և ցանկացել, որ Երեց Վիլսոնը հաստատի իրեն, որին նա շատ էր հարգում: Նա մի քանի հոգու հետ գնացել էր Երեց Վիլսոնի մոտ հիվանդանոց: Այնտեղ, իր առողջ ձեռքը դնելով նրա գլխին. Երեց Վիլսոնը հաստատել էր նրան որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Երեց Վիլսոնը ամիս առ ամիս շարունակում էր իր թանկ, սակայն ցավոտ ծառայությունը որպես միսիոներ: Նրա նվիրվածության օրինակի շնորհիվ նրա ընկեր միսիոներները ավելի մոտ էին ապրում Աստծուն:

Երեց Վիլսոնի ֆիզիկական վիճակը վատթարանում էր: Վերջը մոտենում էր, և նա պետք է վերադառնար տուն: Նա խնդրեց, որ մեկ ամիս էլ ծառայի, և նրա խնդրանքը բավարարվեց: Նա իր հավատը դրել էր Աստծո վրա, և Նա, ում Թոմաս Մայքլ Վիլսոնը անխոս վստահում էր, բացեց երկնքի պատուհանները և առատորեն օրհնեց նրան: Նրա ծնողները` Վիլի և Ջուլիա Վիլսոնները, և նրա եղբայր Թոնին եկան Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի օգնեն իրենց որդուն և եղբորը, վերադառնալ տուն` Ալաբամա: Սակայն դեռևս պետք է շնորհվեր օրհնություն, որի համար աղոթք էր ասվել և մեծ ցանկություն դրսևորվել: Ընտանիքը հրավիրեց ինձ իրենց հետ գնալ Ջորդան Ռիվեր տաճար, որտեղ ընտանիքը հավերժության և ժամանակի համար կապող սրբազան արարողություններ կատարեց:

Ես ցտեսություն ասացի Վիլսոն ընտանիքին: Ես դեռևս տեսնում եմ Երեց Վիլսոնին ինձ շնորհակալություն ասելիս, իր և իր սիրելիների հետ լինելու համար: Նա ասաց. «Կարևոր չէ, ինչ տեղի կունենա մեզ հետ այս կյանքում, քանի դեռ մենք ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրում ենք դրանով: Կարևոր չէ, ես ուսուցանում եմ ավետարանը վարագույրի այս, թե մյուս կողմում, քանի դեռ ես կարողանում եմ ուսուցանել այն»: Ինչպիսի՜ քաջություն: Ինչպիսի՜ սեր: Վիլսոն ընտանիքը երկար ճանապարհ կտրեց հասնելով տուն` Լաֆայեթ, ուր Երեց Թոմաս Մայքլ Վիլսոնը հավերժ փակեց իր աչքերը: Նա թաղվեց իր միսիոներական կրծքանշանը փակցրած:

Իմ եղբայրնե՛ր, հեռանալով այս քահանյության գերագույն հավաքից, եկեք բոլորս որոշենք պատրաստվել հնարավորության մեր ժամի համար, և պատվել քահանայությունը` ծառայությամբ, որ մատուցում ենք, կյանքով, որ օրհնում ենք, և հոգիներով, որ արտոնված ենք օգնել փրկելու: Դուք «ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ»,4 և դուք կարող եք տարբերություն բերել: Այս ճշմարտությունների համար ես վկայում եմ մեր Փրկիչ` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. “For They Loved the Praise of Men More Than the Praise of God,” Ensign, Nov. 1975, 74.

  2. Deseret News, June 21, 1871, 235.

  3. Ղուկաս Բ.40

  4. Ա Պետրոս Բ.9