2008
Հոգիս հրճվում է Տիրոջ բաներով
Մայիս 2008


Հոգիս հրճվում է Տիրոջ բաներով

Եթե հրճվենք Տիրոջ բաներով, … այն «կբարձրացնի» մեր սրտերը և մեզ «ուրախանալու» առիթ կտա:

Նկար
Susan W. Tanner

Մորմոնի Գրքում Նեփին հաճախ է խոսում հրճվելու մասին: Նա հրճվում է «Տիրոջ բաներով», սուրբ գրություններով և մեր Երկնային Հոր «մեծ ու հավերժական ծրագրով» (տես 2 Նեփի 4.15–16, 11.2–8): Հատկապես, Նեփին հաճախ է հիշում իր հրճվելու աղբյուրների մասին դժվարության մեջ` ծառայելով բարձրացնելու և կենտրոնացնելու իր հոգին հավերժական օրհնությունների վրա:

Մենք ևս պետք է հրճվենք Տիրոջ բաներով, քանզի դա «կբարձրացնի» մեր սրտերը և մեզ «ուրախանալու» առիթ կտա (2 Նեփի 11.8): Թույլ տվեք ինձ մի քանի բաներ նշել, որոնցով ես հրճվում եմ:

Ես հրճվում եմ մեր Փրկիչ` Հիսուս Քրիստոսով: Նեփիի պես. «Ես հրճվում եմ իմ Հիսուսով» (2 Նեփի 33.6), երկրի վրա Նրա ծառայության և փրկելու դերերով: Նա լույս և հույս տվեց, և տվեց Սուրբ Հոգին, որ առաջնորդի և սփոփի այն ճանապարհին, որով պետք է գնանք: Միայն Նրա միջոցով մենք կարող ենք վերադառնալ մեր Հոր մոտ: «Փրկությունը կարող է գալ մարդկանց զավակներին միայն Քրիստոսի անունով և միջոցով» (Մոսիա 3.17):

Ես հրճվում եմ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով , որը կառուցվել է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որոնց հետ ես արտոնություն եմ ունեցել ծառայելու: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է երկրի վրա այսօր: Ես հրճվում եմ, որ նա իսկապես Քրիստոսանման ծառայող է և յուրաքանչյուր անհատին ջերմությամբ ու սիրով է հասնում:

Ես հրճվում եմ քահանայության բանալիներով և տաճարներով, որ լցրել են երկիրը, մեզանից յուրաքանչյուրի համար մատչելի դարձնելով հավերժական արարողություններն ու ուխտերը: Վերջերս իմ մի քանի ամենասելեստիալ օրերը եղել են իմ երեխաների տաճարային հարսանիքները, երբ հայրս էր կատարում այդ սուրբ արարողությունները:

Ես հրճվում եմ երիտասարդների ուժով, երբ տեսնում եմ նրանցից շատերը տաճարում մահացածների համար մկրտություններ են կատարում: Ես սիրում եմ նրանց արժանի հավատարմությունը տաճարի չափանիշներին և նրանց պատրաստվածությունը` հավատարիմ միսիոներներ և արդարակյաց մայրեր և հայրեր լինելու համար:

Ես հրճվում եմ, որ Երկնային Հոր դուստրն եմ, որը սիրում է ինձ: Ես սովորել եմ իմ աստվածային ինքնության մասին դեռ մանուկ տարիքում` մայրիկիս կողքին: Վերջերս տեսա, որ այն ժամանակ իմ երեք տարեկան թոռնիկը սովորում է իր ինքնության մասին իր մայրիկից: Էլիզան հուզված գնաց քնելու: Նրան կարող էր հանգստացնել միայն իր մայրը` կրկին պատմելով Էլիզայի սիրած իրական պատմությունը այն հատուկ գիշերվա մասին, երբ Երկնային Հայրը պարզորոշ ու հստակ շշնջացել էր իր մայրիկի սրտին, որ Էլիզան հատուկ հոգի է, որն ազնվազարմ առաքելություն ունի կատարելու:

Ինձ մեծ հրճվանք է պատճառում իմ դերը որպես դաստիարակ, որը հնարավորություն է տալիս ինձ դրսևորել իմ ներքին ինքնությունը որպես կին: Ինձ հիացրել է այն, որ կանայք, երիտասարդ աղջիկները և անգամ փոքր աղջնակները դաստիարակելու բնազդային հետաքրքրություն և ունակություն ունեն: Դա միայն մայրերի հիմնական պատասխանատվությունը չէ, այլև մեր «անհատական նախամահկանացու, մահկանացու և հավերժական բնութագիրը և նպատակը» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49): Դաստիարակել նշանակում է ուսուցանել, զարգացում խթանել, աճ խրախուսել, սնել և սնուցել: Ո՞վ չէր ուրախությունից բացականչի, եթե նրան նման օրհնյալ դեր տրվեր:

Սուրբ գրությունները դաստիարակել բառը օգտագործում են լոկ երկու անգամ, և երկու տեղում էլ խոսվում է ծնողների պատասխանատվության մասին` մեծացնելու իրենց երեխաներին «խրատով և Տիրոջ ուսմունքի մեջ» (Եփեսացիս 6.4, Ենովս 1.1): Նախագահ Հինքլին նաև հորդորել է և տղամարդկանց և կանանց լինել խրատողներ: Նա ասել է. «Որքան ավելի հրաշալի կլինի … հասարակությունը, որում մենք ապրում ենք, եթե ամեն հայր … և մայր իրենց երեխաներին համարեն … պարգևներ երկնքի Աստծո կողմից, … և մեծացնի նրանց իմաստությամբ ու Տիրոջ խրատով» (“These, Our Little Ones,” Liahona, Dec. 2007, 7):

Ես հրճվում եմ ընտանիքներով: Վերջերս ես հրճվում էի նոր թոռնիկի ծնունդով մի ընտանիքում, որը հասկանում է, որ ծնողները լուրջ պատասխանատվություն են կրում մեծացնելու իրենց փոքրիկներին սիրով և արդարակեցության մեջ: Մեծ երեխանները բնական հետաքրքրություն էին դրսևորում այս աշխարհ մուտք գործած իրենց փոքրիկ քույրիկի հանդեպ: Այս սուրբ թեմայով առաջին դասերը նրանց ուսուցանեցին սիրող ծնողները ընտանեկան սուրբ հավաքում, սելեստիալ միջավայրում, որը հատուկ է այս մահկանացու կյանք նոր հոգու ծննդին, խոսելով մեր Հոր մեծ հավերժական ծրագրի մասին: Ի հակադրություն դրա, հաջորդ օրը մանկապարտեզից տուն գալով մեր թոռնիկն ասաց, որ այդ օրը դասի ժամանակ «մի մեծ նոր տերմին» է սովորել, որը կոչվում է «սեռական բռնություն»: Ես անհանգստացա, որ այդքան վաղ տարիքում, երեխաներն արդեն պետք է տեղյակ լինեն անվտանգության հարցերից, այն թեմայի բացասական կողմերի մասին, որի շուրջ այնքան գեղեցիկ զրուցում էին նախորդ գիշեր: Ես ավելի քան երբևէ հրճվեցի Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա հիմնված ուսուցանող ընտանիքով:

Հակոբը ուսուցանել է, որ Տերը հրճվում է «կանանց մաքրաբարոյությամբ» (Հակոբ 2.28): Ես հրճվում եմ բոլոր կանանց և տղամարդկանց բարոյականությամբ և մաքրությամբ: Որքան պետք է վշտացնի Տիրոջը, երբ այս ամբարիշտ աշխարհի ամեն կողմում տեսնում է, որ առաքինությունը ոտնահարվում է և համեստությունը ծաղրվում: Տերն իր զավակներին տվել է մեծ ուրախություն` մտերիմ, սիրող հարաբերություններ, ինչպես իմ թոռներն էին սովորում: Ես հրճվում եմ Ընտանիք` Հայտարարություն աշխարհին հռչակագրի պարզությամբ, որը զգուշացնում է, որ «այն անհատները, ովքեր խախտում են ողջախոհության ուխտերը, բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, կամ թերանում են ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»:

Ես հրճվում եմ սուրբ գրությունների այն մարդկանց օրինակներով, ովքեր հավատով են քայլել իրենց երկրային ճամփորդության ընթացքում: Ամեն անգամ ես քայլում եմ Աբրահամի և Իսահակի հետ Մորիայի սարն ի վեր, ես արտասվում եմ, գիտենալով, որ Աբրահամը չգիտի, որ այդ ճամփորդության վերջում հրեշտակ է լինելու և խոյ` թփերում: Մենք բոլորս մեր երկրային ճանապարհի մեջտեղում ենք, և մենք չենք իմանում մեր իսկ պատմության մնացած մասը: Սակայն ինչպես Աբրահամը, մենք օրհնված ենք հրաշքներով:

Ես հրճվում եմ Տիրոջ «ողորմածություններով և հրաշքներով» (տես “Bless Our Fast, We Pray,” Hymns, no.138): Ես գիտեմ, որ Նրա քաղցր ողորմածություններն ու Նրա մեծ ու փոքր հրաշքները իրական են: Դրանք գալիս են Նրա ձևով և Նրա ժամանակացույցով: Երբեմն դրանք չեն գալիս, քանի դեռ չենք զգում դրանց ծայրահեղ կարիքը: Գալիլեայի ծովում Հիսուսի աշակերտներն ամբողջ գիշեր մաքառում էին թիավարելով հակադարձ փչող քամու դեմ, մինչև որ Հիսուսը վերջապես օգնության հասավ: Նա չեկավ մինչև վաղ առավոտվա «չորրորդ ժամը», այսինքն` լուսաբացին մոտ: Սակայն նա եկավ: (Տես Մարկոս Զ.45–51:) Իմ վկայությունն է, որ հրաշքները գալիս են, թեպետ երբեմն պետք է սպասել մինչև չորրորդ ժամը:

Հենց հիմա ես իմ հավատն ու աղոթքներն եմ գործի դրել և սպասում եմ փոքր հրաշքների այն իմ սիրելիների համար, որոնք ֆիզիկապես հիվանդ են, էմոցիոնալ առումով ուժասպառ և հոգևոր առումով մոլորված: Ես հրճվում եմ Իր զավակներից յուրաքանչյուրի հանդեպ Տիրոջ սիրով և Նրա իմաստությամբ, որը թույլ է տալիս մեզ համապատասխան անհատական երկրային փորձառություններ ունենալ:

Վերջապես, ես հրճվում եմ, առավել քան կարող եմ նկարագրել, իմ ամուսնու հավերժական սիրով ու մշտական օգնությամբ, և իմ երեխաների ու ծնողների աղոթքներով ու աջակցությամբ` Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ ծառայելու այս տարիներին:

«Հոգիս հրճվում է Տիրոջ բաներով» (2 Նեփի 4.16)` Նրա օրենքով, Նրա կյանքով, Նրա սիրով: Նրանով հրճվել նշանակում է ընդունել Նրա ձեռքը մեր կյանքում: Մեր ավետարանական պարտականությունն է` անել այն, ինչ ճիշտ է, սիրել ու հրճվել այն ամենով, ինչ ճիշտ է: Երբ մենք հրճվում ենք Նրան ծառայելով, մեր Երկնային Հայրը հրճվում է մեզ օրհնելով: «Ես՝ Տերս, … բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ» (ՎևՈւ 76.5): Ես ցանկանում եմ միշտ արժանի լինել Նրա հրճվելուն: «Ես սիրում եմ Տիրոջը, հոգիս հրճվում է Նրանով» (“I Love the Lord,” Jackman Music Corporation): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: