2008
Վկայություն
Մայիս 2008


Վկայություն

Գիտելիքը խրախուսում է հնազանդությունը, իսկ հնազանդությունը ուժեղացնում է գիտելիքը:

Նկար
Elder Dallin H. Oaks

Ավետարանի մասին վկայությունը անձնական վկայություն է, որը ծնվում է մեր հոգիներում Սուրբ Հոգու միջոցով, որ հավերժական կարևորության որոշ փաստեր ճշմարիտ են, և մենք գիտենք, որ դրանք ճշմարիտ են: Այդպիսի փաստերից են՝ Աստվածության բնույթը և մեր կապը նրա երեք անդամների հետ, Քավության արդյունավետությունը և Վերականգման իրական լինելը:

Ավետարանի մասին վկայությունը պատմություն չէ ճանապարհորդության մասին, առողջության մասին կամ սիրո արտահայտություն ընտանիքի անդամների հանդեպ: Ոչ էլ այն քարոզ է: Նախագահ Քիմբալը սովորեցրել է, որ այն պահից, երբ մենք սկսում ենք քարոզել, այդ պահին մեր վկայությունն ավարտվում է: 1

I.

Տարբեր հարցեր են առաջանում, երբ մենք լսում ենք ուրիշներին վկայություն բերելիս կամ երբ մտածում ենք ինքներս վկայություն բերել:

  1. Վկայության մի ժողովի ժամանակ անդամներից մեկն ասաց. «Ես գիտեմ, որ Հայրն ու Որդին հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին»: Մի այցելու զարմացավ. «Ի՞նչ ի նկատի ունի ասելով, որ նա գիտի այդ»:

  2. Երիտասարդը, որը միսիայի է պատրաստվում, մտածում է, թե արդյոք իր վկայությունը բավականաչափ ուժե՞ղ է, որպեսզի ծառայի որպես միսիոներ:

  3. Երիտասարդ մի անձնավորություն լսում է ծնողի կամ ուսուցչի վկայությունը: Ինչպե՞ս է այդ վկայությունն օգնում մարդուն, որը լսում է այն:

II.

Ի՞նչ ի նկատի ունենք, երբ վկայում ենք և ասում, որ մենք գիտենք ավետարանը ճշմարիտ է: Համեմատենք այդպիսի գիտելիքը «Ես գիտեմ, որ դրսում ցուրտ է» կամ «Գիտեմ՝ ես սիրում եմ կնոջս» նախադասությունների հետ: Սրանք երեք տարբեր տեսակի գիտելիքներ են, յուրաքանչյուրը ձեռք է բերվել տարբեր ուղիներով: Դրսի ջերմաստիճանի գիտելիքը կարող է ստուգվել գիտական ապացույցով: Գիտելիքը, որ մենք սիրում ենք մեր կողակցին, անձական է և սուբյեկտիվ: Չնայած գիտականորեն ապացուցել հնարավոր չէ, այն միևնույն է կարևոր է: Այն միտքը, որ բոլոր կարևոր գիտելիքները հիմնված են գիտական փաստի վրա, պարզապես ճիշտ չէ:

Չնայած կան որոշ «փաստեր» ավետարանական ճշմարտությունների համար (օրինակ՝ տես Սաղմոս ԺԹ.1, Հելաման 8.24), գիտական մեթոդները չեն տա հոգևոր գիտելիք: Սա այն է, ինչ Հիսուսը սովորեցրեց պատասխանելով Սիմոն Պետրոսի վկայությանը, որ Ինքը Քրիստոսն էր. «Երանի քեզ, Սիմոն՝ Յովնանի Որդի, որովհետև մարմինը և արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է» (Մատթեոս ԺԶ.17): Պողոս Առաքյալը բացատրեց այս: Կորնթացի Սրբերին ուղղված մի նամակում նա ասաց. «Աստծո բաներն ոչ ով չգիտե, եթե ոչ Աստծո Հոգու [միջոցով]» (Ա Կորնթացիս. Բ.11, տես նաև Հովհ.ԺԴ.17):

Ի տարբերություն դրան, մարդու բաները մենք իմանում ենք մարդու ուղիներով, բայց «շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չէ ընդունում. որովհետև նրանք հիմարություն են նրա համար. և չէ կարող էլ գիտենալ՝ որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթացիս. Բ.14):

Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ Աստված մեզ ցույց կտա հոգևոր բաների ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ (տես Մորոնի 10.4–5): Ժամանակակից հայտնության մեջ Աստված խոստանում է մեզ, որ մենք կստանանք «իմացություն» մեր մտքում և մեր սրտում «Սուրբ Հոգով» Իր ասելու միջոցով (ՎևՈՒ 8.1–2):

Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի մեծագույն բաներից մեկն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իմանալ այդ ծրագրի ճշմարտությունը մեզ համար: Հայտնի դարձված այդ իմացությունը չի գալիս գրքերից, գիտական ապացույցներից կամ մտավոր խորհրդածություններից: Պետրոս Առաքյալի պես, մենք կարող ենք ստանալ այդ իմացությունը ուղիղ մեր Երկնային Հորից՝ Սուրբ Հոգու վկայության միջոցով:

Երբ մենք իմանում ենք հոգևոր ճշմարտությունները հոգևոր միջոցներով, մենք ուղղակի կարող ենք այնքան համոզված լինել այդ գիտելիքում, ինչպես ուսյալները կամ գիտնականերն են համոզված տարբեր տեսակի գիտելիքներում, որ ձեռք է բերել տարբեր մեթոդներով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը սրա վերաբերյալ մի հրաշալի օրինակ է տվել: Երբ նա հալածվում էր իր տեսիլքի մասին մարդկանց պատմելու համար, նա նմանեցրեց իր դեպքը Պողոս Առաքյալի հետ, որին ծաղրում էին և անարգում, երբ նա պաշտպանում էր իրեն Ագրիպպաս թագավորի առաջ (տես Գործք ԻԶ): «Սակայն այդ ամենը չխաթարեցին նրա տեսիլքի իրական լինելը»,– ասում է Ջոզեֆը: «Նա տեսիլք էր տեսել, նա գիտեր, որ տեսել է, և երկնքի տակ ոչ մի հալածանք չէր կարող դա փոխել… . Այսպես էր և ինձ հետ»,- շարունակում է Ջոզեֆը: «Ես իսկապես տեսել էի լույսը և այդ լույսի մեջ ես տեսել էի երկու Անձնավորություն, և նրանք իրականում խոսել էին ինձ հետ… .Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ, ոչ էլ կհամարձակվեի դա անել» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն, 1.24–25):

III.

Սա Ջոզեֆ Սմիթի վկայությունն էր: Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր վկայության մասին: Ինչպե՞ս կարող ենք իմանալ և վկայել, որ այն, ինչ նա ասում էր, ճշմարիտ է: Ինչպե՞ս կարող է մարդ ձեռք բերել այն, ինչ մենք կոչում ենք վկայություն:

Ցանկացած տեսակի գիտելիք ձեռք բերելու առաջին քայլը, իմանալու իսկական ցանկությունն է: Հոգևոր գիտելիքի դեպքում հաջորդ քայլը՝ անկեղծ աղոթքով Աստծուն խնդրելն է: Ինչպես կարդում ենք ժամանակակից հայտնությունում.

«Եթե խնդրես, դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղաղարար բաները,– որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական» (ՎևՈՒ 42.61):

Ահա ինչ է գրում Ալման այն մասին, թե ինչ արեց. «Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները: Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ իր Սուրբ Հոգու միջոցով» (Ալմա 5.46):

Երբ մենք ցանկանում ենք և որոնում, մենք պետք է հիշենք, որ վկայությունն ինքնաբերաբար չի գալիս, այլ գործընթաց է, որի ընթացքում մեզանից ակնկալվում է անել ինչ-որ բան: Հիսուսը սովորեցրել է. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստվածանի՞ց է կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհ.Է.17):

Վկայություն որոնելու մեկ այլ ուղի ապշեցուցիչ է թվում, երբ համեմատում ենք գիտելիք ձեռք բերելու այլ մեթոդների հետ: Մենք ձեռք ենք բերում կամ զորացնում վկայությունը՝ վկայություն տալով: Ինչ-որ մեկը նույնիսկ առաջարկել է, որ որոշ վկայություններ ավելի լավ են ձեռք բերվում՝ ոտքի կանգնած բերելով, քան ծնկի իջած՝ աղոթելով դրանց համար:

Անձնական վկայությունը կարևոր է մեր հավատքի համար: Հետևաբար, այն բաները, որ մենք պետք է անենք վկայություն ձեռք բերելու, զորացնելու և պահպանելու համար, կենսական են մեր հոգևոր կյանքի համար: Բացի այն բաներից, որ արդեն նշվեցին, մենք պետք է ամեն շաբաթ ճաշակենք հաղորդությունից (տես ՎևՈՒ 59.9) արժանանալու թանկարժեք խոստմանը, որպեսզի «Նրա հոգին միշտ [մեզ] հետ ունենանք» (ՎևՈՒ 20.77): Իհարկե, այդ Հոգին մեր վկայությունների աղբյուրն է:

IV.

Նրանք, ովքեր վկայություն ունեն վերականգված ավետարանի մասին, ունեն նաև դրանով կիսվելու պարտականություն: Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ մենք պետք է «կանգնենք որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինենք» (Մոսիա 18.9):

Վկայության պարգևի և այն բերելու կապի վերաբերյալ ամենատպավորիչ ուսմունքներից մեկը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 46 բաժնում: Նկարագրելով հոգևոր տարբեր պարգևներ` այս հայտնությունը նշում է.

«Ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար:

Մյուսներին տրված է հավատալ նրանց խոսքերին, որ նրանք նույնպես կարողանան հավերժական կյանք ունենալ, եթե հավատարմորեն շարունակեն» (հհ. 46.13–14, տես նաև Հովհ. Ի.29):

Նրանք, ովքեր պարգև ունեն իմանալու, ակնհայտ պարտականություն ունեն կիսվելու իրենց վկայությամբ, որպեսզի նրանք, ովքեր ունեն նրանց խոսքերին հավատալու պարգևը, նույնպես կարողանան ունենալ հավերժական կյանք:

Երբեք չի եղել ավելի մեծ կարիք քարոզելու մեր հավատքը՝ և՛ առանձին, և՛ հասարակության առջև (ՎևՈՒ 60.2): Չնայած ոմանք հավատում են աթեիզմին, կան շատերը, ովքեր բաց են Աստծո մասին լրացուցիչ ճշմարտությունների համար: Այս անկեղծ որոնողներին մենք պետք է հայտնենք Աստծո՝ Հավերժական Հոր գոյության, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության և Վերականգման իրական լինելու մասին: Մենք պետք է քաջ լինենք Հիսուսի մեր վկայության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը բազմաթիվ հնարավորություններ ունի հայտարարելու մեր հոգևոր համոզմունքները ընկերների և հարևանների, աշխատակիցների և պատահական ծանոթների մոտ: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները՝ արտահայտելու մեր սերը մեր Փրկչի հանդեպ, մեր վկայությունը Նրա աստվածային առաքելության և Նրան ծառայելու մեր վճռականության մասին:2 Մենք պետք է նաև զորացնենք մեր երեխաներին՝ խրախուսելով նրանց բնորոշվել ոչ միայն դպրոցական, սպորտային կամ այլ կրթական ձեռքբերումներով, այլ նաև իրենց աճող վկայությունների միջոցով:

V.

Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ոմանք սխալ են ներկայացնում նրանց հավատալիքները, ում նրանք կոչում են Մորմոններ և նույնիսկ անարգում են մեզ դրանց պատճառով: Երբ հանդիպում ենք այդպիսի թյուրըմբռնումների, մենք պարտականություն ունենք միջամտել՝ պարզաբանելու մեր վարդապետությունը և թե ինչին ենք հավատում: Մե՛նք պետք է լինենք մեր հավատալիքները ներկայացնողները, ոչ թե թողնենք վերջին խոսքն ուրիշներին, որպեսզի սխալ ներկայացնեն այն: Դրա համար պահանջվում է վկայություն, որը կարող է արտահայտվել առանձին՝ որևէ ծանոթի, կամ հրապարակավ՝ փոքր կամ մեծ ժողովի ժամանակ: Երբ մենք վկայում ենք ճշմարտության մասին, մենք գիտենք, որ հավատարմորեն պետք է հետևենք «մեղմությամբ և հեզությամբ» խոսելու զգուշացմանը: Մենք երբեք չպետք է խոսենք գոռոզամտությամբ, ճչալով կամ անարգելով: Ինչպես Պողոս Առաքյալն է սովորեցրել, մենք պետք է խոսենք ճշմարտությունը սիրով (տես Եփեսացիս Դ.15): Ամեն մարդ կարող է չհամաձայնվել մեր անձնական վկայության հետ, բայց ոչ ոք չի կարող հերքել այն:

VI.

Եզրափակելով, ես կանդրադառնամ հնազանդության և գիտելիքի միջև գոյություն ունեցող կապին: Անդամները, ովքեր վկայություն ունեն, և ովքեր գործում են իրենց Եկեղեցու ղեկավարների առաջնորդության ներքո դրա համաձայն, երբեմն մեղադրվում են կույր հնազանդության մեջ:

Իհարկե, մենք ունենք ղեկավարներ, և իհարկե, մենք ենթակա ենք նրանց որոշումներին և ցուցումներին՝ Եկեղեցու գործունեության և անհրաժեշտ քահանյության արարողությունների կատարման ընթացքում: Բայց ինչ վերաբերում է ավետարանի ճշմարտությունը սովորելուն և իմանալուն, մեր անձնական վկայություններին, յուրաքանչյուրս ունենք ուղիղ կապ Աստծո՝ մեր Հավերժական Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ՝ Սուրբ Հոգու հզոր վկայության միջոցով: Սա այն է, ինչ մեր քննադատները չեն կարողանում հասկանալ: Նրանց համար անհավատալի է, որ մենք կարող ենք անկախ լինել գիտելիք ձեռք բերելիս, և այնուամենայնիվ, միավորված լինել՝ մեր ղեկավարներին հետևելիս:

Հավանաբար, ոմանց զգացած զարմանքը կարելի է բացատրել այն իրականությամբ, որ մեզանից յուրաքանչյուրն ունի երկու տարբեր ուղի դեպի Աստված: Մենք ունենք կառավարման մի ուղի մեր մարգարեի և մյուս ղեկավարների միջոցով: Այս ուղին, որը կապված է վարդապետության, արարողությունների և պատվիրաների հետ, բերում է հնազանդություն: Մենք ունենք նաև անձնական վկայության ուղին, որն ուղիղ Աստծո հետ է: Սա կապված է Նրա գոյության, Նրա հետ մեր կապի և Նրա վերականգնած ավետարանի ճշմարտության հետ: Այս ուղին առաջացնում է գիտելիք: Այս երկու ուղիները փոխադարձաբար ամրացնում են միմյանց. Գիտելիքը խրախուսում է հնազանդությունը (տես Երկրորդ Օրինաց Ե.27, Մովսես 5.11), իսկ հնազանդությունը ուժեղացնում է գիտելիքը (տես Հովհ. Է.17, ՎևՈՒ 93.1):

Մենք բոլորս գործում ենք՝ հիմնվելով գիտելիքի վրա կամ հնազանդվելով գիտելիքին: Լինի դա գիտության մեջ, թե կրոնում, մեր հնազանդությունը կույր չէ, երբ մենք գործում ենք հիմնվելով գիտելիքի վրա, որը համապատասխանաբար կապված է մեր գործնեության առարկայի հետ: Գիտնականը վստահված աղբյուրից տեղեկություն է ստանում գիտափորձի արդյունքների մասին և գործում հիմնվելով այդ արդյունքների վրա: Կրոնի դեպքում հավատացյալի գիտելիքի աղբյուրը հոգևոր է, բայց սկզբունքը նույնն է: Վերջին Օրերի Սրբերի դեպքում, երբ Սուրբ Հոգին մեր հոգիներին վկայություն է տալիս վերականգված ավետարանի ճշմարտության և ժամանակակից մարգարե կանչելու մասին, այդ ուսմունքներին հետևելու մեր ընտրությունը կույր հնազանդություն չէ:

Բոլոր մեր վկայությունները բերելիս մենք պետք է խուսափենք մեծամտությունից և հպարտությունից: Մենք պետք է հիշենք Մորմոնի Գրքի կշտամբանքը մի ժողովրդին, ովքեր այնքան էին հպարտ իրենց տրված Աստծո մեծ բաներով, որ հալածում էին իրենց մերձավորներին (տես Հակոբ 2.20): Հակոբն ասաց, որ սա «պիղծ էր նրա համար, ով ստեղծել է բոլոր մարմինները», որովհետև, «մի արարածը նույնքան թանկ է նրա աչքում, որքան մյուսը» (Հակոբ 2.21): Հետագայում Ալման զգուշացնում է, որ «Դուք մի մարմին չպիտի բարձր համարեք մեկ ուրիշից, կամ մարդ չպիտի իրեն բարձր համարի մեկ ուրիշից» (Մոսիա 23.7):

Ես վերջացնում եմ իմ վկայությամբ: Ես գիտեմ, որ մենք ունենք Երկնային Հայր, որի ծրագիրը մեզ բերում է երկիր և ապահովում պայմաններ և ճակատագիր մեր հավերժական ճանապարհորդության համար: Ես գիտեմ, որ ունեմ Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին, որի ուսմունքները հստակեցնում են այդ ծրագիրը, և որի Քավությունը տալիս է անմահության և հավերժական կյանքի հնարավորության վստահություն: Ես գիտեմ, որ Հայրն ու Որդին հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ վերականգնելու ավետարանի լրիվությունն այս վերջին օրերում: Եվ ես գիտեմ, որ մենք այսօր առաջնորդվում ենք մարգարեի՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից, որը կրում է բանալիները՝ լիազորելու քահանայության կրողներին՝ կատարել դեպի հավերժական կյանք մեր առաջընթացի համար սահմանված արարողությունները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball, (1982), 138:

  2. For example, see Jeanne Newman, “With the Sound of a Trump,” Tambuli, Aug.–Sept. 1985, 21–23.