2008
Վերստին ծնված
Մայիս 2008


Վերստին ծնված

Հոգևոր վերածնունդը սկիզբ է առնում հավատքից առ Հիսուս Քրիստոս, որի շնորհով մենք փոխվում ենք:

Նկար
Elder D. Todd Christofferson

Տասնհինգ տարի առաջ, ես առաջին անգամ կանգնեցի Թաբերնակլի ամբիոնի մոտ որպես նոր հաստատված Յոթանասունական: Ես 48 տարեկան էի: Ունեի խիտ, մուգ շագանակագույն մազեր: Կարծում եմ, ես հասկանում էի, թե ինչ էր նշանակում անհամապատասխանություն զգալ: Հինգ րոպեանոց իմ ելույթի վերջում վերնաշապիկս քրտինքից թրջվել էր: Այդ ամենը կարծես մի ծանր փորձություն էր: Ինչևէ, այսօր, համեմատաբար, կարծես հաճելի փորձառություն է:

Երբ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը և Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հաստատվեցին որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, համաժողովի նիստին ես վկայություն ստացա նրանց կոչման աստվածային էության մասին: Այդ պահին ինձ ըմբռնում տրվեց Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալի կոչման գերազանց սրբության մասին: Խոսքեր չունեմ նկարագրելու այդ հասկացողությունը, որովհետև դա Հոգու հաղորդակցություն էր հոգու հետ՝ առանց խոսքերի: Այդ մասին մտածելն ինձ իջեցնում է համեստության խորքերը, ինչը երբեք նախկինում չեմ զգացել, և ես աղաչում եմ իմ Երկնային Հորը, որ նեցուկ լինի ինձ, ինչպես որ միշտ արել է, որպեսզի կարողանամ չափվել այն չափով, որը շատ հեռու է իմ բնական կարողությունից և ի զորու լինեմ իմ միջից դուրս նայել՝ ինձ ամբողջովին նվիրելով ձեր ծառայությանը: Ես ապավինում եմ նրան և գիտեմ, որ Նրա շնորհը բավական է, և այսպիսով, այստեղ, այն ամենն, ինչ ունեմ և կամ, ես անվերապահորեն նվիրում եմ Աստծուն և Նրա Սիրելի Որդուն: Ես իմ անձը, իմ հավատարմությունը, իմ ծառայությունն ու իմ սերն եմ նվիրում նաև Առաջին Նախագահությանը և Տասներկուսի իմ եղբայրներին:

Իմ հայրապետական օրհնությունը, որը ստացել եմ իմ սիրելի պապիկից, ներառում է այս հայտարարությունը. «[Քո Երկնային Հայրը] քեզ ուղարկել է այս վերջին և փառահեռ տնտեսության ժամանակ, որ դու ծնվես նոր և հավիտենական ուխտի մեջ աստվածային և արդար ծնողներից»: Խորին երախտագիտությամբ ես ընդունում եմ, որ սա եղել է մեծ հիմնարար օրհնություն իմ կյանքում: Ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ ծնողներին և սիրով հաստատում եմ, որ պարտական եմ նրանց և նրանց ծնողներին և իմ մյուս նախնիներին: Յոթանասունական կանչվելուց ոչ շատ անց, ես հնարավորություն ունեցա կանգնելու այդ նախնիներից մեկի գերեզմանին, որը մահացել էր իմ ծնվելուց տարիներ առաջ: Մտածելով այն զոհաբերության մասին, որը կատարել էր նա և իր ընտանիքը, ընդունելով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, սիրտս լցվեց երախտագիտության զգացումով և մի վճռականություն բոցավառվեց ինձանում, որ պատվեմ նրա և նրանից հետո բոլորի կատարած զոհաբերությունը, ովքեր հավատարիմ են մնացել Աստծուն և ավետարանի ուխտերին:

Երախտապարտ լինելով իմ օրհնությունների համար՝ ես շնորհակալ եմ իմ հարազատ եղբայրների և նրանց կանանց համար, որոնք ներկա են այսօր: Կնոջս հետ միասին մենք ունենք չորս որդի և մեկ դուստր, որոնք բոլորը հրաշալի ամուսիններ ունեն, որոնց թվում է նաև կրտսեր տղաս իր հարսնացուի հետ, որ պետք է շուտով ամուսնանան: Մենք սիրում ենք նրանց և մեր թոռներին և շնորհակալ ենք, որ նրանք օրհնում են մեր կյանքը` Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ իրենց հավատարմությամբ: Այս բոլորի գագաթին իմ կինն է՝ Քեթին, մեր տան պատրաստողը, իմ կյանքի լույսը, հաստատուն և իմաստուն կողակից, որը լցված է հոգևոր կանխազգացումով, բարի կատակներով, բարյացակամությամբ և գթությամբ: Խոսքերս չեն բավականացնի արտահայտելու նրա հանդեպ իմ սերը. միայն հույս ունեմ, որ կարող եմ ավելի համոզիչ ձևով ցույց տալ դա նրան գալիք օրերի և տարիների ընթացքում:

Իմ օրհնությունն է եղել, որպես երիտասարդ, ծառայել Արգենտինայում որպես լիաժամկետ միսիոներ՝ երկու բացառիկ միսիայի նախագահների՝ Ռոնալդ Վ. Սթոունի և Ռիչարդ Գ. Սքոթի և նրանց հարգելի կանանց՝ Պատրիսիայի և Ջենինի խնամակալության ներքո: Շնորհակալ եմ Աստծուն նրանց թողած շարունակական ազդեցության համար: Իրավաբանական համալսարանն ավարտից հետո ես և Քեթին երեխաների հետ միասին ապրել ենք Մերիլենդ, Թենիսի, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա նահանգներում, այժմ նաև Յուտայում: Երեք թանկարժեք տարիներ ենք անցկացրել Մեքսիկայում: Այս բոլոր տեղերում մենք օրհնված ենք եղել թանկագին ընկերներով՝ թե՛ Եկեղեցու անդամներով, թե՛ ոչ անդամներով, որոնք սիրել, ուսուցանել և ընկերակցել են մեզ և մեր երեխաներին, ինչը շարունակվում է մինչև հիմա: Օգտվելով հնարավորությունից ես հրապարակավ շնորհակալություն եմ հայտնում նրանց բոլորին:

Իմ սերն ու հարգանքը Յոթանասունի և Նախագահող Եպիսկոպոսության անդամների հանդեպ անսահման է: Ես ուրախանում եմ, որ իմ շարունակվող ծառայությունն ինձ մոտ կպահի նրանց, և որ հաճախ հնարավորություն կլինի ծառայել միասին: Մեր ժամանակներում բացահայտվող հայտնությունները, որոնք Եկեղեցում Յոթանասունին նշանակել են իր տեղում, սահմանադրել են ամենախորիմաստ, և հավանաբար, թերագնահատվող հրաշքներից մեկը Տիրոջ վերջին օրերի աշխատանքի պատմության մեջ: Յոթանասունականները բանալի են աշխատանքի հաջողության համար ինչպես ներկայումս, այնպես էլ ապագայում, և ես անսահման մեծ պատիվ եմ համարում, որ իմ անունը երբևէ եղել է նրանց թվում: Աստված օրհնի ձեզ, իմ եղբայրնե՛ր:

Ես ցանկանում եմ իմ վկայությունը բերել Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մասին և Նրա անսահման քավիչ զոհաբերության մասին: Այդ անելու համար ես ուզում եմ վերհիշել մի փորձառություն Թենեսիում անցկացրած իմ տարիներից: Այնտեղ մի երեկո ինձ զանգահարեց անծանոթ մի պարոն, որին ես չէի ճանաչում: Նա ներկայացավ որպես մեկ այլ հավատքի սպասավոր, որն անցել է թոշակի, և խնդրեց, որ հաջորդ կիրակի առանձին հանդիպեմ նրա հետ: Երբ հանդիպեցինք, իմ հյուրն անկեղծորեն հայտնեց, որ եկել է զրուցելու, քանի որ մտահոգված է իմ հոգու բարօրության համար: Նա իր թղթապայուսակից հանեց սուրբ գրությունների հղումների բավական երկար մի ցանկ Նոր Կտակարանից և ասաց, որ ցանկանում է միասին քննարկենք այդ հատվածները և տեսնենք, թե կարող է օգնել ինձ, որ փրկվեմ: Նրա անմիջականությունն անակնկալ էր ինձ համար, սակայն զգացվում էր, որ նա անկեղծ է, և ինձ հուզեց նրա իրական հետաքրքրությունն ինձանով:

Մենք զրուցեցինք մեկ ժամից ավելի, և նա հոժար էր՝ լսելու իմ բացատրություններն իմ հավատքի մասին, ինչպես նաև ինձ հետ կարդալու որոշ ուսմունքներ Մորմոնի Գրքից, որին ծանոթ չէր: Մենք գտանք, որ շատ բաներում մեր հավատքը նույնն է, իսկ որոշ բաներում տարբերվում է: Մենք ընկերական զգացումներ ունեցանք և նախքան նրա գնալը, միասին աղոթեցինք: Ինձ մոտ տպավորվեց վերստին ծնվելու մասին մեր քննարկումը: Հիսուս Քրիստոսի միջոցով վերածնվելն է Նրա մասին իմ վկայության բովանդակությունը:

Հիսուսն ասել է, որ Աստծո արքայություն մտնելու համար անհրաժեշտ է վերստին ծնվել՝ ջրից և Հոգուց (տես Հովհաննես Գ.3–5): Ֆիզիկական և հոգևոր մկրտության մասին նրա ուսմունքները մեզ օգնում են հասկանալ, որ վերածնունդ ապրելու, այսինքն՝ բնական մարդուց սուրբ դառնալու համար անհրաժեշտ են թե՛ մեր գործնական քայլերը և թե՛ աստվածային զորության միջամտությունը (Մոսիա 3.19): Վերստին ծնվելը Պողոսը նկարագրում է այս հասարակ արտահայտությամբ. «Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նա նոր ստեղծված է» (Բ Կորնթացիս Ե.17):

Դիտարկենք երկու օրինակ Մորմոնի Գրքից: Քրիստոսի ծննդից մոտ հարյուր տարի առաջ Բենիամին թագավորն իր ժողովրդին ուսուցանում էր Փրկչի գալստյան և Քավության մասին: Տիրոջ Հոգին այնպիսի հզոր փոփոխություն գործեց մարդկանց մեջ, որ նրանք «այլևս հակված չէին գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»: (Մոսիա 5.2): Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի պատճառով, նրանք ասացին. «Մենք հոժար ենք մտնել ուխտի մեջ մեր Աստծո հետ՝ կատարելու նրա կամքը և… . հնազանդ լինելու նրա պատվիրաններին… . մնացած մեր բոլոր օրերում»: (Մոսիա 5.5, շեշտադրումն ավելացված է): Թագավորը պատասխանեց. «Ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը. քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով» (Մոսիա 5.7, տես նաև ՎևՈւ 76.24):

Ալմայի օրինակը նույնպես ուսանելի է: Երբ նա իր ընկերների հետ շրջում էր ջանալով կործանել Քրիստոսի Եկեղեցին, հրեշտակը կշտամբեց նրանց: Ալմայի համար հետևեց երեք օր ու գիշեր, որի ընթացքում, ինչպես նա ասում է` «պրկված էի հավերժական տանջանքից… . Այո, ես հիշեցի բոլոր իմ մեղքերը և անօրինությունները, որոնց համար ես տանջվում էի դժոխքի ցավերով» (Ալմա 36.12–13): Ի վերջո, «ապաշխարելով մինչև մահվան եզրը» (Մոսիա 27.28), ինչպես նա ասում է, նրա մտքին եկավ Հիսուս Քրիստոսի և նրա քավության քաղցր ուղերձը: Ալման աղաչեց. «Ո՜վ Հիսուս, դու, Աստծո որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի մեջ եմ և օղակված եմ մահվան հավիտենական շղթաներով» (Ալմա 36.18): Ներումը եկավ նրան, և նա կանգնեց և հրապարակավ խոստովանեց.

«Ես ապաշխարել եմ իմ մեղքերից և փրկագնվել Տիրոջ կողմից. ահա, ես ծնվել եմ Հոգուց:

Եվ Տերն ասաց ինձ. Մի զարմացիր, որ ողջ մարդկությունը, այո, տղամարդիկ ու կանայք, բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները պիտի վերստին ծնվեն. այո, Աստծուց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը.

Եվ այսպես, նրանք դառնում են նոր արարածներ» (Մոսիա 27.24–26):

Այս օրինակի և ուրիշ այլ սուրբ գրությունների մասին մտածելով՝ պարզ է դառնում, որ հոգևոր վերածնունդը սկիզբ է առնում հավատքից առ Հիսուս Քրիստոս, որի շնորհով մենք փոխվում ենք: Ավելի ճիշտ, դա հավատքից է առ Քրիստոսը՝ որպես Քավիչ և Փրկագնող, որը կարող է մաքրել մեղքից և դարձնել սուրբ (Մոսիա 4.2–3):

Երբ այս ճշմարիտ հավատքն արմատավորվում է անձի մեջ, այն անխուսափելիորեն տանում է ապաշխարության: Ամուղեկն ուսուցանեց, որ Փրկչի զոհաբերությունը պիտի «բերի փրկություն բոլոր նրանց, ովքեր կհավատան նրա անունին. սա լինելով նպատակն այդ վերջին զոհաբերության, առաջ բերելու գթասրտությունը, որը հաղթում է արդարադատությանը և առաջ բերում միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» (Ալմա 34.15. շեշտադրումը ավելացված է):

Ամողջական լինելու համար, սակայն, ապաշխարությունը պահանջում է հնազանդության ուխտ: Դա այն ուխտն է, որը կապեց Բենիամինի ժողովուրդը՝ «կատարելու [Աստծո] կամքը և հնազանդ լինելու նրա պատվիրաններին» (Մոսիա 5.5): Սա այն ուխտն է, որի մասին վկայում է ջրով մկրտությունը (տես Մոսիա 18.10), որը սուրբ գրություններում երբեմն կոչվում է «ապաշխարության մկրտություն» կամ «մկրտություն ապաշխարության համար», քանի որ այն մեր ապաշխարության գագաթնակետն է՝ պորտաքարը (տես օրինակ՝ Գործք ԺԹ.4, Ալմա 7.14, 9.27, ՎևՈւ 107.20):

Այն ժամանակ, ինչպես խոստացվել էր, Տերը մեզ մկրտում է կրակով և Սուրբ Հոգով (տես 3 Նեփի 9.20): Նեփին շարադրել է այս ձևով. «Քանի որ դուռը, որով դուք պիտի մտնեք, ապաշխարությունը և ջրով մկրտությունն է. և ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով» (2 Նեփի 31.17)1: Այսպիսով, ապավինելով «նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19), մենք «կենդանանում ենք ներսի մարդում» (Մովսես 6.65) և եթե դեռևս լիովին չենք ծնվել կրկին, ապա որոշակիորեն, հոգևոր վերածնունդի ճանապարհով բավական առաջ ենք գնացել:

Արդ, Տերը մեզ զգուշացնում է, որ ուշք դարձնենք, քանի որ «կա հավանականություն, որ մարդ կարող է շնորհից ընկնել» (ՎևՈւ 20.32), նույնիսկ նրանք, որ սրբագործված են (տես հ. 32–34): Ինչպես Նեփին է խորհուրդ տվել. «Դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքերով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

Հնարավոր է հարցնեք. «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»: Դուք պետք է հիշեք, որ Բենիամին թագավորի ժողովրդի նշանավոր օրինակը, Ալման և սուրբ գրությունների ուրիշ մի քանի մարդիկ հենց այդպիսին են՝ նշանավոր և ոչ սովորական2: Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում: Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն: Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է:

Միևնույն ժամանակ եկեք անփույթ ջանքերով չարդարացնենք մեզ: Եկեք չբավարարվենք՝ չարիք գործելու ինչ-որ հակվածություն պահելով: Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ արմատախիլ անելով մեր միջի անմաքրության վերջին մոլախոտերը: Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը. գայթակղությունները կկորցնեն իրենց տեսքը և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ:

Ես ճանաչում եմ Հիսուս Քրիստոսին որպես կենդանի՝ հարություն առած Աստծո Որդի:

«[Ես գիտեմ], որ արդարացումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ.

Ես [ես գիտեմ] նաև, որ սրբագործումը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով, արդար է և ճշմարիտ, բոլոր նրանց համար, ովքեր սիրում և ծառայում են Աստծուն՝ իրենց ողջ զորությամբ, մտքով և ուժով» (ՎևՈւ 20.30–31. տես նաև Մորոնի 10.32–33):

Ես ուրախանում եմ, որ իմ կյանքի հավասարակշռության համար ես ի վիճակի կլինեմ մատուցելու Քրիստոսին՝ առաջարկելով Քրիստոսի ավետիսը ողջ աշխարհին: Ես վկայում եմ Աստծո կենդանության և սիրո համար, որ Նա մեր Երկնային Հայրն է, որին Հիսուսը տվեց ողջ փառքը: Ես սիրում եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթին և վկայում եմ նրա մասին: Տիրոջ հետ նրա անձնական հաղորդակցության շնորհիվ, Մորմոնի Գրքի նրա թարգմանության և հրատարակության և իր վկայությունը իր նահատակության արյամբ կնքելու շնորհիվ, Ջոզեֆը դարձավ Հիսուս Քրիստոսի որպես աստվածային Քավիչի ճշմարիտ հայտնողը: Հիսուսը չի ունեցել ավելի մեծ վկա, ոչ էլ ավելի նվիրված ընկեր, քան Ջոզեֆ Սմիթը: Այսօր ես բերում եմ իմ վկայությունը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի՝ որպես մարգարե և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի կոչման մասին և հայտնում իմ հավատարմությունը նրան և նրա խորհրդականներին իրենց սրբազան դերում: Ես խնդրում եմ Աստծո օրհնությունները բոլորիս համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Աստված ի սկզբանե ուսուցանեց այս բաներն Ադամին: Նա ասաց Ադամին. «քանի որ դուք աշխարհում ծնվել եք ջրով և արյունով և ոգով, որն արարել եմ ես, և այդպես փոշուց կենդանի հոգի դարձավ, ճիշտ այդպես, դուք պետք է վերստին ծնվեք երկնքի արքայության մեջ՝ ջրով և Հոգով, և մաքրվեք արյունով, այսինքն՝ իմ Միածնի արյունով. որպեսզի դուք սրբագործվեք բոլոր մեղքերից… . Քանզի, ջրով դուք պահում եք պատվիրանը. Հոգով դուք արդարացվում եք, և արյամբ դուք սրբագործվում եք» (Մովսես 6.59–60): Այլ կերպ ասած՝ ապաշխարության համար ջրով մկրտությունը տանում է Հոգու մկրտության: Հոգին բերում է Քրիստոսի քավիչ շնորհը, Իր արյան խորհրդանիշով՝ և՛ ներելու (կամ թողելու) մեր մեղքերը, և՛ սրբագործելու (կամ մաքրագործելու) մեզ մեղքի հետևանքներից, դարձնելով մեզ անբիծ և սուրբ Աստծո առաջ:

    Սուրբ գրություններն արձանագրում են, որ «Ադամը կանչեց առ Տերը, և նա հափշտակվեց Տիրոջ Հոգու կողմից, որը տարավ նրան ջրի մեջ, ընկղմեց ջրի տակ և դուրս բերեց ջրից: Եվ այդպես նա մկրտվեց, և Աստծո Հոգին իջավ նրա վրա, և այդպես նա ծնվեց Հոգուց, և կենդանացավ ներսի մարդում: Եվ նա ձայն լսեց երկնքից, որն ասաց. Դու մկրտվել ես կրակով, և Սուրբ Հոգով… . Ահա, դու մեկ ես ինձանում՝ Աստծո որդի. և այդպես բոլորը կարող են դառնալ իմ որդիները [և դուստրերը]» (Մովսես 6.64–66, 68):

  2. Տես Ezra Taft Benson, “A Mighty Change of Heart,” Tambuli, Mar. 1990, 2–7: