2008
Մի քանի աստիճանի տարբերությունը
Մայիս 2008


Մի քանի աստիճանի տարբերությունը

Երջանկության և թշվառության միջև տարբերությունը հաճախ լինում է լոկ մի քանի աստիճանի սխալը:

Նկար
President Dieter F. Uchtdorf

Իմ սիրելի եղբայրնե՛ր, ես զգում եմ ձեր ուժն ու բարությունը, երբ հավաքվում ենք որպես Աստծո քահանայություն: Ես սիրում եմ ձեզ և հիանում եմ ձեզանով: Շնորհակալություն ձեր հավատքի, ձեր աղոթքների և Տիրոջը ծառայելու ձեր պատրաստակամության համար:

Երկու ամիս առաջ էր, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կանչեց ինձ ծառայելու որպես Եկեղեցու Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական: Վստահ եմ, որ սա զարմացրեց շատերին և ապշեցրեց ինձ: Իրականում, կասեի, որ երկրի վրա կնոջիցս հետո ես երկրորդ ամենազարմացած մարդն էի:

Այդ օրը, Տասներկուսի Քվորումը հանդիպեց տաճարում, հաստատելու Նախագահ Մոնսոնին, կարգելու և ձեռնադրելու նրան որպես մարգարե, տեսանող և հայտնող և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ, ես անչափ ուրախ էի, որ բարձրացնելու եմ իմ ձեռքը հաստատելու իմ սիրելի ընկերոջն ու ղեկավարին:

Նախագահ Մոնսոնը հաստատվելուց հետո հայտարարեց իր խորհրդականների անունները:

Նախագահ Այրինգի անունը զարմանք չէր կարող պատճառել: Նա առանձնահատուկ մարդ է` հրաշալի ընտրություն որպես Առաջին Խորհրդական: Ես սիրում եմ նրան և հիանում նրանով:

Ապա Նախագահ Մոնսոնը հայտարարեց իր Երկրորդ Խորհրդականին: Այդ անունը տարօրինակ ծանոթ թվաց, դա իմ անունն էր:

Ես նայեցի շուրջս սենյակում, վստահ չլինելով, որ ճիշտ եմ լսել: Սակայն իմ եղբայրների ժպիտները և Նախագահ Մոնսոնի կարեկցանքով լի հայացքը հավաստիացրեցին ինձ, որ մեկ անգամ ևս կյանքս փոփոխություն է կրում:

Մենք բոլորս կարոտում ենք Նախագահ Հինքլիին: Նա շարունակում է օրհնել մեր կյանքը:

Նախագահ Մոնսոնը Աստծո մեր օրերի Մարգարեն է. Ես պատվում եմ նրան և խոստանում իմ սիրտը, ուժը, միտքը և զորությունը ներդնել այս մեծ գործում:

1979թ. 257 ուղևորներով մի մեծ օդանավ դուրս եկավ Նոր Զելանդիայից, թռիչք կատարելով դեպի Անտարկտիկայի տեսարժան վայրեր: Ինչևէ, ինչ-որ մեկն առանց օդաչուներին տեղյակ պահելու թռիչքի կոորդինատները փոխել էր երկու աստիճանով: Այս սխալը օդանավին 45կմ-ով շեղել էր դեպի արևելք այն կետից, որտեղ օդաչուների կարծիքով իրենք գտնվում էին: Մոտենալով Անտարկտիկային օդաչուները իջան ավելի ցածր, որպեսզի ուղևորները կարողանան ավելի լավ տեսնել բնապատկերը: Թեպետ երկու օդաչուներն էլ փորձառու էին, նրանք առաջին անգամ էին այդ թռիչքը կատարում, և ոչ մի կերպ չէին կարող իմանալ, որ այդ սխալ կոորդինատների պատճառով իրենք հայտնվել են ուղիղ Էրեբուս սարի ճանապարհին, որը ակտիվ հրաբուխ է, և սառած հողի տակից դուրս է ցայտում ավելի քան 3,700 մետր բարձրությամբ:

Երբ օդաչուները առաջ էին շարժվում, ձյան և հրաբխի սառցե ծածկույթի սպիտակը խառնվել էր վերևում լողացող ամպերի սպիտակին, և թվում էր նրանք թռչում են հարթ հողի վրայով: Այդ ընթացքում նրանց հաղորդեցին, որ հողը շատ արագ բարձրանում է դեպի իրենց, սակայն շատ ուշ էր: Օդանավը վթարի ենթարկվեց հրաբխի կողքին, և օդանավի բոլոր ուղևորները զոհվեցին:

Այս սոսկալի ողբերգության պատճառը աննշան սխալն էր` մի քանի աստիճանի տարբերությունը:1

Տարիներ շարունակ Տիրոջը ծառայելով և անթիվ հարցազրույցներում ես սովորել եմ, որ անհատների, ամուսնությունների և ընտանիքների երջանկության և թշվառության միջև տարբերությունը հաճախ լինում է լոկ մի քանի աստիճանի սխալը:

Սավուղ` Իսրայելի թագավոր

Իսրայելի թագավոր Սավուղի պատմությունը դա է ցույց տալիս: Սկզբում Սավուղի կյանքը շատ խոստումնալից էր, սակայն այն դժբախտ և ողբերգական ավարտ ունեցավ: Սավուղը «մի ընտրյալ երիտասարդ էր, … և Իսրայելի որդկանց մեջ նորանից գեղեցիկ մարդ չկար»:2 Սավուղն ընտրվել էր Աստծո կողմից լինելու թագավոր:3 Նա ուներ ամեն առավելություն. ֆիզիակապես պատկառազդու4 էր և ազդեցիկ ընտանիքից էր:5

Իհարկե, Սավուղը թերություններ ուներ, սակայն Տերը խոստացավ օրհնել, պահպանել և բարգավաճեցնել նրան: Սուրբ գրություններն ասում են մեզ, որ Աստված խոստացավ միշտ լինել նրա հետ,6 ուրիշ սիրտ տալ նրան,7 և նրան ուրիշ մարդ դարձնել:8

Երբ նա ուներ Տիրոջ օգնությունը, հրաշալի թագավոր էր: Նա միավորեց Իսրայելը և հաղթեց Ամմոնացիներին, որոնք ներխուժել էին նրա երկիրը:9 Շուտով նա ավելի մեծ խնդրի առաջ կանգնեց` Փղշտացիները, որոնք սոսկալի բանակ ունեին` կառքերով ու ձիավորներով, և «ժողովուրդը ծովի եզերքի ավազի չափ շատ էր»:10 Իսրայելացիներն այնքան էին տագնապել Փղշտացիների պատճառով, որ թաքնվեցին «այրերում, թուփերում, ժայռերում»:11

Երիտասարդ թագավորը օգնության կարիք ուներ: Սամուել մարգարեն լուր ուղարկեց նրան, որ սպասի, և ինքը` մարգարեն գալով զոհ կմատուցի և խորհուրդ կփնտրի Տիրոջից: Սավուղը սպասեց յոթ օր, իսկ Սամուել մարգարեն դեռևս չէր գալիս: Վերջապես, Սավուղը զգաց, որ այլևս չի կարող սպասել: Նա հավաքեց մարդկանց և արեց այն, ինչ անելու համար քահանայության իշխանություն չուներ, նա ինքը զոհ մատուցեց:

Երբ Սամուելը եկավ, նրա սիրտը կոտրվեց: Նա ասաց. «Դու հիմարություն արիր»: Եթե միայն նոր թագավորը մի փոքր էլ համբերեր և չշեղվեր Տիրոջ ուղուց, եթե միայն նա հետևեր հայտնված քահանայության կարգին, Տերը կհաստատեր նրա թագավորությունը հավերժ: «Բայց հիմա,- Սամուելն ասաց,- քո թագավորությունը հաստատ չի լինելու»:12

Այդ օրը, Սամուել մարգարեն տեսավ Սավուղի բնավորության մեծ թերությունը: Երբ դրսի ազդեցություններից ճնշվեց, Սավուղը ինքնազսպում չդրսևորեց ուղու վրա մնալու, Տիրոջը և Նրա մարգարեին վստահելու և Աստծո հաստատած օրինակին հետևելու համար:

Փոքր սխալները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա

Մի քանի աստիճանի տարբերությունը, ինչպես եղավ Անտարկտիկա կատարած թռիչքի ժամանակ, կամ երբ Սավուղը չլսեց մարգարեի խորհրդին և մի փոքր էլ չսպասեց, հնարավոր է մանրուք թվա: Սակայն նույնիսկ փոքր սխալները ժամանակի ընթացքում կարող են մեծապես ազդել մեր կյանքի վրա:

Այժմ կկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես եմ ես այդ նույն սկզբունքն ուսուցանել երիտասարդ օդաչուներին:

Ենթադրենք, դուք պետք է դուրս գաք հասարակածի վրա գտնվող օդակայանից, պտտվեք երկրագնդի շուրջը, սակայն ձեր ուղղությունից շեղվեք միայն մեկ աստիճանով: Նույն զուգահեռականի վրա վերադառնալու համար որքա՞ն շեղված կլինեք դուք ձեր կուրսից: Մի քանի՞ մղոն, հարյո՞ւր մղոն: Պատասխանը կապշեցնի ձեզ: Միայն մեկ աստիճանի սխալը ձեզ ուղղուց կշեղի գրեթե 500 մղոն, որը 800 կմ է, կամ ռեակտիվ ինքնաթիռով մեկ ժամվա թռիչք:

Ոչ ոք չի ցանկանում, որ իր կյանքը ողբերգական ավարտ ունենա: Սակայն շատ հաճախ, տեսարժան վայրեր կատարած օդանավի օդաչուների և ուղևորների պես մենք ճանապարհ ենք ընկնում հուսալով հետաքրքիր ճամփորդություն կատարել, սակայն շատ ուշ ենք հասկանում, որ մի քանի աստիճանի սխալը մեզ դրել է հոգևոր աղետի ուղղու վրա:

Կարո՞ղ ենք այս օրինակներից դաս քաղել մեր կյանքի համար:

Փոքր սխալները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունից չնչին շեղումները կարող են ցավալի հետևանքներ ունենալ մեր կյանքում: Ուստի շատ կարևոր է, որ մենք այնքան ինքնակարգապահ դառնանք, որ արագ և որոշիչ ուղղումներ կատարենք, որպեսզի վերադառնանք ճիշտ ուղու վրա և չսպասենք կամ չհուսանք, որ սխալները ինչ-որ կերպ իրենք իրենց կուղղվեն:

Որքան ավելի ենք հետաձգում ուղղիչ գործողությունը, այնքան մեծ են դառնում անհրաժեշտ փոփոխությունները, և երկար է տևում ճիշտ ուղուն վերադառնալը, նույնիսկ այն կետին, որտեղ վթարը կարող է թեթևակի երևալ:

Քահանայության տղամարդիկ, ձեզ մեծ պատասխանատվություն է վստահվել: Պարզապես մտածեք այդ մասին` երիտասարդ սարկավագներ, ուսուցիչներ և քահանաներ, մեր Երկնային Հայրը ձեզ է վստահում «հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիները»:13 Դուք, Մելքիսեդեկյան Քահանայության տղամարդիկ, ստացել եք երդում և ուխտ, որով ձեզ խոստացվել է այն ամենը, ինչ Հայրն ունի, եթե դուք մեծարեք ձեր քահանայությունը:14

Տերը հիշեցնում է մեզ, որ «ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»:15 Նրանք, ովքեր Աստծո քահանայությունն են կրում, մեծ պատասխանատվություն ունեն լինելու բարության օրինակներ աշխարհում: Մենք ապրում ենք այս հեռանկարներով` երբ արագ տեսնում ենք վտանգներն ու ազդեցությունները, որոնք գայթակղում են մեզ շեղվել Տիրոջ ուղուց, և երբ որոշիչ ուղղումներ կատարելու համար քաջաբար հետևում ենք Սուրբ Հոգու հուշումներին, դրանք մեզ կվերադարձնեն ճիշտ ուղու վրա:

Այս համաժողովը թարգմանվում է 92 լեզուներով և հեռարձակվում 96 երկրներ` ժամանակակից տեխնոլոգիաների հրաշքով: Եղբայրներ, ձեզանից շատերը մասնակցում են գերագույն համաժողովին` ինտերնետի միջոցով: Այս նոր տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում, որպեսզի ավետարանի ուղերձը սփռվի աշխարհով մեկ: Եկեղեցու ինտերնետային կայքերը լավ օրինակ են, թե ինչպես կարող եք օգտագործել այս տեխնոլոգիաները որպես ոգեշնչման, օգնության և սովորելու հրաշալի միջոցներ: Դրանք կարող են օրհնություն լինել ձեզ համար` քահանայություն կրողներ, ձեր ընտանիքների և Եկեղեցու համար:

Սակայն զգույշ եղեք: Այս նույն տեխնոլոգիաները կարող են թույլ տալ, որ չարի ազդեցությունը մտնի ձեր տան շեմից ներս: Այս վտանգավոր թակարդները միայն մուկը սեղմելու հեռավորության վրա են գտնվում: Պոռնոգրաֆիան, բռնությունը, անհանդուրժողականությունը և անաստվածությունը կործանում են ընտանիքները, ամուսնությունները և անհատների կյանքը: Այս վտանգները տարածվում են շատ լրատվամիջոցներով, ներառյալ ամսագրերի, գրքերի, հեռուստատեսության, կինոնկարների և երաժշտության, ինչպես նաև ինտերնետի միջոցով: Տերը կօգնի ձեզ տեսնել և խուսափել այդ չարիքներից: Վտանգը վաղ տեսնելը և ընթացքի ուղղությունը ճշտելը ձեզ կպահի ավետարանի լույսի մեջ: Փոքր որոշումները կարող են մեծ հետևանքներ ունենալ:

Ինտերնետի տարօրինակ ու վտանգավոր զրույցի սենյակ մտնելը կարող է ձեզ տանել կատաղի փոթորկի կենտրոն: Համակարգիչը առանձին սենյակում դնելը, որպեսզի այն մատչելի չլինի ընտանիքի մյուս անդամների համար, կարող է խաբուսիկ և վտանգավոր ճամփորդության սկզբնակետ հանդիսանալ:

Սակայն Տերը պահանջում է ոչ միայն ձեր արտաքուստ երևացող գործերը, այլև ներքին մտքերն ու զգացումները լինեն օրենքի հոգուն մոտ:16 Աստված «պահանջում է սիրտ և կամեցող միտք»:17

Մենք` Աստծո քահանայությունը, ինքնուղղորդման պատասխանատվություն և զորություն ունի. «Լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում,- ասել է Տերը,- մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն. քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի»:18

Մեր Երկնային Հայրը գիտեր նախքան մենք կգայինք այս մահականցու կյանք, որ բացասական ուժեր կգայթակղեն մեզ շեղելու մեր ուղղուց, «որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստուծոյ փառքիցը պակասուած են»:19 Ահա թե ինչու ուղղումներ կատարելու ճանապարհ է պատրաստել Նա մեզ համար: Ճշմարիտ ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության ողորմած գործընթացներով մեր մեղքերը ներվում են, և մենք «չենք կորչի, այլ հավիտենական կյանք կունենանք»:20

Ապաշխարելու մեր պատրաստակամությունը ցույց է տալիս, որ երախտապարտ ենք մեր Աստծո պարգևի և Փրկչի սիրո և մեզ համար կատարած զոհաբերության համար: Պատվիրանները և քահանայության ուխտերը հավատքի, հնազանդության, Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո ստուգարք են, սակայն ավելի կարևոր է, որ դրանք հնարավորություն են տալիս զգալ Աստծո սերը և ստանալ ուրախության լիությունը այս կյանքում և գալիք կյանքում:

Աստծո այդ պատվիրաններն ու ուխտերը սելեստիալ բարձունքներից տրված թռիչքի հրահանգներ են և մեզ ապահով կառաջնորդեն դեպի մեր հավերժական նպատակակետ: Դա աննկարագրելի գեղեցիկ ու փառավոր վայր է: Դրա համար արժե ջանք գործադրել: Արժե որոշիչ ուղղումներ կատարել այժմ և ապա մնալ ուղու վրա:

Հիշեք` երկինքները կլցվեն ոչ թե նրանցով, ովքեր երբեք սխալներ չեն գործել, այլ նրանցով, ովքեր հասկացել են, որ շեղվել են ուղուց և ուղղել իրենց ընթացքը, որպեսզի վերադառնան ավետարանի ճշմարտության լույսի մեջ:

Որքան շատ գնահատենք և կիրառենք մարգարեների խոսքերը, այնքան ավելի լավ կհասկանանք, երբ ենք ուղուց շեղվել, անգամ եթե շեղվել ենք ընդամենը մի քանի աստիճանով:

Իսկ եթե մենք շա՞տ ենք հեռացել ճիշտ ուղուց:

Արդ, եղբայրնե՛ր, կան այնպիսիք, ովքեր անտեսել են համապատասխան ուղղումներ կատարել և այժմ հավատացած են, թե շատ հեռու են Տիրոջ ճանապարհից, որպեսզի երբևէ ետ վերադառնան: Նրանց մենք ավետիս ունենք հաղորդելու, դա փրկագնման և փրկության ավետարանն է: Կարևոր չէ, թե որքան շատ հեռու եք գտնվում, որքան շատ եք շեղվել, ետդարձի ճանապարհը հաստատուն և պարզորոշ է: Եկեք, սովորեք Հոր մասին, որպես զոհ մատուցեք կոտրված սիրտ և փշրված հոգի: Հավատք ունեցեք և հավատացեք Հիսուս Քրիստոսի անսահման Քավության մաքրագործող զորությանը: Եթե խոստովանենք և ապաշխարենք մեր մեղքերից, Աստված հավատարիմ է և արդար` ներելու և մաքրելու մեզ մեր անարդարությունից: 21 «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»:22

Դա հեշտ ճանապարհ չէ և ինքնակարգապահություն և վճռականություն է պահանջում, սակայն դրա վերջնակետը աննկարագրելի փառահեղ է: Դուք դատապարտված չեք ողբերգական ավարտ ունենալուն: Շատերը ցանկանում են օգնել ձեզ` ձեր ընտանիքը, եպիսկոպոսները, ցցի նախագահները, ձեր քվորումի ղեկավարները և տնային ուսուցիչները: Իհարկե, ձեր մեծագույն ընկերը տիեզերքի ամենազոր Արարիչն է: Նրա քահանայությունն եք դուք կրում: Նա հասկանում է ձեր ցավը: Նա գիտի ձեր վիշտը: Նա և մեր Երկնային Հայրը կօրհնեն, կսփոփեն և կզորացնեն ձեզ. Նրանք կքայլեն ձեր կողքին և նեցուկ կլինեն, երբ պայքարեք ճշտելու ձեր ուղղությունը:

Իմ սիրելի եղբայրնե՛ր, դուք իրոք Երկնային Հոր ընտրյալ և թանկ որդիներն եք: Նա ձեզ է վստահել քահանայության սուրբ զորությունը: Խնդրում եմ մի՛ շեղվեք ուղուց` թեկուզև մի քանի աստիճանով: Լսեք Տիրոջը` ձեր Աստծուն, և Նա կանի ձեզ համար այն, ինչ խոստացավ անել Սավուղի համար. Նա ձեզ նոր սիրտ կտա, ձեզ նոր մարդ կդարձնի և միշտ ձեզ հետ կլինի:

Ես վկայում եմ մեր Երկնային Հոր մասին, որը ճանաչում և սիրում է ձեզ: Ես վկայություն եմ բերում Հիսուս Քրիստոսի` մեր Փրկչի մասին, որն այս Եկեղեցու գլուխն է: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է այսօր: Ես իմ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ համար` քահանայության իմ սիրելի ընկերներ և եղբայրներ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Arthur Marcel, “Mount Erebus Plane Crash,” www.abc.net.au/rn/ockhamsrazor/ stories/2007/1814952.htm.

  2. Ա Թագավորաց Թ.2

  3. Տես Ա Թագավորաց Թ.17

  4. Տես Ա Թագավորաց Ժ.23

  5. Տես Ա Թագավորաց Թ.1

  6. Տես Ա Թագավորաց Ժ.7

  7. Տես Ա Թագավորաց Ժ.9

  8. Տես Ա Թագավորաց Ժ.6

  9. Տես Ա Թագավորաց ԺԱ.11

  10. Ա Թագավորաց ԺԳ.5

  11. Ա Թագավորաց ԺԳ.1

  12. Ա Թագավորաց ԺԳ.13–14

  13. ՎևՈւ 84.26

  14. Տես ՎևՈւ 84.38–39

  15. ՎևՈւ 82.3

  16. Տես Ալմա 12.12–14; ՎևՈւ 88.109:

  17. ՎևՈւ 64.34

  18. ՎևՈւ 58.26–28

  19. Հռովմայեցիս Գ.23

  20. Հովհաննես Գ.16

  21. Տես Ա Հովհաննես Ա.9

  22. Եսայիա Ա.18