2008
Նայենք ետ և առաջ շարժվենք
Մայիս 2008


Նայենք ետ և առաջ շարժվենք

Միասին մենք պետք է առաջ գնանք Նրա գործը կատարելով:

Նկար
President Thomas S. Monson

Իմ կարծիով, սա հրաշալի նիստ էր: Ուղերձները ոգեշնչող էին, երաժշտությունը` հիասքանչ, վկայությունները` անկեղծ: Կարծում եմ, այս նիստին ներկա գտնվողները երբեք այն չեն մոռանա, այն Հոգին, որ մենք զգացինք:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ավելի քան 44 տարի առաջ, 1963թ. հոկտեմբերին ես կանգնեցի Թաբերնաքլի ամբիոնի մոտ, երբ նոր էի հաստատվել որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Այդ առիթով ես հիշատակեցի մի փոքր նշան, որ տեսել էի մեկ այլ ամբիոնի վրա: Այդ նշանի բառերն էին. «Ով կկանգնի այս ամբիոնի մոտ, թող խոնարհ լինի»: Վստահեցնում եմ ձեզ, որ ես խոնարհվել էի այդ ժամանակ Տասներկուսի Քվորում կանչվելով: Ինչևէ, կանգնելով այս ամբիոնի մոտ այսօր, ես իմ խոսքը ձեզ եմ հղում բացարձակապես համեստության խորքերից: Ես շատ ուժեղ եմ զգում իմ կախվածությունը Տիրոջից: Սրտիս զգացմունքներով կիսվելով ձեզ հետ, ես խոնարհաբար փնտրում եմ Հոգու առաջնորդությունը:

Երկու ամիս առաջ մենք հրաժեշտ տվեցինք մեր թանկագին ընկերոջն ու ղեկավարին` Գորդոն Բ. Հինքլիին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 15-րդ Նախագահին, որն ամբողջ աշխարհի համար ճշմարտության ակնառու դեսպան էր և բոլորի սիրելին: Մենք կարոտում ենք նրան: 53,000-ից ավելի տղամարդիկ, կանայք և երեխաներ եկան այս կենտրոնի գեղեցիկ «Մարգարեների սրահ»` իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցելու Տիրոջ այդ հսկային, որն այժմ պատկանում է դարերին:

Նախագահ Հինքլիի մահանալուց հետո, Առաջին Նախագահությունը լուծարվեց: Նախագահ Այրինգը և ես, որ ծառայում էինք որպես Նախագահ Հինքլիի խորհրդականներ, վերադարձանք Տասներկու Առաքյալների Քվորումում մեր տեղը, և այդ քվորումը դարձավ Եկեղեցու նախագահող իշխանությունը:

2008թ. փետրվարի 2-ին, շաբաթ օրը, Նախագահ Հինքլիի թաղման ծառայությունները կատարվեցին այս հրաշակերտ Համաժողովների Կենտրոնում, կառույց, որը միշտ կանգուն կլինի որպես նրա կանխատեսման և տեսիլքի հուշակոթող: Թաղման ընթացքում, գեղեցիկ ու սիրով լի խոսքեր ասվեցին Աստծո այդ մարդու մասին:

Հաջորդ օրը, երկրի վրա ապրող բոլոր 14 կարգված Առաքյալները հավաքվեցին Սոլթ Լեյքի Տաճարի վերնահարկում: Մենք հանդիպեցինք ծոմի և աղոթքի հոգով: Այդ հանդիսավոր և սուրբ հավաքի ժամանակ, Եկեղեցու Նախագահությունը վերակազմավորվեց` համաձայն հաստատված կարգի` այն օրինակով, որ Տերն է հաստատել:

Ամբողջ աշխարհի Եկեղեցու անդամները երեկ հավաքվեցին հանդիսավոր ժողովում: Դուք ձեր ձեռքը բարձրացրեցիք հաստատող ձայնով` հավանություն տալով այն գործընթացին, որը տեղի ունեցավ տաճարի այդ ժողովում, որի մասին ես նոր ասացի: Երբ ձեր ձեռքերը բարձրացան դեպի երկինք, սիրտս հուզվեց: Ես զգացի ձեր սերն ու աջակցությունը, ինչպես նաև Տիրոջ հանդեպ ձեր պարտավորվածությունը:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես անտարակույս գիտեմ, որ Աստված ապրում է: Ես վկայում եմ ձեզ, որ սա Նրա գործն է: Ես վկայում եմ նաև, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը այս Եկեղեցու գլուխն է, որը կրում է Նրա անունը: Ես գիտեմ, որ այս կյանքի ամենաքաղցր զգացողությունը Նրա հուշումները զգալն է, երբ Նա ուղղորդում է մեզ Իր գործը առաջ տանելիս: Ես զգացել եմ այդ հուշումները, լինելով երիտասարդ եպիսկոպոս, երբ ես առաջնորդվում էի այցելելու այն տները, որտեղ հոգևոր, և գուցե թե նյութական կարիք կար: Ես զգացել եմ այդ հուշումները որպես միսիայի նախագահ Կանադայի Տորոնտոյում, աշխատելով հրաշալի միսիոներների հետ, որոնք կենդանի վկայություն էին աշխարհին այն մասին, որ այս աշխատանքն աստվածային է, և որ մենք առաջնորդվում ենք մարգարեի կողմից: Ես զգացել եմ դրանք Տասներկուսում, Առաջին Նախագահությունում, և այժմ որպես Եկեղեցու Նախագահ ծառայելիս: Ես վկայում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը զգում է Տիրոջ ոգեշնչումը, երբ ապրում է արժանի կյանքով և ձգտում ծառայել Նրան:

Ես շատ լավ գիտեմ այն 15 տղամարդկանց, ովքեր նախորդել են ինձ որպես Եկեղեցու Նախագահներ: Նրանցից շատերին ճանաչել եմ անձնապես: Օրհնություն և արտոնություն եմ ունեցել ծառայելու որպես նրանցից երեքի խորհրդական: Ես երախտապարտ եմ այդ 15 տղամարդկանցից յուրաքանչյուրի թողած մնայուն ժառանգության համար: Ես հաստատուն գիտելիք ունեմ, որը վստահ եմ, նրանք էլ ունեին, այն մասին, որ Աստված ուղղորդում է Իր մարգարեին: Իմ ջերմեռանդ աղոթքն է, որ ես կարողանամ շարունակել լինել արժանի գործիք Նրա ձեռքում` առաջ տանելու այս մեծ աշխատանքը և կատարելու Նախագահի պաշտոնի վիթխարի պատասխանատվությունները:

Ես շնորհակալ եմ Տիրոջը հրաշալի խորհրդականների համար: Նախագահ Հենրի Բ. Այրինգը և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը մեծ ունակության և խոր հասկացողության տեր մարդիկ են: Նրանք խորհրդականներ են այդ բառի բուն իմաստով: Ես գնահատում եմ նրանց դատողությունը: Ես հավատում եմ` նրանք պատրաստվել են Տիրոջ կողմից այն պաշտոնների համար, որն այժմ զբաղեցնում են: Ես սիրում եմ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին և բարձր եմ գնահատում նրանց հետ իմ գործընկերությունը: Նրանք նույնպես նվիրված են Տիրոջ գործին և իրենց կյանքն անցկացնում են Նրան ծառայելով: Ես անհամբերությամբ եմ սպասում Երեց Քրիստոֆերսոնի հետ աշխատելուն, որը կանչվել է այդ քվորում, և որը ստացել է ձեր հաստատող ձայնը: Նա նույնպես պատրաստվել է այն պաշտոնի համար, որին կանչվել է: Ուրախություն է նաև ծառայել Յոթանասունի քվորումների անդամների և Նախագահող Եպիսկոպոսության հետ: Յոթանասունի նոր անդամները կանչվել են և հաստատվել երեկ, և ես անհամբերությամբ եմ սպասում աշխատելու նրանց հետ Տիրոջ աշխատանքում:

Բարձրագույն Իշխանություններում միաբանության քաղցր հոգին է տիրում: Տերը հայտարարել է. «Եթե մեկ չեք, իմը չեք»:1 Մենք կշարունակենք միաբան լինել մեկ նպատակով, որն է` Տիրոջ աշխատանքն առաջ տանելը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ Երկնային Հորը ինձ տված Նրա անթիվ օրհնությունների համար: Նեփիի պես կարող եմ ասել, որ ծնվել եմ լավ ծնողներից, որոնց ծնողներն ու նախնիները հավաքվել են Շվեդիայում, Շոտլանդիայում և Անգլիայում նվիրված միսիոներների կողմից: Այդ միսիոներների խոնարհ վկայությունները շարժել են իմ նախնիների սիրտը և հոգին: Եկեղեցուն միանալուց հետո, այդ ազնվազարմ տղամարդիկ, կանայք և երեխաները ճանապարհ են ընկել դեպի Մեծ Սոլթ Լեյքի հովիտ: Շատ փորձություններ և տառապանքներ են կրել ճանապարհին:

1848թ. գարնանը իմ նախապապիկն ու նախատատիկը` Չարլզ Ստյուարտ Միլերն ու Մերի ՄաքԳովան Միլերը, որոնք միացել էին Եկեղեցուն իրենց հայրենի Շոտլանդիայում, թողեցին իրենց տունը Ռուտերգլենում, Շոտլանդիա, և Սրբերի խմբի հետ ճամփա ընկան դեպի Սենթ Լյուիս, Միսուրի, տեղ հասնելով 1849թ.: Նրանց 11 երեխաներից մեկը` Մարգարետը պետք է դառնար իմ նախատատիկը:

Մինչ ընտանիքը Սենթ Լյուիսում աշխատում էր վաստակելու համար այն գումարը, որն անհրաժեշտ էր դեպի Սոլթ Լեյքի Հովիտ ճամփորդելու համար, խոլերայի ժանտախտն անցավ այդ տարածքով` իր հետևից թողնելով մահ ու վիշտ: Միլերների ընտանիքին այն ուժգին հարված հասցրեց: Երկու շաբաթվա ընթացքում, ընտանիքի չորս անդամներ հիվանդացան: Առաջինը, 1849թ. հունիսի 22-ին 18-ամյա Վիլիամը: Հինգ օր անց Մերի ՄաքԳովան Միլերը` իմ նախատատիկը, իսկ ընտանիքի մայրը մահացավ: Երկու օր անց, 15-ամյա Արչիբալդը մահացավ, իսկ հինգ օր հետո իմ նախանախապապիկ` Չարլզ Ստյուարտ Միլերը` ընտանիքի հայրը հիվանդացավ: Երեխաները, որոնք կարողացան ողջ մնալ, որբացան, նրանց մեջ էր իմ նախատատիկը` Մարգարեթը, որն այդ ժամանակ 13 տարեկան էր:

Քանի որ այդ տարածքում շատ մահեր էին եղել, դագաղներ չկային, ցանկացած գնով, որում կարող էին թաղել մահացած ընտանիքի անդամներին: Կենդանի մնացած ավագ որդիները ընտանիքի անասունների փարախը քանդեցին, որպեսզի դագաղներ պատրաստեն ընտանիքի մահացած անդամների համար:

Շատ քիչ է գրված Միլերների մնացած ինը երեխաների վշտի ու մաքառումների մասին, երբ նրանք շարունակեցին աշխատել և գումար խնայել այդ ճամփորդության համար, որ իրենց ծնողներն ու եղբայրները չէին կատարելու: Մենք գիտենք, որ նրանք դուրս են եկել Սենթ Լյուիսից 1850թ. գարնանը չորս եզներով և մեկ կառքով, այդ նույն տարում վերջապես հասնելով Սոլթ Լեյքի Հովիտ:

Իմ նախնիներից մյուսները նույն դժվարություններն են կրել: Ինչևէ, այդ ամենի միջով անցնելով, նրանց վկայությունները մնացել են հաստատուն ու անսասան: Նրանցից ես ստացել եմ Հիսուս Քրիստոսի ավետարանին լիովին նվիրվելու ժառանգությունը: Այդ հավատարիմ հոգիների շնորհիվ ես կանգնած եմ այսօր ձեր առջև:

Ես շնորհակալ եմ իմ Երկնային Հորը իմ սիրելի կնոջ` Ֆրենսիսի համար: Այս հոկտեմբերին մենք կնշենք մեր ամուսնության 60 հրաշալի տարիները: Թեպետ Եկեղեցում իմ ծառայությունը սկսել է շատ վաղուց, նա երբեք չի դժգոհել, երբ ես հաճախել եմ ժողովների կամ գնացել հանձնարարությամբ: Երկար տարիներ որպես Տասներկուսի անդամ իմ հանձնարարություններով հաճախ եմ բացակայել Սոլթ Լեյք Սիթիից, երբեմն միաժամանակ հինգ շաբաթով, նրան միայնակ թողնելով տանը մեր փոքր երեխաների հետ: Սկզբում, երբ 22 տարեկանում ես կանչվեցի որպես եպիսկոպոս, մենք հազվադեպ էինք Եկեղեցու ծառայություններին միասին նստելու ճոխությունը վայելում: Ես չէի կարող խնդրել ավելի հավատարիմ, սիրող և հասկացող կողակից:

Ես շնորհակալ եմ իմ Երկնային Հորը մեր երեք զավակների և նրանց կողակիցների, ութ հրաշալի թոռների և չորս գեղեցիկ ծոռների համար:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինձ համար դժվար է խոսքեր գտնել, սրտանց շնորհակալություն հայտնելու ձեզ այն կյանքի համար, որ ապրում եք, այն բարիքի համար, որ կատարում եք, վկայությունների համար, որ բերում եք: Դուք պատրաստակամորեն եք ծառայում: Դուք նվիրված եք Հիսուս Քրիստոսի ավետարանին:

Ավելի քան 44 տարիների ընթացքում լինելով Գերագույն Իշխանավոր, ես հնարավորություն եմ ունեցել ճամփորդելու ամբողջ աշխարհում: Անդամներ, իմ մեծագույն ուրախություններից մեկն եղել է ձեզ հետ հանդիպելը, որտեղ էլ որ լինեք, ձեր հոգին և ձեր սերը զգալը: Ես անհամբերությամբ եմ սպասում նման շատ առիթների:

Կյանքով ճամփորդելիս լինում են կորուստներ: Ոմանք հեռանում են հավերժական կյանք տանող ճանապարհային նշաններից, միայն որպեսզի հայտնաբերեն, որ իրենց ընտրած ճանապարհն ի վերջո տանում է դեպի փակուղի: Անտարբերություն, անհոգություն, եսասիրություն և մեղք, այս ամենի պատճառով մարդկային կյանքը ծանր կորուստներ է կրում:

Դեպի ավելի լավը փոփոխությունը կարող է գալ բոլորին: Տարիներ շարունակ մենք ոչով դիմել ենք ոչ ակտիվ, վիրավորված անդամներին, քննադատողներին, զանցանքներ կատարածներին` ետ եկեք: «Ետ եկեք, մասնակցեք Տիրոջ խնջույքին և կրկին ճաշակեք Սրբերի հետ ընկերակցության քաղցր ու հագեցնող պտուղները»:2

Յուրաքանչյուր անհատի գիտակցության մի առանձին սուրբ տեղում այդ հոգին է, այդ վճռականությունը` հանելու հին մարդուն և հասնելու իրական ներուժին: Այդ հոգով մենք կրկին սրտանց հրավիրում ենք, ասելով. «Ետ եկեք: Մենք Քրիստոսի մաքուր սիրով ենք դիմում ձեզ, ցանկություն հայտնում օգնելու ձեզ և ընդգրկելու ընկերության մեջ: Նրանց, ում հոգին վիրավոր է կամ ովքեր մաքառում են և երկյուղած, մենք ասում ենք` թույլ տվեք բարձրացնել ձեզ, ուրախացնել ձեզ և փարատել ձեր վախը: Բառացիորեն ընդունեք Տիրոջ հրավերը. «Ինձ մոտ եկեք ամեն վաստականեր և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև»:3

Փրկչի մասին ասվել է, որ Նա «ման եկավ բարին անելով … որովհտև Ասված նրա հետ էր»:4 Թող որ մենք հետևենք այդ կատարյալ օրինակին: Մահկանացու կյանքի այս երբեմն անհույս ճամփորդության ժամանակ, թող որ մենք ևս հետևենք Պողոս Առաքյալի խորհրդին, որը կօգնի պահել մեզ ապահով և ճիշտ ուղղու վրա. «Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինությունը, և թե գովությունը, այն մտածեցեք»:5

Ես կխրախուսեի Եկեղեցու անդամներին, որտեղ էլ որ նրանք գտնվում են, բարյացակամորեն և հարգանքով վերաբերվեն մարդկանց ամենուր: Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, լի է զանազանությամբ: Մենք կարող ենք և պետք է հարգանք ցուցաբերենք նրանց հանդեպ, ում համոզմունքները տարբերվում են մերից:

Թող որ մենք նաև բարություն և սեր ցուցաբերենք մեր ընտանիքում: Մեր տները պետք է լինեն ավելի քան սրբավայրեր. դրանք պետք է նաև լինեն վայրեր, ուր Աստծո Հոգին կարող է բնակվել, ուր փոթորիկը խաղաղվում է դռան մոտ, ուր սերն է իշխում և խաղաղություն տիրում:

Աշխարհը կարող է երբեմն ապրելու համար սարսափելի վայր լինել: Հասարակության բարոյական կերպարը թվում է այլասերվում է ահագնացող արագությամբ: Ոչ ոք` լինի երիտասարդ, ծեր, թե միջին տարիքի, պաշտպանված չէ այնպիսի բաներից, որոնք կարող են տապալել և կործանել մեզ: Հատկապես մեր երիտասարդները, մեր թանկագին երիտասարդները, գայթակղությունների են հանդիպում, որոնք դժվար թե կարողանանք գիտակցել: Հակառակորդը և նրա բանակը թվում է անդադար աշխատում են մեզ գետնին տապալելու ուղղությամբ:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք պատերազմ ենք մղում մեղքի դեմ, սակայն մենք չպետք է հուսահատվենք: Դա պատերազմ է, որը մենք կարող ենք և կհաղթենք: Մեր Երկնային Հայրը մեզ տվել է գործիքներ, որոնք մեզ անհրաժեշտ են հաղթանակ տանելու համար: Նա ղեկի մոտ է: Մենք վախենալու կարիք չունենք: Նա լույսի Աստված է: Նա հույսի Աստված է: Ես վկայում եմ, որ Նա սիրում է մեզ` յուրաքանչյուրիս:

Մահկանացու կյանքը ստուգարք է, ժամանակ, երբ մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք վերադառնալու մեր Երկնային Հոր մոտ: Որպեսզի ստուգվենք, մենք պետք է դժվարություններ կրենք: Երբեմն թվում է, լույս չենք տեսնում թունելի վերջում` գիշերվա խավարը ճեղքող լուսաբաց չկա: Մենք զգում ենք, որ շրջապատված ենք սրտակեղեք ցավով, խաթարված երազանքների հիասթափությամբ և հուսահատությամբ: Մենք միանում ենք աստվածաշնչյան աղերսին, ասելով. «Բալասան չկա՞ Գաղաադում»:6 Մենք հակված ենք մեր անձնական դժբախտություններին նայել հոռետեսության ծռված պրիզմայով: Մենք լքված, կոտրված սրտով և միայնակ ենք զգում: Եթե դուք հայտնվում եք նման իրավիճակում, ես խնդրում եմ ձեզ հավատով դիմեք մեր Երկնային Հորը: Նա կբարձրացնի և կառաջնորդի ձեզ: Միշտ չէ, որ Նա ձեր նեղությունը կվերցնի ձեզանից, սակայն սիրով կսփոփի և կառաջնորդի ձեզ` ձեր դեմ ելած փոթորիկների միջով:

Ողջ սրտով և հոգու ջերմությամբ, ես իմ ձայնն եմ բարձրացնում այսօր վկայելով որպես հատուկ վկա և հայտարարում, որ Աստված ապրում է: Հիսուսը Նրա Որդին է` Հոր Միածինը մարմնում: Նա մեր Քավիչն է, Նա մեր Միջնորդն է Հոր մոտ: Նա սիրում է մեզ այնպիսի սիրով, որ մենք չենք կարող լիովին գիտակցել, և քանի որ Նա սիրում է մեզ, Նա Իր կյանքը տվեց մեզ համար: Նրա հանդեպ իմ երախտագիտությունն անասելի է:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես Նրա օրհնություններն եմ աղերսում ձեզ համար, ձեր տանը, աշխատանքում, միմյանց և Տիրոջը ծառայելիս: Միասին մենք պետք է առաջ շարժվենք Նրա գործը կատարելով:

Իմ կյանքը, իմ ուժը, այն ամենը ինչ ունեմ, ես դնում եմ Նրա ծառայության և Նրա Եկեղեցու գործերը ղեկավարելու գործին` Նրա կամքով և Նրա ոգեշնչմամբ, և ես դա անում եմ Նրա, այսինքն` Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. ՎևՈւ 38.27

  2. First Presidency statement, in Ensign, Mar. 1986, 88.

  3. Մատթեոս ԺԱ.28–30

  4. Գործք Ժ.38

  5. Փիլիպպեցիս Դ.8

  6. Երեմիա Ը.22