2008
Բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում
Մայիս 2008


Բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում

Երբ կանգնեք որպես վկա, հնազանդվեք պատվիրաններին և առաջ մղվեք «Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ», դուք երբեք միայնակ չեք լինի:

Նկար
Elaine S. Dalton

Ինձ համար արտոնություն է կանգնել ձեր առաջ և վկայել Փրկչի և Նրա անզուգական կյանքի մասին: Նա եկավ աշխարհ ցույց տալու մեզ` ինչպես ապրել այն ծրագրով, որը կազմվեց երկնքում, որով եթե ապրենք, երջանկություն կվայելենք: Նրա օրինակը մեզ ցույց տվեց դեպի տուն` մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհը: Ոչ ոք, ով երբևէ ապրել է, այդքան «հաստատակամ ու անսասան» (Մոսիա 5.15) չի եղել: Նա երբեք չշեղվեց: Նա միշտ կատարում էր Հոր կամքը, և Նա հավատարիմ մնաց Իր աստվածային առաքելությանը: Իսկապես, Նրա մասին կարելի է ասել, որ Նա հավատարիմ էր բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում (տես Մոսիա 18.9):

Դուք մի մասն եք այդ հրաշալի ծրագրի, որը ներկայացվեց նախամահկանացու աշխարհում: Այժմ ձեր աշխարհ գալը նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ այդ ծրագիրն ընդունվեց: Ձեր գալու ժամանակն ու վայրը պատահականություն չէ: Ձեր «անչափ մեծ հավատն ու բարի գործերը» (Ալմա 13.3) այն ժամանակ դրել են հիմքը այն բանի, որը դուք կարող եք կատարել այժմ, եթե հավատարիմ և հնազանդ լինեք: Դուք Աստծո թանկագին դուստրերն եք, և դուք մեծ աշխատանք ունեք կատարելու: Որպեսզի իրագործեք ձեր աստվածային առաքելությունը և ապրեք երջանկության ծրագրով, դուք ևս պետք է լինեք հաստատակամ և անսասան «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18.9):

Մի քանի տարի առաջ ինձ մի լուսանկար տվեցին, որտեղ պատկերված էին երեք շինություններ, որից երկուսը հակվել էին երրորդին` ամենափոքր շինությանը: Լուսանկարի ենթագիրն էր. «Դու պետք է ուժեղ լինես, երբ վերջինն ես, որը պետք է դիմակայի»: Դուք ևս պետք է ուժեղ լինեք: Երբ հավատարիմ և արդարակյաց լինեք, մյուսները կնայեն ձեզ` աջակցության և ուժի համար:

Հելամանը նկարագրում է, թե ինչպես է դա հնարավոր. «Եվ այժմ … հիշեք, հիշեք, որ դա մեր Քավիչ վեմի վրա է, որը Քրիստոսն է` Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը… որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա եթե մարդի կառուցեն, նրանք չեն կարող ընկնել» (Հելաման 5.12):

Ձեր հավատքի հիմքը պետք է հաստատապես կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի վրա: Եթե նման հավատք ունեք, նշանակում է դուք ապավինում եք Նրան, դուք վստահում եք Նրան և թեպետ ամեն ինչ չեք հասկանում, դուք գիտեք, որ Նա հասկանում է: Դուք նաև գիտեք, որ Աստծո դուստրն եք, որ Նա գիտի ձեզ անունով, որ Նա լսում է ձեր աղոթքները, և որ Նա կօգնի ձեզ իրագործել ձեր երկրային առաքելությունը:

Մի երիտասարդ, որին ես լավ եմ ճանաչում, մի մեծ համալսարանում ընտրվել էր որպես ուսանողական խորհրդի նախագահ: Համալսարանը նրան ուղարկեց ղեկավարներին նվիրված սեմինարին, որտեղ Միացյալ Նահանգներից ուսանողական խորհուրդների ղեկավարները հավաքվել էին Չիկագոյում, Իլինոյս, որպեսզի վերապատրաստվեին և հրահանգավորվեին: Նրանք մասնակցեցին քոլեջի բակում կազմակերպված նախնական խաղին, որպեսզի միմյանց հետ ծանոթանային: Ուսանողներին ներկայացվեց այսօրվա երիտասարդների առաջ ծառացած խնդիրները, և նրանց խնդրեցին իրենց կողմնորոշումն արտահայտել: Նրանք պետք է պատասխանեին ներկայացված խնդրին` խոտածածկ տարածքում վազելով տարբեր ծառերի մոտ, որոնցից յուրաքնաչյուրի վրա գրված էր` «լիովին համաձայն եմ», «մասամբ համաձայն եմ», «ամենևին համաձայն չեմ», կամ «որոշ չափով համաձայն չեմ»:

Այս խաղի վերջում ղեկավարը հարցրեց. «Դուք ընդունո՞ւմ եք նախաամուսնական սեռական հարաբերությունը»: Առանց տատանվելու, այս երիտասարդը վազեց դեպի «ամենևին համաձայն չեմ» ծառի մոտ: Ի զարմանս իրեն, ինքը միայնակ էր կանգնած այդ ծառի մոտ: Ուսանողների մյուս նախագահները ծիծաղում էին և իրեն մատնացույց անում, ասելով. «Օ՜, Ջես, դու այնքան ծիծաղելի ես: Մենք բոլորս գիտենք, որ դու կատակում ես»: Այդ պահին Ջեսն ասաց, որ նա գիտակցում է, թե ինչ պետք է անի և բարձրաձայն հայտարարեց. «Ես ծիծաղելի չեմ, ես լուրջ եմ»: Բոլորը շփոթված լռեցին, և ապա խումբը հեռացավ թողնելով Ջեսին ծառի մոտ միայնակ կանգնած: Նա իրեն կաշկանդված էր զգում, և իկարկե տարօրինակ: Սակայն նա տարօրինակ չէր: Նա ճիշտ էր: Եվ նա մենակ չէր: Այդ շաբաթվա ընթացքում ուսանողների շատ նախագահներ առանձին մոտենում էին նրան և ասում, որ կցանկանային տարիներ առաջ իմանալ այն, ինչ նա գիտեր: Հետագայում Ջեսն ասաց. «Դա հեշտ էր, որովհետև ես գիտեի, որ ներկայացնում եմ ոչ միայն համալսարանը, այլև իմ ընտանիքը, Եկեղեցին և Փրկչին»:

Վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է և Քավիչը, Ջեսին դարձրեց հաստատակամ և արագ` արձագանքելիս: Դուք կարող եք այդ նույն վստահությունը ձեռք բերել, եթե ամեն օր աղոթեք, ձեր սուրբ գրություններում պատասխաններ փնտրեք և պատվիրաններին հնազանդվեք: Եթե դուք անկեղծորեն ձգտեք վկայություն ձեռք բերել, գիտելիքը, որը կգա Սուրբ Հոգու միջոցով, ձեզ կաջակցի դժվար պահերին, հարցեր ունենալիս և չափանիշներով ապրելիս: Եվ նաև հեշտ կլինի ձեզ համար, երբ պարտավորվեք հաստատակամ և անսասան լինել բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում:

Լինել հաստատակամ և անսասան նշանակում է լինել հնազանդ: Պատճառներից մեկը, որ դուք այստեղ եք` երկրի վրա, համոզվելն է, որ դուք կգործադրեք ձեր ընտրելու ազատությունը և «կկատարեք այն ամենը, ինչ Տերը … կպատվիրի» (Աբրահամ 3. 25): Երբ նորացնում եք ձեր ուխտերն, ամեն շաբաթ ընդունելով հաղորդությունը, դուք ուխտ եք կապում, որ միշտ կհիշեք Փրկչին և կպահեք Նրա պատվիրանները:

Մարմին ունենալու թանկարժեք պարգևը ձեզ հնարավորություն է տալիս գործադրել ձեր ընտրության ազատությունը և գործի դնել ձեր հավատն ու հնազանդությունը: Երբևէ նկատե՞լ եք, որ սատանայի գրեթե բոլոր հարձակումներն ուղղված են ձեր մարմնի դեմ: Պոռնոգրաֆիա, անպարկեշտություն, դաճվածք, անբարոյականություն, թմրամոլություն և հակումներ` այդ բոլոր ջանքերն ուղղված են այս թանկարժեք պարգևին տիրանալու համար: Սա մի պարգև է, որից զրկվեց սատանան: Պատվիրաններին և չափանիշներին հնազանդվելը ձեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս լինել հաստատակամ և անսասան` այս թանկարժեք պարգևները` ձեր ազատ կամքն ու ձեր մարմինը պաշտպանելիս:

Լինել հաստատակամ ու անսասան նաև նշանակում է` դուք շարունակ առաջ եք գնում «Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ» (2 Նեփի 31.20): Տարիներ առաջ, ես հնարավորություն ունեցա վազելու Բոստոնի Մարաթոնում: Ես տքնաջան մարզվել էի և զգում էի, որ պատրաստ եմ, սակայն 20-րդ մղոնին բլուրներ են սկսվում: Տեղացիներն ամենազառիվեր և ամենաերկար բլուրն անվանում են Հուսահատության բլուր: Երբ ես հասա այդ կետին, ուժերս սպառվել էին: Բլուրը երկար էր, և քանի որ ես անփորձ էի, ինձ թույլ տվեցի անել մի բան, որը փորձառու վազորդը երբեք չի անում, ես սկսեցի բացասական մտածել: Արդյունքում իմ ընթացքը դանդաղեց, և ես փորձեցի դրական մտածել և պատկերացնել վերջնագիծը: Երբ սկսեցի այդպես մտածել, հանկարծ հասկացա, որ մեծ քաղաքում եմ, և հազարավոր մարդիկ էին կանգնած վազքուղու երկայքնով, և ես չէի կարողանում գտնել որտեղ է կանգանած ամուսինս մարաթոնի վերջում: Ես շփոթվեցի և ինձ մենակ զգացի և սկսեցի արտասվել: Ես հագել էի մեծ կարմիր սպորտային շապիկ, որի վրա մեծ-մեծ տառերով գրված էր Յուտա: Երբ դիտորդները տեսան, որ ես արտասվում եմ, նրանք սկսեցին բղավել` «Շարունակիր առաջ գնալ, Յուտա», «Մի արտասվիր, Յուտա», «Դու գրեթե ավարտել ես, Յուտա»: Սակայն գիտեի, որ չեմ ավարտել և շփոթված եմ: Ես նաև գիտեի, որ եթե անգամ դադարեի վազելը և դուրս գայի մրցվազքից, ես դեռևս շփոթված էի:

Երբևէ ձեզանից որևէ մեկը զգացե՞լ է, կարծես վազում է Հուսահատության բլուրն ի վեր և, թեպետ մարդիկ են կանգնած վազքուղու երկայնքով, դուք միայնակ եք: Այդպես էի ես ինձ զգում: Ես արեցի այն, ինչ դուք կանեիք,- ես սկսեցի աղոթել հենց այդ մարաթոնի վազքուղում: Ես ասացի Երկնային Հորը, որ ես մենակ եմ, որ ես բլրի վրա եմ: Ես ասացի Նրան, որ ես հուսահատված եմ, վախեցած ու մոլորված: Ես օգնություն և ուժ խնդրեցի, որ հաստատակամ լինեմ և ավարտեմ մրցավազքը: Վազելը շարունակելիս` այս խոսքերը եկան միտքս.

Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր,

Որովհետև ես քո Աստվածն եմ և կօգնեմ քեզ:

Ես կզորացնեմ քեզ, կօգնեմ ու կհաստատեմ քեզ:

Կամրացնեմ քեզ իմ արդարության ամենազոր աջով:

(«Աստծո Սրբեր», Հիմներ և մանկական երգեր, էջ 6):

Աղոթքիս այդ քաղցր պատասխանը ինձ ուժ տվեց շարունակելու, մինչև ես հատեցի վերջնագիծը: Եվ չնայած իմ վախին, ամուսինս այնտեղ էր, և ամեն ինչ լավ էր:

Այդ օրը ես ավելին հասկացա, քան մարաթոնն է: Ես մի քանի կարևոր դասեր քաղեցի: Նախ, որ երբեք չհագնեմ մեծ կարմիր սպորտային շապիկ վրան Յուտա տպված: Երկրորդ, ես սովորեցի, որ անկախ նրանից, թե քո կարծիքով որքան լավ ես պատրաստված, ճանապարհին բլուրներ կան: Ես սովորեցի, որ անչափ կարևոր է, երբ մարդիկ ճանապարհին ոգևորում են քեզ: Այդ օրը ես կրկին անգամ սովորեցի, որ մենք երբեք միայնակ չենք: Մեր Երկնային Հայրը աղոթքի հեռավորության վրա է գտնվում, իսկ Սուրբ Հոգին` շշուկի հեռավորության վրա:

Ես վկայում եմ, որ երբ կանգնեք որպես վկա, հնազանդվեք պատվիրաններին և առաջ մղվեք «Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ», դուք երբեք միայնակ չեք լինի: Դուք կարող եք ապավինել Փրկչի Քավության զորությանը: Եվ ես վկայում եմ, որ այս ամուր հիմքի վրա կառուցելը կօգնի ձեզ դառնալ Նրա պես` հաստատակամ և անսասան «բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: