2008
Գիտե՞ք, թե ով եք դուք
Մայիս 2008


Գիտե՞ք, թե ով եք դուք

Գիտելիքը, թե ով եք դուք, քահանայության պարտականություններում ձեզ դարձնում է հոգեպես ուժեղ, առողջ և անսասան:

Նկար
Dean R. Burgess

Որպես Ահարոնյան քահանայության երիտասարդ տղամարդ՝ ես հիշում եմ այն հուզմունքը, որ զգում էի որպես նոր ձեռնադրված սարկավագ: Ես անհամբեր սպասում էի իմ քահանայության հանձնարարությունները կատարելուն: Լինելով Երեխաների Միության մի պատանի՝ ես շատ մոտիկից էի հետևում մեր ծխի սարկավագներին՝ սպասելով այն օրվան, երբ 12 տարեկան էի դառնալու, ստանալու էի քահանայություն և կարողանալու էի բաժանել հաղորդությունը: Այդ օրը վերջապես եկավ և շուտով հորս կողմից ձեռնադրվելուց հետո, որը ծխի եպիսկոպոսն էր, ես պատրաստ էի զգում , բայց հուզված, որպես նոր սարկավագ պարտականություններս սկսելու համար:

Այժմ ես պատկանում էի Ահարոնյան Քահանայության քվորումին: Քվորումի անդամներով մենք դարձանք լավագույն ընկերներ: Այդ ընկերությունն ու քվորումի եղբայրությունը շարունակում էր աճել իմ պատանեկության տարիներին, երբ սովորում էինք և միասին ծառայում՝ կատարելով քահանայության մեր պարտականությունները: Մենք բոլորս լավ ընկերներ էինք և ուրախ էինք զգում ու հաճելի ժամանակ անցկացնում՝ լինելով միասին մեր քվորումի միջոցառումների ժամանակ:

Մի կիրակի հաղորդության այն ջերմ և երկար ժողովներից մեկից հետո, մեր եպիսկոպոսության առաջին խորհրդականն ինձ մի կողմ կանչեց՝ ինձ հետ զրուցելու համար: Այս չծրագրված քահանայության հարցազրույցը օրհնություն դարձավ իմ կյանքում, քանի որ ես հաճախ եմ մտածել այն հարցի մասին, որ նա տվեց ինձ մեր կարճ, բայց կարևոր հանդիպման ընթացքում: Եղբայր Բեյթմանը նայեց աչքերիս ու հարցրեց. «Դին, գիտե՞ս, թե դու ով ես»: Բացարձակ լռություն տիրեց, իսկ հետո նա արագ և զորավոր հիշեցում տվեց. «Դու Ռեյդ Բուրգեսի որդին ես»:

Այդ հարցի իմաստն ու կարևորությունը վառվել է իմ սրտում երկար ժամանակ, և ես հաճախ եմ մտածել դրա մասին իմ պատանեկության տարիներին: Այդ լավ եղբոր «Դու գիտե՞ս, թե դու ով ես» հարցը տվել է ինձ ոգեշնչող առաջնորդություն ողջ իմ կյանքում և իմ ընտանիքին և քահանայությանը հարգանք ու պատիվ բերելու պարտավորություն:

Այսօր ես կկամենայի հարցնել ձեզանից յուրաքանչյուրին, Ահարոնյան Քահանայության երիտասարդներ, հենց այն նույն հարցը, որն ինձ տրվեց, երբ երիտասարդ էի. «Դուք գիտե՞ք, թե դուք ով եք»:

Գիտելիքը, թե դուք ով եք, քահանայության պարտականություններում ձեզ դարձնում է հոգեպես ուժեղ, առողջ և անսասան: Դուք վստահ եք դառնում հավատքով և ճիշտ որոշումներ ընդունելու վճռականությամբ: Դուք ունենում եք քաջություն պաշտպանելու այն, ինչ գիտեք, որ ճիշտ է: Դուք հասկանում եք, որ Աստծո քահանայությունը կրելու արտոնություն և Նրա անունով գործելու իշխանություն ունեք:

Ամմոնը՝ Մորմոնի Գրքի մի մեծ միսիոներ, Լամոնի թագավորի հավատարիմ և քաջ ծառան էր: Նա հրաշքով պահպանեց թագավոր Լամոնիի հոտերը և արեց ինչ հնարավոր էր, թագավորին ծառայելու համար: Լսելով Ամմոնի զորավոր գործերի մասին, Լամոնին հարցրեց, թե ով էր իսկապես Ամմոնը:

Ամմոնը հայտարարեց.

«Ահա, ես մարդ եմ, և քո ծառան եմ. հետևաբար, ինչ որ դու ցանկանաս, որը ճիշտ է, այն ես կանեմ:

Արդ, երբ թագավորը լսեց այս խոսքերը, նա կրկին զարմացավ, քանզի նա տեսավ, որ Ամմոնը կարողացավ կռահել իր մտքերը, բայց չնայած սրան, թագավոր Լամոնին բացեց իր բերանը, և ասաց նրան. Ո՞վ ես դու: Դու այն Մեծ Հոգի՞ն ես, որը գիտի բոլոր բաները:

Ամմոնը պատասխանեց և ասաց Նրան՝ Ես չեմ:

Այդ ժամանակ Ամմոնը բացատրեց, թե ով էր ինքը, երբ ասաց. «Ես մարդ եմ… . ստեղծված Աստծո պատկերով, և ես կանչվել եմ նրա Սուրբ Հոգու կողմից՝ ուսուցանելու այս բաները ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան բերվել իմացությանը նրա, ինչն արդար է և ճշմարիտ» (Ալմա 18.17–19, 34):

Պարզելը, թե ով ենք մենք, կյանքի մեծագույն որոնումներից մեկն է: Որպես ծնողներ և առաջնորդներ՝ մենք անկեղծ և ազնիվ ջանքեր ենք գործադրում՝ օգնելու նրանց, ովքեր սիրում են հասկանալ և իմանալ այս պարզ, բայց խորը «Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը:

Ես ձեզ եմ հարցնում Ահարոնյան Քահանայության երիտասարդներ. «Ինչպե՞ս եք ստանում գիտելիք և վկայություն այն մասին, թե ով եք դուք»:

Խնդրում եմ մտածեք հետևյալ երեք հարցերի և դրանց հետ կապված սկզբունքների մասին, որոնք կարևոր են՝ ձեր իսկական ինքնությունը հասկանալու համար:

Առաջինը` դուք գիտե՞ք, որ Աստծո որդի եք:

Դուք բառացիորեն Աստծո որդի եք` «հոգեպես ծնված նախամահկանացու կյանքում: Որպես Նրա զավակ` դուք կարող եք համոզված լինել, որ ունեք աստվածային, հավերժական ներուժ, և որ [ձեր Երկնային Հայրը] կօգնի ձեզ այդ ներուժին հասնելու ձեր անկեղծ ջանքերում» (Հավատքին հավատարիմ.Ավետարանի Վկայակոչում 2004], 74):

Այն գիտելիքը, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, և որ մենք Նրա զավակներն ենք, տալիս է մեզ ուժ, մխիթարություն և հույս՝ ապրելու այս մահկանացու կյանքը: Հովհաննեսի Առաջին Նամակում կարդում ենք.

«Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհքը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց:

Հիմա Աստծո որդիք ենք» (Ա Հովհաննես Գ.1–2):

Սիրառատ Երկնային Հոր համար դուք կարևոր եք: Երիտասարդ տղամարդիկ, միշտ աղոթեք: Առավոտյան և երեկոյան ձեր աղոթքները կօգնեն ձեզ իմանալ, որ դուք Աստծո որդի եք:

Երկրորդը` դուք գիտե՞ք, թե ով եք դուք Աստծո ծրագրում:

Ալման կոչել է այն «երջանկության մեծ ծրագիր» (Ալմա 42.8), մի ծրագիր, որ Աստված պատրաստել է ձեր և մեզանից յուրաքանչյուրի համար: Այս ծրագրին հետևելը հնարավոր կդարձնի մեզանից յուրաքանչյուրի համար երջանկություն վայելել այժմ և վերադառնալ Նրա ներկայություն մահանալուց հետո: Երկնային Հայրն ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ «արձակելու մահվան կապանքները» (Ալմա 7.12) և մեր մեղքերը և աշխարհի մեղքերը քավելու համար: Մեր մեղքերի համար Փրկչին տրված քավելու թույլատրությունը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ մեր Երկնային Հոր սիրո մեծագույն արտահայտությունն է: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես Գ.16): Փրկչի առաքելությունը գիտենալը, հավատալը և հասկանալը, օգնում է մեզ իմանալ, թե ով ենք մենք:

Որպես Երկնային Հոր ծրագրի մի մաս, դուք ուղարկվել եք երկրային տուն և ընտանիք: Ուխտերը, որոնք դուք անում եք Աստծո ծրագրով, որպես անհատ և որպես ընտանիքի մի մաս, կկապի ձեզ հավերժ ձեր ընտանիքին և Աստծո ընտանիքին ողջ հավերժության համար: Պատվեք և հարգեք այդ անունները, որոնք դուք կրում եք: Ապրեք Աստծո չափանիշներով և պատվիրաններով: Թույլ տվեք, որ ուրիշներն իմանան, թե ով եք դուք ըստ չափանիշների ապրելու միջոցով, ինչպես նշվում է «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում, խորհեք և ապրեք այդ աստվածային չափանիշներով: Դրանք ձեզ համար են:

Երրորդ՝ դուք գիտե՞ք, թե ով եք դուք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Դուք մկրտվել եք և ստացել Սուրբ Հոգին: Դուք Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցու անդամ եք: Սա Նրա Եկեղեցին է, և Նա տվել է մեզ Աստծո մարգարե՝ ուսուցանելու, առաջնորդելու և ուղեկցելու մեզ և ղեկավարելու Իր աշխատանքն այստեղ՝ երկրի վրա: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեր մարգարեն է այս «չար ժամանակներում» (Բ Տիմոթեոս Գ.1): Լսե՛ք նրան: Նա և մյուս ժամանակակից մարգարեները կսովորեցնեն ձեզ, թե ով եք դուք և ինչպես դառնաք Փրկչի նման:

Դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու անդամ եք և ձեռնադրվել եք՝ Աստծո քահանայությունը կրելու համար: Նախագահ Մոնսոնն ասել է. «Մեզ վստահվել է կրել քահանյությունը և գործել Աստծո անունով: Մենք սրբազան վստահության կրողներ ենք: Մեզանից շատ բան է սպասվում» (“A Royal Priesthood,” Liahona, Nov. 2007, 59):

Դուք պատկանում եք երիտասարդ տղաների քահանայության քվորումին, որտեղ դուք կարող եք զգալ մյուս քահանայություն կրողների եղբայրությունն ու ընկերությունը: Ձեզ համար քվորումը պաշտպանություն է աշխարհիկ ազդեցությունների դեմ: Դուք կարող եք ծառայել միմյանց և մասնակցել քահանյության արարողություններին: Ձեր քվորումներում դուք կարող եք նաև սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները, որն օգնում է ձեզ հասկանալ, թե ով եք դուք: Երիտասարդ տղաներ, պատվեք Աստծո քահանյությունը:

Ես վկայում եմ, որ իմանալով, թե ով եք դուք և պահելով ձեր խոստումներն ու ուխտերը Տիրոջ հետ, դուք երջանկություն կունենաք ձեր կյանքում:

Թող որ բոլորս կարողանանք իմանալ և հասկանալ, թե իսկապես ով ենք մենք: Թող որ Հոգին, որը զգում ենք մենք այսօր, բերի «վկայություն մեր հոգիներին, որ մենք Աստծո որդիք ենք» (Հռովմայեցիս Ը.16): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: