2008
Առատորեն օրհնված
Մայիս 2008


Առատորեն օրհնված

Մեր վկայությունները զորացան: Ես հավատում եմ, որ մենք բոլորս ավելի վճռական ենք ապրելու Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով:

Նկար
President Thomas S. Monson

Ես երկար տարիներ է համաժողով եմ հաճախում: Սակայն կարծում եմ, երբեք այսքան առատորեն օրհնված չեմ զգացել ինձ, որքան այս նիստին: Բազմաթիվ խոսնակներ արագ ուղերձներ հղեցին, միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը շատ կարևոր թեմա շոշափեց: Այսօր մենք հավատի, սիրո և խորհրդի խնջույք ունեցանք: Եկեք այս ամենը համակցենք մեր կյանքում:

Եղբայր Բալլարդ, մի քանի տարի առաջ իմ սիրելի կինը գնաց հիվանդանոց: Նա մի գրություն էր թողել երեխաներին. «Սիրելի երեխանե՛ր, մի թողեք հայրիկին, որ դիպչի վառարանին, կամ գազօջախին, կամ լվացքի մեքենային, կամ չորացնող ապարատին»: Ես ամաչում եմ ավելացում կատարել այդ ցուցակին:

Կարծեմ, Եղբայր Ուխդորֆն էր, որ ասաց. «Դու այսօր լսարանին պատմեցիր մայրիկիդ կողմի մասին, իսկ ինչ կասես հայրիկիդ կողմի մասին»: Այժմ ես մի երկու խոսք կասեմ հայրիկիս կողմի մասին:

Հայրիկիս կողմից պապս ծագումով Շվեդիայից է, իսկ նրա կինը` Անգլիայից: Նրանք հանդիպել են այստեղ եկող նավի մեջ: Նա սպասել է, որ այդ աղջիկը մեծանա, ապա ամուսնական առաջարկություն է կատարել: Նրանք ամուսնացել են Սոլթ Լեյքի Տաճարում, և նա իր օրագրում գրել է. «Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Ես ամուսնացա իմ սիրելիի հետ տաճարում` ժամանակի և հավերժության համար»:

Երեք օր անց, 1898թ. ապրիլի 23-ին, նա գրել է. «Նստեցի Ռիո Գրանդ Վեսթերն երկաթուղային կայարանից և վերջապես հասա Սկանդինավիա, որտեղ կանչվել էի միսիոներ ծառայելու»: Նա մեկնեց Շվեդիա` թողնելով իր երեք օրվա կնոջը:

Մատիտով գրված նրա օրագիրը ինձ տվեց հորեղբայրս, որն ինձ ընտրեց, որ պահեմ իր հոր օրագիրը: Ամենաշատը օրագրում գրված էր. «Ոտքերս թաց են»: Իսկ ամենագեղեցիկ գրությունը ասում է. «Այսօր մենք գնացինք Ջանսոնների տուն: Մենք հանդիպեցինք Քույր Ջանսոնին: Նա համեղ ճաշ էր պատրաստել մեզ համար: Նա լավ խոհարար է»: Ապա նա ասում է. «Բոլոր երեխաները երգում էին կամ հարմոն նվագում կամ էլ պարում, իսկ հետո նա վճարեց իր տասանորդը: Հինգ կրոն Տիրոջ համար, մեկ կրոն զուգընկերոջս` Երեց Իպսոնի, իսկ մեկ կրոն էլ ինձ համար»: Ապա թվարկվում էին երեխաների անունները:

Երբ ես կարդացի այդ օրագիրը, այնտեղ նշված էր իմ կնոջ հոր անունը, որը եղել էր այդ տանը, որը հավանաբար երգ էր երգել: Նա դարձել էր միակ դստեր հայրը, այն աղջկա, որի հետ ես ամուսնացա:

Առաջին անգամ տեսնելով Ֆրենսիզին, ես հասկացա, որ գտել եմ իմ աղջկան: Տիրոջ կամոք մենք ավելի ուշ հանդիպեցինք, և ես նրան խնդրեցի, որ ժամադրվենք: Ես գնացի նրանց տուն, որպեսզի նրան վերցնեմ: Նա ինձ ներկայացրեց իր ծնողներին, և նրա հայրն ասաց. «Մոնսոն, դա շվեդական անուն է, այնպես չէ՞»:

Ես ասացի. «Այո»:

Նա ասաց. «Լավ է»:

Ապա գնաց մյուս սենյակ և այնտեղից մի լուսանկար բերեց, որտեղ պատկերված էին երկու միսիոներներ` իրենց գլխարկներով և Մորմոնի Գրքի օրինակներով:

«Դու կապ ունե՞ս այս Մոնսոնի` Էլիաս Մոնսոնի հետ»,- հարցրեց նա:

Ես ասացի. «Այո, նա իմ պապիկի եղբայրն է: Նա էլ է Շվեդիայում միսիոներ եղել»:

Նրա հայրը արտասվեց: Նա արտասվեց անկաշկանդ: Նա ասաց. «Նա և իր զուգընկերը այն միսիոներներն էին, որ ուսուցանել են մայրիկիս և հայրիկիս, և բոլոր եղբայրներիս, քույրերիս և ինձ»: Նա համբուրեց մի թուշս: Ապա նրա մայրը արտասվելով համբուրեց մյուս թուշս: Ապա ես հայացքով փնտրեցի Ֆրենսիզին: Նա ասաց. «Գնամ վերարկուս վերցնեմ»:

Մի քանի տարի առաջ աշնանը սոսկալի բան տեղի ունեցավ իմ սիրելի Ֆրենսիզի հետ: Նա հիվանդանոց պառկեց: Նա կոմայի մեջ պառկեց մոտ 18 օր: Ես նստել էի նրա կողքին: Նրա ոչ մի մկանը չէր շարժվում: Երեխաները լալիս էին, թոռնիկները լալիս էին, ես արտասվում էի: Ոչ մի շարժում:

Ապա մի օր նա բացեց աչքերը: Ես արագ նրան մոտեցա: Ես նրան համբուրեցի և գրկեցի, ու ասացի. «Դու ետ եկար: Ես սիրում եմ քեզ»: Եվ նա ասաց. «Ես էլ քեզ եմ սիրում, Թոմ, բայց մենք լուրջ փորձանքի մեջ ենք ընկել»: Ես մտածեցի` դու ինչ գիտես փորձանքի մասին, Ֆրենսիզ: Նա ասաց. «Ես մոռացել եմ ուղարկել մեր չորրորդ եռամսյակի հարկային վճարումը»:

Ես նրան ասացի. «Ֆրենսիզ, եթե դու այդ մասին ասեիր ինձ նախքան ինձ համբուրելն ու ասելը, որ սիրում ես ինձ, ես հավանաբար կթողնեի քեզ այստեղ»:

Եղբայրնե՛ր, եկեք մեր կանանց վերաբերվենք արժանապատվորեն և հարգանքով: Նրանք մեր հավերժական ընկերակիցներն են: Քույրե՛ր, պատվեք ձեր ամուսիններին: Նրանք բարի խոսքի կարոտ են: Նրանք ընկերական ժպիտի կարոտ են: Նրանք անկեղծ սիրո ջերմ արտահայտման կարոտ են:

Իմ ընտանիքին մի պահ թողնելով, եղբայրնե՛ր և քույրե՛ր, ասեմ, որ սա հրաշալի համաժողով էր: Մենք շենացանք իմաստուն և ոգեշնչված ուղերձներով: Մեր վկայությունները զորացան: Ես հավատում եմ, որ բոլորս ավելի վճռական ենք` ապրելու Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով:

Մենք ոչ միայն օրհնվեցինք հրաշալի ելույթներով, մենք նաև վեհացանք մեզ մատուցված գեղեցիկ երաժշտությամբ: Մենք առատորեն օրհնված ենք Եկեղեցում նրանց կողմից, ովքեր իրենց երաժշտական տաղանդներով կիսվում են մեզ հետ: Այս երկու օրերի ընթացքում յուրաքանչյուր երգչախումբ հրաշալի կատարումներ է ունեցել:

Ես իմ սերն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և բոլոր ունկնդիրներին: Ես զգացել եմ ինձ համար ասված ձեր աղոթքները, հաստատվել և օրհնվել եմ այս երկու ամիսների ընթացքում, այն օրից ի վեր ինչ մեր սիրելի Նախագահ Հինքլին հեռացավ մեզանից: Մեկ անգամ ևս, ես գնահատում եմ ձեր հաստատող ձայնը:

Ես չեմ կարող ինչպես հարկն է իմ երախտագիտությունը հայտնել այս վերջին օրերին ավետարանի Վերականգնման և իմ կյանքում դրա նշանակության համար: Մեզանից յուրաքանչյուրը ներգործվել և վերափոխվել է` հետևելով Փրկչին և հավատարիմ մնալով Նրա ավետարանի սկզբունքներին:

Ծնողնե՛ր, ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր երեխաներին: Դուք գիտեք, որ սիրում եք նրանց, սակայն հավաստիացեք, որ նրանք էլ գիտեն դա: Նրանք այնքան թանկ են: Թող նրանք իմանան դա: Կանչեք առ մեր Երկնային Հայրը օգնություն խնդրելով, երբ նրանց կարիքներն եք հոգում ամեն օր, և երբ ծնող լինելու դժարություններն եք հաղթահարում: Նրանց մեծացնելիս դուք ձեր իմաստությունից ավելի շատ իմաստության կարիք ունեք:

Մենք գովաբանում ենք մեր հրաշալի երիտասարդներին, ովքեր կանգնում են աշխարհի անիրավության դեմ և իրենց լավագույն կարողությամբ ապրում պատվիրաններով:

Նրանք, ովքեր կարողանում են գնալ տաճար, ես խորհուրդ եմ տալիս, հաճախ գնալ տաճար: Այդպիսով, դա կամրացնի ամուսնություններն ու ընտանիքները:

Եկեք բարի լինենք միմյանց հանդեպ, տեղյակ լինենք միմյանց կարիքներից և փորձենք օգնել միմյանց:

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես սիրում եմ ձեզ և աղոթում եմ ձեզ համար: Խնդրում եմ աղոթեք ինձ համար: Եվ միասին մենք կքաղենք օրհնությունները, որ մեր Երկնային Հայրը պահել է մեզանից յուրաքանչյուրի համար: Սա իմ աղոթքն է, իմ աղերսը ի հավելումն իմ վկայության: Այս աշխատանքը ճշմարիտ է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: