2008
Հիսուս Քրիստոսի ավետարանը
Մայիս 2008


Հիսուս Քրիստոսի ավետարանը

Ավետարանը սովորեցնում է մեզ այն ամենը, ինչ պետք է իմանանք, որպեսզի վերադառնանք ապրելու մեր Երկնային Հոր հետ:

Նկար
Elder L. Tom Perry

Պողոս առաքյալը համարձակորեն հայտարարել է. «Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում. որովհետև Աստուծոյ զորություն է փրկելու համար ամեն հավատացողին» (Հռովմայեցիս Ա.16): Այս նույն համարձակությունը դրսևորում են մեր լիաժամկետ միսիոներները` ծառայելով աշխարհի տարբեր մասերում:

Էությամբ, Հիսուս Քրիստոսի ավետարանը հինգ բաղադրիչներից բաղկացած հավերժական կյանքի բաղադրատոմս է: Նախ, եկեք տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ, եթե մենք հետևում ենք այս բաղադրատոմսին և ապա խոսենք բաղադրիչներից յուրաքանչյուրի մասին:

Ի՞նչ գիտենք հավերժական կյանքի մասին: Մովսես 1.39-ում մենք սովորում ենք, որ Տիրոջ աշխատանքը և փառքն է` իրականացնել մեր անմահությունն ու հավերժական կյանքը: Սա սովորեցնում է մեզ, որ անմահությունն ու հավերժական կյանքն առանձին բաներ են: Հավերժական կյանքի փառքը, որը խոստացվել է միայն, երբ որոշակի պայմաններ կբավարարվեն, շատ ավելի մեծ է, քան անմահության պարգևը:

Ըստ Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնքիի.«Հավերժական կյանքը անուն չէ, որին հղում է կատարվում միայն անվերջ տևողությամբ ապագա կյանքի մասին խոսելիս, անմահություն նշանակում է հավերժ ապրել հարություն առած վիճակում, և Աստծո շնորհով բոլոր մարդիկ ձեռք կբերեն այս անվերջ շարունակվող կյանքը: Սակայն միայն նրանք, ովքեր կհնազանդվեն ավետարանի օրենքի լրիվությանը, կժառանգեն հավերժական կյանքը …«Դա Աստծո պարգևներից մեծագույնն է», … քանզի այն կյանքի տեսակ, վիճակ և որակ է, որը վայելում է Ինքն Աստված: Ուստի, նրանք, ովքեր ձեռք են բերում հավերժական կյանք, ստանում են վեհացում. նրանք Աստծո որդիներն են, Քրիստոսի հետ ժառանգակիցներ, Անդրանիկի Եկեղեցու անդամներ. նրանք հաղթահարում են ամեն ինչ, ունեն ողջ զորությունը և ստանում են Հոր լիությունը» (Mormon Doctrine, 2nd ed., [1966], 237):

Ինչպես նշված է Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկի 1-ին էջում, մեր միսիոներների պարտականությունն է` «հրավիրել մյուսներին գալ դեպի Քրիստոսը` օգնելով նրանց ստանալու վերականգնված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատով, ապաշխարությամբ, մկրտությամբ Սուրբ Հոգին … ստանալով և մինչև վերջ համբերելով» (2004):

Շատ խոհարարական գրքերում բաղադրատոմսերով պատրաստված կատարյալ ուտեստների նկարներ կան` պատրաստելու ուրախության լիություն: Այդ նկարները կարևոր են, քանի որ դրանց օգնությամբ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպիսին կլինի արդյունքը, եթե խստորեն հետևենք բաղադրատոմսի հրահանգներին: Կարևոր է սկսել, մտքում ունենալով վերջը, սակայն խոհարարական գրքի նկարներով ներկայացված արդյունքը հնարավոր կլինի ստանալ, եթե ամեն ինչ ճիշտ արվի: Եթե քայլերին ճիշտ չես հետևում կամ որևէ բաղադրիչ դուրս է մնում կամ սխալ չափով լցվում, հազիվ թե ցանկալի համն ու տեսքը ստանանք: Ինչևէ, կատարյալ ուտեստի նկարը կարող է մեզ համար շարժառիթ հանդիսանալ կրկին փորձելու ստանալ ինչ-որ բան, որը և՛ համեղ է, և՛ գեղեցիկ:

Երբ մտածում ենք հավերժական կյանքի մասին, ինչպիսի՞ նկար է գալիս մեր միտք: Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք մեր մտքում ստեղծել հավերժական կյանքի մի պարզ ու ճշմարիտ պատկեր, կսկսենք այլ կերպ վարվել: Մինչև վերջ համբերելու առումով շատ բաներ անելու համար խրախուսանքի կարիք չենք ունենա, օրինակ` մեր տնային ուսուցումը կամ այցելությամբ ուսուցումը կատարելը, մեր ժողովներին հաճախելը, տաճար գնալը, բարոյական կյանքով ապրելը, մեր աղոթքներն ասելը, կամ սուրբ գրություններ կարդալը: Մենք կցանկանանք կատարել այդ ամենը և ավելին, որովհետև մենք գիտակցում ենք, որ այդ ամենը մեզ կպատրաստի գնալ մեր փափագած վայրը:

Ինչո՞ւ միսիոների նպատակը պետք է լինի նախ օգնել մյուսներին` հավատ ձեռք բերել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ: Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու համար մարդիկ պետք է նախ ընդունեն Նրան, ում Ավետարանն է դա: Նրանք պետք է վստահեն Փրկչին և այն, ինչ Նա ուսուցանել է մեզ: Նրանք պետք է հավատան, որ Նա զորություն ունի պահելու մեզ տված Իր խոստումները` Քավության արժանիքով: Երբ մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսին, նրանք ընդունում և կիրառում են Նրա Քավությունը և Նրա ուսմունքները:

Ինչպես արձանագրված է 3 Նեփիի 27-րդ գլխում, Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին Իր ավետարանի, Իր երկրային ծառայության և Քավության փոխկապակցվածության մասին, երբ ասաց.

«Ահա, ես տվել եմ ձեզ իմ ավետարանը, և այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ …

Եվ կլինի այնպես, որ ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, կլցվի Սուրբ Հոգով. և եթե նա համբերի մինչև վերջ, ահա, նրան ես կհամարեմ անմեղ իմ Հոր առաջ, այն օրը, երբ ես կկանգնեմ՝ դատելու աշխարհը» (հհ. 13, 16):

Հավատն առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը դարձնում է մեզ դեպի Նա: Աշխարհն ուսուցանում է մեզ տեսնելով հավատալ, իսկ մեր հավատն առ Տերը ուղղորդում է մեզ դեպի հավատալը, որի շնորհիվ կարող ենք տեսնել Նրա և Հոր ծրագիրը մեզ համար:

Մեր հավատը նաև մեզ մղում է գործել, պարտավորություններ ստանձնել և փոփոխություններ կրել, որոնք կապված են ճշմարիտ ապաշխարության հետ: Ինչպես Ամուղեկն է ուսուցանում Ալմայի 34-րդ գլխում.

«Հետևաբար, միայն նրա համար, ով ունի հավատք ապաշխարության համար, իրագործվում է փրկագնման մեծ և հավերժական ծրագիրը:

Հետևաբար, թող Աստված շնորհի ձեզ, ի՛մ եղբայրներ, որ դուք կարողանաք գործադրել ձեր հավատքն ապաշխարության համար, որ դուք սկսեք կանչել առ նրա սուրբ անունը, որպեսզի նա ողորմածություն ունենա ձեզ վրա.

Այո, կանչե՛ք առ նա՝ ողորմածության համար. քանզի նա հզոր է փրկելիս» (հհ. 16–18):

Ինչո՞ւ պետք է անհատներն ապաշխարեն, մինչև մկրտվելն ու Սուրբ Հոգին ստանալը: Քրիստոսի ձայնը Նեփիացիներին հռչակեց զոհաբերության օրենքի նպատակը և ապա Նա ասաց. «Եվ դուք պիտի մատուցեք ինձ որպես զոհ՝ կոտրված սիրտ և ապաշխարող հոգի: Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և ապաշխարող հոգով, նրան կմկրտեմ ես կրակով և Սուրբ Հոգով» (3 Նեփի 9.20):

Այս նույն պահանջը քննարկվում է Վարդապետություն և Ուխտերի 20-րդ բաժնի մի հատվածում, որը մենք հաճախ օգտագործում ենք ներկայացնելու մկրտության պահանջները: Հատված 37-ն ասում է. «Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են մկրտվել, և առաջ են գալիս կոտրված սրտով և փշրված հոգով, և եկեղեցու առաջ վկայում են, որ իրենք ճշմարտապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից … մկրտությամբ պիտի ընդունվեն իր եկեղեցին»:

Այս հատվածները ուսուցանում են հիմնական դասեր ապաշխարության բնույթի մասին, որպես պատրաստություն մկրտության և Սուրբ Հոգին ստանալու համար, ապաշխարության համար անհրաժեշտ է համեստություն: Մկրտվելուն և մեզ վրա Քրիստոսի անունը վերցնելուն պատրաստվելու համար պետք է մեզ խոնարհեցնենք Նրա առաջ, որպես զոհ մատուցենք կոտրված սիրտ և փշրված հոգի և ընդունենք Նրա կամքը: Երկրորդ, մենք սովորում ենք, որ անձինք պետք է վկայեն Եկեղեցու կամ Եկեղեցու ներկայացուցչի առաջ, որ ապաշխարել են իրենց մեղքերից: Վերջապես, մենք ընդունում ենք, որ ապաշխարությունը, որը մաքրագործման գործընթաց է, նախորդում է մկրտությանը, որը մաքրագործման արարողություն է, որպեսզի տվյալ անձին պատրաստի Սուրբ Հոգին ստանալուն: Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Սուրբ Հոգու պարգևը մատչելի է միայն նրանց, ովքեր մաքրագործված են աշխարհի մեղքերից:

Ինչո՞ւ է մեզ համար անհրաժեշտ մկրտվել և Սուրբ Հոգին ստանալ: Օրսոն Բ. Վիթնին ուսուցանել է. «Մկրտությունը կրկնակի առաքելություն է կատարում: Այն ոչ միայն մաքրում է, այն լուսավորում է հոգին, բացահայտում է Աստծո բաները` անցյալ, ներկա և ապագա, և բերում է Ճշմարտության մասին կայուն վկայություն: Մեղքից մաքրված հոգին այնպիսի վիճակում է, որ կարող է վայելել Սուրբ Հոգու մնայուն ազդեցությունը, որը «չի բնակվում անմաքուր տաղավարներում»: Ջրով մկրտությունը սկսվում է մաքրագործումից և լուսավորվածությունից: Հոգով մկրտությունը լրացնում է այն» (Baptism-The Birth of Water and of Spirit [n.d.], 10):

Ջրով և կրակով մկրտության արարողությունը Նեփին ներկայացրել է որպես դարպաս (տես 2 Նեփի 31.17): Ինչո՞ւ է մկրտությունը դարպաս: Որովհետև դա արարողություն է, որով մտնում ես Աստծո և մարդու միջև սուրբ և կապող ուխտի մեջ: Մարդիկ խոստանում են թողնել աշխարհը, սիրել և ծառայել իրենց մերձավորներին, այցելել որբերին և այրիներին նրանց նեղության մեջ, հռչակել խաղաղություն, քարոզել ավետարանը, ծառայել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները: Տերը խոստանում է «ավելի առատորեն դուրս թափել իր Հոգին» (Մոսիա 18.10) մեզ վրա, փրկագնել Իր Սրբերին աշխարհիկ և հոգևոր առումով, նրանց համարել նրանց թվում, ովքեր պատկանում են Առաջին Հարությանը, և հավերժական կյանք պարգևել: Մկրտությունը և Սուրբ Հոգին ստանալը տրված միջոցներ են` ոտք դնելու հավերժական կյանք տանող «նեղ ու անձուկ» ճանապարհին:

Ըստ Պողոս Առաքյալի, մկրտությունը նաև խորհրդանշում է ջրի գերեզմանի մեջ իջնելը, որտեղից մենք բարձրանում ենք «կյանքի նորոգությունով» (Հռովմայեցիս Զ.4) Քրիստոսում: Մկրտության արարողությունը խորհրդանշում է Քրիստոսի մահն ու Հարությունը,- մենք մահանում ենք Նրա հետ, այնպես որ կարող ենք ապրել Նրա հետ: Այս առումով, մկրտությունը առաջին փրկող արարողությունն է, իսկ Սուրբ Հոգին ստանալն օգնում է մեզանից յուրաքանչյուրին առաջ գնալ և համբերել մինչև վերջ:

Ինչպե՞ս ենք համբերում մինչև վերջ: Մինչև վերջ համբերելը պահանջում է հավատարմություն մինչև վերջ, ինչպես Պողոսի դեպքում, որն ասաց Տիմոթեոսին. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի» (Բ Տիմոթեոս Դ.7): Իհարկե, սա հեշտ խնդիր չէ: Այն պետք է որ դժվար, մարտակոչերով լի և, ի վերջո, հղկող լինի, քանի որ պատրաստվում ենք վերադառնալ Մեր Երկնային Հոր մոտ և ստանալ հավերժական օրհնություններ:

Մինչև վերջ դիմանալը պարզապես ինքնուրույն կատարելու նախագիծ չէ: Առաջինը, այն պահանջում է Փրկչի փրկագնող զորությունը: Մենք չենք կարող վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայություն, եթե մաքուր չենք, այնպես որ պետք է շարունակենք ապաշխարել: Կարևորը, մենք ապաշխարում ենք ժամանակ առ ժամանակ, սակայն ամեն շաբաթ նաև հաճախում ենք հաղորդության ժողովին` ընդունելու հաղորդությունը և նորոգելու մեր մկրտության ուխտերը: Երկրորդ, մինչև վերջ համբերելը պահանջում է Սուրբ Հոգին, որը կառաջնորդի և կսրբագործի մեզ: Երրորդ, մենք պետք է լինենք Սրբերի համայնքի բաղկացուցիչ մասը, ծառայելով և ծառայություն ստանալով Ավետարանի մեր եղբայրների և քույրերի կողմից: Մկրտությամբ մենք դառնում ենք Քրիստոսի մարմնի մի մասը (տես Ա Կորնթացիս ԺԱ.11–13). յուրաքանչյուրս դեր ունի կատարելու, յուրաքնաչյուրս կարևոր է, սակայն հաջողության հասնելու համար մենք պետք է միավորվենք մեր Փրկչով: Չորրորդ, մենք պետք է ավետարանով կիսվենք մյուսների հետ: Տիրոջ մոտ թեկուզ մեկ հոգի բերելու խոստումները կարևոր և հավերժական են (տես ՎևՈւ 18.15): Ավելին, ավետարանը բնականաբար ավելի խորը արմատներ է գցում նրանց մեջ, ովքեր հաճախ են կիսվում դրանով: Վերջապես, մենք պետք է միշտ հավատ և հույս պահպանենք առ Քրիստոս մինչև վերջ համբերելու համար, և մյուս բաների շարքում մենք աղոթում ենք, ծոմ ենք պահում և սուրբ գրություններն ենք կարդում: Այս ամենը կամրացնի մեզ հակառակորդի խորամանկ ծրագրերի և կրակոտ նետերի դեմ:

Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանը, քանզի այն նշում է, ինչպես կարող ենք ճաշակել ավետարանի պտուղը, «անչափ մեծ ուրախություն» (1 Նեփի 8.12) ապրել, որը միայն դրա շնորհիվ կգա, և մահկանացու կյանքի դժվարությունների միջով համբերել մինչև վերջ: Ավետարանը սովորեցնում է մեզ այն ամենը, ինչ պետք է իմանանք, որպեսզի վերադառնանք ապրելու մեր Երկնային Հոր հետ, որպես հարություն առած և փառավորված էակներ: Թող որ բոլորս մեր մտքում պահպանենք հավերժական կյանքի մտապատկերը: Թող որ մենք ջանասիրաբար հետևենք հավերժական կյանքի բաղադրատոմսին, որը Հիսուս Քրիստոսի ավետարանն է: Թող որ մենք համբերենք մինչև վերջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: