2008
Բուժել բռնության կործանարար հետևանքները
Մայիս 2008


Բուժել բռնության կործանարար հետևանքները

Բժշկվելու զորությունը պարունակվում է Հիսուս Քրիստոսի Քավության մեջ:

Նկար
Elder Richard G. Scott

Ես հանդիսավոր վկայություն եմ բերում, թե որքան խորն է իմ սերը հանդեպ մեր նոր մարգարեն, տեսանողը և հայտնողը, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ես մեծապես վստահում եմ նրան, և պատրաստակամ եմ անելու այն, ինչ նա կխնդրի ինձ անել:

Որոշ հարցեր այնքան զգայուն և խիստ անձնական են, և կարող են այնպիսի ցավալի զգացումներ արթնացնել, որ դրանց մասին հազվադեպ են խոսում հրապարակայնորեն: Սակայն, եթե դրանց հետ գործ ունենալ զգուշությամբ և կարեկցանքով, ճշմարտության լույսի ներքո, նման հարցերի քննարկումը կարող է ընդլայնել հասկացողությունը, թեթևացնելով ցավը, տալով բուժման օրհնություն և անգամ կանխելով հետագա ողբերգությունները:

Բուժման ուղի գտնելու խորը ցանկությունն է ինձ ստիպում խոսել ձեզ հետ, ովքեր տառապում են մտավոր, բանավոր, ֆիզիկական և հատկապես սեռական բռնության հետևանքներից: Ես դիմում եմ նաև նրանց, ովքեր դրա պատճառն են: Ես կխոսեմ սեռական բռնության մասին, թեև տրված խորհուրդը կարող է օգնել նաև այլ տեսակի բռնության զոհերին: Իմ նպատակն է գործել որպես հայելի, որի միջոցով աստվածային բուժող լույսը կարող է շողալ ճնշվածության մութ ամպերի միջից, որ պատճառել են ուրիշների անարդար արարքները: Թող որ ես օգնություն ստանամ, որպեսզի կարողանամ հասկանալի ձևով հաղորդակցվել, օգնել, և ոչ թե էլ ավելի բարդացնել վնասված կյանքը: Հնարավոր է նաև, որ ավելի խորը հասկացողությունը, իրազեկությունը և զգայունությունը թույլ տա մնացածին օգնել կամ կանխարգելել էլ ավելի շատ զոհերի ողբերգությունը:

Այս դաժան, պիղծ մեղքի բարձրացող ալիքը հնարավոր է չի դիպչել անձամբ ձեր կյանքին: Այնուամենայնիվ, այն այնքան մեծ տարածում է գտել աշխարհում, որ կարող է դիպչել նրանց, ում սիրում եք: Այն հաճախ պատճառում է խոր տառապանք, որը կարելի է հաղթահարել, և ես ցանկանում եմ խոսել այն մասին, թե ինչպես կարելի է ստանալ ապաքինում: Դա կարվի պատկառանքով, քանզի իմ նպատակն է օգնել բուժել, ոչ թե խորացնել ցավալի հիշողությունները:

Ազատ ընտրություն

Բարոյական ընտրության ազատությունը կենսական տարր է մեր Երկնային Հոր տված երջանկության ծրագրի մեջ: Նա հասկանում էր, որ Իր հոգևոր զավակներից ոմանք ոչ ճիշտ կօգտագործեն այդ ազատությունը, լուրջ խնդիրներ ստեղծելով ուրիշների համար: Ոմանք անգամ կչարաշահեն սուրբ վստահությունը, ինչպես հայրը կամ ընտանիքի որևէ անդամ կարող է բռնանալ անմեղ երեխային: Քանի որ մեր Երկնային Հայրը բացարձակ արդար է, պետք է լինի ճանապարհ ազատ ընտրության նման վնասարար օգտագործման ողբերգական հետևանքները հաղթահարելու համար` ինչպես զոհի, այնպես էլ բռնացողի համար: Ապահով բուժումը հնարավոր է Նրա Սիրեցյալ Որդու` Հիսուս Քրիստոսի Քավության զորության միջոցով, որն ուղղում է այն, ինչն անարդար է: Հիսուս Քրիստոսի և Նրա բժշկելու զորության հանդեպ հավատը բռնության ենթարկվածներին միջոցներ է տրամադրում` հաղթահարելու մեկ ուրիշի անիրավ արարքների սոսկալի հետևանքները: Լիարժեք ապաշխարության հետ համատեղ Քավությունը թույլ է տալիս նաև բռնացողին ազատվել այն խիստ պատժից, որը Տերը սահմանել է նման արարքների համար:

Զոհերին

Ես վկայում եմ, որ ճանաչում եմ լուրջ բռնության զոհերի, որոնք Քավության զորության շնորհիվ անցել են լիարժեք ապաքինում տանող ողջ դժվար ճանապարհը: Նրանից հետո, երբ իր սեփական մտահոգությունները լուծում ստացան Քավության զորությանը հավատալու շնորհիվ, մի երիտասարդ աղջիկ, որին դաժանորեն բռնացել էր սեփական հայրը, մեկ այլ հարցազրույց խնդրեց: Նա վերադարձավ մի մեծահասակ զույգի հետ: Ես զգացի, որ նա երկուսին էլ խորապես սիրում էր: Նրա դեմքը երջանկություն էր արձակում: Նա ասաց. «Երեց Սքոթ, սա իմ հայրն է: Ես սիրում եմ նրան: Նա մտահոգված է նրանով, ինչ տեղի է ունեցել իմ մանկության ժամանակ: Դա այլևս ինձ համար խնդիր չէ: Կարո՞ղ եք օգնել նրան»: Փրկչի բժշկելու զորեղ ունակության ինչպիսի հզոր հաստատում: Նա այլևս չէր տառապում բռնության հետևանքներից, որովհետև բավականին խորը հասկացողություն էր ձեռք բերել Նրա Քավության մասին, ուներ բավականին հավատք և հնազանդ էր Նրա օրենքին: Երբ դուք գիտակցաբար ուսումնասիրեք Քավությունը և գործադրեք ձեր հավատքը, իմանալով, որ Հիսուս Քրիստոսը բժշկելու զորություն ունի, դուք կարող եք ստանալ հանգստության նույն օրհնությունը: Վերականգնվելու ճանապարհին ընդունեք Նրա հրավերը` թող Նա կիսի ձեր բեռը մինչև բուժվելու համար բավականաչափ ժամանակ և ուժ կունենաք:

Բռնության հետևանքներից բուժվելու համար կարևոր է հասկանալ, թե ումից է գալիս այդ բռնությունը: Սատանան բռնության բոլոր կործանարար արդյունքների հեղինակն է: Նա առանձնահատուկ ունակություն ունի տանելու մարդուն կույր արահետներով, որտեղ ծայրահեղ խորը խնդիրների լուծումները հնարավոր չէ գտնել: Նրա ռազմավարությունն է` բաժանել տառապող հոգին բժշկվելու հնարավորությունից, որը կարելի է ստանալ կարեկցող Երկնային Հորից և սիրող Քավիչից:

Եթե դուք բռնության եք ենթարկվել, Սատանան կփորձի ձեզ համոզել, որ լուծում չկա: Սակայն նա հիանալի գիտի, որ կա բուժում: Սատանան հասկանում է, որ բուժումը գալիս է Իր զավակներից յուրաքանչյուրի հանդեպ Երկնային անսասան սիրուց: Նա նաև հասկանում է, որ բժշկվելու զորությունը պարունակվում է Հիսուս Քրիստոսի Քավության մեջ: Այսպիսով, նրա ռազմավարությունն է անել հնարավոր ամեն ինչ ձեզ ձեր Հորից ու Նրա Որդուց առանձնացնելու համար: Թույլ մի տվեք, որ Սատանան ձեզ համոզի, որ դուք օգնության սահմաններից դուրս եք:

Սատանան օգտագործում է բռնությունը ձեր ինքնավստահությունը թուլացնելու, իշխանության հանդեպ վստահությունը կորցնելու, վախ ստեղծելու և հուսահատության զգացումներ առաջացնելու համար: Բռնությունը կարող է վնասել առողջ մարդկային հարաբերություններ հաստատելու ձեր կարողությանը: Դուք պետք է հավատաք, որ այս բոլոր բացասական հետևանքները կարող են վերացվել, հակառակ դեպքում դրանք թույլ չեն տա ձեզ լիովին վերականգնվել: Մինչ այդ հետևանքները հզոր ազդեցություն են թողնում ձեր կյանքի վրա, նրանք չեն բնորոշում ձեր իսկական եսը:

Սատանան կփորձի բաժանել ձեզ ձեր Երկնային Հորից, հաղորդելով այն միտքը, որ եթե Նա ձեզ սիրեր, ապա նա թույլ չէր տա այդ ողբերգությունը: Մի հրաժարվեք իսկական բժշկողից` չարի իշխանի խաբեության և նրա չար ստերի պատճառով: Հասկացեք, որ եթե դուք զգում եք, թե Երկնային Հայրը ձեզ չի սիրում, դա Սատանայի շահարկումներն են: Թեև կարող է շատ դժվար թվալ աղոթել, ծնկի իջեք և Երկնային Հորը խնդրեք ձեզ կարողություն տալ վստահել Իրեն և զգալ ձեր հանդեպ Նրա սերը: Խնդրեք օգնել հասկանալ, որ Նրա Որդին կարող է բժշկել ձեզ Իր գթառատ Քավության միջոցով:

Սատանայի առաջարկն էր, որ Հոր զավակներին ստիպվեր հնազանդվել, որպեսզի բարոյական ընտրության ազատություն և, հետևաբար, անձնական աճ չլիներ: Բարոյական ընտրության ազատությունը պահպանելու համար Տերը չի արգելում մարդկանց օգտագործել այդ ազատությունը ոչ պատշաճ ճանապարհներով: Ինչևէ, Նա կպատժի մարդկանց այդ արարքների համար, եթե չլինի լիարժեք ապաշխարություն: Սուրբ Հոգու միջոցով, Նա ուղարկում է զգուշացնող հուշումներ բռնացողին, սակայն այդ անձնավորության ստոր ախորժակն այնքան հզոր է, որ խափանում է հոգևոր առաջնորդությունը: Ահա թե ինչու մեր Հայրը ճանապարհ է տվել բուժելու այդ արարքների հետևանքները, որոնք ուժի, իշխանության չարաշահման կամ մյուսի վախի միջոցով ժամանակավորապես զրկում են զոհին ընտրության ազատությունից:

Բուժման սկզբում պահանջվում է մանկական հավատք այն անդառնալի փաստի հանդեպ, որ Երկնային Հայրը սիրում է ձեզ և տվել է բժշկվելու ճանապարհը: Նրա Սիրեցյալ Որդին` Հիսուս Քրիստոսը, տվեց Իր կյանքը այդ բուժումն ապահովելու համար: Սակայն չկա հրաշագործ լուծում, հասարակ դեղամիջոց բժշկվելու համար, ոչ էլ հեշտ ճանապարհ դեպի լիարժեք ապաքինումը: Բժշկումը պահանջում է խոր հավատք առ Հիսուս Քրիստոս և բուժելու Նրա անսահման կարողությունը:Դա արմատավորված է վարդապետությունը հասկանալու և դրան հետևելու վճռականության մեջ:

Բուժումը կարող է սկսել հասկացող եպիսկոպոսից, ցցի նախագահից կամ իմաստուն մասնագետ խորհրդատուից: Եթե ձեր ոտքը կոտրվել է, դուք չեք փորձի այն բուժել ինքնուրույն: Լուրջ բռնությունը նույնպես մասնագիտական օգնություն է պահանջում: Բուժումը տարբեր ձևով կարելի է սկսել, սակայն հիշեք, որ լիարժեք բուժումը կատարվում է Փրկչի, Տեր Հիսուս Քրիստոսի, մեր Վարդապետի ու Քավիչի միջոցով: Հավատք ունեցեք, որ ջանք գործադրելու դեպքում Նրա կատարյալ, հավերժական, անսահման Քավությունը կարող է բուժել ձեզ բռնության հետևանքների տառապանքից:

Որքան էլ որ անհնարին դա ձեզ թվա այժմ, ժամանակի ընթացքում Փրկչից ստացած ձեր բուժումը թույլ կտա ձեզ ամբողջովին ներել բռնացողին, անգամ ցավակցել նրան: Երբ դուք կարողանաք ներել վիրավորանքը, դուք կազատվեք ցավից և վշտից, որոնք Սատանան ուզում է, որ լինեն ձեր կյանքում, խրախուսելով ձեզ ատել բռնացողին: Արդյունքում, դուք ավելի մեծ խաղաղություն կունենաք: Բուժման ընթացքում, եթե ներման միտքը ձեզ ավելի մեծ ցավ է պատճառում, մի կողմ այն դրեք, մինչև որ ավելի մեծ փորձ ձեռք բերեք Փրկչի բուժման զորության հետ ձեր կյանքում:1

Եթե ձեզ բռնության են ենթարկում կամ դուք բռնության եք ենթարկվել անցյալում, քաջություն գտեք դիմելու օգնության: Մի գուցե ձեզ խստորեն սպառնացել են կամ ստիպել են վախենալ, որ դուք չբացահայտեք այն: Քաջություն ունեցեք գործելու հիմա: Փնտրեք որևէ մեկի օգնությունը, ում կարող եք վստահել: Ձեր եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող է ձեզ արժեքավոր խորհուրդ տալ և օգնել դիմել քաղաքացիական իշխանություններին: Բացատրեք, թե ինչպես եք դուք բռնության ենթարկվել և բացահայտեք նրան, ով բռնացել է: Պաշտպանություն խնդրեք: Ձեր գործողությունը կարող է օգնել ուրիշներին խուսափել անմեղ զոհ դառնալուց և հետագա տառապանքներից: Ստացեք օգնություն այժմ: Մի վախեցեք, քանզի վախը Սատանայի գործիքն է, որը ձեզ տառապանքի մեջ է պահում: Տերը կօգնի ձեզ, բայց դուք պետք է դիմեք օգնության համար:

Մի հուսահատվեք, երբ սկզբում եպիսկոպոսը տատանվում է, երբ դուք ասում եք ով է բռնացողը: Հիշեք, որ գիշատիչները փորձառու եղանակով այնպիսի դեմք են ընդունում հասարակության մեջ, որը քողարկում է իրենց ամոթալի գործերը: Աղոթեք, որպեսզի ուղղություն ստանաք օգնության դիմելու ձեր ջանքերում: Այդ օգնությունը կտրվի: Կատարյալ Դատավորը, Հիսուս Քրիստոսը, բոլոր մանրամասների կատարյալ գիտելիքով, բոլոր բռնացողներին պատասխանատվության կկանչի յուրաքանչյուր անարդար արարքի համար: Կգա ժամանակը, երբ Նա ամբողջովին կկիրառի արդարադատության պահանջները, եթե լիարժեք ապաշխարություն չլինի: Արդարադատության անհրաժեշտության համար մտահոգվածությունը միայն կդանդաղեցնի ձեր բուժումը և բռնացողին թույլ կտա շարունակել իր բռնի վերահսկումը: Հետևաբար, բռնության դրսևորումների պատիժը դուք պետք է թողնեք քաղաքացիական և Եկեղեցու իշխանությունների վրա:

Բռնացողներին

Այժմ, դիմելով բռնացողին, ով խորտակել է մեկ ուրիշի կյանքը բռնության հետևանքով. Ընդունեք հակումից ազատվելու համար օգնության դիմելու կարիքը, այլապես այն կկործանի ձեզ: Դուք ինքնուրույն չեք հաղթահարի այն: Դուք հավանաբար մասնագետի կարիք ունեք: Ես աղերսում եմ ձեզ դիմել փրկության այժմ: Դուք հավանաբար խաբում եք ինքներդ ձեզ, սխալ և ժամանակավոր զգացումներով, որ հաջողությամբ թաքցրել եք ձեր մեղքերը քաղաքացիական կամ Եկեղեցու իշխանություններից: Բայց իմացեք, որ Տեր Հիսուս Քրիստոսը լիովին տեղյակ է ձեր մեղքերից: Նա զգուշացրել է. «Ով որ գայթակղեցնե այս փոքրներից մեկին… ավելի լավ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, և նա ծովի անդունդում ընկղմուի»:2 Իմացեք, որ անգամ առանց զոհի միջամտության, ձեր բռնարար արարքները հայտնի կդառնան, քանզի սատանան կբացահայտի, իսկ հետո կլքի ձեզ:

Հեշտացրեք ձեր կյանքը, քայլ կատարելով այժմ, որպեսզի մաքրեք ձեր հոգին նման մեղքից և ազատվեք դրանց պատիժներից: Ցույց տվեք ուրիշներին պատճառած ցավը բուժելու ձեր ցանկությունը: Խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ: Ձեր գործողությունների լուրջ բնույթը կարող է պահանջել Եկեղեցու կամ քաղաքացիական կարգապահական միջոցառման կիրառում: Սակայն լիարժեք ապաշխարությունը կարող է պարգևել ներման քաղցր հանգստություն, խղճի հանգստություն և նոր կյանք: Այն նաև հանգստություն կպարգևի բռնության զոհերին ու նրանց ընտանիքներին: Դուք կազատվեք զղջման ծանրությունից և մեղադրանքի մտքերից այն մասին, թե ինչ ցավ ու տառապանք եք դուք պատճառել մեկ ուրիշին: Հասկացեք, որ ավելի հեշտ է ապաշխարել այս կյանքում, քան հաջորդ կյանքում, այնպես որ այժմ ապաշխարեք: Ձեզ կօգնեն, եթե դուք որոշեք ազատվել ձեր հակումից ապաշխարության և օգնության միջոցով: Երախտապարտ եղեք, որ չեք ապրում հին ժամանակներում, երբ բռնացողներին քարկոծում էին ի մահ, չտալով ապաշխարելու հնարավորություն:3

Ծնողներին

Ծնողներ, պատշաճ, զգույշ եղանակներով ձեր երեխաներին ուսուցանեք բռնության հնարավոր վտանգի մասին և ինչպես դրանից խուսափել: Ուշադիր եղեք նախազգուշացնող նշանների հանդեպ, ինչպես երեխայի վարքի կտրուկ փոփոխությունն է, որը խնդրի առկայության նշան կարող է հանդիսանալ: Ուշադրություն դարձրեք երեխայի անհանգստություններին և բացահայտեք դրա աղբյուրը:

Իսրայելի դատավորներին

Դուք, ովքեր կրում են Իսրայելի դատավորի բանալիները, հասկացողությամբ հետևեք, որպեսզի յուրաքանչյուր բռնությունից տուժած անձ ստանա համապատասխան օգնություն: Եկեղեցու ձեռնարկը և նշված օգնության գիծը արժեքավոր նյութեր են ձեր հոգևոր գործունեությունն առաջնորդելու և քաղաքացիական իշխանությունների հետ ձեր աշխատանքը համակարգելու համար:4 Ուշադրությամբ վերահսկեք այն անձի մասնակցությունը, որն անցյալում նման մեղքեր է ունեցել: Հասկացեք, որ հավանական է, որ բռնացողը չխոստովանի իր սխալ գործողությունները: Փնտրեք Հոգու առաջնորդությունը, երբ զգում եք, որ ինչ-որ բան այնպես չէ: Դիմեք ծխի և ցցի ղեկավարների օգնությանը հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Ես աղոթում եմ, որ դուք, ինչպես բռնության զոհը, այնպես էլ բռնացող կողմը, գործեք հիմա և օգտվեք Հիսուս Քրիստոսի Քավության բուժող զորությունից: Ես վկայում եմ, որ ձեր հավատքն ու հնազանդությունը կապահովեն Նրա օգնությունը ձեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Այս նյութերը կարող են օգնել բռնության ողբերգությունից վերականգվելիս. Gordon B. Hinckley, “Save the Children,” Ensign, Nov. 1994, 52–54; James E. Faust, “The Atonement: Our Greatest Hope,” Liahona, Jan. 2002, 19–22; Dallin H. Oaks, “He Heals the Heavy Laden,” Liahona, Nov. 2006, 6–9; Richard G. Scott, “Healing the Tragic Scars of Abuse,” Ensign, May 1992, 31–33; Richard G. Scott, “Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 16–18; Richard G. Scott, “Peace of Conscience and Peace of Mind,” Liahona, Nov. 2004, 15–18; Richard G. Scott, “The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Liahona, Nov. 2006, 40–42; Jeffrey R. Holland, “Broken Things to Mend,” Liahona, May 2006, 69–71; “A Conversation on Spouse Abuse,” Ensign, Oct. 1999, 22–27; “The Wrongful Road of Abuse,” chapter 28 in Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 1998), 249–55; ՎևՈւ 121.34–46:

  2. Մատթեոս ԺԸ.6

  3. Տես Երկրորդ Օրինաց ԻԲ.25–27

  4. Տես Church Handbook of Instructions, Book 1: Stake Presidencies and Bishoprics (2006), 107–8, 110, 120, 122, 147, 186.