2008
Հոգատարություն անհատի համար
Մայիս 2008


Հոգատարություն անհատի համար

Հիսուս Քրիստոսը մեր մեծ օրինակն է: Նա շրջապատված էր բազմություններով և խոսում էր հազարավորների հետ, սակայն Նա միշտ մտահոգվում էր անհատի համար:

Նկար
Elder Joseph B. Wirthlin

Ես երախտապարտ եմ այսօր այս հրաշակերտ Համաժողովների Կենտրոնում ձեզ հետ լինելու հնարավորության համար: Այսքան մեծաթիվ լսարանը, խոնարհեցնում է գիտակցելու, որ դա սոսկ մի փոքր հատվածն է այն միլիոնավոր ունկնդիրների, ովքեր կտեսնեն, կլսեն և կկարդան այս համաժողովի ժամանակ հնչած խոսքերը:

Իհարկե, մենք կկարոտենք մեր սիրելի Գորդոն Բ. Հինքլիին: Նրա ազդեցության շնորհիվ մենք ավելի լավ մարդիկ ենք դարձել: Իհարկե, աշխարհն ավելի լավ վայր է, որովհետև Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի նման ղեկավար կար:

Ես մի քանի խոսք եմ ուզում ասել նոր Առաջին Նախագահության մասին:

Ես երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ Նախագահ Մոնսոնին: Նա Իսրայելի հզոր մարդ է, որը նախակարգվել էր նախագահելու այս Եկեղեցում: Նա հայտնի է իր գերող պատմություններով և առակներով, սակայն մենք, նրան լավ ճանաչողներս, լավ գիտենք, որ նրա կյանքը այդ պատմությունների կիրառման գործնական և օրինակելի մոդելն է: Մինչ հաճոյախոսություն է նրան, որ այս աշխարհի շատ մեծեր և հզորներ գիտեն և պատվում են նրան, հավանաբար ավելի մեծ հարգանքի տուրք է այն, որ բազում հասարակ մարդիկ նրան ընկեր են կոչում:

Իր էությամբ Նախագահ Մոնսոնը բարի և կարեկցող մարդ է: Նրա խոսքերն ու գործերը անհատի համար մտահոգության օրինակ են:

Նախագահ Այրինգն իմաստուն, գիտակ և հոգևոր մարդ է: Նրան ճանաչում և հարգում են ոչ միայն Եկեղեցում, այլև ոչ մեր հավատի մարդիկ: Նա բարի մարդ է, որը երբ խոսում է, բոլորը լսում են: Նա ավելի է բարձրացնում Այրինգ անունը:

Ես գիտեի Նախագահ Ուխդրոֆին, երբ ծառայում էի որպես Արևելյան Եվրոպայի Տարածքի Նախագահ: Նրան հանդիպելու պահից ես տեսա նրա մեջ հոգևոր անսահման խորություն և վիթխարի ունակություն: Ես գիտեի, որ Տերը հոգ է տանում նրա համար: Քսաներեք տարի առաջ, ես պատիվ եմ ունեցել նրան հաղորդելու Տիրոջ կանչը` ծառայելու որպես Ֆրանկֆուրտի ցցի նախագահ, Գերմանիայում: Տարիներ շարունակ հետևելով նրան ես նկատել եմ, որ նրա ղեկավարության ներքո ամեն ինչ հաջողվում է: Տերը նրա հետ է: Երբ մտածում եմ Նախագահ Ուխդորֆի մասին, երկու բառ է միտքս գալիս` Alles wohl, որը գերմաներեն նշանակում է` «Ամեն ինչ լավ է»:

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները միշտ մտահոգվել են անհատի համար: Հիսուս Քրիստոսը մեր մեծ օրինակն է: Նա շրջապատված էր բազմություններով և խոսում էր հազարավորների հետ, սակայն Նա միշտ մտահոգվում էր անհատի համար: «Որովհետև մարդի Որդին եկավ, որ ապրեցնե կորածը»,1 ասել է Նա: «Ձեզանից ով է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը կորցնե. չի՞ թողնիլ իննսունևինը անապատումը և այն կորածի ետևից գնալ, մինչև որ գտնե նրան»:2

Այս հրահանգը վերաբերում է բոլոր Նրան հետևողներին: Մեզ պատվիրվել է փնտրել նրանց, ովքեր կորել են: Մենք պետք է լինենք մեր եղբոր պահապանը: Մենք չենք կարող անտեսել մեր Փրկչի կողմից տրված այս պատվիրանը: Մենք պետք է հոգ տանենք անհատի համար:

Այսօր ես կուզենայի խոսել նրանց մասին, ովքեր կորել են, ոմանք, որովհետև տարբեր են, ոմանք, որովհետև հոգնած են, իսկ ոմանք էլ, որովհետև մոլորվել են:

Ոմանք կորել են, որովհետև տարբեր են: Նրանք պատկանելության զգացում կարծես չունեն: Հավանաբար, որովհետև նրանք տարբեր են, նրանք գտնում են, որ դանդաղ ետ են մնում հոտից: Նրանք միգուցե այլ տեսք, վարմունք, մտածելակերպ ունեն, քան իրենց շրջապատում գտնվողները, և դա երբեմն պատճառ է դառնում ենթադրելու, որ նրանք չեն համապատասխանում: Նրանք եզրակացնում են, որ իրենց կարիքը չկա:

Այս սխալ հասկացողությանը կապված է այն սխալ համոզմունքը, որ Եկեղեցու բոլոր անդամները պետք է նույն տեսքը, խոսելաոճը ունենան և լինեն իրար նման: Տերը չի բնակեցրել աշխարհն անհատների հնչեղ նվագախմբով, լոկ աշխարհի ֆլեյտաներին գնահատելու համար: Ամեն մի գործիք թանկ է և իր ներդրումն ունի սիմֆոնիայի ընդհանուր գեղեցկությանը: Երկնային Հոր բոլոր զավակները ինչ-որ չափով տարբեր են, սակայն յուրաքնաչյուրն իր անհատական գեղեցիկ ձայնն ունի, որն ընդհանուրին խորություն և հարստություն է ավելացնում:

Արարման այս բազմազանությունն ինքնին վկայություն է այն մասին, թե ինչպես է Տերը արժեվորում Իր բոլոր զավակներին: Նա մեկին մյուսից առավել չի համարում, այլ Նա «հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին… բոլորը նույնն են Աստծո համար»:3

Հիշում եմ, երբ փոքր էի, մի մեծ տղա կար, որը ֆիզիկական և մտավոր թերություն ուներ: Նա խոսքի արատ ուներ և դժվարությամբ էր քայլում: Տղաները սովորաբար ծիծաղում էին նրա վրա: Նրանք այնքան էին ծաղրում ու բարկացնում նրան, որ նա երբեմն արտասվում էր:

Ես դեռևս լսում եմ նրա ձայնը. «Դուք բարյացակամ չեք իմ հանդեպ»,- ասում էր նա: Իսկ նրանք շարունակում էին ծաղրել նրան, հրել և կատակել:

Մի օր ես այլևս չկարողացա տանել դա: Թեպետ յոթ տարեկան էի, Տերն ինձ քաջություն տվեց դիմադրելու իմ ընկերներին:

«Մի՛ դիպչեք նրան,- ասացի ես,- մի ծաղրեք նրան: Բարյացակամ եղեք: Նա Աստծո զավակ է»:

Ընկերներս ետ կանգնեցին և հեռացան:

Ես այն ժամանակ մտածեցի, մի գուցե իմ համարձակությունը կխաթարի մեր հարաբերությունները: Սակայն հակառակը տեղի ունեցավ: Այդ օրից ընկերներս և ես ավելի մտերմացանք: Նրանք ավելի մեծ կարեկցանք էին ցուցաբերում այդ տղայի հանդեպ: Որպես մարդ նրանք ավելի լավը դարձան: Որքան ես գիտեմ, նրանք երբեք այլևս չծաղրեցին նրան:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե մենք ավելի շատ կարեկցանք դրսևորենք նրանց հանդեպ, ովքեր տարբեր են մեզանից, դա ավելի կթեթևացնի շատ խնդիրներ և տառապանքներ այսօր այս աշխարհում: Անշուշտ դա մեր ընտանիքն ու Եկեղեցին կդարձնի ավելի օրհնյալ և երկնային վայր:

Ոմանք կորել են, որովհետև հոգնած են: Հեշտ է ճնշված զգալը: Բոլոր ճնշումների և մեր ժամանակի պահանջների և ամենօրյա ստրեսի հետ միասին զարմանալի չէ, որ հոգնում ենք: Շատերը հուսահատվում են, որովհետև նրանք չեն հասել իրենց ներուժին: Մյուսները պարզապես շատ թույլ են զգում իրենց ավանդը ներդնելու: Եվ այսպես, քանի որ հոտն առաջ է գնում, աստիճանաբար գրեթե աննկատ, ոմանք ետ են մնում:

Ամեն ոք երբեմն հոգնած է զգում: Ես կարծես այժմ ավելի շատ եմ հոգնում, քան երբ ավելի երիտասարդ էի: Ջոզեֆ Սմիթը, Բրիգամ Յանգը, նույնիսկ Հիսուս Քրիստոսը գիտեին, ինչ է նշանակում հոգնել: Ես ցանկություն չունեմ թերագնահատելու ծանրությունը, որ Եկեղեցու անդամները կրում են իրենց ուսերին, ոչ էլ փոքրացնում եմ էմոցիոնալ և հոգևոր փորձությունները, որոնց նրանք դիմակայում են: Դրանք կարող են ծանր և երբեմն էլ կրելու համար դժվար լինել:

Սակայն ես վկայություն ունեմ Հիսուս Քրիստոսի ավետարանի նորացնող զորության մասին: Եսայիա մարգարեն հայտարարել է, որ Տերն է «հոգնածին ուժ տվողը. և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում»:4 Երբ հոգնած եմ ինձ զգում, հիշում եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը.

«Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ: Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան: Թող երկիրը երգով բռնկվի …

Թող անտառներն ու դաշտի ծառերը գովք ասեն Տիրոջը… և թող Աստծո բոլոր որդիները գոչեն ուրախությունից»:5

Եկեղեցու անդամների համար, ովքեր ետ են մնում, քանի որ անհամապատասխանության զգացումներ ունեն, ես աղերսում եմ քայլ անել առաջ, ձեր ուսը դեմ տվեք անիվին, և հրեք: Անգամ եթե զգում եք, որ ձեր ուժը շատ քիչ օգուտ կարող է տալ, Եկեղեցին ձեր կարիքն ունի: Տերը ձեր կարիքն ունի: Հիշեք, Տերը հաճախ ընտրում է «աշխարհի թույլերին» Իր նպատակներն իրականացնելու համար:6

Բոլոր նրանց, ովքեր հոգնել են, թող Փրկչի մխիթարող խոսքերը սփոփեն ձեզ. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:7 Եկեք ապավինենք այդ խոստումին: Աստծո զորությունը կարող է մեր հոգին և մարմինը էներգիայով ու եռանդով լցնել: Ես թախանձագին խնդրում եմ` խնդրեք այս օրհնությունը Տիրոջից:

Մոտեցեք Նրան, և Նա կմոտենա ձեզ, քանզի Նա խոստացել է, որ «Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ»:8

Երբ մենք հոգ ենք տանում նրանց համար, ովքեր հոգնած են, մենք «սատարում ենք թույլերին, բարձրացնում ընկած ձեռքերը և ամրացնում տկար ծնկները»:9 Մտահոգ Եկեղեցու ղեկավարները հոգ են տանում անհատների թերությունների համար, միևնույն ժամանակ շատ են ցանկանում օգտագործել անդամներին իրենց ուժի և ունակությունների չափով: Ղեկավարները ուսուցանում և աջակցում են, սակայն չեն ճնշում, որ նրանք ավելի արագ վազեն կամ ուժից վեր աշխատեն:10

Հիշեք` երբեմն նրանք, որ շատ դանդաղ էին սկսել, շատ ավելի հեռուն են գնում:

Ոմանք կորել են, որովհետև մոլորվել են: Բացի Տիրոջից, մենք բոլորս էլ սխալներ ենք գործում: Խնդիրը նրանում չէ, թե մենք կսայթաքենք և կընկնենք, այլ ինչպե՞ս մենք կհակազդենք: Ոմանք սխալներ գործելուց հետո հեռանում են հոտից: Դա դժբախտություն է: Չգիտե՞ք, որ Եկեղեցին անկատար մարդկանց տեղ է, որ հավաքվեն միասին, նույնիսկ բոլոր իրենց մահկանացու թուլություններով, և ավելի լավը դառնան: Ամեն կիրակի աշխարհի բոլոր հավաքատներում մենք տեսնում ենք մահկանացու, անկատար տղամարդկանց, կանանց և երեխաների, ովքեր հավաքվում են միասին եղբայրասիրությամբ և գթությամբ պայքարելով ավելի լավ մարդիկ դառնալու համար, սովորելու Հոգուց, և քաջալերելու ու աջակցելու մյուսներին: Ես չեմ տեսել, որ մեր հավաքատների վրա գրված լինի «Խիստ զգուշացում` Մուտքը միայն կատարյալ մարդկանց համար է»:

Մեր անկատարությունների պատճառով մենք Տիրոջ Եկեղեցու կարիքն ունենք: Այնտեղ է, որ Նրա փրկագնող վարդապետություններն են ուսուցանվում և Նրա փրկող արարողությունները սպասավորվում: Եկեղեցին խրախուսում է և դրդում մեզ լինել ավելի լավ և ավելի երջանիկ մարդիկ: Այն նաև վայր է, ուր մենք կարող ենք մոռանալ մեր անձը ուրիշներին ծառայելով:

Տերը գիտի, որ մենք սխալներ ենք գործում: Ահա թե ինչու Նա տառապեց մեր մեղքերի համար: Նա ցանկանում է, որ մենք կանգնեք մեր ոտքերի վրա և ձգտենք լինել ավելի լավը: Աստծո հրեշտակներն ուրախանում են, երբ մեկ մեղավոր ապաշխարում է:

Նրանք, ովքեր վիրավորանքի պատճառով մոլորվել են, ես ասում եմ` չեք կարողանում մի կողմ դնել ձեր վիրավորանքն ու բարկությո՞ւնը: Չեք կարողանում ձեր սիրտը լցնել սիրո՞վ: Ձեզ համար տեղ կա այստեղ: Եկեք, միացեք հոտին, սրբագործեք ձեր ունակությունները, տաղանդներն ու հմտությունները: Դուք կլինեք ավելի լավը և ձեր օրինակով կօրհնեք մյուներին:

Նրանց, ովքեր մոլորվել են վարդապետական մտահոգություն ունենալով, մենք չենք կարող ներողություն խնդրել ճշմարտության համար: Մենք չենք կարող մերժել Տիրոջ կողմից մեզ տրված վարդապետությունը: Այս հարցում մենք չենք կարող փոխզիջման գնալ:

Ես հասկանում եմ, որ երբեմն մարդիկ չեն համաձայնվում վարդապետության հետ: Նրանք անգամ այնքան հեռու են գնում, որ այն հիմարություն են համարում: Սակայն ես կրկնում եմ Պողոս Առաքյալի խոսքերը, որն ասել է, որ երբեմն հոգևոր բաները կարող են անմիտ թվալ մարդուն: Այնուամենայնիվ, «Աստուծո հիմարն ավելի իմաստուն է, քան թե մարդիկ»:11

Հիրավի, Հոգու բաները Հոգին է հայտնում: «Շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում. որովհետև նորանք հիմարություն են նրա համար. և չի կարող գիտենալ` որովհետև հոգևոր կերպով են քննվում»:12

Մենք վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն այսօր այստեղ է` երկրի վրա: Նա ուսուցանել է Իր Հոր վարդապետությունը. «Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստուածանից է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում»:13

Ես գիտեմ, որ ձեզանից յուրաքնաչյուրը մտահոգվում է իր սիրելիի համար: Խրախուսեք, ծառայեք և աջակցեք նրանց: Սիրեք նրանց: Բարյացակամ եղեք նրանց հանդեպ: Մի քանիսը կվերադառնան: Մի քանիսն էլ չեն վերադառնա: Սակայն բոլոր դեպքերում, եկեք արժանի լինենք այն անվանը, որ վերցնում ենք մեզ վրա, այսինքն` Հիսուս Քրիստոսի անվանը:

Ես ուղղում եմ իմ ձայնը այս գեղեցիկ երկրի վրա ապրող բոլորին և բերում իմ հանդիսավոր վկայությունը, որ Աստված ապրում է և որ Հիսուսը Քրիստոսն է` մեր Փրկիչն ու Թագավորը: Նա վերականգնել է Իր ճշմարտությունը և Իր ավետարանը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Նա խոսում է Իր մարգարեների և առաքյալների հետ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ օծյալն է և առաջնորդում է Նրա Եկեղեցին այսօր, ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս ԺԸ.11

  2. Ղուկաս ԺԵ.4

  3. 2 Նեփի 26.33

  4. Եսայիա Խ.29

  5. ՎևՈւ 128.22, 23

  6. Տես ՎևՈւ 1.19

  7. Մատթեոս ԺԱ.28

  8. Եսայիա Խ.31

  9. ՎևՈւ 81.5

  10. Տես ՎևՈւ 10.4

  11. Ա Կորնթացիս Ա.18, 25

  12. Ա Կորնթացիս Բ.14

  13. Հովհաննես Է.17