2008
Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի
Մայիս 2008


Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է և ապրում է:

Նկար
President Henry B. Eyring

Երբ մենք հաստատեցինք Թոմաս Ս. Մոնսոնին որպես մարգարե, տեսանող և հայտնող և Եկեղեցու Նախագահ, և Դ. Թոդ Քրիստոֆերսոնին որպես Առաքյալ և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, մենք ականատեսն եղանք այն փաստի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և ճշմարիտ է, և կենդանի: Տերը դիմում է նրանց, ում միջոցով Նա վերականգնել է Եկեղեցին վերջին օրերին: Նա ասում է, որ նրանք. «Կարողանային զորություն ունենալ` դնելու հիմքն այս եկեղեցու, և մթությունից ու խավարից դուրս բերելու այն միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա, որը, ես` Տերս, հավանում եմ, խոսելով եկեղեցու մասին հավաքապես, և ոչ անհատապես, –

Քանզի ես` Տերս, չեմ կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել.

Այնուամենայնիվ, նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի.

Եվ նա, ով չի ապաշխարում, նրանից պիտի վերցվի նույնիսկ այն լույսը, որն ինքն ստացել է. Քանզի իմ Հոգին միշտ չի տքնի մարդու հետ, ասում է Զորաց Տերը»:1

Սա ճշմարիտ Եկեղեցի է, միակ ճշմարիտ Եկեղեցին, քանի որ այն ունի քահանայության բանալիները: Միայն այս Եկեղեցում է Տերը թողել երկրի վրա և երկնքում կնքելու զորությունը, ինչպես Նա արեց Պետրոս Առաքյալի ժամանակ: Այդ բանալիները վերականգնվեցին Ջոզեֆ Սմիթին, որը հետագայում լիազորվեց դրանք շնորհելու Տասներկուսի Քվորումի անդամներին:

Երբ Մարգարե Ջոզեֆը սպանվեց, Եկեղեցու թշնամիները մտածեցին, թե Եկեղեցին կմեռնի: Նրանք կարծում էին, թե այն մահկանացու մարդու ստեղծած է և, հետևաբար, կմեռնի նրա հետ: Սակայն նրանց հույսերը տապալվեցին: Սա իսկական Եկեղեցի էր, և այն զորություն ուներ ապրելու, անգամ, երբ նրանք, ովքեր ժամանակի համար էին ընտրվել, մահանում են:

Այսօր մենք տեսանք ապացույցը, որ սա ճշմարիտ և կենդանի Եկեղեցի է: Քահանայության բանալիները մահկանցու մարդկանց ձեռքերին է, բայց ճանապարհը պատրաստվել է Տիրոջ կողմից, և բանալիները կգործեն երկրի վրա այնքան ժամանակ, որքան ժամանակ որ մարդիկ հավատք կգործադրեն, որ բանալիները մնան երկրի վրա և Աստծո կամքով փոխանցվեն Իր ընտրված ծառաներին:

Աստծո ժողովուրդը միշտ չէ, որ արժանի է եղել այն հրաշալի փորձառությանը, որն ունենք մենք այսօր: Քրիստոսի Համբարձումից հետո Առաքյալները շարունակում էին գործածել բանալիները, որ Նա թողել էր նրանց հետ: Սակայն, անդամների անհնազանդության և հավատքի կորստի հետևանքով, Առաքյալները մահացան առանց փոխանցելու բանալիներն իրենց հաջորդողներին: Այդ ողբերգական պատմությունը կոչվում է «Ուրացություն»: Եթե Եկեղեցու անդամներն այդ օրերին հնարավորություն և կամք ունենային գործադրելու հավատքն, ինչպես դուք այսօր, Տերը չէր վերցնի քահանայության բանալիները երկրի վրայից: Այսպիսով, սա պատմական նշանակություն և հավերժական կարևորություն ունեցող օր է աշխարհի և մեր Երկնային Հոր զավակների համար:

Արդ, մեր պարտականությունն է` մնալ արժանի այն հավատքին, որն անհրաժեշտ է մեզ համար, որպեսզի կատարենք մեր խոստումը, աջակցելով նրանց, ովքեր կանչվել են: Տերը գոհ էր Եկեղեցով` Վերականգնման սկզբում, և գոհ է այսօր ևս: Սակայն Նա զգուշացրել է անդամներին այն ժամանակ, ինչպես այսօր, որ Նա չի կարող նայել մեղքին թույլտվության նվազագույն իսկ աստիճանով: Որպեսզի մենք աջակցենք նրանց, ովքեր կանչվում են, այսօր մենք պետք է վերաքննենք մեր կյանքերը, եթե անհրաժեշտ է, ապաշխարենք, խոստանանք պահել Տիրոջ պատվիրանները և հետևել Նրա ծառաներին: Տերը մեզ նախազգուշացնում է, որ եթե մենք չանենք այդ բաները, Սուրբ Հոգին կհեռացվի, մենք կկորցնենք լույսը, որը ստացել ենք, և մենք չենք կարողանա պահել այն խոստումը, որը տվել ենք այսօր` աջակցելու Տիրոջ ծառաներին Նրա ճշմարիտ Եկեղեցում:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է անհատական գնահատում կատարի: Նախ մենք պետք է չափենք մեր երախտագիտության խորությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում անդամ լինելու համար: Երկրորդ, մենք պետք է Սուրբ Հոգու զորությամբ իմանանք, թե ինչպես ավելի լավ կարող ենք պահել պատվիրանները:

Մարգարեությունից մենք գիտենք, որ ոչ միայն ճշմարիտ և կենդանի Եկեղեցին կրկին չի վերցվի երկրի վրայից, այլ որ այն կդառնա ավելի լավը: Մեր կյանքերը կփոխվեն դեպի լավը, եթե մենք գործադրենք հավատք առ ապաշխարություն, միշտ հիշենք Փրկչին և աշխատենք էլ ավելի` պահել Նրա պատվիրանները: Սուրբ գրությունները խոստումներ են պարունակում այն մասին, որ երբ Տերը կրկին գա Իր Եկեղեցի, Նա այն կգտնի հոգեպես պատրաստված Իր համար: Դա մեզ և վճռական, և լավատես է դարձնում: Մենք պետք է ավելի լավ գործենք: Մենք կարող ենք: Եվ մենք կանենք:

Այսպիսի օրը հատկապես իմաստուն կլինի վճռել` աջակցել մեր հավատքով և մեր աղոթքներով բոլոր նրանց, ովքեր ծառայում են մեզ արքայության մեջ: Ես անձամբ գիտեմ Եկեղեցու անդամների հավատքի զորության մասին, որոնք աջակցում են նրանց, ովքեր կանչված են: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես զորեղ ճանապարհներով զգացել եմ այն մարդկանց աղոթքներն ու հավատքը, ում ես չեմ ճանաչում, և ովքեր ինձ ճանաչում են միայն որպես մեկի, ով կանչվել է ծառայելու քահանայության բանալիների միջոցով: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կօրհնվի ձեր հաստատող հավատքով: Նրա ընտանիքը նույնպես օրհնություններ կունենա, որոնք կթափվեն նրանց վրա ձեր հավատքի և ձեր աղոթքների շնորհիվ: Բոլոր նրանք, ովքեր այսօր հաստատվեցին ձեր կողմից, կհաստատվեն Աստծո կողմից իրենց և ձեր հավատքի շնորհիվ:

Յուրաքանչյուր անդամ հնարավորություններ կունենա հաստատելու Աստծո տրված ծառայության շնորհիվ: Եկեղեցին զորեղ ուժ է երկրի վրա իր անդամների և բոլոր մարդկանց օրհնության համար: Օրինակ, Եկեղեցին գնահատելի մարդասիրական աշխատանք է իրականացնում աշխարհով մեկ: Այդ ամենը հնարավոր է անդամների ու ընկերների հավատքի շնորհիվ, որոնք հավատում են, որ Աստված ապրում է և որ Տերը ցանկանում է օգնել բոլոր կարիքի մեջ գտնվողներին, որոնց կարող է հասնել Իր հավատարիմ աշակերտների միջոցով:

Բացի դա, Եկեղեցու և արարողությունների միջոցով է, որ կնքման զորության օրհնությունները հասնում են հոգևոր աշխարհ: Սա ճշմարիտ և կենդանի Եկեղեցի է, որը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր այլևս չեն ապրում: Եթե դուք հավատք ունեք գտնելու ձեր նախնիների անունները, եթե դուք գնում եք Տիրոջ տունը նրանց այդ կարևոր ծեսերը առաջարկելու, դուք աջակցում եք այս մեծ աշխատանքին, որի նպատակն է փրկություն տալ Երկնային Հոր բոլոր զավակներին, որոնք գալիս են այս աշխարհ:

Ես կուզենայի խոսել այն մասին, թե ինչու եմ այսքան երախտապարտ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու համար: Ապա ես կառաջարկեմ մի քանի ճանապարհ, որոնցով, ինչպես ես տեսնում եմ, Եկեղեցին պատրաստվում է Փրկչի վերադարձին: Եվ, վերջապես, ես կբերեմ իմ վկայությունը այն մասին, թե ինչպես ես հասկացա, որ սա ճշմարիտ և կենդանի Եկեղեցի է:

Ամենաշատը ես երախտապարտ եմ այն մաքրող ուժի համար, որը առկա է քահանայության զորությամբ իրականացվող արարողությունների շնորհիվ: Ես զգացել եմ ներումը և մաքրումը մկրտության միջոցով, որ կատարվել է լիազորված մարդկանց կողմից: Ես զգացել եմ իմ սրտում այն ջերմությունը, որը հնարավոր է զգալ միայն, երբ լսում ես Աստծո ծառաների ասված խոսքերը. «Ստացիր Սուրբ Հոգին»:

Երախտագիտության իմ զգացումը բխում է նաև իմ ընտանիքի օրհնություններից: Դա կնքող զորությունն է և մեր գիտելիքը դրա մասին, որ փոխում է և վերափոխում մեր ընտանեկան կյանքն այստեղ և գալիք աշխարհում ընտանեկան կյանքի ուրախության մեր ակնկալիքները: Այն միտքը և հույսը, որ ես կարող եմ հավերժական հարաբերություններ ունենալ, օգնում է դիմանալ բաժանման և միայնակության փորձություններին, որոնք մահկանացու գոյության մասն են կազմում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին խոստացված է, որ մենք կարող ենք ունենալ հարաբերություններ և ընտանիքի ընդլայնում հավերժության մեջ: Այդ հավաստիացումը ընդմիշտ բարելավում է ընտանիքներում մեր բոլոր տեսակի հարաբերությունները:

Օրինակ, ես իմ կյանքի այն փուլում եմ, երբ մեծ հեռավորությունների պատճառով չեմ կարողանում լավ ճանաչել իմ թոռներին, իսկ որոշ ժամանակ անց, և ծոռներին: Կան նաև մարդիկ, որոնք երբեք ամուսնանալու կամ ծնող լինելու հնարավորություն չեն ունեցել, որոնք ունեն ընտանիքին մոտ լինելու նույն ցանկությունները: Հավերժական ընտանիքների մասին գիտելիքի վերականգնման շնորհիվ մենք ավելի մեծ հույսով ու բարությամբ ենք լցված մեր ընտանեկան կապերի հանդեպ: Այս կյանքի մեծագույն ուրախությունը ընտանիքի հետ է կապված, այդպես կլինի և գալիք աշխարհներում: Ես այնքան երախտապարտ եմ այն վստահության համար, որ, հավատարիմ լինելու դեպքում, նույն հարաբերությունը, որը մենք վայելում ենք այժմ այս կյանքում, կտևի հավերժ գալիք աշխարհում, հավերժական փառքի մեջ: 2

Ես տեսնում եմ Եկեղեցու կատարելոգործումը, որի մասին մարգարեացվել է: Օրինակ, երբ ես ճանապարհորդում եմ և ճանաչում Եկեղեցու անդամներին, տեսնում եմ կայուն բարելավում նրանց կյանքում: Նրանց հասարակ հավատքի և հնազանդության մեջ Քավությունը փոխում և կրթում է անդամներին: Հաճախ ես հանդիպումներ եմ ունենում ակնհայտորեն համեստ մարդկանց հետ, որոնք դասեր են տալիս և քարոզ կարդում այնպիսի զորությամբ, ինչպիսին տրվել էր Լեքիին, Նեփիին և Հելամանի որդիներին: Դուք կհիշեք այս պատմությունը.

«Եվ եղավ այնպես, որ Նեփին և Լեքին քարոզեցին Լամանացիներին այդպիսի մեծ զորությամբ ու իշխանությամբ, քանզի նրանք ունեին զորություն ու իշխանություն տրված իրենց, որ կարողանային խոսել, և նրանք նաև իրենց տրված ունեին այն, ինչ իրենք պիտի խոսեին»:3

Ես վստահ եմ, որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հաճախ կրկնվող ցանկությունը կկատարվի: Նա սովորեցնում էր, որ բոլորը, ովքեր գալիս են այս Եկեղեցի, կարողանան մնալ լիարժեք անդամներ, սնուցվելով Աստծո բարի խոսքով: Ես հիշում եմ, ինչպես էր նա ասում, որ իր ծառայության վերջին խոսքերն են լինելու «պահել, պահել, պահել»: Նրա խոսքերն ապրում են Նախագահ Մոնսոնի ղեկավարման օրոք և մեզ բոլորիս մեջ, քանի դեռ մենք արժանի ենք ունենալու Աստծո բարի խոսքով սնվելու Լեքիի և Նեփիի զորությունը: Ես վստահ եմ, որ դուք կշարունակեք, ինչպես և ես, հիանալ այն համեստ Վերջին Օրերի Սրբերով, ովքեր տնային ուսուցում են կատարում, այցելող ուսուցիչներ են, և ովքեր խոսում են իրենց ոչ-անդամ ընկերների հետ էլ ավելի մեծ զորությամբ:

Տարիներ շարունակ մենք հիշում ենք Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի խոսքերը. «Յուրաքանչյուր անդամ միսիոներ է»: Ես համոզված եմ, որ կգա այն օրը, երբ անդամների հավատքի միջոցով մենք կտեսնենք, ինչպես է աճում այն մարդկանց թիվը, ովքեր հրավիրվել են լսելու Աստծո բարի խոսքը, և ովքեր այնուհետև կգան ճշմարիտ և կենդանի Եկեղեցի:

Կա մեկ այլ բարելավում, որը, ես վստահ եմ, տեղի կունենա: Եկեղեցով մեկ ընտանիքները փնտրում են եղանակներ ամրացնելու և պաշտպանելու իրենց երեխաներին շրջապատող չարիքներից: Որոշ դեպքերում ծնողները հուսահատ փորձում են ետ բերել ընտանիքի այն անդամներին, որոնք շեղվել են ուղուց: Ես վստահ եմ, որ նրանց ջանքերի վարձքը Աստծո կողմից է՛լ կավելանա: Նրանք, ովքեր երբեք չեն նահանջում, կտեսնեն, որ Աստված երբեք չի նահանջում, և որ Նա կօգնի իրենց:

Այդ օգնության մեծ մասը կգա նրանցից, ովքեր կանչվել են ծառայելու Եկեղեցում: Օգնության հոգին կմեծանա և շատերը երիտասարդ Եպիսկոպոս Թոմաս Մոնսոնի նման կոգեշնչվեն գործնական ճանապարհներով` հրավիրելու և խրախուսելու նրանց, ովքեր, ժամանակավորապես, չեն ընդունում Աստծո օրհնությունները, որոնք Նա պահել է նրանց համար: Նախագահ Մոնսոնը մինչ այսօր հիշում է այն մարդկանց, ում փրկել է, երբ նրանց եպիսկոպոսն էր: Իմ հույսն է, որ մենք բոլորս վստահություն ունենանք, որ Աստված կառաջնորդի մեզ, որպեսզի մենք հասնենք նրանց, ում Աստված ցանկանում է, որ մենք մեզ հետ տանենք, երբ տուն վերադառնանք` Նրա մոտ:

Մեկ այլ բարելավում, որը տեսնում եմ, տեղի է ունենում արքայության մեջ, դա ցանկությունն ու կարողությունն է` հասնելու աղքատներին և կարիքավորներին: Ես զարմանալի աճ եմ տեսնում Եկեղեցու անդամների շարքերում, որոնք կարեկցանք են ցուցաբերում բնական աղետներից տուժածների հանդեպ ողջ աշխարհում: Գրանցման ձևերում ընտանիքները խնդրում են, որ իրենց նվիրատվություններն ուղարկվեն Կրթական Մշտական Հիմնադրամին կամ Եկեղեցու Մարդասիրական Հիմնադրամին:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսել է այդ հիանալի զարգացումը: Նա ասել է, որ անձը իրապես դարձի է գալիս, երբ ցանկանում է հոգ տանել ողջ երկրագնդով մեկ Երկնային Հոր զավակների համար: Դա արդեն սկսել է տեղի ունենալ Եկեղեցու անդամներից շատերի թվում:4 Ինչը նշանակալից է ինձ համար, կարիքավորներին օգնում են նրանք, ովքեր իրենք իսկ քիչ ունեն, և կարծես կապ չունի, տնտեսական վատ, թե լավ պայմաններում են իրենք գտնվում: Դա ինձ համար ապացույց է, որ Քավությունը ավելի արդյունավետ աշխատում է անդամների մեջ:

Իմ վկայությունն է, որ այս ճշմարիտ և կենդանի Եկեղեցին սկիզբ է առել իմ մանկության տարիներին: Իմ վաղ հիշողություններից է համաժողովի մի հանդիպում, որը տեղի էր ունենում ոչ թե այսպիսի մի սրահում, այլ հյուրանոցի վարձակալված սենյակում: Մի տղամարդ էր խոսում, որին ես չէի ճանաչում այդ ժամանակ, ինչպես և այժմ: Ես միայն գիտեի, որ ինչ-որ մեկը ուղարկվել էր միսիայի մեր փոքր տարածք մեկի կողմից, ով քահանայություն էր կրում: Ես չգիտեմ, ինչ նա ասաց: Սակայն ես զորեղ, հաստատուն վկայություն ստացա, երբ դեռ ութ տարեկան չկայի, անգամ երբ դեռ մկրտված չէի, որ լսում էի Աստծո ծառայի խոսքերը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում: Կարևոր չէր, որ սենյակը վարձակալված էր, լսարանը փոքրաթիվ, սակայն կար համոզիչ վկայություն, որ ես այդ պահին օրհնվել էի, լինելով ճշմարիտ Եկեղեցու այդ հավաքին:

Երբ ես դեռահաս տարիքում ընտանիքիս հետ տեղափոխվեցի Եկեղեցու կազմակերպված ցցեր, առաջին անգամ զգացի քահանայության քվորումների և սիրող եպիսկոպոսի զորությունը: Ես մինչև հիմա հիշում եմ և կարող եմ զգալ այն վստահությունը, երբ նստում էի քահանաների քվորումում, եպիսկոպոսի կողքին, և գիտեի, որ նա կրում էր Իսրայելի իսկական դատավորի բանալիները:

Այդ նույն վկայությունը ունեցա երկու կիրակի օրեր, իմ կյանքի վաղ շրջանում, մեկը` Ալբուքերքում, Նյու Մեքսիկո, մյուսը` Բոստոնում, Մասաչուսեթս: Յուրաքանչյուր դեպքում ներկա էի շրջանից ցցի կազմավորմանը: Թվում էր, թե սովորական մարդիկ, որոնց լավ ճանաչում էի, կանչվեցին ցցի նախագահներ լինելու: Այդ օրերին ես բարձրացրեցի իմ ձեռքը, ինչպես դուք արեցիք այսօր, և ունեցա վկայություն, որ Աստված կանչել էր Իր ծառաներին, և որ ես կօրհնվեմ նրանց ծառայությամբ և նրանց հաստատելով: Ես այդ նույն հրաշքն անթիվ անգամներ զգացել եմ ողջ Եկեղեցում:

Հաջորդ օրերի և ամիսների ընթացքում ես տեսա, որ այդ ցցի նախագահները բարձրացան դեպի իրենց կոչումները: Նույն հրաշքը ես տեսա Նախագահ Մոնսոնի ծառայության մեջ, երբ նա ստացավ կոչում` նախագահելու որպես մարգարե և Եկեղեցու Նախագահ, և գործածելու քահանայության բոլոր բանալիները երկրի վրա: Հայտնությունը և ոգեշնչումը տրվեցին նրան իմ ներկայությամբ, ինչը ապացուցում է ինձ, որ Աստված պատվում է այդ բանալիները: Ես դրա ականատեսն եմ: Դրանք քահանայության բանալիներն են, որոնք, ըստ Տիրոջ խոսքերի, «չունեն սկիզբ կամ վերջ»:5

Ես ձեզ տալիս եմ իմ խորին վկայությունը, որ սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցին է: Երկնային Հայրը կպատասխանի ձեր եռանդուն աղոթքներին և դուք ինքներդ կիմանաք դրա մասին: Դուք կարող եք վկայություն ունենալ, որ այն պաշտոնները, որոնք դուք այսօր հաստատեցիք, Աստծուց են: Ավելին, դուք կարող եք իմանալ, որ այս Եկեղեցում անց են կացվում արարողություններ, որոնք կարող են մաքրել հոգիներ և կապեր հաստատել երկրի վրա և երկնքում, ինչպես Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ժամանակ: Այդ բանալիները և ծեսերը այժմ ամբողջովին վերականգված են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով և փոխանցվել են նրա հետնորդների միջոցով: Հիսուսը Քրիստոսն է: Նա ապրում է: Ես գիտեմ դա: Ես վկայում եմ, որ Թոմաս Ս. Մոնսոնը Նրա կենդանի մարգարեն է: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է, և այն ապրում է: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. ՎևՈւ 1.30–33:

  2. Sես ՎևՈւ 130.2:

  3. Հելաման 5.18

  4. Sես History of the Church, 4:227.

  5. Ալմա 13.8