Մեր Հոր հավատը
Ճշմարիտ հավատը չպետք է լինի այն, ինչը գոհացնում է մարդկանց կամ նախնիների ավանդույթները, սակայն պետք է լինի այն, ինչը գոհացնում է Աստծուն` մեր Երկնային Հորը:
Որքա՜ն ենք օրհնվում մենք Թաբերնաքլի Երգչախմբի հիասքանչ երաժշտությամբ:
Իմ սիրելի եղբայրնե՛ր, քույրե՛ր, և ընկերնե՛ր, ես ուրախությամբ եմ այսօր կանգնել այստեղ, մեծ արտոնություն ունենալով կոչվելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ և համարվելով ձեզանից մեկը:
Ես հիշում եմ իմ առաջին ռեակցիան, երբ ստացա այս սուրբ կոչը Տիրոջից` ծառայելու որպես այս Եկեղեցու Առաջին Նախագահության նոր անդամ: Ես ուրախությունից ցնծում էի: Այդ օրից ես սովորեցի համեստություն, երախտագիտություն և հավատ բառերի նոր մեծությունները:
Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ իմ կանչն ավելի շատ զարմացրել էր երեխաներիս և թոռներիս:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք չենք ձգտում և ոչ էլ մերժում ենք կոչումները, որոնք գալիս են Աստծուց քահանայության ոգեշնչված ուղիներով: Ես աղոթում եմ, որ Աստված ինձ ուժ ու հասկացող սիրտ տա, որպեսզի մեծարեմ այս սուրբ կոչումը Նրա կամքին ու նպատակին համաձայն:
Մենք բոլորս կարոտում ենք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին: Նրա թողած ազդեցությունն այս մեծ գործի վրա կշարունակի օրհնել մեզ:
Ես այնքան արտոնված եմ զգում ինձ, որ սերտորեն աշխատելու եմ Նախագահ Մոնսոնի հետ: Ես նրան ճանաչում եմ երկար տարիներ: Նա ապշեցուցիչ պարգևների և տաղանդների տեր մարդ է: Նա Աստծո մարգարեն է: Նրա հավատն ու սիրող սիրտը հասնում են բոլոր ազգերին, լեզուներին և մարդկանց:
Ես ուրախ եմ, որ ծառայելու եմ Նախագահ Այրինգի հետ, որին ես սիրում ու հարգում եմ որպես մեծ ղեկավար և ուսուցիչ Աստծո արքայությունում:
Երբ Տասներկուսի Քվորումը հավաքվեց Սոլթ Լեյք Սիթիի Տաճարի վերնահարկում` հաստատելու Նախագահ Մոնսոնին որպես Եկեղեցու 16-րդ Նախագահ, ես հիացած էի ինձ շրջապատող առանձնահատուկ ունակությունների, իմաստության և հոգևոր բարձր մակարդակի տեր մարդկանցով: Ես ավելի պարզորոշ գիտակցեցի իմ անհամապատասխանությունը: Ես սիրում եմ մեծ հավատի այս հրաշալի տղամարդկանց: Ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ իմ ձեռքը բարձրացնելու` հաստատելով և իմ աջակցությունը խոստանալով նրանց: Ես սիրում եմ և հաստատում եմ Տասներկուսի նոր անդամին` Երեց Քրիստոֆերսոնին:
Երբ Տերը կանչեց Ֆրեդերիկ Գ. Վիլիամսին լինելու Նախագահ Ջոզեֆ Սմիթի խորհրդականը, Նա պատվիրեց նրան` «Եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»:1 Ես հավատում եմ, որ այս խորհուրդը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են Աստծո արքայությունում ծառայելու կոչումներ և իհարկե ինձ` իմ կյանքի այս ժամանակաշրջանում:
Աստծո մարգարե և մեր Նախագահ
Ես կուզենայի մի քանի խոսք ասել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մասին: Մի քանի տարի առաջ, Նախագահ Մոնսոնը եկավ Համբուրգ, Գերմանիա, տարածաշրջանային համաժողովին մասնակցելու, և ես պատիվ ունեի ընկերակցելու նրան: Նախագահ Մոնսոնը հրաշալի հիշողություն ունի, մենք խոսեցինք Գերմանիայի բազմաթիվ Սրբերի մասին, և ես զարմացել էի, թե նա որքան լավ էր հիշում շատերին:
Նախագահ Մոնսոնը հարցրեց ինձ Եղբայր Մայքլ Պանիտչի մասին, որը նախկին ցցի նախագահն էր, իսկ այդ ժամանակ հայրապետը: Նա Գերմանիայում Եկեղեցու խիզախ պիոներներից մեկն էր: Ես ասացի նրան, որ Եղբայր Պանիտչը ծանր հիվանդ է, որ անկողնուն գամված է և չի կարող մեր ժողովներին մասնակցել:
Նախագահ Մոնսոնը հարցրեց` կարո՞ղ ենք այցելել նրան:
Ես գիտեի, որ Համբուրգ ճամփորդելուց ոչ շատ առաջ Նախագահ Մոնսոնը ոտքի վիրահատություն էր տարել և այն դեռևս ցավում էր քայլելիս: Ես բացատրեցի, որ Եղբայր Պանիտչն ապրում է շենքի հինգերորդ հարկում, որը վերելակ չունի: Մենք պետք է ոտքով բարձրանայինք նրան տեսնելու համար:
Սակայն Նախագահ Մոնսոնը համառեց: Եվ մենք գնացինք:
Ես հիշում եմ, թե որքան դժվար էր Նախագահ Մոնսոնի համար այդ աստիճաններով բարձրանալը: Նա մի քանի աստիճան բարձրանալուց հետո կանգնում էր և հանգստանում: Նա երբեք դժգոհության մի խոսք անգամ չարտաբերեց, և ետ չդարձավ: Քանի որ այդ շենքը բարձր առաստաղներ ուներ, աստիճաններն անվերջ էին թվում, սակայն Նախագահ Մոնսոնը ուրախությամբ հաստատակամ շարունակեց, մինչև հասանք հինգերորդ հարկում գտնվող Եղբայր Պանիտչի բնակարան:
Դա հրաշալի այցելություն էր: Նախագահ Մոնսոնը շնորհակալություն հայտնեց նրա նվիրյալ ծառայությամբ լի կյանքի համար և ժպիտով քաջալերեց նրան: Հեռանալուց առաջ, նա մի հրաշալի քահանայական օրհնություն տվեց նրան:
Եղբայր Պանիտչը, նրա ընտանիքը և ես երբեք նման քաջության և կարեկցանքի ականատես չէինք եղել:
Նախագահ Մոնսոնը կարող էր հանգստանալ մեր երկարատև և հաճախակի ժողովների միջև: Նա կարող էր խնդրել տեսնելու Համբուրգի տեսարժան վայրերը: Ես հաճախ եմ մտածել, թե որքան հրաշալի էր, որ այդ քաղաքի բոլոր տեսարժան վայրերից նա ցանկացավ տեսնել Եկեղեցու տկար ու վատառողջ անդամին, որը հավատարմորեն և խոնարհաբար ծառայել էր Տիրոջը:
Նախագահ Մոնսոնը եկավ Համբուրգ ուսուցանելու և օրհնելու այդ երկրի մարդկանց, և նա դա արեց: Միևնույն ժամանակ, նա ուշադրությունը ուղղեց մարդկանց վրա, անուն առ անուն: Նրա տեսադաշտն այնքան մեծ է և հեռուն գնացող, որ ընդգրկում է համաշխարհային Եկեղեցու բարդությունները, միևնույն ժամանակ նա նաև այնքան կարեկցանքով լի է, որ ուշադրություն է դարձնում անհատին:
Երբ Պետրոս Առաքյալը խոսեց Հիսուսի մասին, որը նրա ընկերն ու ուսուցիչն էր, նա այս պարզ բնութագիրը տվեց. «Նա ման եկավ բարին անելով»:2
Ես կարծում եմ, նույնը կարող ենք ասել այն մարդու մասին, որին այսօր մենք հաստատում ենք որպես Աստծո մարգարե:
Մեր հայրերի հավատքը
Ես զարմանում եմ, թե որքան տարբեր են Եկեղեցու անդամները: Դուք պատկանում եք տարբեր խավերի, ունեք տարբեր մշակույթներ, լեզուներ և կրոնական ավանդույթներ, գտնվում եք տարբեր քաղաքական պայմաններում:
Կյանքի փորձառության այս բազմազանությունը ինձ ստիպում է խորհել «Մեր հայրերի հավատը» օրհներգի խոսքերի շուրջ: Կրկներգում այս խոսքերն են կրկնվում. «Մեր հայրերի հավատը, սուրբ հավատը, մենք հավատարիմ կլինենք քեզ մինչ մահ»:3
Մեր հայրերի հավատը` ես սիրում եմ այս խոսքերը:
Եկեղեցու շատ անդամների համար այս խոսքերը հիշեցնում են քաջարի պիոներներին, ովքեր թողնելով իրենց տները ճամփորդել են կառքերով և ոտքով, հասելով մինչև Մեծ Սոլթ Լեյքի հովիտ: Ես սիրում և պատվում եմ Եկեղեցու այդ վաղ շրջանի պիոներների հավատն ու քաջությունը: Իմ նախնիները այդ ժամանակ ապրում էին օվկիանոսի մյուս կողմում: Նրանցից ոչ ոք այդ անդամների մեջ չի եղել, ովքեր ապրել են Նավույում կամ Վինթեր Քուորթերսում, և տափաստաններով այդ ճամփորդությունը չի կատարել: Սակայն որպես Եկեղեցու անդամ, երախտագիտությամբ և հպարտությամբ այդ պիոներների ժառանգությունը ես համարում եմ իմ անձնական ժառանգությունը:
Նույն ուրախությամբ, ես հայցում եմ ժառանգությունը Եկեղեցու այսօրվա պիոներների, ովքեր ապրում են տարբեր պետություններում և որոնց հաստատակամության, հավատի և զոհաբերության պատմությունները նոր փառահեղ քառյակներ են ավելացնում Աստծո արքայության վերջին օրերի մեծ օրհներգի կրկներգին:
Երբ իմ ընտանիքը խորհում է «մեր հայրերի հավատը» խոսքերի շուրջ, հաճախ ենք հիշում լյութերական հավատը: Սերունդեր շարունակ մեր նախնիները պատկանել են այդ կրոնին: Իրականում, որդիս վերջերս հայտնաբերեց, որ մեր ընտանեկան գծերից մեկը կապվում է Մարտին Լյութերին:
Մենք պատվում և հարգում ենք անկեղծ հոգիներին բոլոր կրոններից, անկախ նրանից որտեղ և երբ են նրանք ապրել, ովքեր սիրել են Աստծուն, նույնիսկ չունենալով ավետարանի լրիվությունը: Մենք մեր երախտագիտության ձայնն ենք բարձրացնում նրանց անձնուրացության և քաջության համար: Մենք ընդունում ենք նրանց որպես եղբայրներ և քույրեր, մեր Երկնային Հոր զավակներ:
Մենք հավատում ենք, որ մարդու հիմնարար իրավունքն է երկրպագել «Ամենազոր Աստծուն մեր իսկ խղճի թելադրանքով, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչ որ կամենում են»:4
Մեր հայրերի շա՞տ հավատներ կամ ավանդույթներ կան:
Երբ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին ծաղկում է ամբողջ աշխարհում , այժմ ունենալով ավելի քան 13 միլիոն անդամ, «մեր հայրերի հավատը» ընդգրկուն նշանակություն ունի: Ոմանց համար, դա կարող է լինել քրիստոնեական հարյուրավոր հավատներից մեկին պատկանող իրենց ընտանիքի ժառանգությունը, մյուսների համար դա կարող է լինել Միջին Արևելքի, Ասիայի կամ Աֆրիկայի հավատներն ու ավանդույթները:
Իմ կյանքի մեծ մասը ես անցկացրել եմ աշխարհի այն տարածքներում, ուր մեր Եկեղեցու անդամները փոքրամասնություն են: Այդ ընթացքում ես հասկացել եմ, որ հաճախ, երբ մարդիկ իմանում են վերկանգնված ավետարանի մասին, մեծապես տպավորվում են և շատերը նույնիսկ ցանկանում են միանալ Եկեղեցուն: Սակայն նրանք չեն ցանկանում հիասթափեցնել իրենց նախնիներին, նրանք զգում են, որ պետք է հավատարիմ լինեն իրենց հայրերի հավատին:
Ես հիշում եմ, երբ պատանի էի, մի կիրակի նոր ընտանիք նկատեցի մեր հավաքատանը` երիտասարդ մայր իր երկու դուստրերի հետ: Շատ չանցած նրանք մկրտվեցին և դարձան Եկեղեցու անդամներ:
Ես գիտեմ նրանց դարձի գալու պատմությունը, որովհետև մեծ դուստրը, որի անունն էր Հերիեթ, հետագայում պետք է դառնար իմ կինը:
Հերիեթի մայրը` Կարմենը, նոր էր կորցրել իր ամուսնուն, և իր կյանքը վերաքննելու այդ օրերին նա հետաքրքրվել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցով: Վարդապետություններն ուսումնասիրելուց հետո, Կարմենը և նրա դուստրերը իմացել էին, որ Եկեղեցին ճշմարիտ է և որոշել էին մկրտվել:
Երբ Կարմենն ասել էր իր մայրիկին այդ որոշման մասին, մայրը տխրել էր: «Ինչպե՞ս կարող ես այդքան անհավատարիմ լինել քո հայրերի հավատին»,- ասել էր նա:
Կարմենի մայրը միակը չէր, որը դեմ էր եղել: Կարմենի խիստ բնավորությամբ քույրը, Լիզան, անհանգստացել էր այդ նորությամբ: Հավանաբար, անհանգստանալը շատ թույլ բառ է: Նա շատ էր բարկացել:
Լիզան ասել էր, որ նա կգտնի այդ երիտասարդ միսիոներներին և կասի, թե որքան սխալ են նրանք: Նա քայլերն ուղղել էր դեպի աղոթատուն, գտել էր միսիոներներին և, կարող եք կռահել, Լիզան նույնպես մկրտվեց:
Տարիներ անց, Կարմենի մայրը ևս վկայություն ստացավ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է երկրի վրա: Մի օր նա ասաց իր դուստրերին և թոռներին. «Ես ուզում եմ լինել նույն երկնքում ձեզ հետ»: 70-ն անց այդ կինը նույնպես մտավ մկրտության ջրերը և դարձավ Եկեղեցու անդամ:
Մեր հայրերի հավատը
Այդ դեպքում, ո՞րն է մեր հայրերի հավատը: Դա մեր ծնողների, պապերի կամ նախապապերի կրո՞նն է:
Իսկ ո՞րն է նրանցից առաջ նախնիների հավատը: Իսկ Աբրահա՞մը, Իսահա՞կը և Հակո՞բը: Նրանք մեր հայրերը չե՞ն: Մենք Իսրայելի տնից չե՞նք: Իսկ Նո՞յը, և Ենո՞քը և մեր առաջին ծնողները` Ադամն ու Եվան:
Իսկ Փրկի՞չը, և նրան հետևող աշակերտները:
Մեր Երկնային Հոր հավատը հաստատուն է եղել ժամանակների սկզբից ի վեր, նույնիսկ այս աշխարհի հիմնադրումից առաջ: Հովհաննես Հայտնիչը նկարագրել է երկնքի մեծ պատերազմը:5 Վիճաբանվող հարցը բարոյական կամքի ազատությունն էր, ինչպես և այսօր: Այս երկրի վրա երբևէ ապրած բոլոր մարդիկ եղել են նրանց շարքում, ովքեր պայքարել են սատանայի դեմ և կանգնել Որդու և Հոր կողքին: Հետևաբար, արդյոք մենք պարտական չե՞նք հավատարմություն ցուցաբերել Աստծուն` մեր Երկնային Հորը:
Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, «մենք հավատում ենք Աստծուն` Երկնային Հորը, և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»:6 Եվ «մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:7 Մենք հավատում ենք երջանկության մեծ ծրագրին, փրկագնման ծրագրին, փրկության ծրագրին, որով Աստծո զավակները կարող են ապրել մահկանացու կյանքով և վերադառնալ Հոր ներկայություն, դա մի ողորմած ծրագիր է, որը հաստատվել է այս երկրի հիմնադրումից առաջ:
Սա է մեր Հոր ծրագիրն ու հավատը:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը մեր Երկնային Հոր հավատն է: Դա Նրա ճշմարտությունն է հայտնված Իր ծառաներին` Հայր Ադամի օրերից մինչև մեր ժամանակների մարգարեները: Հայրը և Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին` այս երկրի վրա վերականգնելու մեր Հոր հավատը, որն այլևս չպետք է ետ վերցվի: Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ստանան այն, անկախ նրանց ծագումից, կրթությունից, մշակույթից կամ ավանդույթից: Ճշմարիտ հավատը չպետք է լինի այն, ինչը գոհացնում է մարդկանց կամ նախնիների ավանդույթները, սակայն պետք է լինի այն, ինչը գոհացնում է Աստծուն` մեր Երկնային Հորը:
Շարունակվող հայտնությունն այս հավատի հիմնական առանձնահատկությունն է: Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը սրա զորավոր վկայությունն է: Հայտնությունը մշտական կողմնացույց է, որը մեզ միշտ պահում է հավատարիմ մեր Երկնային Հոր կամքին ու հավատին:
Մեր Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին: Նա լսում է խոնարհ և անկեղծ աղոթքները բոլոր ազգերի, լեզուների ու մարդկանց: Նա շնորհում է լույս նրանց, ովքեր փնտրում են և պատվում են Իրեն, և ցանկանում են հնազանդվել Իր պատվիրաններին: Մենք ուրախությամբ ենք հռչակում, որ մեր Հայրերի հավատը երկրի վրա է այսօր:
Մենք հրավիրում ենք այս գեղեցիկ երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուրին ճաշակել Նրա վարդապետությունից և տեսնել, թե արդյո՞ք այն քաղցր, լավ և թանկարժեք չէ: Մենք խնդրում ենք անկեղծ սրտի տեր մարդկանց սովորել այս վարդապետությունը և հարցնել Երկնային Հորը, թե արդյո՞ք այն ճշմարիտ չէ: Եվ այդպես անելով, բոլորը կարող են հայտնաբերել, ընդունել և քայլել իրենց Հայրերի ճշմարիտ հավատով, և այդ հավատը նրանց կապրեցնի:8
Սա է մեր ուղերձն աշխարհին:
Ես հանդիսավոր վկայում եմ Հայր Աստծո, Նրա Որդու` Հիսուս Քրիստոոսի, Սուրբ Հոգու իրականության մասին, և կենդանի մարգարեների, որոնք կրում են բանալիները. դրանք հաջորդաբար փոխանցվել են Ջոզեֆ Սմիթից հասնելով մինչև Թոմաս Ս. Մոնսոնը այսօր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: