2008
Բացելով մեր սրտերը
Մայիս 2008


Բացելով մեր սրտերը

Եկեք մեր ամենօրյա ջանասիրության մաս դարձնենք Հոգու առջև մեր սրտերը բացելը:

Նկար
Elder Gerald N. Lund

Այսօր ես կուզենայի խոսել Սուրբ Հոգու առջև մեր սրտերը բացելու կարևորության մասին:

Մկրտությունից հետո մեզ հաստատում են և տալիս Սուրբ Հոգին: Սա երկնային պարգև է: Սուրբ Հոգին մխիթարում է, ուսուցանում, նախազգուշացնում, լուսավորում և ոգեշնչում մեզ: Նեփին շատ հստակ է ասել. «Եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:1 Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք, որպեսզի անցնենք այն ճանապարհով, որը Պողոս Առաքյալը կոչել է «չար ժամանակներ»,2 որում ապրում ենք մենք:

Սուրբ Հոգին ոգեղեն անձնավորություն է, որը թույլ է տալիս Նրան ապրել մեր սրտերում և ուղղակիորեն հաղորդակցվել մեր հոգիների հետ:3 Հոգու ձայնը նկարագրվում է որպես մեղմ և հանդարտ, որը շշնջում է: 4 Ինչպե՞ս կարող է ձայնը մեղմ լինել: Ինչո՞ւ է այն նմանեցվում շշուկի: Որովհետև գրեթե միշտ Հոգին խոսում է ավելի շուտ մեր մտքերի և մեր սրտերի հետ, 5 քան մեր ականջների: Նախագահ Բոյդ Ք. Փակերն ասել է. «Սուրբ Հոգին խոսում է մի ձայնով, որը դուք ավելի շատ զգում եք, քան լսում»:6

Մենք զգում ենք որոշ բաներ մեր սրտերում: Սուրբ գրություններում մարգարեները սովորեցնում են, որ անձնական հայտնությունը սերտորեն կապված է սրտի հետ: Օրինակ.

Մորմոնը սովորեցրել է. «Հեզության ու սրտի խոնարհության շնորհիվ գալիս է Սուրբ Հոգու այցելությունը»: 7

Ալման ասել է. «Ով կկարծրացնի իր սիրտը, նա կստանա խոսքի նվազագույն բաժինը. իսկ ով չի կարծրացնի իր սիրտը, նրան տրվում է խոսքի ավելի մեծ բաժինը»:8

Հելամանը գրել է Նեփիացիներին. «[Նրանց հոգիները լցված էին] ուրախությամբ ու սփոփանքով… . որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց»:9

Ապա Սաղմոսողը գրել է. «Տերը մոտիկ է սրտով կոտրվածներին»: 10

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մի՞թե դա հենց այն չէ, ինչին ձգտում ենք բոլորս, որ Սուրբ Հոգին այցելի մեզ, որ ավելի մոտենանք Տիրոջը, որ գտնենք ուրախություն և մխիթարություն մեր կյանքում: Եթե այդպես է, ապա մեր սրտերի վիճակն ուշադիր քննելն ամենակարևոր բաներից մեկն է, որ կարող ենք անել այս կյանքում:

Սիրտը նուրբ տեղ է: Այն զգայուն է բազմաթիվ ազդեցությունների հանդեպ` լինի դրական, թե բացասական: Այն կարող է վիրավորվել ուրիշների կողմից: Այն կարող է անզգա դառնալ մեղքից: Այն կարող է փափկել սիրուց: Մեր կյանքի վաղ տարիներից մենք սովորում ենք պահպանել մեր սրտերը: Մեր սրտի շուրջը մենք ցանկապատի պես մի բան ենք կառուցում, որտեղ դարպաս կա: Ոչ ոք չի կարող ներս մտնել այդ դարպասից, մինչև մենք նրան թույլ չտանք:

Որոշ դեպքերում մեր սրտի շուրջը կառուցած ցանկապատը կարելի է նմանեցնել կարճ ցցաշարի, որի դարպասի վրա կա «Բարի գալուստ» նշանը: Մյուս դեպքերում սրտերն այնքան են վիրավորված կամ այնքան են մեղքից անզգայացած, որ 2.5 մետրանոց շղթայակապ ցանկապատ ունեն, որոնց վրայով ողջ երկարությամբ փշալար է անցնում: Դարպասը փակված է կողպեքով և «Մուտքն արգելված է» մի մեծ ցուցանակ է կախված:

Եկեք օգտագործենք դարպասի գաղափարը անձնական հայտնություն ստացող սրտի վերաբերյալ: Նեփին սովորեցրել է. «Երբ մարդ խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն մինչև մարդկանց զավակների սրտերը»:11 Երեց Բեդնարը մեր ուշադրությունն է հրավիրել մինչև բառի օգտագործման վրա. «Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հոգու զորությունը տանում ուղերձը մինչև , բայց ոչ անպայման սրտի ներսը… . Ի վերջո… . ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում է սրտի ներսը, միայն այն դեպքում, երբ ստացողը թույլ է տալիս, որ այն մուտք գործի»:12

Ինչո՞ւ ուղղակի մինչև սիրտը: Անձնական կամքն այնքան սրբազան է, որ Երկնային Հայրը, չնայած Իր անսահման զորությանը, երբեք չի ստիպի մարդկային սրտին: Մարդ հնարավոր է փորձի այդպես անել, բայց Աստված՝ երբեք: Այլ խոսքով ասած, Աստված թույլ է տալիս մեզ լինել մեր սեփական սրտի պահապանները կամ դռնապանները: Մենք պետք է մեր իսկ ազատ կամքով բացենք մեր սրտերը Հոգու առջև, եթե ոչ՝ Նա ուժ չի գործադրի մեզ վրա:

Այսպիսով, ինչպե՞ս ենք բացում մեր սրտերը:

Լեռան քարոզում Փրկիչն ասաց. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն»:13 Եթե ինչ-որ բան մաքուր է, այն աղտոտված չէ կամ բծոտված այնպիսի բաներով, որոնք չպետք է լինեն նրանում: Իհարկե, սրտի մաքրությունը Աստծուց ոգեշնչում ստանալու ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Քանի որ մեզանից ոչ մեկի սիրտը կատարյալ չէ, որքան ջանասիրաբար ենք ձգտում վերացնել անմաքրությունը կամ դուրս մղում այն բաները, որոնք չպետք է լինեն այնտեղ, այնքան շատ ենք մեր սրտերը բացում Սուրբ Հոգու առջև: Հիշեք մարգարե Հակոբի այս քաղցր խոստումը. «Ով դուք, բոլորդ, որ մաքուր եք սրտով, բարձրացրեք ձեր գլուխները և ընդունեք Աստծո հաճելի խոսքը և վայելեք նրա սերը… .»:14

Լիբերթիի բանտում եղած ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ մի հայտնություն, որը նկարագրում է որոշ սրտերի վիճակը.

«Ահա, շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված: Իսկ ինչու՞ նրանք ընտրված չեն:

Որովհետև նրանց սրտերն այնքան շատ են դրված այս աշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց գովասանքները… .»:15

Աշխարհում այժմ շատերն են ապրում բարգավաճ և խաղաղ պայմաններում: Մորմոնի Գրքում բարգավաճումը հաճախ մարդկանց հեռացնում էր Տիրոջից: Մորմոնը նախազգուշացրել է. «Մենք կարող ենք տեսնել` հենց այն ժամանակ, երբ նա բարգավաճեցնում է իր ժողովրդին, այո, իրենց դաշտերի, իրենց հոտերի ու իրենց նախիրների, ոսկու և արծաթի և ամեն ձևի, ամեն տեսակի ու տիպի թանկարժեք բաների աճով… . այդ ժամանակ է, որ նրանք կարծրացնում են իրենց սրտերը և մոռանում են Տիրոջը` իրենց Աստծուն»:16

Տերը նշել է սիրտն աշխարհիկ բաների վրա դնելու երեք բնական հետևանքներ: Առաջինը, մենք ցանկանում ենք թաքցնել մեր մեղքերը՝ դրանցից ապաշխարելու փոխարեն: Հաջորդը, մենք ձգտում ենք գոհացնել մեր հպարտությունը և ունայն փառասիրությունը, քան ձգտել Աստծո բաներին: Ի վերջո, մենք սկսում ենք անարդար իշխանություն գործադրել ուրիշների վրա:17

Հիշեք, որ հպարտությունը մեր սրտերը աշխարհիկ բաների վրա դնելու բնական հետևանք է: Հպարտությունն արագ անզգայացնում է մեր սրտերը հոգևոր հուշումների հանդեպ: Օրինակ Տերն ասել է. «Ես` Տերս, չեմ հավանում իմ ծառա Սիդնի Ռիգդոնին. նա իրեն բարձրացրել է իր սրտում, և խորհուրդ չի ընդունել, այլ տրտմեցրել է Հոգին»:18 Համեմատեք դա այս խորհրդի հետ. «Եղիր խոնարհ, և Տերը` քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:19

Լիբերթիի բանտի հայտնության մեջ Տերը նկարագրեց աշխարհիկ սրտի հետևանքը: «Ահա, երկինքները ետ են քաշվում, Տիրոջ Հոգին տրտմում է … . և ահա, մինչ նա կգիտակցի, նա թողնված է մենակ»:20 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հենց այս «չար ժամանակներում» մենք չենք կարող հանդուրժել, որ տրտմեցնենք Հոգին և թողնվենք մենակ:

Ես ասում եմ կրկին, մեր սրտերի վիճակը ուղղակիորեն ազդում է հոգևոր բաների հանդեպ մեր զգայունության վրա: Եկեք մեր ամենօրյա ջանասիրության մաս դարձնենք Հոգու առջև մեր սրտերը բացելը: Քանի որ մենք ենք մեր սրտերի պահապանները, մենք կարող ենք ընտրել անել այդպես:Մենք ենք ընտրում ինչը ներս թողնել կամ ինչը դրսում պահել: Բարեբախտաբար, Տերը հոգ է տանում օգնելու մեզ իմաստուն ընտրություն կատարել:

Ես եզրափակում եմ վկայելով երկու խոստումների մասին, որ Նա տվել է նրանց, ովքեր ձգտում են գալ Իր մոտ. «Ուստի, իմ սիրելի եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել [Նրա] սիրով… . որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր»:21

Եվ վերջապես Պողոս Առաքյալի այս ցնցող հայտարարությունը. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»:22

Իմ աղոթքն է, որ մենք միշտ խնդրենք Քրիստոսին զորացնել մեր սրտերը և դրանք լցնել Իր սիրով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ.

  1. 2 Նեփի 32.5

  2. Բ Տիմոթեոս Գ.1

  3. Տես ՎևՈՒ 8.2

  4. Տես ՎևՈՒ 85.6

  5. Տես ՎևՈՒ 8.2

  6. “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Liahona, June 1997, 10.

  7. Մորոնի 8.26

  8. Ալմա 12.10

  9. Հելաման 3.35

  10. Սաղմոս ԼԴ.18

  11. 2 Նեփի 33.1, շեղագիրն ավելացված է:

  12. “Seek Learning by Faith,” Liahona, Sept. 2007, 17.

  13. Մատթեոս Ե.8

  14. Հակոբ 3.2

  15. ՎևՈՒ121.34–35

  16. Հելաման 12.2

  17. Տես ՎևՈՒ 121.36–37:

  18. ՎևՈՒ 63.55

  19. ՎևՈՒ 112.10

  20. ՎևՈՒ 121.37–38

  21. Մորոնի 7.48

  22. Փիլիպպեցիս Դ.13