2008
Տասներկուսը
Մայիս 2008


Տասներկուսը

Որպեսզի Եկեղեցին լինի Նրա Եկեղեցին, պետք է ունենա Տասներկուսի Քվորում, ովքեր կրում են բանալիները և շնորհում են դրանք ուրիշներին:

Նկար
President Boyd K. Packer

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մահից մի կարճ ժամանակ անց, 14 տղամարդիկ, Առաքյալները, որոնց շնորհված է արքայության բանալիները, միասին հավաքվեցին տաճարի վերնահարկում, որպեսզի վերակազմավորեն Եկեղեցու Առաջին Նախագահությունը: Անկասկած գիտեինք, թե ինչ պետք է անել: Մենք գիտեինք, որ ավագ Առաքյալը Եկեղեցու Նախագահն է: Եվ սրբազան ժողովում Թոմաս Ս. Մոնսոնը Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ: Նա նշանակեց և կանչեց իր խորհրդականներին: Նրանք նույնպես հաստատվեցին, և նրանք կարգվեցին և նրանց իշխանություն տրվեց: Նախագահ Մոնսոնին հատուկ ձևով տրվեց քահանայության իշխանության բոլոր բանալիները գործադրելու իշխանությունը: Այժմ, ինչպես սուրբ գրություններն են ասում, նա միակ մարդն է երկրի վրա, որն այդ բոլոր բանալիները գործադրելու իրավունք ունի: Սակայն մենք բոլորս` որպես Առաքյալներ, կրում ենք դրանք: Մեր մեջ մեկն է կանչվում և կարգվում, և դառնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ: Նա արդեն տարիներ շարունակ եղել և հաստատվել է որպես մարգարե, տեսանող և հայտնող:

Քանի որ Նախագահ Ուխդորֆը կանչվեց Առաջին Նախագահություն, Տասներկուսում թափուր տեղ առաջացավ, և երեկ մենք հաստատեցինք Տասներկուսի Քվորումի նոր անդամին` Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնին: Նա այժմ միացել է այդ սուրբ եղբայրության սուրբ շրջանակում, և այժմ շրջանակը լրացված է: Առաքյալի կոչումը գնում է ետ` դեպի Տեր Հիսուս Քրիստոսը:

Մենք նաև հաստատեցինք մի քանի Յոթանասունականների: Նրանք այժմ գրավել են իրենց տեղերը: Սուրբ գրություններն ասում են, որ Տասներկուսի Քվորումի պատասխանատվությունն է ղեկավարել Եկեղեցու բոլոր գործերը, և երբ նրանք օգնության կարիք ունեն, նրանք պետք է «կանչեն Յոթանասունին … ուրիշների փոխարեն»:1 Եվ այժմ մենք ունենք Յոթանասունի ութ Քվորումներ` սփռված ամբողջ աշխարհով մեկ, ավելի քան 300 Յոթանասունականներով, որոնք բոլորն էլ կրում են անհրաժեշտ իշխանություն անելու այն, ինչ Տասներկուսը ուղղորդում է նրանց կատարել:

Տերն Ինքն է հաստատել կառավարման այս օրինակը.

«Նա ելավ սարը աղոթք անելու և բոլոր գիշերն անցրեց աղոթք անելով դեպի Աստված:

Եվ երբոր առավոտ եղավ, կանչեց իր աշակերտներին և ընտրեց նորանցից տասներկուսին, որոնց առաքեալ էլ անվանեց»:2

Անդրեասը լսեց Հովհաննեսին խոսելիս և վազեց իր եղբայր Սիմոնի մոտ և ասաց «Մեսիան գտել ենք …

… Եվ բերավ նրան Հիսուսի մոտ. Հիսուսն էլ նրան մտիկ տվավ և ասեց. Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին. դու պիտի կոչվես Կեփաս, (որ թարգմանվում է Պետրոս)»:3

Սիմոնն ու իր եղբայր Անդրեասը ուռկաններ էին նետում ծովը, Հակոբոսն ու Հովհաննեսը, Զեբեդիոսի որդիները, շինում էին իրենց ուռկանները, Փիլիպպոսն ու Բարթողոմէոսը, Մատթեոսը` մաքսավորը կամ հարկ հավաքողը, Թովմասը, Հակոբոսը` Ալփեանի որդին, Սիմոն Կանանացին, Հակոբոսի եղբայր Հուդան և Հուդա Իսկարիովտացին Նրանք կազմեցին Տասներկուսի Քվորումը:4

Նա ասաց նրանց բոլորին. «Իմ ետևից եկեք»:5

Նա ասաց Պետրոսին. «Ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքումը, և այն որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքումը»:6

Իսկ Տասներկուսին Նա ասաց. «Ինձ հավատացողը այն գործերն, որ ես գործում եմ, նա էլ կգործե, և նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործե, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում»:7

Եվ Իր Առաքյալներին տվեց «զորություն և իշխանություն բոլոր դևերի վրա և հիվանդություններ բժշկելու: Եվ նրանց ուղարկեց Աստծո արքայությունը քարոզելու, և հիվանդներին բժշկելու ամեն տեղ»:8

Եվ Նա ասաց. «Տասներկուս[ը] կրում է իմ արքայության իշխանությունն աշխարհի չորս անկյուններում բացելու, և, դրանից հետո, իմ խոսքն ամեն արարածի ուղարկելու բանալիները»:9

Մի անգամ Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին. «Մարդիկ ինձ համար ով են ասում, որ մարդի որդին լինի… .

Սիմոն Պետրոսը պատասխան տվավ և ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»:10

Երբ Հիսուսը սովորեցնում էր ժողովարաններում, շատ աշակերտներ հարցրեցին. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դրան… .

Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին և այլևս ման չէին գալիս նրա հետ:

Հիսուսն էլ ասեց այն տասներկուսին, Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ:

… . Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան. Տեր ու՞մ մոտ գնանք. հավիտենական կյանքի խոսքեր ունես դու»:11

Խաչելությունից հետո, Առաքյալները հիշեցին, որ Նա ասել էր, որ պետք է մնային Երուսաղեմում:12 Ապա եկավ Պենտէկոստէի օրը, այդ մեծ իրադարձությունը, երբ նրանք ստացան Սուրբ Հոգին:13 Նրանք ստացան «մարգարեական ավելի հաստատ խոսք»14 և «Սուրբ Հոգուց շարժված խոսեցան»:15 Եվ այսպիսով, նրանք լրիվ էին:

Մենք քիչ բան գիտենք նրանց ճամփորդությունների մասին և գիտենք միայն, թե որտեղ և ինչպես նրանցից մի քանիսը մահացան: Հակոբոսը սպանվեց Երուսաղեմում Հերովդեսի կողմից: Պետրոսն ու Պողոսը մահացան Հռոմում: Ավանդույթն ասում է, որ Փիլիպպոսը գնացել է դեպի արևելք: Սրանից ավելի ոչինչ չգիտենք:

Նրանք ցրվեցին, նրանք սովորեցրին, վկայեցին և հաստատեցին Եկեղեցին: Եվ նրանք մահացան իրենց հավատքի համար, և նրանց մահվան հետ եկան ուրացության խավար դարերը:

Ամենաարժեքավոր բանը, որը կորավ ուրացության ժամանակ, Տասներկուսի կրած իշխանությունն էր՝ քահանայության բանալիները: Որպեսզի Եկեղեցին լինի Նրա Եկեղեցին, պետք է ունենա Տասներկուսի Քվորում, ովքեր կրում են բանալիները և շնորհում են դրանք ուրիշներին:

Ժամանակին տեղի ունեցավ Առաջին Տեսիլքը և Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը:16

Ավելի ուշ Առաջին Նախագահությանը և Տասներկուսի Քվորումին ասվել է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ տնտեսության բանալիները, որոնք դուք ստացել եք, եկել են հայրերից, և ի վերջո, ուղարկվել են ձեզ երկնքից:

… . Տեսեք, թե որքան մեծ է ձեր կոչումը: Մաքրեք ձեր սրտերն ու ձեր հանդերձները, որ չլինի թե այս սերնդի արյունը պահանջվի ձեր ձեռքից»:17

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի վերականգնված Եկեղեցին երիտասարդ էր, երբ կազմակերպվեց Առաջին Նախագահությունը, ապա Տասներկու Առաքյալների Քվորումը, որը կազմակերպվեց սովորական մարդկանցից, իսկ հետո Յոթանասունի Քվորումները: Առաջին Տասներկուսի Քվորումի միջին տարիքը 28 տարեկան էր:

Իշխանության գիծը անխախտ է եղել: Առաքյալներին տրված քահանայության բանալիները միշտ կրել են Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը երեկ դարձավ 96-րդ Առաքյալը, որը կծառայի այս տնտեսության Տասներկուսի շարքում: Նա կձեռնադրվի Առաքյալ և կտրվեն քահանայության բոլոր բանալիները, որոնք շնորհված են եղել մյուս 14 մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին՝ Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալներին:

1976 թվականին Կոպենհագենում, Դանիա, տեղի ունեցավ տարածքային գերագույն համաժողով: Եզրափակիչ նիստից հետո Նախագահ Վ. Քիմբալը ցանկացավ այցելել Վոր Ֆրու Եկեղեցին, որտեղ տեղադրված է Թորվալդսենի Քրիստուս և Տասներկու Առաքյալների արձանները: Նա այցելել էր այնտեղ մի քանի տարի առաջ և ցանկացել, որ մենք բոլորս գնանք այնտեղ և տեսնենք այն:

Եկեղեցու առջևի մասում, խորանի ետևում կանգնած է Քրիստուս ծանոթ արձանը՝ ձեռքերն առաջ պարզած և փոքր ինչ տարածած, ձեռքերի վրա երևում են բևեռների հետքերը, և շատ պարզ երևում է Նրա կողի վերքը: Յուրաքանչյուր կողմում կանգնած են Առաքյալները՝ Պետրոսը առջևում աջ կողմից և մյուս Առաքյալները ըստ կարգի:

Մեր խմբի մեծ մասը պահակի մոտ էին աղոթատան ետևի մասում: Ես կանգնած էի Նախագահ Քիմբալին դեմ հանդիման Պետրոսի արձանի առաջ՝ Երեց Ռեքս Դ. Փինիգարի և Յոհան Հելգե Բենթինի՝ Կոպենհագենի ցցի նախագահի հետ:

Մարմարից քանդակված Պետրոսի ձեռքում կա ծանր բանալիների մի խուրձ: Նախագահ Քիմբալը ցույց տալով այդ բանալիները, բացատրեց, թե ինչ էին դրանք խորհրդանշում: Ապա մի ձևով, որը ես երբեք չեմ մոռանա, նա շրջվեց դեպի Նախագահ Բենթինը և անսովոր վճռականությամբ մատն ուղղելով նրան ասաց. «Ես ուզում եմ, որ դուք Դանիայում ասեք յուրաքանչյուրին, որ ես կրում եմ բանալիները: Մենք կրում ենք իսկական բանալիները, և մենք ամեն օր օգտագործում ենք դրանք»:

Ես երբեք չեմ մոռանա այդ հայտարարությունը, այդ վկայությունը մարգարեի կողմից: Հոգևոր ներգործությունը հզոր էր, տպավորությունը՝ իր ազդեցությամբ ֆիզիկական:

Մենք քայլեցինք դեպի եկեղեցու հետևի կողմը, որտեղ կանգնած էին խմբի մնացած մասը: Մատնացույց անելով դեպի արձանները, Նախագահ Քիմբալն ասաց սիրալիր պահակին. «Սրանք մահացած Առաքյալներն են»: Մատանացույց անելով ինձ, նա ասաց. «Ահա մենք ունենք կենդանի Առաքյալներ: Երեց Փակերը Առաքյալ է: Երեց Թոմաս Ս. Մոնսոնը և Երեց Լ. Թոմ Փերին Առաքյալներ են, և ես էլ եմ Առաքյալ: Մենք կենդանի Առաքյալներ ենք:

Նոր Կտակարանում դուք կարդացել եք Յոթանասունի մասին, ահա այստեղ են կենդանի Յոթանասունից երկուսը՝ Երեց Ռեքս Դ. Փինիգարը և Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը»:

Պահակը, որը մինչև այդ պահը ոչ մի զգացմունք չէր դրսևորել, հանկարծ արտասվեց:

Ես զգացի, որ դա իմ կյանքում արտառոց մի փորձառություն էր:

«Մենք հավատում ենք նույն կազմակերպությանը, որը գոյություն ուներ Նախնական Եկեղեցում՝ իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով և այլն»:18

Երբ Յոթանասունականները կարգվում են, չնայած նրանք չեն կարգվում որպես Առաքյալներ, ոչ էլ նրանք բանալիներ են կրում, նրանք ունեն իշխանություն և Տասներկուսը պարտավոր է «կանչել Յոթանասունին, ուրիշների փոխարեն, երբ կարիք կա օգնության, զանազան կոչումներ կատարելու ավետարանի քարոզման և սպասավորման համար»:19

Այսօր կան 308 Յոթանասունականներ 8 քվորումներում: Նրանք ներկայացնում են 44 երկրներ և խոսում են 30 լեզուներով:

Մենք չենք լսել, որ քահանյության բանալիներ գործածվեն Քրիստոնեական մյուս եկեղեցիներում: Տարօրինակ է թվում, որ ոմանք մեզ նկարագրում են որպես ոչ Քրիստոնյա, երբ մենք միակն ենք, որ ունենք իշխանություն և կազմակերպություն, որ Նա է հաստատել:

Ներկայիս Տասներկուսը շատ սովորական մարդիկ են: Ինչպես Տասներկուսը հնում՝ անհատապես նրանք արտասովոր մարդիկ չեն, բայց հավաքականորեն Տասներկուսը ուժ է:

Մենք ունենք տարբեր մասնագիտություններ: Մենք գիտնականներ ենք, փաստաբաններ և ուսուցիչներ:

Երեց Նելսոնը սրտի վիրահատության պիոներ է: Նա հազարավոր վիրահատություններ է կատարել: Նա ինձ ասել է, որ սրտի վիրահատություն տարած յուրաքանչյուր հիվանդի նա իր աշխատանքով երաշխավորություն է տվել ողջ կյանքի համար:

Այս Քվորումում մի քանիսը զինվորականներ են՝ նավաստի, ռազմածովային, օդաչու:

Նրանք տարբեր եկեղեցական պաշտոններ են գրավել՝ տնային ուսուցիչներ, ուսուցիչներ, միսիոներներ, քվորումի նախագահներ, եպիսկոպոսներ, ցցի նախագահներ, միսիայի նախագահներ, և ամենակարևորը` ամուսիններ ու հայրեր:

Նրանք բոլորը Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսանողներ են և ուսուցիչներ: Այն, ինչ միավորում է մեզ՝ Փրկչի և Նրա Հոր զավակների հանդեպ սերն է և մեր վկայությունը, որ Նա կանգնած է այս Եկեղեցու գլխին:

Տասներկուսից գրեթե յուրաքանչյուրն ունի համեստ ծագում, ինչպես այն ժամանակ, երբ Նա այստեղ էր: Ապրող Տասներկուսը միահյուսված են միմյանց Հիսուս Քրիստոսի ավետարանի ծառայությամբ: Երբ կանչը եկավ, յուրաքանչյուրը վար դրեց իր, այսպես ասած, ուռկանները և հետևեց Տիրոջը:

Նախագահ Քիմբալը հիշվում է «Իմ կյանքը նման է կոշիկների՝ ծառայության մեջ մաշվելու համար» իր արտահայտությամբ:20 Սա վերաբերում է Տասներկուսի բոլոր անդամներին: Մենք նույնպես մաշվում ենք Տիրոջ ծառայության մեջ, և մենք դա անում ենք պատրաստակամորեն: Դա հեշտ կյանք չէ մեր և մեր ընտանիքների համար:

Հնարավոր չէ խոսքերով նկարագրել այն ներդրումը, ծառայությունն ու զոհաբերությունը, որ անում են քահանայության առաջնորդների կանայք ողջ աշխարհում:

Որոշ ժամանակ առաջ, կինս և նաև Քույր Բալլարդը ենթարկվեցին անտանելի ցավոտ ողնաշարի վիրահատության: Երկուսն էլ լավ են, ոչ մեկը չի բողոքում: Կնոջս կողմից բողոքի նմանվող ամենամոտիկ արտահայտությունն այս էր. «Սա զվարճալի չէ»:

«Տասներկուսի պարտականությունն է», Առաջին Նախագահության ղեկավարությամբ, «կարգել և կազմակերպել եկեղեցու մյուս բոլոր պաշտոնյաներին, հայտնության համաձայն»:21

Մենք այժմ ունենք էլեկտրոնային միջոցներ, որոնցով կարող ենք ուսուցանել և վկայել ղեկավարներին ու անդամներին ողջ աշխարհում: Բայց, որպեսզի իշխանության բանալիները այդ անխախտ գծով «ձեռնադրմամբ»22 շնորհվեն քահանայության առաջնորդներին, որտեղ էլ որ լինեն աշխարհում, մեզանից մեկն ամեն անգամ պետք է այնտեղ լինի:

Տերն ասել է. «Եվ բացի այդ ես ասում եմ ձեզ, որ ում որ դուք ուղարկեք իմ անունով, ձեր եղբայրների` Տասներկուսի ձայնով, ձեր կողմից պատշաճ կերպով երաշխավորված և լիազորված, նրանք զորություն կունենան՝ բացելու իմ արքայության դուռը, որ ազգի համար էլ որ դուք նրանց ուղարկած լինեք»:23

Սուրբ գրքերը նկարագրում են Տասներկուսին որպես «ճամփորդող խորհրդականներ»:24

Ես չեմ տարբերվում Տասներկուսի Եղբայրներից, Յոթանասունից և Եպիսկոպոսությունից, որոնց հետ ես ծառայել եմ այս 47 տարիների ընթացքում, երբ ասեմ ձեզ, որ արձանագրությունները ցույց են տալիս, որ ես եղել եմ Մեքսիկայում և Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում ավելի քան 75 անգամ, 50 անգամից ավելի Եվրոպայում, 25 անգամ Կանադայում, 10 անգամ Խաղաղօվկիանոսյան կղզիներում և 4 անգամ Աֆրիկայում, երկու անգամ նաև Չինաստանում, Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Դոմենիկյան Հանրապետությունում, Հնդկաստանում, Պակիստանում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում և ողջ երկրագնդի ուրիշ շատ-շատ վայրերում: Մյուսներն անգամ ավելի շատ են ճամփորդել:

Մինդեռ Առաքյալները կրում են քահանայության բոլոր բանալիները, բոլոր ղեկավարներն ու անդամները նույնպես կարող են ստանալ անձնական հայտնություն: Իրականում, սպասվում է, որ նրանք աղոթքով հայտնություն կփնտրեն և կգործեն ըստ դրա՝ հավատքով:

«Վասնզի նրանով երկուսս մեկ Հոգով ունենք մոտենալը Հոր մոտ:

Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ,

Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է»:25

Այժմ Երեց Քրիստոֆերսոնը, հավանաբար, զարմացած է, ինչպես ես զարմացա, թե ինչու ինձ նման մեկը պետք է կարգվի սուրբ առաքյալի կոչման:

Այնքան շատ հատկանիշներ են պակասում ինձ: Իմ ծառայելու ջանքերում այնքան շատ թերության կա: Կամ միայն մեկ հատիկ բան, մեկ հատկանիշ, որը կարող է բացատրել դա: Պետրոսի և բոլոր նրանց նման, ովքեր այդ ժամանակից սկսած կարգվել են, դա այն է, որ ես ունեմ այդ վկայությունը:

Ես գիտեմ, որ Աստված մեր Հայրն է: Նա Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ներկայացրեց Ջոզեֆ Սմիթին: Ես հայտարարում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Նա ծնվեց ժամանակների գագաթնակետին: Նա սովորեցրեց Իր ավետարանը և դատվեց: Նա տառապեց և խաչվեց և հարություն առավ երրորդ օրը: Նա, Իր Հոր նման, ունի մսից և ոսկրից մարմին: Նա կատարեց Իր Քավությունը: Նրա մասին ես վկայություն եմ բերում: Նրա վկան եմ ես: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. ՎևՈւ 107.38

  2. Ղուկաս Զ.12–13

  3. Հովհաննես Ա.41–42

  4. Տես Ղուկաս Զ.12–16:

  5. Տես Մատթեոս.Դ.19, 16.24, Մարկոս Զ.է, Ղուկաս Թ.23, տես նաև Հովհ. ԻԱ.19, ՎևՈՒ 112.14:

  6. Մատթեոս ԺԶ.19

  7. Հովհաննես ԺԴ.12

  8. Ղուկաս Թ.1–2, 6

  9. ՎևՈՒ 124.128

  10. Մատթեոս ԺԶ.13,16

  11. Հովհ. Զ.60, 66–68

  12. Տես Գործք Ա.4

  13. Տես Գործք Բ.1–4

  14. Բ Պետրոս Ա.19

  15. Բ Պետրոս Ա.21

  16. Տես ՎևՈՒ 27.12, ՋՍ—Պատմություն 1.72:

  17. ՎևՈՒ 112.32–33

  18. Հավատո Հանգանակ 1.6

  19. ՎևՈՒ 107.38

  20. In Gordon B. Hinckley, “The Gift of Self,” Tambuli, Dec. 1986, 4; “He Is at Peace,” Ensign, Dec. 1985, 41.

  21. ՎևՈՒ 107.58, տես նաև ՎևՈՒ 107.33

  22. Հավատո Հանգանակ 1.5

  23. ՎևՈՒ 112.21

  24. ՎևՈՒ 107.23

  25. Եփեսացիս Բ.18–20