Ինստիտուտ
Դաս 14․ Ուսուցչի ձեռնարկ. Գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում


Դաս 14․ Ուսուցչի ձեռնարկ. Գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 14. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 14. Ուսուցչի ձեռնարկ

Գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում

Երբ Մոսիայի որդիները ապաշխարեցին և դարձան դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, նրանք դարձան հզոր միսիոներներ և օգնեցին շատ լամանացիների գալ Նրա մոտ: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կիսվել, թե իրենց սեփական դարձի ամրապնդումն ինչպես կարող է մեծացնել ավետարանով ուրիշների հետ կիսվելու նրանց ցանկությունը: Ուսանողները կքննարկեն, թե ինչ կարող են անել Աստծո ձեռքերում ավելի արդյունավետ գործիքներ դառնալու համար, երբ հավաքում են Իսրայելը՝ պատրաստվելով Տիրոջ Երկրորդ Գալուստին:

Ուսուցման առաջարկներ

Ալման և Մոսիայի որդիները դարձի են եկել և գնում են լամանացիներին քարոզելու։

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունները։ Խնդրեք ուսանողներին մտքում գնահատել յուրաքանչյուր հայտարարությունը 1-5 սանդղակով (1 = բոլորովին համաձայն չեմ, իսկ 5 = լիովին համաձայն եմ):

  1. Ես ցանկանում եմ ուրիշների հետ կիսվել ավետարանով:

  2. Ես աղոթում եմ ավետարանով կիսվելու հնարավորությունների համար:

  3. Ավետարանով կիսվելը իմ կյանքի սովորական և բնական մասն է:

  4. Ես ձգտում եմ արդյունավետ գործիք լինել Աստծո ձեռքերում՝ կիսվելով Նրա ավետարանով:

Երբ ուսանողները ժամանակ կունենան կատարել այս ինքնագնահատումը, ցուցադրեք հետևյալ հարցը. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի արդյունավետ գործիք դառնամ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու գործում: Հրավիրեք ուսանողներին լսել և գրանցել ցանկացած հուշում, որը կարող է օգնել նրանց պատասխանել այս հարցին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մոսիայի որդիները գործիքներ դարձան Աստծո ձեռքերում, երբ նրանք ծոմ էին պահում, աղոթում էին Նրա Հոգու համար և քարոզում էին Նրա ավետարանը (տես Ալմա 17.3, 9, 11, 26.3, 15): Հանձնարարեք ուսանողներին կարդալ Մոսիա 27.35–36-ը և Մոսիա 28.1–3-ը՝ փնտրելով, թե ինչպես փոխվեցին Մոսիայի որդիների սրտերը դարձի գալուց հետո:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Հարցեր տվեք, որոնք օգնում են խորապես հասկանալ նյութը: Երբ նկատում եք, որ ուսանողներն իրենց մտքում հասկանում են ավետարանի սկզբունքը, տվեք հարցեր, որոնք կարող են օգնել նրանց լիովին հավատալ այդ սկզբունքին: Այսպիսի հարցերը ուսանողներին թույլ են տալիս օգտվել իրենց սեփական փորձից և կիսվել իրենց սեփական վկայություններով: Նման հարցերը կարող են ունենալ հետևյալ ձևերից մեկը. «Ե՞րբ եք զգացել…»: «Որտեղի՞ց գիտեք … » կամ «Ինչպե՞ս եք վերաբերվում … -ին»:

  • Ի՞նչ նկատեցիք Մոսիայի որդիների ցանկություններում: Ի՞նչ կարող ենք սովորել նրանից, թե նրանց դարձն ինչպե՞ս ազդեց Աստծո ձեռքերում գործիքներ լինելու նրանց ցանկության վրա: (Հանձնարարեք ուսանողներին վերանայել նախագահ Դալլին Հ. Օուքսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Օգտագործելով ուսանողների պատասխանները, գրատախտակին գրեք նմանատիպ մի սկզբունք. Երբ մեր դարձը խորանում է, Աստծո ձեռքերում գործիք լինելու և ավետարանով կիսվելու մեր ցանկությունն ու պատրաստակամությունը մեծանում է:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեր դարձի խորացումը ուժեղացնում ավետարանով կիսվելու մեր ցանկությունը: Հասկանալով այս սկզբունքը, ինչպե՞ս կարող ենք պատրաստվել միսիայի կամ ավելի լավ կիսվել ավետարանով մեր առօրյա կյանքում:

  • Սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից ի՞նչ օրինակներ գիտեք, որոնք ցույց են տալիս այս սկզբունքը: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ իմանալ, որ այս սկզբունքը ճշմարիտ է: (Հրավիրեք ուսանողներին իրենց զուգընկերոջ հետ կիսվել իրենց օրինակներով և անձնական փորձով։)

Մի քանի րոպե ժամանակ տվեք ուսանողներին՝ վերանայելու իրենց կողմից տրված ինքնագնահատականը և խորհելու այն հարցի շուրջ, որը ներկայացվել է դասի սկզբում: Խնդրեք նրանց գրանցել մտքերն ու զգացումները, որոնք ունեցել են դասի ժամանակ:

Մոսիայի որդիները գործիքներ են դառնում Տիրոջ ձեռքերում։

Հրավիրեք ուսանողներին կիսվել դժվարություններով, որոնց բախվել են, երբ փորձել են կիսվել ավետարանով: (Կարող եք գրատախտակին ցուցադրել նրանց պատասխանները և քննարկել, թե ինչպես են այս մարտահրավերները խանգարում մեզ կիսվել ավետարանով։)

Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Մենք կարող ենք ավելի արդյունավետ գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում, երբ մենք…

Հակիրճ վերանայեք այն դժվարությունները, որոնց բախվեցին Մոսիայի որդիները, երբ սկսեցին ավետարանը քարոզել լամանացիների մեջ (տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը): Հրավիրեք ուսանողներին վերանայել Ալմա 17:2–3, 9–11-ը՝ փնտրելով, թե ինչ արեցին Մոսիայի որդիները իրենց դժվարությունները հաղթահարելու և Աստծո ձեռքերում արդյունավետ գործիքներ դառնալու համար:

  • Օգտագործելով այն, ինչ սովորել ենք Մոսիայի որդիներից, ինչպե՞ս կարող ենք ավարտել գրատախտակի հայտարարությունը՝ սկզբունք ձևավորելու համար: (Օգտագործելով ուսանողների բառերը, լրացրեք հայտարարությունն այնպես, որ այն ձևավորի նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք ավելի արդյունավետ գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում, երբ աղոթենք, ծոմ պահենք և ուսումնասիրենք սուրբ գրությունները:)

Հանձնարարեք ուսանողներին Ալմա 17.2–3-ում գտնել, թե ինչ հոգևոր օրհնություններ ստացան այս միսիոներները, երբ նրանք աղոթում էին, ծոմ էին պահում և ուսումնասիրում սուրբ գրությունները: (Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մեկ այլ սկզբունք. Երբ աղոթում ենք, ծոմ պահում և ուսումնասիրում սուրբ գրությունները, մենք կարող ենք ստանալ հայտնության ոգին:)

  • Հայտնության ոգին ինչպե՞ս օգնեց Ամմոնին արդյունավետ գործիք լինել Աստծո ձեռքերում: (Կարող եք մի ուսանողի հրավիրել հակիրճ պատմել Ամմոնի փորձառությունը թագավոր Լամոնիի հետ, ապա կարդալ Ալմա 18.33–35-ը:)

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ հայտնության ոգին, երբ մենք ձգտում ենք գործիքներ լինել Աստծո ձեռքերում:

  • Հայտնության ոգին ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի արդյունավետ գործիք լինել Աստծո ձեռքերում:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք ձգտում ենք լսել, իսկապես լսել [Հիսուս Քրիստոսին], մենք առաջնորդվում և իմանում ենք, թե ինչ անել ցանկացած պարագայում: …

Ես կրկին խնդրում եմ, որ դուք անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ ձեր հոգևոր ունակությունն ավելացնելու համար, որպեսզի ստանաք անձնական հայտնություն։ («Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89, 90)

Հրավիրեք ուսանողներին վերանայել Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությունը բաժին 3-ում և խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ո՞ւմ կարող եմ հրավիրել մոտենալ Փրկիչին:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի գործիք լինեմ Տիրոջ ձեռքերում՝ օգնելու այդ մարդկանց ավելի մոտենալ Քրիստոսին:

Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ իրենց մտքերն ու զգացումները գրանցելու համար: Կարող եք նաև բոլոր պատրաստակամ ուսանողներին հրավիրել կիսվել այն ամենով, ինչ իրենք ծրագրում են անել:

Նշեք, որ իրենց նախապատրաստության շնորհիվ Մոսիայի որդիները նույնպես ստացան մարգարեության ոգին և կարողացան ուսուցանել զորությամբ և իշխանությամբ: (Օգտակար կլինի բացատրել, որ «մարգարեութեան հոգին» արտահայտությունը կարող է վերաբերել «Յիսուս Քրիստոսի վկայութիւնն» արտահայտությանը [Հայտնություն 19.10]:) Հավաստիացրեք ուսանողներին, որ մենք նույնպես կարող ենք նմանատիպ օրհնություններ ստանալ, երբ պատրաստվում ենք գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տիրոջ օգնությամբ մեզանից յուրաքանչյուրը կարող է գործիք լինել Նրա ձեռքերում և օգնել հավաքել Իսրայելը:

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին մտածել, թե որքանով են նրանք պատրաստ զգում Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Բացատրեք, որ հաջորդ դասում նկարագրվում է Փրկիչի այցը Ամերիկայի նեփիացիներին: Երբ ուսանողները պատրաստվեն հաջորդ դասին, խրախուսեք նրանց փնտրել, թե նեփիացիներին հայտնվելու նախորդող իրադարձություններն ինչ կարող են ուսուցանել վերջին օրերում Փրկիչի վերադարձին պատրաստվելու վերաբերյալ: