Ինստիտուտ
Դաս 11․ Ուսուցչի ձեռնարկ. Առաջ ընթանալ ուխտի արահետով


Դաս 11․ Ուսուցչի ձեռնարկ. Առաջ ընթանալ ուխտի արահետով, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 11. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 11․ Ուսուցչի ձեռնարկ

Առաջ ընթանալ ուխտի արահետով

Հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարությունը մեր մեղքերի համար առաջին քայլերն են դեպի հավերժական կյանք տանող ուխտի ճանապարհին: Մկրտության արարողության միջոցով մենք ուխտի հարաբերությունների մեջ ենք մտնում մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Այս դասի ընթացքում ուսանողները կկարողանան կիսվել օրինակներով, թե ինչպես պահել իրենց մկրտության ուխտը առօրյա կյանքում, վկայել Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության մասին և պարզել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի մեծ հույսով ու ուրախությամբ համբերեն մինչև վերջ:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Խրախուսենք ուսումնասիրության ոգին: Առաջին Նախագահությունից Հենրի Բ. Այրինգը նկատել է. «Հարցեր տալը և պատասխանելը սովորելու և ուսուցանելու հիմքն է» (“The Lord Will Multiply the Harvest” [satellite broadcast address to religious educators in the Church Educational System, Feb. 6, 1998, 5–6]): Մենք սովորաբար այս սկզբունքը կիրառում ենք այն ուսուցիչների համար, ովքեր հարցեր են տալիս և այն ուսանողների համար, ովքեր պատասխանում են դրանց: Չնայած ուսուցիչների արդյունավետ հարցերը կարող են նպաստել ուսանողների ուսմանը, ուսանողների հարցերը կարող են նաև հզոր դեր ունենալ ուսումնական փորձառության մեջ Ձգտեք ստեղծել ուսումնառության միջավայր, որտեղ ուսանողների հարցերը խրախուսվում են, հարգվում և ստանում խորամիտ արձագանք: Իմաստուն ուսուցիչը ինքնաբերաբար կամ անմիջապես չի պատասխանում ուսանողների տված յուրաքանչյուր հարցին: Նրանք կարող են հրավիրել այլ ուսանողների պատասխանել, ուղղորդել նրանց դեպի որևէ ոգեշնչված աղբյուր կամ հրավիրել նրանց դասաժամից դուրս ժամանակ հատկացնել՝ հետագա ուսումնասիրություն կատարելու համար, իսկ այնուհետև թույլ տալ, որ նրանք զեկուցեն իրենց սովորածի մասին:

Ալման և Նեփին ուսուցանում են մեր մկրտության ուխտի և Սուրբ Հոգու պարգևի կարևորության մասին։

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Բենիամին Մ. Զ. Թայիի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Բենիամին Մ․ Զ․ Թայ

Մեզ համար Տիրոջ գործողությունների ծրագիրը՝ Քրիստոսի վարդապետությունը, առավել հստակ ուսուցանված է Մորմոնի Գրքում: Այն ներառում է՝ … Աստծո հետ ուխտեր կապել ու պահել արարողությունների միջոցով, ինչպես օրինակ՝ մկրտությունը: Սա կպահի մեզ ուխտի արահետի վրա, որն առաջնորդում է դեպի Աստված: («Մորմոնի Գրքի զորությունը դարձի գալու ընթացքում», Լիահոնա, մայիս 2020, 46)

  • Ձեր մկրտությունն ինչպե՞ս է ազդել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու ձեր կարողության վրա:

Ցուցադրեք այս անավարտ հայտարարությունը. Երբ մկրտվում ենք մենք ուխտում ենք …

Հրավիրեք ուսանողներին վերանայել Մոսիա 18.8–10-ը՝ փնտրելով որոշ բաներ, որոնք մենք ուխտում ենք կատարել և դառնալ մկրտվելիս: (Ուսանողների պատասխաններն ընդգրկում են հետևյալը. Երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտում ենք կրել մեկս մյուսի բեռը, սգալ նրանց հետ, ովքեր սգում են, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնել որպես Աստծո վկաներ, ծառայել Նրան ու պահել Նրա պատվիրանները:)

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց հանձնարարվել էր մտածել իրենց տեսած օրինակների մասին, երբ մարդիկ պատվում են իրենց մկրտության ուխտերը: Մի քանի րոպե ժամանակ տվեք ուսանողներին, որպեսզի հիշեն իրենց օրինակները և այնուհետև իրենց գաղափարներով կիսվեն զուգընկերոջ կամ փոքր խմբերի հետ: Երբ նրանք միմյանց հետ կիսվեն իրենց օրինակներով, ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են Հիսուս Քրիստոսի՝ Իր մկրտության ուխտով ապրելու մի քանի օրինակները՝ ուրիշներին սփոփելու, զորացնելու և նրանց հետ սգալու համար:

  • Ի՞նչ եք սովորել ձեր կյանքում՝ սգալով նրանց հետ, ովքեր սգում են կամ մխիթարելով նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն: (Կարող եք կրկնել Երեց Դեյլ Գ. Ռենլանդի մեջբերումը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Ի՞նչ տարբերություն եք զգացել, երբ փորձել եք տեսնել ուրիշներին այնպես, ինչպես Երկնային Հայրն է տեսնում նրանց։

Նշեք, որ մեր մկրտության ուխտը պահելու ընթացքում Տերը խոստանում է մեզ Սուրբ Հոգու ընկերակցությունը: Խնդրեք ուսանողներին կրկնել 2 Նեփի 31.13, 17-ը և փնտրեք, թե մենք ինչպես ենք օրհնվում, երբ ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը:

  • Ինչպե՞ս կբացատրեք կրակով մկրտության իմաստը և հրեշտակների լեզվով խոսելը մկրտության պատրաստվող մարդուն: (Վերանայեք նախագահ Բոյդ Ք. Փաքերի և երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 2-ում:) Ինչպե՞ս եք զգացել այդ օրհնությունները:

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ խորհելու հետևյալ հարցերի շուրջ.

  • Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ կյանք հրավիրեմ Սուրբ Հոգու օրհնությունները։ Ի՞նչ պետք է շարունակեմ անել, սկսեմ կամ դադարել անել, որպեսզի կարողանամ լիարժեք վայելել Սուրբ Հոգու սրբագործող զորությունը։

Նեփին ուսուցանում է մինչև վերջ համբերելու կարևորությունը:

Օգտագործեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի կամ ձեր սեփական պատմությունը, որը ցույց է տալիս դժվարին հանգամանքներին դիմակայելու կարևորությունը.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

1968 թ.-ին Ջոն Սթիվեն Ախվարի անունով մարաթոնի վազորդը ներկայացնում էր Տանզանիան միջազգային մրցույթում: «Երբ [հաղթողը] հատեց վերջնագիծը, մեկ ժամ անց Ջոն Սթիվեն Ախվարին… մոտեցավ մարզադաշտին. նա վերջին մարդն էր, ով ավարտեց ճանապարհը: [Չնայած նա ուժասպառ էր, ոտքերը ջղաձգվում էին, ջրազրկված էր և չէր կարողանում կողմնորոշվել,] ներքին ձայնը դրդում էր շարունակել, և նա շարունակեց: … Այն հարցին, թե ինչո՞ւ է նա ավարտում մրցավազքը, որը երբեք չէր կարող հաղթել, Ախվարին պատասխանեց. «Իմ երկիրը ինձ 5000 մղոն չի ուղարկել, որ պարզապես սկսեմ մրցավազքը. իմ երկիրն ինձ ուղարկել է մրցավազքն ավարտելու համար»: («Behold, We Count Them Happy Which Endure,” Ensign, May 1998, 76)

  • Ջոն Սթիվեն Ախվարին ի՞նչ պատճառներ ուներ մրցավազքը ավարտին չհասցնելու համար:

  • Ջոնի փորձառությունն ինչպե՞ս կարող է համեմատվել այն մարտահրավերների հետ, որոնց մենք կարող ենք բախվել, երբ ձգտում ենք պահել մեր ուխտերը:

  • Ի՞նչ պատճառներով մարդը կարող է ընտրել հավատարիմ չմնալ իր ուխտերին:

Քննարկումը խթանելու համար ուսանողներին հրավիրեք փոքր խմբեր կազմել և կարդալ 2 Նեփի 31.15–16, 19–21-ը՝ փնտրելով, թե ինչ է նշանակում համբերել մինչև վերջ: (Կարող եք հանձնարարել նրանց կարդալ մի քանի սուրբ գրություններ, որոնք թվարկված են Սուրբ գրությունների ուղեցույցում «Համբերել» թեմայի տակ:)

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ (Ուսանողները կարող են բացահայտել մի նմանատիպ ճշմարտություն. Երբ անձուկ արահետով մենք առաջ ենք մղվում Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ և համբերում ենք մինչև վերջ, Երկնային Հայրը մեզ կօրհնի հավերժական կյանքով:) Մտածեք, թե հետևյալ հարցերից որը կարող է լավագույնս օգնել ձեր ուսանողներին ավելի խորը հասկանալ այս սկզբունքը.

  • Ձեզ համար ի՞նչ է նշանակում առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ և հույսի պայծառությամբ:

  • Որո՞նք են օրինակները Փրկիչի կյանքից, Մորմոնի Գրքի որևէ հերոսի կամ ձեր ծանոթի կյանքից, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում համբերել մինչև վերջ: (Ուսանողները գուցե գրանցել են այս հարցի պատասխանները, երբ նրանք ուսումնասիրում էին նախապատրաստական նյութի բաժին 3-ի նյութը։)

  • Ինչպե՞ս եք շարունակելու առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի մեծ հույսով և ուրախությամբ համբերեք մինչև վերջ:

Կարող եք եզրափակել՝ կիսվելով ձեր վկայությամբ կամ որևէ ուսանողի հրավիրելով կիսվել այս դասում հայտնաբերված ճշմարտությունների վերաբերյալ իրենց վկայությամբ:

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին, թե ինչ կասեին այն մարդուն, ով նրանց հարցրեց, թե արդյոք նրանք վերստին ծնվել են: Հրավիրեք ուսանողներին կարդալ հաջորդ դասի նախապատրաստական նյութը և խորհել, թե ինչ է նշանակում հոգևորապես վերածնվել և իսկապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: