Ինստիտուտ
Դաս 8․ Ուսուցչի ձեռնարկ. Կյանք մահից հետո


Դաս 8․ Ուսուցչի ձեռնարկ. Կյանք մահից հետո, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 8. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 8․ Ուսուցչի ձեռնարկ

Կյանք մահից հետո

Երբ ուսանողները եզրափակեն բաժին 2-ը՝ «Փրկագնման մեծ ծրագիրը», նրանք հնարավորություն կունենան բացատրել, թե հետմահու կյանքի ճիշտ ընկալումը ինչպես կարող է նրանց ավելի մեծ հարմարավետություն և հույս ապահովել այս կյանքում: Նրանք նաև կբացահայտեն այն գործողությունները, որոնք կարող են կատարել, որպեսզի ավելի լավ պատրաստվեն՝ հանդիպելու Աստծուն:

Ուսուցման առաջարկներ

Ալման և Ամուղեկը ուսուցանում են հոգիների աշխարհի և Հարության մասին։

Սկսեք դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով, և ուսանողներին հրավիրեք քննարկել, թե ինչ կասեն կամ ինչպես կպատասխանեն.

Պատկերացրեք, որ պատրաստվում եք այցելել մի մտերիմ ընկերուհու՝ Աննայի ընտանիքին, ով նոր է մահացել: Նա Եկեղեցուն է միացել մի քանի տարի առաջ: Նրա ընտանիքը կրոնասեր չէ: Երբ դուք կարեկցում եք Աննայի մորը, նա բռնում է ձեր ձեռքերը, նայում է ձեր աչքերի մեջ և ասում. «Կարո՞ղ եք ասել, թե ինչ է պատահում մեր մահից հետո»:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Ալմա 11.43–44 և Ալմա 40.11–14-ը՝ փնտրելով ճշմարտություններ հետմահու կյանքի մասին, որոնք կարող են մխիթարություն և հույս բերել Աննայի մորը: (Ուսանողները կարող են պարզել հետևյալ սկզբունքները. Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն և կկանգնեն Աստծո առաջ դատվելու: Հարության մեջ մեր մարմինները կատարելագործվելու են: Եթե մենք արդար ենք, հոգիների աշխարհում մենք կհանգստանանք մեր բոլոր հոգսերից և վշտերից.)

Հրավիրեք ուսանողներին հանգիստ մտածել, թե ով կարող է կարիք ունենալ լսելու իրենց վկայությունը հետմահու կյանքի մասին, և նրանք ինչպես կարող են կիսվել իրենց վկայությամբ նրանց հետ, ովքեր այն լսելու կարիք ունեն: (Ժամանակ տրամադրեք ուսանողներին խորհելու իրենց պատասխանի մասին։)

Նշում. Ուսանողները գուցե լսել են տարբեր գաղափարներ հետմահու կյանքի մասին: Հիշեցրեք նրանց, որ այս գաղափարները գնահատելու համար մենք պետք է օգտագործենք աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, ինչպիսիք են՝ Սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների ուսմունքները: Գուցե ձեզ համար օգտակար լինի կիսվել և քննարկել նախագահ Դալլին Հ.Օուքսի հետևյալ զգուշացումը.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Այսպիսով, մեր կանոնիկ սուրբ գրություններից սովորածից բացի, մենք ուրիշ ինչ գիտենք հոգիների աշխարհի մասին: Եկեղեցու անդամներից շատերը տեսիլքներ կամ այլ ոգեշնչումներ են ունենում, ինչը տեղեկություն է հաղորդում այն մասին, թե ինչպես են գործերը վարում կամ կազմակերպում հոգիների աշխարհում, բայց այս անձնական հոգևոր փորձառությունները չպետք է հասկացվեն կամ ուսուցանվեն որպես Եկեղեցու պաշտոնական վարդապետություն: Եվ, իհարկե, այս թեմայով շատ շահարկումներ կան անդամների և այլոց կողմից հրատարակված աղբյուրներում, ինչպիսիք են ժամանակավոր մահվան վերաբերյալ գրքերը: («Տիրոջն ապավինիր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 27)

Ալման և Ամուղեկը սովորեցնում են, որ մենք պետք է պատրաստվենք հանդիպել Աստծուն

Ցուցադրեք հետևյալ հայտարարությունները.

  • Ես գիտեմ մարդկանց, ովքեր խախտում են պատվիրանները և ասում են. «Դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ես միշտ էլ կարող եմ ապաշխարել հետագայում»:

  • Աստված սիրող է: Նա ինձ հետ չի պահի սելեստիալ արքայությունից միայն այն պատճառով, որ ես հետաձգեցի ապաշխարությունը մի քանի մեղքերի համար:

  • Ինչքան էլ փորձեմ, ես միշտ թերանում եմ, և երբեք պատրաստ չեմ հանդիպել Աստծուն:

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին խնդրեք ընտրել նախորդ հայտարարություններից մեկը, որը կցանկանային քննարկել: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին կարդալ Ալմա 34.32–34-ը և օգտագործել այդ հատվածի ուսմունքները՝ գնահատելու իրենց ընտրած հայտարարությունը: Կարող եք յուրաքանչյուր խմբին տրամադրել հետևյալ հարցերը, որոնք կօգնեն ամրապնդել իրենց քննարկումը.

  • Այս պնդման ո՞ր մասերն են ճիշտ, և ո՞ր մասերը կարող են կեղծ կամ ապակողմնորոշող լինել:

  • Ալմա 34.32–34-ի ո՞ր սկզբունքներն են ամենաշատն առնչվում այս պնդմանը: Ինչպե՞ս կբացատրեք այս սկզբունքները մեկին, ով արել է այս հայտարարությունը: (Ուսանողները կարող են բացահայտել և բացատրել հետևյալ սկզբունքներից մի քանիսը. Այս կյանքը ժամանակ է՝ պատրաստվելու հանդիպել Աստծուն և կատարելու մեր գործերը: Մենք պատրաստվում ենք հանդիպել Աստծուն՝ ապաշխարելով և կատարելագործվելով այսօր: Եթե հետաձգենք մեր ապաշխարությունը, մենք պատրաստ չենք լինի հանդիպել Աստծուն:)

Երբ ուսանողները ժամանակ կունենան քննարկել այս հարցերը, որոշ խմբերի հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:

  • Ուրիշ ի՞նչ խնդիրներ են խանգարում մարդկանց պատրաստվել հանդիպելու Աստծուն: (Ուսանողների պատասխանները թվարկեք գրատախտակին։)

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Ուսանողներին ժամանակ տրամադրեք խորհելու համար: Որպեսզի կարողանանք օգնել ուսանողներին ավելի լավ կիրառել իրենց սրտերը հասկացողության մեջ, նրանց ժամանակ տվեք՝ «դասարանում, որպեսզի ներանձնանան, խորհեն կամ գրեն այն ամենի մասին, որ նրանք հասկացել և զգացել են, մտածեն, թե ինչ յուրահատուկ գործողություններ նրանք պետք է կատարեն այն իրենց կյանքում կիրառելու համար:» (Ավետարանի Ուսուցում և Ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Ուսուցիչների և Ղեկավարների համար [2012], 2.5.4): Դիտեք տեսանյութը՝ «2.5.4 The Importance and Power of Pondering» (0:31), այս թեման ավելի լավ ըմբռնելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալման Զարահեմլայի բնակիչներին մի քանի խորիմաստ հարցեր ուղղեց: (Ուսանողները վերանայեցին այս հարցերը, երբ ուսումնասիրեցին Ալմա 5.15–17, 19, 27, 33-ը գլուխները նախապատրաստական նյութի բաժին 3-ում:) Հրավիրեք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել և ավելի խորը ուսումնասիրել՝ ավելի շատ կարդալով և խորհելով Ալմայի հարցերի և ուսմունքների վերաբերյալ Ալմա 5.14–35-ում: Գուցե ցանկանաք օգնել նրանց հասկանալ, որ ավելի կարևոր է այն, ինչի շուրջ նրանք խորհում են, քան այն, թե քանի հատված են դրանք ընդգրկում:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո գուցե ցանկանաք, որ ուսանողները խորհեն հետևյալ հարցերից մեկի կամ երկուսի շուրջ:

  • Ի՞նչ եղանակներով Փրկիչը կօգնի ձեզ, երբ ձգտեք պատրաստվել հանդիպել Աստծուն:

  • Ի՞նչ փոփոխություն կամ փոփոխություններ պետք է կատարեք այսօր, որպեսզի ավելի պատրաստ լինեք Աստծուն հանդիպելու համար:

Կարող եք կիսվել նախագահ Օուքսի հետևյալ հայտարարությամբ․

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Վերջին դատաստանը մեր կատարած բարի և չար գործերի հանրագումարի պարզ գնահատումը չէ: Դա մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է, այսինքն նրա, ինչ մենք դարձել ենք:The Challenge to Become», Ensign, Nov. 2000, 32)

Դուք կարող եք ուսանողներին խնդրել մտածել, թե իրենք ինչ են ցանկանում դառնալ: Ուսանողների հետ կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ Երկնային Հայրը և Փրկիչը ցանկություն և ունակություն ունեն օգնելու նրանց դառնալ այնպիսի մարդ, որը խաղաղ է Իրենց ներկայության մեջ:

Խրախուսեք ուսանողներին խորհել, ծրագրել կամ գրել, թե նրանք ինչ հատուկ գործողություններ են ձեռնարկելու այսօր, որպեսզի ցույց տան իրենց անկեղծ ցանկությունը՝ ավելի պատրաստ լինել հանդիպել Աստծուն: (Օգտակար կլինի նաև վերանայել նախագահ Հենրի Բ. Այրինգի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)

Կարող եք ավարտել դասը՝ հրավիրելով ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորել իրենց փորձառությունից, երբ միասին ուսումնասիրում էին Փրկագնման մեծ ծրագրի բաժին 2-ը: Կարող եք նաև ուսանողներին խնդրել վկայել, թե ինչպես է այս գիտելիքն ազդում Փրկիչի հանդեպ իրենց գնահատանքի և Նրան ավելի շատ նմանվելու իրենց ցանկությունների վրա:

Հաջորդ անգամ

Վկայեք, որ Տերը մեզանից յուրաքանչյուրի համար ճանապարհ է պատրաստել Աստծո ներկայությունը վերադառնալու համար: Նրա մոտ վերադառնալու մեր այս ճանապարհը կոչվում է Քրիստոսի վարդապետություն, և այդ թեման մեր ուշադրության կենտրոնում է լինելու հաջորդ բաժնում: Երբ ուսանողները պատրաստվեն հաջորդ դասին, հրավիրեք նրանց մտածել, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը ինչպես է պատրաստում նրանց հանդիպել Աստծուն: