2013
Իմ հրավերն ի փրկություն
Ապրիլ 2013


Ինչպե՞ս իմանամ

Իմ հրավերն ի փրկություն

Նկար

Նկարազարդումը՝ Ռոջեր Մոցկուսի

Երիտասարդ հասակում ես հաճախել եմ տարբեր աղանդների և շփոթված էի, որովհետև յուրաքանչյուրը տարբեր կերպ էր ուսուցանում սուրբ գրությունները: Ես ինձ լավ չէի զգում, որոշ տեղերում նկատելով ոչ ակնածալից վերաբերմունք, այնպես որ այլևս չէի փորձում եկեղեցի գտնել:

Մի քանի տարի անց ընկերս՝ Քլեյթոն Լիման, մկրտվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Նա այդ մասին ինձ չէր ասել, չնայած որ մենք լավ ընկերներ էինք, սակայն ժամանակի հետ ես սկսեցի փոփոխություններ տեսնել նրանում: Կիրակի օրերին սովորաբար առավոտյան գնում էի նրանց տուն, որպեսզի ֆուտբոլ խաղայինք, սակայն նա տանը չէր լինում: Երկու: թե երեք կիրակի անընդմեջ ես նրան տանը չէի գտնում: Վերջապես Քլեյթոնն ասաց ինձ, որ նա այլևս չի կարող ֆուտբոլ խաղալ կիրակի օրերին, որովհետև պատվում է Տիրոջ օրը: Ես ասացի նրան. «Այդ եկեղեցին քեզ խելքահան է արել»:

Ապա Քլեյթոնն ինձ հրավիրեց եկեղեցի: Ես հրաժարվեցի, քանի որ դեռևս հիասթափված էի կրոնից: 10 ամիս շարունակ Քլեյթոնը բերում էր միսիոներներին, որպեսզի ուսուցանեին ինձ, բայց ես միշտ հրաժարվում էի կամ ասում նրանց, որ շատ զբաղված եմ: Բայց նա երբեք անձնատուր չեղավ:

Մի օր հունիսին նա հրավիրեց ինձ Եկեղեցու պարի երեկույթին: Ես ծաղրեցի, հարցնելով. «Կարո՞ղ է անվճար ուտելիք և շատ աղջիկներ էլ լինեն»: Ծիծաղելով նա ասաց՝ այո:

Պետք է ընդունեմ, որ ստամոքսս հաղթեց ինձ: Ես այցելեցի եկեղեցի և սիրեցի այն: Ինձ ամեն ոք ջերմ ընդունեց, ես շատ կերա, և ինձ հետաքրքրեցին ժողովները: Երբ կիրակի օրը եկա եկեղեցի, հանդիպեցի շատ մարդկանց և լսեցի նրանց վկայությունները: Ես ծանոթ չէի Մորմոնի Գրքին, սակայն զգացի Տիրոջ Հոգին, երբ Եկեղեցու մի քանի անդամներ վկայեցին. «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, և որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր՝ Աստծո կողմից կանչված»: Ես երբեք ինձ այդքան լավ չէի զգացել: Ես դեռևս չէի ցանկանում հանդիպել միսիոներներին, բայց այդ վկայության ժողովը շարժեց սիրտս:

Հաջորդ շաբաթ Քլեյթոնը կրկին հրավիրեց ինձ գնալ եկեղեցի: Ես չէի կարող գնալ, քանի որ ուրիշ գործ ունեի: Նա տխրեց, երբ ասացի, որ չգիտեմ, արդյոք կկարողանամ գնալ:

Ինչևէ, կիրակի առավոտյան ես վեր կացա եկեղեցի գնալու ցանկությամբ համակված: Ճիշտ է, ինձ համար դժվար էր վաղ առավոտյան արթնանալը, բայց 6:50 արթնացա, պատրաստվեցի և սպասեցի Քլեյթոնին: Նա զարմացավ, տեսնելով ինձ պատրաստ սպասելիս: Այդ կիրակի եպիսկոպոսն ուսուցանում էր քահանայության մասին: Ես ուժգին զգացի Հոգին և այնպիսի տպավորություն ունեցա, որ պետք է միսիոներական դասերին մասնակցեի: Երիտասարդ տղաների ժողովի վերջում գիտեի, որ մկրտվելու եմ:

Եկեղեցուց հետո Քլեյթոնին ասացի. «Ես ուզում եմ մկրտվել»:

Նա կարծեց՝ կատակում եմ: Բայց հետո ասաց. «Եթե ես կանչեմ երեցներին, դու կհանդիպե՞ս նրանց հետ»: Ես ասացի՝ այո:

Ինձ ուսուցանեցին հրաշալի երեցներ: Լսելով Վերականգնման ուղերձը, ես նույնիսկ ավելի շատ համոզվեցի, որ պետք է մկրտվեմ: Բայց ես ուզում էի ինքս իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Երեցները Մորմոնի Գրքում նշեցին Մորոնի 10.3–5 հատվածները և ինձ հորդորեցին աղոթել ու Աստծուն հարցնել դրա ճշմարտացիության մասին:

Հաջորդ երեկոյան հիշեցի, որ դեռևս չեմ կարդացել Մորմոնի Գիրքը: Երբ սկսեցի կարդալ, շատ ուժգին մի ոգի զգացի: Ես աղոթեցի և դեռ աղոթքս չավարտած ես գիտեի, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես երախտապարտ եմ Աստծուն իմ աղոթքին պատասխանելու համար: Ես մկրտվեցի 2006թ. հուլիսին:

Հետագայում ես ծառայեցի Բրազիլիա Կույաբա Միսիայում, իսկ ընկերս՝ Քլեյթոնը, Բրազիլիա Սանտա Մարիա Միսիայում: Մենք արեցինք այն, ինչ Քլեյտոնն արեց ինձ համար՝ հրավիրեցինք մարդկանց գալ Քրիստոսի մոտ և օգնեցինք նրանց ստանալ վերականգնված ավետարանը, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով, ապաշխարելով, մկրտվելով և Սուրբ Հոգու պարգևը ստանալով: Սա է դեպի փրկություն տանող ճշմարիտ ուղին:

Եկեք միշտ հրավիրենք մեր ընկերներին և հարազատներին սովորել այս ավետարանի մասին, քանի որ Փրկիչը հրավիրում էր յուրաքանչյուրին, երբ ասում էր՝ «Ինձ մոտ եկեք» (Մատթեոս 11.28): Ես գիտեմ, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, և որ այժմ է ժամանակը՝ հրավիրելու յուրաքանչյուրին գալ Նրա մոտ: